ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «2013-14 ուստարում մարզում փակվող դպրոց չի լինի»

25.05.2013 14:47
2884

«Հանրակրթության մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում ՀՀ սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի, պարտադիր հիմնական ընդհանուր կրթության եւ անվճար միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը: Սյունիքի մարզում հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր թիվը 120 է, որից` 76 միջնակարգ, 36 հիմնական, 2 տարրական, 5 ավագ, 1 հատուկ կրթահամալիր: 2012-13 ուստարում կատարված աշխատանքների, հետագա փոփոխությունների, ունեցած ձեռքբերումների մասին է զրույցը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Լեւոն Մարգարյանի հետ:

– Պարո՛ն Մարգարյան, եթե ամփոփելու լինենք 2012-13 ուստարին, մարզի հանրակրթության ոլորտում ուսումնական ինչպիսի՞ ձեռքբերումներ ունեցանք:

– 2012-13 ուստարում առարկայական օլիմպիադաներից հանրապետական փուլում 53 հոգի արժանացել է դիպլոմների եւ գովասանագրերի, իսկ մեկը` Կապանի N2 ավագ դպրոցից, իրավունք է ստացել մասնակցելու կենսաբանության միջազգային մրցույթի: Մայիսի 15-ին Սիսիանում ավարտվեց մանկապատանեկան ասմունքի 6-րդ փառատոնի մարզային կիսաեզրափակիչ փուլը, որն անց է կացվում ամեն տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Այս տարի աշակերտները ներկայացրել են Համո Սահյանի եւ Պարույր Սեւակի ստեղծագործությունները: Մարզային փուլից 7 հոգի հնարավորություն է ստացել մասնակցելու հանրապետական փուլին, որը տեղի կունենա մայիսի 26-27-ին Ջերմուկում` 2 տարիքային խմբով` կրտսեր եւ ավագ: Նախնական տվյալներով` ունենք մեդալի 17 հավակնորդ, Կապանից` 1 հոգի, 6 հոգի` Գորիսից, 9 հոգի` Սիսիանից, Վերիշենի գյուղական դպրոցից` 1 հոգի: Ի դեպ, նշեմ, որ անցյալ ուսումնական տարում Սյունիքի մարզը մեդալակիրների թվով առաջինն էր (9 մեդալակիր): Սյունիքի մարզպետարանում «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությունը մայիսի 25-26-ին «Անգեղակոթի Սուրբ Վարդան մատուռը» թեմայով գիտական կոնֆերանս կանցկացնի:

– 2012-13 ուստարում քանի՞ շրջանավարտ հրաժեշտ կտա դպրոցին:

– 2012-13 ուստարում մարզում դպրոցը կավարտի 1445 շրջանավարտ, անցած տարի այդ թիվը 1741 էր: Շրջանավարտների թվի նվազումը բնորոշ է հանրապետության բոլոր դպրոցներին: 774 շրջանավարտ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար միասնական ավարտական քննություններ հանձնելու հայտ է ներկայացրել: Արդեն հայտնի են քննական կենտրոնները (այն դպրոցները, որտեղ անց են կացվում միասնական քննությունները, կոչվում են քննական կենտրոններ)` Կապանի N9 ավագ, Գորիսի N1 ավագ, N3 հիմնական եւ Սիսիանի ավագ դպրոցներ: Սիսիանում կանցկացվեն միայն «Հայոց լեզու, գրականություն» եւ «Մաթեմատիկա» առարկաների քննությունները:  Դպրոցներն ապահովված են անհրաժեշտ պայմաններով` միասնական քննությունները հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու համար: Այս տարի ամենաշատ հայտեր ներկայացվել են «Հայոց լեզու, գրականություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներից քննություններ հանձնելու համար: Քննություններին նախապատրաստվելու համար, որպես աջակցություն, մարզի դիմորդներին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության կողմից անվճար բաժանվել են ուղեցույցներ: Նրանց տրամադրվել են նաեւ ԵՊՀ-ի կողմից ուղարկված «Դիմորդ-2013» ձեռնարկները: Հայտնի է նաեւ քննության ժամանակացույցը: Անց է կացվելու գիտելիքների ստուգում 4-րդ դասարանում (1483 աշակերտ), 9-րդ դասարանում` ավարտական քննություններ (1472 աշակերտ), իսկ 12-րդ դասարանում` պետական ավարտական քննություններ: Նրանք, ովքեր պատրաստվում են ընդունվել բուհ, իրենց նախընտրած առարկաների համաձայն կհանձնեն միասնական ավարտական քննություններ:

– Դիմորդները փաստաթղթերը մինչեւ ե՞րբ կարող են հանձնել բարձրագույն ուսումնական հաստատություններ:

– Մայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունումը կտեւի մինչեւ հունիսի 1-ը` ժամը 18.00-ը: Դիմորդը կարող է հայտագրվել մեկ կամ մի քանի բուհի մինչեւ 2 անվճար եւ 8 վճարովի մասնագիտությունների համար:  

– Մեղրու տարածաշրջանի դիմորդներին այս տարի քանի՞ ուղեգիր է տրվել եւ ո՞ր բուհերի համար:

– Ուղեգրեր տրվել են Երեւանի բժշկական համալսարան, Երեւանի Խ.Աբովյանի մանկավարժական համալսարան, Երեւանի լեզվաբանական համալսարան ընդունվելու համար: Գործընթացը չի ավարտվել, նախնական տվյալներով` նշված բուհերից յուրաքանչյուրում 2-ական տեղ: Ուղեգրով սովորող ուսանողները բուհն ավարտելուց հետո պարտավոր են վերադառնալ տվյալ տարածաշրջան, իսկ տվյալ հաստատությունն էլ պարտավոր է համապատասխան աշխատանքով ապահովել: 

– Հանրակրթության բնագավառում մի ուշագրավ գործընթաց էլ է սկսվել, որը դեռեւս չի ավարտվել: Խոսքը վերաբերում է ուսուցչին տարակարգ շնորհելուն, որի արդյունքում տարակարգ ստացած ուսուցիչը կստանա հավելավճար: Մարզում ունե՞նք նման ուսուցիչ:

– Այդ գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է, առայժմ չունենք տարակարգ ստացած ուսուցիչ:

– Հանրապետությունում դեռեւս շարունակվում են դպրոցների կարգավիճակային փոփոխությունները. Սյունիքի մարզում 2013-14 ուստարում կլինե՞ն նման փոփոխություններ:

– 2013-14 ուստարում կարգավիճակային փոփոխություններ չեն սպասվում, փակման եզրին գտնվող դպրոցներ չունենք: Այսօր մտահոգիչ է գյուղական համայնքների դպրոցների հարցը. այստեղ բավականին նվազել է աշակերտների թիվը` պայմանավորված տարբեր գործոններով: Օրինակ` Արեւիսի միջնակարգ դպրոցում ընդամենը 2 աշակերտ է սովորում, Կապանի գյուղական դպրոցներում 100-ից ավելի աշակերտ ունեցող մեկ դպրոց է` Դավիթբեկի միջնակարգ դպրոցը, Սիսիանում` 3 դպրոց, Մեղրիում չունենք գյուղական դպրոց, որ 100-ից ավելի աշակերտ ունենա: Աշակերտների թիվը, մինչդեռ, այնքան էլ կարեւոր չէ որակի առումով: Մենք մշտապես լավագույն աշակերտներ ենք ունենում գյուղական դպրոցներից, օրինակ` Խնձորեսկի միջնակարգ դպրոցից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում ունեցել ենք առաջին կարգի դիպլոմակիր: Այս պահին ԿԳ նախարարություն նախագիծ է ներկայացվել Սիսիանի տարածաշրջանում Բալաքի տարրական դպրոցը դարձնել հիմնական: Այստեղ սովորում է 4 աշակերտ, ովքեր տարրական դպրոցն ավարտելուց հետո ստիպված պետք է գնան մոտ 2 կմ հեռավորության  վրա գտնվող Շաղաթի միջնակարգ դպրոց, որն այնքան էլ նպատակահարմար չէ: Նախագիծն արդեն ներկայացվել է, եւ, կարծում եմ, որոշումը դրական կլինի:

– Ի՞նչ գործոններ են հաշվի առնվում դպրոցն ավագ, միջնակարգ կամ հիմնական դարձնելիս, եւ արդյո՞ք արդարացնում են ավագ դպրոցները:

– Նախ եւ առաջ  հաշվի են առնվում դպրոցի շենքային պայմանները եւ տեղանքը: Կարծում եմ` ավագ դպրոցը ժամանակի ընթացքում իրեն կարդարացնի, կհիմնավորվի, եւ ներկայումս եղած որոշ թերություններ կվերացվեն:

– Ավագ դպրոցների նպատակն էր նաեւ վերացնել կրկնուսուցումը, բայց այսօր դեռեւս շարունակում է այդ երեւույթը տարածված լինել:

– Ավագ դպրոցները մարզային ենթակայության չեն, եւ ես չեմ կարող ասել, թե կրկնուսուցումը որքանով է շարունակում գերակայել: Հավանաբար դա պայմանավորված է «մոդային տուրք տալով»: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս համոզվել եմ, որ առանց կրկնուսուցման կարելի է ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Այն, ինչ երեխան սովորում է դպրոցում, այլեւս ոչ մի տեղ չի սովորելու:

– Մոտ ապագայում ո՞ր դպրոցներում տեղի կունենա տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:

– Տնօրենների թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվել Կապանի N1 հիմնական, Ներքին Հանդի, Լեռնաձորի, Ծավի միջնակարգ դպրոցներում:

– Նախնական տվյալներով` 2013-14 ուստարում քանի՞ առաջին դասարանցի կունենանք:

– Վեց տարին լրացած երեխաները պարտադիր պիտի հաճախեն դպրոց` անկախ ֆիզիկական վիճակից: Հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, եթե լրանում է երեխայի 6 տարեկանը, ապա պիտի հաճախի դպրոց: Եթե երեխան ունի մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ, ապա պետք է հաճախի հատուկ կամ ներառական դպրոցներ, ինչպես նաեւ, ծայրահեղ դեպքերում, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով` կարելի է կազմակերպել տնային ուսուցում: Նախնական տվյալներով` այս տարի կունենանք 1684 առաջին դասարանցի, անցնող ուսումնական տարում ունեցել ենք 1502, իսկ 2011-12 ուստարում` 1404: Թվերից կարելի է եզրակացնել, որ նկատվում է երեխաների թվի աճ:

– Այսօր հանրակրթության բնագավառում առաջնային է նաեւ բոլոր դպրոցները ներառական դարձնելը: Արդյո՞ք մենք պատրաստ ենք այդպիսի շրջադարձային փոփոխության:

– Ներառական կրթությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցման կազմակերպումն է հանրակրթական եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ: Մարզում որոշ դպրոցներ ներառական ուսուցում են կազմակերպում: Ես կարծում եմ` ժամանակի ընթացքում բոլոր դպրոցները կդառնան ներառական, որը մասամբ կիրականանա հատուկ դպրոցների վերակազմակերպմամբ: Երեխան, անկախ իր մտավոր կամ ֆիզիկական արատներից, պետք է ուսում ստանա իր հասակակիցների հետ միեւնույն պայմաններում, եւ կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն, կվերացվեն ժամանակի ընթացքում:

– Սյունիքի մարզում կրթությունն այսօր իրականացվում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Չե՞ք կարծում, որ, հատկապես այն դպրոցներում, որտեղ ուսուցիչներն աշխատում են քիչ ժամաքանակով, նպատակահարմար է հնգօրյա ուսուցումը:

– Ըստ ուսումնական պլանի` յուրաքանչյուր ուսումնական հաստատություն, մանկավարժական խորհուրդ ինքն է որոշում իր աշխատանքային շաբաթը եւ առնվազն 15 օր առաջ ներկայացնում է ԿԳՆ: Մենք շատ դպրոցներ ունենք, որոնք կողմնակից են վեցօրյա աշխատանքային շաբաթին` պայմանավորված ուսուցչի ծանրաբեռնվածությամբ. օրական 7 ժամ իրար հետեւից դաս պարապելն արդյունավետ չի կարող լինել, մյուս կողմից էլ ուսուցիչն ու աշակերտը լիարժեք չեն հանգստանում: Գյուղական դպրոցներում ամեն դասարանում քիչ թվով աշակերտներ են սովորում, եւ այդ երեխան ամեն օր պետք է պատրաստ լինի դասին, որը երբեմն հնարավոր չէ, ուստի այստեղ էլ հնգօրյա աշխատանքային շաբաթը նպատակահարմար չէ: Միանշանակ ասել, թե որն է ճիշտ, հնարավոր չէ: Այս հարցի լուծումը յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է տալ յուրովի:

– Այսօրվա սերնդի ուսման որակի հետ կապված ինչպիսի՞ մտահոգություն ունեք:

– Ուսումնական գործընթացն անընդհատ զարգացման  մեջ է, եւ բոլոր ժամանակներում էլ լինում են թեր եւ դեմ կողմեր: Այսօրվա երեխաները հրաշալի են, հիանալի են տիրապետում ժամանակակից տեխնիկային, տեղեկատվական դաշտն ավելի ընդգրկուն է: Բայց մտահոգություն կա այն առումով, որ չեն ընթերցում, թեպետ ես պատրաստի դեղատոմս չունեմ այս հարցի լուծման համար: Միայն կարող եմ ասել, որ նորագույն  տեխնոլոգիաների ներդրումը, իր դրական կողմերով հանդերձ, նաեւ բացասական ազդեցություն ունի:

– Շրջանավարտների «Վերջին դասի» կազմակերպման հետ կապված` մշտապես շրջանառվում են ասեկոսեներ առ այն, որ դպրոցներում դրամահավաքությունը մեծ ծավալ է ստանում: Ձեր քայլերը նման արատավոր երեւույթների դեմ պայքարելու գործում:

– Այս տարի «Վերջին դասն» անց է կացվում մայիսի 24-ին: Ինչ վերաբերում է դրամահավաքությանը, ապա նախապես հրահանգվել է բոլոր դպրոցների տնօրեններին` բացառել պարտադրված դրամահավաքի որեւէ դրսեւորում, ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները` մայիսի 24-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու, միջոցառումները դպրոցին, մանկավարժին եւ սովորողին վայել պահվածքով անցկացնելու համար: Իսկ եթե ինչ-որ միջոցառում կազմակերպվի էլ, ապա միայն ու միայն ծնողական կոմիտեի նախաձեռնությամբ եւ ավարտական քննություններից հետո: Կարծում եմ` մեզ կհաջողվի հավուր պատշաճի անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը:

– Ձեր բարեմաղթանքը հանրակրթական դպրոցների շրջանավարտներին:

– Ցանկանք մեր շրջանավարտներին ամենալավն ու բարին, ոգու խնդություն, բազում հաջողություններ, բարեբախտություն: Ինչ-որ բանի ավարտ միշտ էլ նորի սկիզբն է, թող այդ օրը հիշարժան ու անմոռանալի լինի նրանց համար: Իսկ այն շրջանավարտներին, ովքեր դպրոցն ավարտելուց հետո կհամալրեն հայոց ազգային բանակի շարքերը, ցանկանք ոգու արիություն ու տոկունություն:

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հ.Գ. Լեւոն Մարգարյանից տեղեկացանք, որ ՀՀ քաղծառայության խորհրդի կողմից Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնի թափուր տեղի համար նոր մրցույթ դեռեւս չի հայտարարվել, իսկ նրա մասնակցությունը կայանալիք մրցույթին, կարծեք, աներկբայելի է: Ըստ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանի («Սյունյաց երկիր», N8,  9 ապրիլի 2013թ.)` նա կմասնակցի նոր մրցույթին:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53