Կորյուն Ավետիսյան. «Սյունյաց աշխարհում ծառայելու ողջ ժամանակաընթացքում զգացել եւ զգում եմ սպայի ծառայության պատվաբեր լինելը… »

21.02.2017 10:37
2740

Ընտանիքը հասարակությունն է մանրակերտ ձեւի մեջ, որի ամբողջականությունից է կախված մարդկային մեծ հասարակության անվտանգությունը: Պատահական չէ, որ հոդվածի մուտքի խոսքի համար այս տողերն ենք ընտրել. չէ՞ որ հայերս բոլոր ժամանակներում էլ արժեւորել ենք ընտանիքի դերը՝ նրա ամրությունը համարելով պետության հիմքերից մեկը: Այլ հարց է, որ այսօր ընտանիքի ինստիտուտի հիմքերը խարխլվում են՝ տարբեր պատճառներից ելնելով, բայց դրանց քննարկումը թողնենք մեկ այլ հրապարակման համար: Առհասարակ մենք այն կարծիքի ենք, որ ԶԼՄ-ներով պետք է ավելի շատ ներկայացվեն կայացած ընտանիքների մասին պատմություններ, որոնք կարող են օրինակ ծառայել բոլորի համար:   

Գաղտնիք չէ, որ այսօր ամուսնալուծությունների մի զգալի մասի պատճառը պայմանավորված է ամուսինների մասնագիտությամբ: Այսօր հաճախ կարելի է լսել այն տեսակետը, որ երիտասարդ աղջիկներից շատերը խուսափում են զինվորականների հետ ընտանիք կազմել, քանի որ ծառայության բերումով հաճախ են փոխում բնակության վայրը, ամուսինները մարտական առաջադրանքների կատարման պատճառով տնից օրերով բացակայում են եւ այլն: Ինչեւէ, այդ ամենը թողնելով մի կողմ` մեր հոդվածի հերոս ենք դարձրել Սիսիանի N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Կորյուն Ավետիսյանի երիտասարդ, բայց արդեն ավանդույթներ ունեցող ընտանիքը, որը, համոզված ենք, կոգեշնչի շատ երիտասարդ սպաների ու աղջիկների. չէ՞ որ ինչպես Կորյուն Ավետիսյանն է հավատացնում, կյանքը սկսվում է ամուսնությունից հետո:   

Կորյուն Ավետիսյանը ծնվել է 1982թ. Գյումրիում: Ավարտելով Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցը՝ 1999-2003թթ. սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: «Զինվորականի մասնագիտությունն ընտրելու հարցում մեծ է եղել բարեկամներիցս մեկի դերը, ով ծառայում էր ռուսական բանակում: Ծնողներս, հատկապես հայրս, դեմ էր իմ ընտրությանը, բայց օգտվելով նրա՝ իմ ընդունելության ժամանակ ՌԴ-ում գտնվելու փաստից՝ դիմեցի ռազմական ինստիտուտ: Հսկիչ անցագրային կետից նայելով ինստիտուտի շենքին՝ ասացի, որ անպայման պետք է ընդունվեմ», - խոստովանում է Կ.Ավետիսյանը:

Ուսումն ավարտելուց հետո նրան ծառայության նշանակեցին Մեղրու զորամասում եւ, ինչպես խոստովանում է, սա միակ տարածաշրջանն էր, որտեղ ծառայելու մասին անգամ մտքով չէր անցնում: Ինչեւէ, 2003թ. ավարտելով ռազմական ինստիտուտը՝ ճակատագրի բերումով երեք ընկերներ գործուղվեցին Մեղրի: «Իհարկե, սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ կային, բայց դե յուրաքանչյուր մասնագիտություն իր դժվարությունն ունի, որ պետք է հաղթահարել: Տեղի հրամանատարության շնորհիվ ծառայողական պարտականությունների կատարման ճիշտ ուղին բռնեցի՝ շարժվելով առաջ», - նշում է երիտասարդ սպան եւ հավելում, որ Մեղրիում ծառայել է տասը տարի, որից հետո տեղափոխվել Սիսիանի զորամաս՝ դիվիզիոնի շտաբի պետ, վեց ամիս առաջ նշանակվել դիվիզիոնի հրամանատար:

Առաջին արձակուրդի ժամանակ մեկնելով հայրենի քաղաք՝ մայրը «պարտադրեց» ամուսնանալ, «իսկ ես այդ հարցին բավականին անլուրջ էի վերաբերվում»: Բայց ճակատագրի բերումով այդ ընթացքում իրենց տան մոտ գտնվող ծերանոցում աշխատող մի աղջկա է նկատում, հավանում եւ սիրահարվում (խմբ.՝ կնոջ պատմածին հիացմունքով ավելացնում է Կորյունը): «Երբ Գյումրու ավանդույթի համաձայն գնացինք խնամախոսության Ամալյայենց տուն, եւ մեզ մերժեցին, օրինական կարգով փախցրի նրան (խմբ.՝ ծիծաղում է): Պետք է սրտիս ուզածով լիներ: Հիմա հայտարարում եմ, որ անչափ երջանիկ եմ իմ ընտանիքում, հպարտ իմ ստեղծած ընտանիքով, ապագա զինվոր որդիներովս», - պատմում է Կորյունը:

Իսկ ի՞նչն էր Ամալյայի ծնողների անհամաձայնության պատճառը: «Ծնողներս դեմ էին իմ ընտրությանը՝ Կորյունի մասնագիտության պատճառով: Եղբայրներս էլ են զինվորականներ եւ հաշվի առնելով նրանց աշխատանքային որոշ դժվարություններ՝ նրանք ուզում էին ինձ հեռու պահել դրանցից: Բայց կյանքն ապացուցեց, որ իմ ընտրությունը ճիշտ էր. նրանք գոհ են փեսայից», - ուրախությամբ նշում է կինը՝ Ամալյա Ավետիսյանը, ով խոստովանում է, որ այդքան էլ հեշտ չէ սպայի կին լինել, բայց եթե սիրում ու հարգում ես ամուսնուդ, բոլոր դժվարություններն էլ հաղթահարվում են: «Պետք է ըմբռնումով մոտենալ նրանց մասնագիտությանը, համբերատար լինել, պատրաստ լինել, որ հաճախ օրերով, եթե պետք լինի, ամիսներով մենակ պետք է լինես, ամուր պահես ընտանիքը, որ սպայի թիկունքն է, իսկ եթե այն ամուր չեղավ, զինվորական պարտականությունները կատարելիս հաստատ թերացումներ կլինեն», - անկեղծանում է կինը, ով մասնագիտությամբ հաշվապահ է, բայց ներկայումս չի աշխատում, զբաղվում է ընտանեկան հոգսերով. «Աշխատելու մասին դեռեւս չեմ մտածում, քանի որ երեխաների խնամքին, կրթությանն ու դաստիարակությանն եմ նվիրում ողջ ժամանակս»:

«Սպան մեր զինված ուժերի ողնաշարն է, մեր պետության անվտանգության երաշխիքներից մեկը, ում հանդեպ ուշադիր վերաբերմունքն անընդհատ պետք է կատարելագործել: Նա իր առաջին քայլերի ընթացքում արդեն իսկ պետք է զգա ավագ սպաների հոգատարությունն ու աջակցությունը», - նշում է Սիսիանի զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը եւ հավելում, որ սկսած ուսումնական պարապմունքներից, առօրյա խորհրդակցություններից ընդհուպ մինչեւ անձնական շփում օրինակ պետք է ծառայել երիտասարդ սպաների համար:

Ինչպես նշեց Կորյուն Ավետիսյանը, թե՛ պետության, թե՛ հրամանատարության, թե՛ հասարակության մակարդակով սպան մշտական ուշադրության կենտրոնում է: «Առհասարակ Սյունյաց աշխարհում ծառայելու ողջ ժամանակաընթացքում զգացել եւ զգում եմ սպայի ծառայության պատվաբեր լինելը, այստեղ սպան իր դիրքում եւ իր տեղում է: Ժողովուրդը գիտակցում է ազգին պիտանի, նրա անվտանգությունն ապահովող մարդու հարգն ու պատիվը: Իսկ այդ վերաբերմունքը ստիպում է առավել շատ գիտակցել աշխատանքիդ կարեւորությունը, պատասխանատվությամբ վերաբերվել ստանձնած պաշտոնիդ», - նշում է երիտասարդ մայորը:

Աշխատավարձի առումով նույնպես չի դժգոհում, քանի որ հաշվի առնելով մեր երկրի ընդհանուր վիճակը, նա ստանում է այնքան աշխատավարձ, որ բավարար է միջին մակարդակով ապրելու համար. «Բնական է, ինչքան աշխատավարձդ բարձր է լինում, այնքան պահանջներդ ավելանում են, բայց, իմ կարծիքով, ներկայումս մեր ստացած աշխատավարձը բավարար է ընտանիքդ հնարավորինս բարեկեցիկ պայմաններով ապահովելու համար: Չեմ ասում՝ շքեղության մեջ ենք ապրում, բայց մեզ կարող եմ դասել հասարակության միջին խավի շարքերը: Մարդ պետք է ուրախ լինի, որ իր բաժակը կիսով չափ լիքն է, եւ ոչ թե տխրի, որ կիսով չափ դատարկ է»:

Ծառայողական խնդիրներից զատ՝ սպաների համար երեւի թե ամենադժվարին խնդիրներից է ծննդավայրից հեռու գտնվելը, տարբեր բնակավայրերում ծառայելը: «Կոնկրետ Սիսիանում, արտագաղթով պայմանավորված, վարձակալության համար ազատ բնակարաններ շատ կան: Պետությունը բնակվարձի համար տրամադրում է որոշակի գումար՝ հաշվի առնելով ընտանեկան կարգավիճակը, երեխաների քանակը: Հուսով եմ՝ կգա ժամանակ, եւ զորամասերին կից կլինի բնակարանային ֆոնդ՝ սպաների ընտանիքների համար», - նշեց զորամասի հրամանատարը եւ հավելեց, որ կարեւորում են նաեւ սպաների կանանց զբաղվածության հարցը, հնարավորության սահմաններում աշխատանքի տեղավորում: Ընթացիկ հարցեր նույնպես առաջանում են, որոնց զորամասի հրամանատարությունը ձգտում է լուծում տալ: Բայց այդ ամենով հանդերձ՝ գնդապետը նշեց, որ սպայի համար կարեւոր է ընտանեկան ներդաշնակությունը, որի պահպանման հիմնական բեռը կնոջ ուսերին է: «Զորամասային հաջողությունների, մարտունակության եւ ընդհանրապես ծառայողական խնդիրների լուծման հարցում սպայի ընտանիքն ունի առանցքային դեր, եւ մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք նրանց, խորհուրդ տանք, աջակցենք ընտանիքի կայացմանը մեր «լիազորությունների» սահմաններում», - նշում է հրամանատարը:

«Պետք չէ վախենալ սպայի կին լինելուց, դա տիտղոս է, մենք էլ հպարտանում ենք մեր կանանցով, որովհետեւ մեզ հետ տանում են ամեն դժվարություն: Այն հայուհին, ով որոշում է դառնալ սպայի կին, ուրեմն ինքն արդեն իսկ համարձակ է եւ պատրաստ պետք է լինի տարատեսակ դժվարություններ հաղթահարել», - խորհուրդ է տալիս Կորյուն Ավետիսյանը:

Մարտական զանազան պարտականություններով ծանրաբեռնվելը չի խանգարում ընտանիքին նույնպես ժամանակ տրամադրել: Ինչպես խոստովանում է Ամալյան. «Ամուսինս ջերմությամբ ու  հոգատարությամբ է մեզ շրջապատել, ինչը թույլ չի տալիս մենակություն զգալ նրա բացակայության ընթացքում անգամ: Հասցնում է իմ, երեխաների հետ ժամանակ անցկացնել, զբաղվել նրանց կրթությամբ, դաստիարակությամբ»: Երկու որդուց՝ 10-ամյա Գոռից եւ 9-ամյա Թաթուլից, ավագը նույնպես ցանկանում է հոր մասնագիտությունն ընտրել: Հարցին, թե արդյո՞ք Ամալյան դեմ չէ դրան, պատասխանեց. «Հայրիկին տեսնելով՝ ուզում է ընդօրինակել նրան, դեմ չեմ, թող հոր ճանապարհով գնա, բայց միայն թե խաղաղություն լինի մեր երկրում»: 

Ապրիլյան պատերազմի օրերին, բնականաբար, բոլորն էին անհանգստանում, ցավով հետեւում զարգացող իրադարձություններին, «բայց այսօր այդ ամենն անցյալում է եւ տա Աստված, որ այլեւս չկրկնվի: Չնայած ամուսնուս համարձակությունը հաշվի առնելով՝ համոզված էի, որ մարտական առաջադրանքները հաջողությամբ կկատարի»:

Կ.Ավետիսյանը գիտելիքների, հմտությունների կատարելագործման համար նպատակ ունի կրթությունը շարունակել Ռուսաստանի Դաշնության հրետանային ակադեմիայում: «Կրթության վայրը կարեւոր չէ գիտելիքների ձեռքբերման համար, կարեւորը սովորողի ձգտումն է, նպատակասլացությունը», - նշում է նա եւ հավելում, որ մասնագիտական ունակությունները հնարավոր է զարգացնել նաեւ ինքնուսուցմամբ, ինչի համար համապատասխան գրականություն կա, պարզապես պետք է ժամանակ տրամադրել, ցանկություն ունենալ:

Զինվորական ծառայության ընթացքում շատ կարեւոր է նաեւ հրամանատարի կերպարը. «Մեր հրամանատարից՝ գնդապետ Սմբատ Գրիգորյանից, կարելի է անվերջ սովորել: Գոհ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ծառայել նրա նման մարդու, ռազմական գիտելիքներ ու հմտություններ ունեցող զինվորականի հետ»:

Իր սպային այսպես բնութագրեց հրամանատարը. «Մեր հիմնական հարվածային ուժի հրամանատար, մայոր Ավետիսյանը հայրենասեր է, նախաձեռնող, աշխույժ, գրագետ ու համարձակ, ում տեսնում եմ ապագա գեներալների շարքում: Իմ աչքի առաջ ունեմ սպաներ, ովքեր ապագայում բարձունքների կհասնեն, պարզապես կայացման ճանապարհ պետք է անցնեն,  անընդհատ կատարելագործվեն, հղկվեն: Հատկապես նրանց հանդեպ անհատական, տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվի»:

Ի դեպ, սպայի համարձակության վերաբերյալ իր ուրույն տեսակետն ունի նաեւ մեր հերոսը. «Զինվորական ծառայության ժամանակ եթե չունեցար համարձակություն, ապա որոշում կայացնելու համար դժվարությունների առաջ կկանգնես: Պետք է կարողանաս որոշումդ կայացնել եւ տեր կանգնել դրան, գիտակցել դրա հետեւանքները, որ հաջողության հասնելիս հարգ վայելես, տանուլ տալիս՝ պատասխան տաս»:

Հրաշքով նորից ծնվելու դեպքում միգուցեեւ կրկին զինվորականի մասնագիտությունն ընտրեր՝ շտկելու համար այն թերություններն ու բացթողումները, որոնք մինչ այժմ թույլ է տվել, ինչը կնպաստեր աշխատանքում ավելի կատարելագործվելուն: Երազանքներ, բնականաբար, շատ ունեն, հատկապես կապված երեխաների ապագայի հետ: Բայց նրանց համար ամենամեծ դժվարությունը ծննդավայրից հեռու գտնվելն է, չնայած տասը տարուց ավելի է` Սյունիքի մարզում են, միեւնույն է, իրենց ինչպես ձուկը ջրում չեն զգում: Թերեւս դա է պատճառներից մեկը, որ արձակուրդ ստանալու առաջին իսկ ժամերին մեկնում են Գյումրի:

Հատկապես բարձրդասարանցի տղաներին երիտասարդ սպան խորհուրդ է տալիս չխուսափել զինվորական ծառայությունից, երբեւիցե չթերագնահատել մեր բանակի ուժն ու հնարավորությունները, իսկ եթե կորոշեն հետագայում ընտրել այդ մասնագիտությունը, լինեն համարձակ, քաջ ու հայրենասեր:

«Անկախ ամեն ինչից, թե ով կլինի սպան, ինչ ունակություններ, գիտելիքներ ու հմտություններ կունենա, եթե ընտանիքը կայացած չեղավ, այդ սպան չի կարողանա արդարացնել իրեն ծառայության մեջ: Երեխաների դաստիարակության, ուսուցման եւ ընտանիքի կայացման համար կինն է հիմնական պատասխանատվությունը կրում, եթե կինը կարողացավ պատվով կատարել դա, սպայի թիկունքն ապահով կլինի եւ ծառայության ընթացքում ավելի մեծ հաջողություններ կգրանցի: Ինչպես ասում են, мой дом-моя крепость», - ամփոփեց զրույցը մայոր Կորյուն Ավետիսյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25