Լրացավ մանկապարտեզի հիմնադրման 85-ամյակը

01.07.2016 16:10
2071

Տարեվերջյան հանդես էր Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում: Նմանատիպ միջոցառումներից այն տարբերվում էր թե իր ձեւով եւ թե բովանդակությամբ: Լրացել էր քաղաքի առաջին մանկապարտեզի հիմնադրման 85, նախակրթարանը Վազգեն Սարգսյանի անվամբ կոչելու 5-ամյակը: Բացի այդ, լրացել էր 25 տարի այն օրից, ինչ նախադպրոցական հաստատության ղեկավարումը ստանձնեց անվանի մանկավարժ, մանուկների սիրելի բարեկամ Սաիդա Ադունցը: Ահա այս երեք հոբելյանական տարեթվերի խորհուրդն էին միջոցառման հիմքում դրել նրա կազմակերպիչները:

Նախապես պլանավորված է եղել այդ առթիվ համաքաղաքային հանդիսություն կազմակերպել մշակույթի պալատում, սակայն ապրիլյան հայտնի դեպքերը շտկումներ մտցրին ծրագրում: Հանդիսությունը կազմակերպվեց նախակրթարանին հարող բակում: Կազմակերպիչները հմտորեն էին օգտագործել տեղանքի ընձեռնած հնարավորությունները՝ ծառերն ու թփերը, ծաղկանոցները, սիզամարգերը, ջրավազանը, որոնք էլ լրացուցիչ տոնական տեսք ու տրամադրություն էին հաղորդել միջոցառմանը: Պակասն էլ լրացրել էին հանդիսության գլխավոր «մեղավորների» տոնական հագն ու կապը, նրանց ժպիտները:

Հանդեսը կրում էր «Մանկապարտեզի հեքիաթային մեկ օրը» անվանումը: Սկզբում սաները կատարեցին հանդիսության օրհներգը, որի հեղինակը հայտնի երգահան Պասկեւիչյանն է, դրանից հետո երգչախմբի փոքրիկ անդամները դեպի երկինք բաց թողեցին խաղաղության ճերմակ-ճերմակ աղավնիներ: Նրանց փոխարինում են զինվորական համազգեստով փոքրիկները, որոնց գլխավերեւում ծածանվում է հայկական եռագույնը. զինվորական քայլերգով նրանք տողանցում են նախագահության առջեւով՝ հայացքները դեպի այդ ամենը վերահսկող սպարապետ Վազգեն Սարգսյանի մեծադիր նկարը: Ընդհանրապես ամբողջ միջոցառման առանցքում հայրենասիրության, խաղաղության, ազգային արժեքների հանդեպ հավատարմության գաղափարն էր գերիշխում: Դա թելադրում է ժամանակը, դա պահանջում է այն մեծ անհատը, ում անունն է կրում նախակրթարանը:

Մեր ձեռքին է նախակրթարանի հոբելյանի առթիվ լույս ընծայված փոքրիկ բրոշյուրը, որը պատմում է մանկապարտեզի երախտավորների, նրանց հաղթահարած անասելի դժվարությունների մասին: 1924-1925 թվականներին մանկապարտեզի վարիչն էր Մարիամ մորաքույրը, իսկ մանկապարտեզը գործել է Գորիսում հայտնի Մալունց Ղազարի տանը: Այդ դժվարին, բայց պատվավոր պաշտոնը հետագայում զբաղեցրել են Լուսիկ Բաղիրյանը, Մարո Մինասյանը, Պրոֆիկ Բաբալարյանը, Ժենյա Գզոյանը, Էմմա Բարսեղյանը, Գրետա Տատինցյանը, Զոյա Շեգունցը, Էմմա Պետրոսյանը, Արմիկ Շալունցը: Վերջին քսանհինգ տարում հիրավի պատվավոր այդ աշխատանքը կատարում է Սաիդա Ադունցը: «Այս մեծ աշխարհում ես ունեմ իմ փոքրիկ աշխարհը, աշխարհ, որով ես ապրում եմ ամեն օր, որով ես ապրեցնում եմ հազարավոր մանուկների, որով ինձ ապրեցնում են հազարավոր մանուկներ… »: Այսպես է նա բնութագրում իր աշխատանքը եւ մասամբ էլ իրեն: Ասում են՝ մարդկային երջանկությունը հյուսվում է մի շարք գործոններից, որոնցից մեկն էլ սիրած գործն է, մասնագիտությունը: Սաիդա Ադունցը նման անհատներից է, նա ոչ միայն սիրում է մասնագիտությունը, այլ նաեւ զբաղվում դրանով:

Ընթերցողիս ուշադրությունը մի շատ հետաքրքիր գործառույթի վրա եմ հրավիրում: Բոլոր այն համայնքներում, որտեղ կա երկուսից ավելի դպրոց կամ նախադպրոցական հիմնարկ, նրանց միջեւ ընթանում է յուրահատուկ մրցույթ՝ ամեն ինչում առաջինը լինելու մղումով: Ի վերջո, որեւէ տեղ չգրված օրենքով որոշվում է հաղթող այդ հաստատությունը, եւ հանրությունը նրան անվանակոչում է: Երկար տարիներ, քանի դեռ մանկապարտեզը չէր անվանակոչվել սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով, անվանվում էր այսպես՝ ընկեր Սաիդայի մանկապարտեզ: Սա Սաիդա Ադունցի աշխատանքի յուրահատուկ գնահատականն է: Երկարամյա տնօրենը դրան հասել է համառ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այդ տարիներին շատ հարցեր են լուծվել, դրանցից շատերն էլ, թող բառախաղի տպավորություն չթողնի՝ շատ դժվարությամբ: Եվ այսօր Գորիսում ունենք «նախակրթարան» ականջահաճո բառով բնութագրվող մանկական հաստատություն, որն արդեն 25 տարի է ղեկավարում է ընկեր Սաիդան:

Միջոցառման ժամանակ հյուրերի մեջ օտարերկրացիներ նկատեցինք: Ֆրանսիայից էին՝ Գորիսի քույր քաղաք Վիենից: Պարզվեց, որ եկել են քաղաքապետարանի հրավերով՝ Վիեն-Գորիս համագործակցության շրջանակներում: Առաքելության նպատակն է ֆրանսերենի ուսուցման կազմակերպումը Վ.Սարգսյանի անվան նախակրթարանում: Համոզված ենք, որ այն հաջողությամբ կպսակվի, մանավանդ որ դրա փորձը կա. քաղաքի թիվ 5 նախակրթարանում (տնօրեն՝ Կարինե Մինասյան) 5-րդ տարին է՝ հաջողությամբ իրականացվում է:

Շատերն են լսել ճապոն ազգի ֆենոմենի մասին, բայց քչերը գիտեն, որ ծագող արեւի երկրի մարդկանց այդ գաղտնիքը բոլորովին էլ աստվածատուր չէ, այլ ձեռքբերովի, այն ամենօրյա քրտնաթոր աշխատանքի արդյունք է: Այդ աշխատանքը նրանք սկսում են մարդ արարածի ծննդյան հենց առաջին օրից: Մանկավարժության մեջ հայտնի արտահայտություն կա՝ եթե երեխայի դաստիարակությունը սկսում ես նրա քառասուն օրը լրանալուց հետո, նշանակում է այդ գործը ուշացրել ես հենց այդքան օրով:

Իսկ ճապոնացին իր մանկան դաստիարակությունը սկսում է հենց նրա ծննդյան առաջին օրից: Երեք տարեկանից նրանց երեխաները պարտավոր են եւ կարողանում են ինքնուրույն հոգալ իրենց շատ հոգսեր՝ ոչ միայն ինքնուրույն ուտել ու խմել, խաղալուց հետո խաղալիքները հավաքել ու տեղավորել, այլ հարկ եղած դեպքում փոքրիկ ուսապարկի մեջ տեղափոխել անհրաժեշտ բոլոր իրերն ու առարկաները: Ահա հենց այդ սովորույթների հիմքերն են դրվում այս մանկապարտեզում:

Թող տպավորություն չստեղծվի, թե ամեն ինչ հեշտ ու հարթ է ընթանում այստեղ: Նախակրթարանին հրաժեշտ է տալիս 79 փոքրիկ, ծանրաբեռնվածության պատճառով կրտսեր խումբ կարող է ընդունվել ընդամենը 40 երեխա, բայց այսօր արդեն դիմողների թիվն անցնում է 120-ից: Ի՞նչ սկզբունքով պետք է ընտրություն կատարվի: Ինչպիսին էլ լինի այն՝ դժգոհողներ անպայման լինելու են, որովհետեւ դիմումների մեծ մասը պետք է մերժվի, տեղ չկա:

Մտովի այցելենք մարզի համայնքները: Մանկապարտեզի տասնյակ տիպային շենքեր դատարկ են կամ էլ ծառայում են բոլորովին այլ նպատակի, որովհետեւ երեխա չկա, իսկ մարզի ամենահին նախակրթարանը տեղավորված է հարմարեցված շենքում:

Արդեն սովորույթ է դարձել, որ ամեն լավ գործ մենք թողնում ենք ապագային, այնինչ մեր մտքերը պետք է ապագայում լինեն, եւ այն էլ՝ հեռու ապագայում, իսկ գործը պետք է անենք այսօր, եթե ցանկանում ենք, որ այդ ապագան նման չլինի այսօրվան:

Նախկին մանկապարտեզների հիմնական նպատակը երեխաների խնամքն էր: Այսօր առաջին պլան է մղվել երեխայի դաստիարակությունը եւ դպրոցական կյանքին նրան նախապատրաստելը: Մանուկների դաստիարակության այս մեթոդը վաղուց է կիրառվում սփյուռքի հայ գաղութներում: Համոզված ենք, որ հետայսու նախագծվող եւ կառուցվող դպրոցական շենքերը լինելու են կյանքի թելադրած այս պահանջներին համահունչ, հակառակ դեպքում «նախակրթարան» գեղեցիկ բառը կիմաստազրկվի:

Վերադառնանք մեր հանդեսին: Անվանակոչությունից հետո զինվորականները դարձել են նախակրթարանի իսկական բարեկամները: Այս անգամ նրանց պատվիրակությունը ղեկավարում էր զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Թումանյանը, ով իր ելույթի վերջում հրապարակեց զորամիավորման հրամանատար, գնդապետ Տ.Փարվանյանի հրամանը՝ ընկեր Սաիդային շնորհակալագրով պարգեւատրելու մասին:

Ելույթ ունեցավ մանկապարտեզի նախկին վարիչ Զոյա Շեգունցը:

Հանդիսությունն իրենց մասնակցությամբ պատվել էին եւ սրտառուչ խոսք ասացին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը եւ փոխմարզպետ Վարդան Դավթյանը: Քաղաքապետարանի կողմից նախակրթարանի կոլեկտիվը պարգեւատրվեց շնորհակալագրով:

Հանդեսն ավարտվեց տոնական հրավառությամբ, որի գույները մինչեւ իրենց երկար եւ, անկասկած, երջանիկ կյանքի վերջը երբեք չեն մոռանա նախակրթարանի փոքրիկ շրջանավարտները:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25