Լուսինե Վարդանյան. «Բացառվում է, որ վճարունակ չլինելու պատճառով մեր հիվանդանոցից, առանց բուժծառայություն ստանալու, հիվանդը դուրս գա»

02.11.2016 11:26
2110

ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի N1052-Ն որոշմամբ՝ «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲ ընկերությունը միաձուլման ձեւով վերակազմակերպվել են` ստեղծելով «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Տարիներ առաջ ընդունված որոշումը տարակարծությունների առիթ տվեց շատերին, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ ժամանակակից պահանջներին համապատասխան նորակառույց շենքը շահագործվում է՝ սպասարկելով Մեղրու ողջ տարածաշրջանի բնակչությանը:

«Որպես շինարարական կառույց՝ կատարյալ է, բայց նախագծային առումով որոշ թերություններ կան: Աշխատանքներն իրականացրած «Մեղրու ՃՇՇ» ՍՊ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը հավաստիացրել է, որ նույնիսկ մեկ տարվա երաշխիքի ժամկետը սպառվելուց հետո պատրաստ են առաջացած շինարարական խնդիրները լուծել», - նշեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Լուսինե Վարդանյանը:

Նախկին հիվանդանոցային շենքերից ներկայիս բժշկական կենտրոնի հաշվեկշռում չնչին մասն է պահպանվել: «Միայն որոշ սենյակներ հետագայում հավանաբար կդարձնենք հրավիրյալ բժիշկների համար կացարաններ, այսօր էլ Մեղրու նախկին պոլիկլինիկայի երկու սենյակ այդ նպատակին է   ծառայում», - նշեց Լ.Վարդանյանը:

Հիվանդանոցի՝ դեռեւս չլուծված հարցերից է նոր դիահերձարանի կառուցումը: Սույն թվականի  փետրվարի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ այս հարցը եւս բարձրացվեց, եւ խոստացան լուծում տալ: Տնօրենի խոսքերով՝ դիահերձարանի կառուցման կապակցությամբ դեռեւս  մարտ ամսին տարածաշրջանի համայնքապետարանների կողմից նախագծային որոշ աշխատանքներ  կատարվեցին, բայց «ապրիլյան պատերազմի պատճառով աշխատանքներն ընթացք չստացան»: Լուսինե Վարդանյանը լիահույս է, որ այդ հարցն անպայման լուծում կստանա, կկառուցվի ժամանակակից պահանջներին համապատասխան շենք: Մինչ այդ հիվանդանոցը շարունակում է օգտագործել հին դիահերձարանը:

Նորակառույց բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքավորումներով, ինչպես տնօրեն Լուսինե Վարդանյանը հավաստիացրեց, առաջին բ մակարդակի հիվանդանոցի համար Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը գերհագեցած է: «Ստացել ենք ժամանակակից սարքավորումներ, որոնց մի մասի օգտագործումը, եթե անկեղծ լինենք, մեր հիվանդանոցի համար խիստ ծախսատար է: Վերակենդանացման բաժանմունքը նույնպես հագեցած է համապատասխան նոր սարքավորումներով: Մեզ տրամադրած սարքավորումների համար գոհ ու շնորհակալ ենք, բայց  ցանկալի կլիներ ունենայինք նաեւ հորմոնների ախտորոշիչ անալիզատոր, քանի որ մեր  տարածաշրջանում շատ են էնդոկրին հիվանդները», -  նշեց Լ.Վարդանյանը:

Կենտրոնի տրանսպորտային միջոցները թարմացման կարիք ունեն: Առկա է միայն մեկ շտապ բժշկական օգնության մեքենա, որով իրականացվում է հիվանդների տեղափոխումը համապատասխան մասնագիտացված բուժկենտրոններ: Մեղրու բուժկենտրոնում սպասարկվում  են  նաեւ  մեծ  թվով  զինծառայողներ  եւ  նրանց   ընտանիքի  անդամներ, ինչպես հայկական  զորամասի, այնպես  էլ  Ռուսաստանի  Դաշնության  սահմանապահ  զորքերի: Վերջին  մեկ  ամսում  զինծառայողի վիրավորվելու երկու ծանր դեպք են ունեցել: Նրանց  երկուսին  էլ  վիրահատել  են կենտրոնի  վիրաբույժներ Արմեն  Օհանջանյանն ու Մհեր Աբրահամյանը, որից հետո հիվանդները տեղափոխվել  են ՊՆ  Երեւանի հոսպիտալ:

Ի սկզբանե տարակարծությունների տեղիք տված հիվանդանոցների միավորումը Լուսինե Վարդանյանն արդյունավետ է համարում. «Եթե Ագարակ, Մեղրի քաղաքներից յուրաքանչյուրի  բնակչությունը 15-20 հազար լիներ, միգուցեեւ օպտիմալացումը չարդարացվեր, բայց արդեն խոշորացված Մեղրի համայնքն ունի ընդամենը 12 հազար  բնակիչ, եւ մեր բժշկական կենտրոնը կարողանում է լիարժեք բուժսպասարկում իրականացնել: Բոլոր ծառայությունները մեկ վայրում կենտրոնացնելը հօգուտ հիվանդի է, քանի որ նա ստիպված չի մեկնում Մեղրի կամ Ագարակ այս կամ այն մասնագետին «գտնելու»»:

Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնն ունի 127 աշխատակից, որից 22-ը՝ բժիշկ: Ինչպես հավաստիացրեց տնօրենը, նեղ մասնագետների կարիք ունի կենտրոնը՝ ներզատաբան, սոնոգրաֆիստ, ռենտգենոլոգ, բժիշկ-լաբորանտ, ուրոլոգ: «Լինելով հանրապետության հարավային մասի ամենահեռավոր քաղաքը՝ նախ մասնագետները դժվարությամբ են գալիս, երկրորդ՝ տարածաշրջանի բնակչության թվով պայմանավորված նեղ մասնագետները կես դրույքով են վճարվում», - նշեց տնօրենը եւ հավելեց, որ խնդիր ունեն նաեւ տեղացի կադրերով Մեղրու բժշկական կենտրոնը համալրելու: Պետության տրամադրած արտոնությունից (տարեկան երկու դիմորդի հնարավորություն է տրվում անվճար սովորել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական  բժշկական համալսարանում) ամեն տարի տարածաշրջանի շրջանավարտներն օգտվում են, բայց միշտ չէ, որ նեղ մասնագիտացումներով կլինիկական օրդինատուրայում ընտրում են այն մասնագիտությունը, որի կարիքը Մեղրու բժշկական կենտրոնն ունի: Լ.Վարդանյանի տեղեկացմամբ՝ այս պահին կենտրոնում այդ ծրագրով ուսում ստացած շրջանավարտներից երեք բժիշկ է աշխատում: Վերջերս  բուժկենտրոնը  համալրվել է գաստրոէնտերոլոգով: Ի դեպ, երիտասարդ բժշկուհին մեղրեցի է, եւ, Լ.Վարդանյանի կարծիքով, կադրերի հիմնական  համալրումը  պետք  է  իրականացնել  երիտասարդ, տեղացի բժիշկների հաշվին, ստեղծել գրավիչ պայմաններ նրանց աշխատանքի  համար:

Ընդունված է՝ հատկապես շրջանային հիվանդանոցները հայտնի են լինում իրենց մասնագետներով: Բժշկուհուց հետաքրքրվեցինք, թե հատկապես որ բժիշկներն են իրենց մասնագիտական հմտություններով առանձնանում: Լ.Վարդանյանը նշեց, որ կենտրոնի բոլոր բժիշկներն էլ իրենց բնագավառում հմուտ են, միայն խնդիրն այն է, որ առաջին մակարդակի հիվանդանոցներում պետությունը թույլ չի տալիս իրականացնել մի շարք պլանային բժշկական միջամտություններ: «Եկել է ժամանակը, որ լիցենզավորվեն ոչ թե բժշկական կենտրոնները, այլ բժիշկները: Մարզի հիվանդանոցներում չաշխատելու պատճառներից մեկն էլ այն է, որ բժիշկներն իրենց մասնագիտական ողջ կարողությունները չեն օգտագործում: Առողջապահության նախարարությունում այդ հարցը, կարծես, քննարկման փուլում է: Հուսանք՝ իրավական որոշ նորմեր կվերանայվեն, ինչն ավելի կնպաստի տարածաշրջանային հիվանդանոցների գործունեության  շրջանակների  ընդլայմանը», - նշեց Լ.Վարդանյանը: 2015թ. հունվարի 1-ից հանրապետությունում մենկարկել է սրտի անհետաձգելի բուժօգնության ծրագիրը, որի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում, կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով: Տարածաշրջանից տարեկան 6-8 անձ օգտվում է այդ անվճար  բուժօգնությունից: «Սա բավականին արդյունավետ ծրագիր է, եւ, ըստ վիճակագրական տվյալների, ծրագրի մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում 1500 դեպք է հանրապետությունում գրանցվել, իսկ ինֆարկտից մահացության թիվը նվազել է տարեկան շուրջ 1000 դեպքով: Սուր ինֆարկտով դեպքեր ունենալիս անմիջապես կապ ենք հաստատում Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի հետ եւ համապատասխան ցուցումների դեպքում անմիջապես ուղեգրում Գորիս», - պարզաբանեց Լուսինե Վարդանյանը:

Տնօրենի հավաստմամբ՝ ավելացել է բնակչության դիմելիության մակարդակը թե՛ առաջնային (պոլիկլինիկա), թե՛ հիվանդանոցային օղակներ: Պետպատվերի շրջանակներում իրականացվող ծրագրերը  հիմնականում  գերակատարվում են: Իսկ  վճարովի բուժում ստացող հիվանդները հաճախ ձգտում են ավելի վաղ դուրս գրվել եւ տանը շարունակել բուժումը` պայմանավորված անվճարունակությամբ: Բոլորիս հայտնի է, որ ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, քան  բուժել: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի նպատակն է արյան գերճնշման, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումն ու վաղ ախտորոշումը, որն իրականացվում է ՊԱՊ թեսթի եւ արյան  մեջ գլյուկոզայի որոշմամբ: Մեր հարցին, թե արդյոք շատ անձինք են օգտվել այս հնարավորությունից, տնօրենը պատասխանեց, որ գինեկոլոգների, նաեւ ընտանեկան բժիշկների միջոցով ձգտել են հնարավորինս շատերին «ստիպել» հանձնել ՊԱՊ քսուք եւ արյան անալիզ` գլյուկոզայի որոշման  համար:

Ի դեպ, եռամյա ծրագրից յուրաքանչյուրը ոք ընդամենը մեկ անգամ կարող է օգտվել:

«Առողջ մարդը մեզանում դժվարությամբ է բուժզննում անցնում. շատերը նույնիսկ չեն օգտվում տարեկան մեկ անգամ անվճար  բուժզննության  անցնելու  հնարավորությունից: Հաճախ հիվանդանոց են գալիս միայն այն ժամանակ, երբ նրանց փաստաթուղթ է հարկավոր», - նշեց տնօրենը եւ հավելեց, որ գերակշռում են սրտանոթային հիվանդությունները, որին հաջորդում են ուռուցքային հիվանդություններն ու շաքարային դիաբետը:

Մտահոգիչ խնդիրներից է նաեւ տարեցտարի ծնելիության մակարդակի նվազումը, որ բոլոր տարածաշրջաններին է հատուկ: Առողջապահության նախարարության կողմից սահմանած  չափորոշիչների համաձայն` հղիության ընթացքի նորմաների փոքր-ինչ շեղումն անմիջապես  ուղեկցվում  է  մայրաքաղաք` երրորդ  մակարդակի  ծննդատուն: Հատկապես վերջին տարիներին այնքան են շատացել ախտաբանական  վիճակները, որ շատ հղի կանանց են ուղարկում մայրաքաղաք՝ հնարավոր բարդություններից, վտանգներից խուսափելու համար:

Ինչ վերաբերում է բնակչության սոցիալական մակարդակին, ապա, տնօրենի հավաստմամբ, տարեցտարի այն նվազում է: Հաճախ է պատահում, որ հիվանդը վճարունակ չէ եւ ոչ մի սոցիալական կարգավիճակ չունի՝ պետպատվերի շրջանակներում բուժվելու համար, ստիպված գլխավոր բժշկին տրված հնարավորության սահմաններում են փորձում այդ հարցը կարգավորել: «Բացառվում է, որ վճարունակ չլինելու պատճառով մեր հիվանդանոցից, առանց բուժծառայություն ստանալու, հիվանդը դուրս գա», - հավաստիացրեց տնօրենը:       

Բուժական խնդիրներից բացի՝ հիվանդանոցն ունի նաեւ տնտեսական որոշ խնդիրներ, որոնցից ամենալուրջը բյուջեն է: Եթե բյուջեն ավելանա, կկարողանան նաեւ հիվանդանոցային պայմաններում շատ հիվանդների սպասարկել, դրանից  բժշկական  կադրերով  համալրել: Նախկինից մոտ երեք անգամ ավելի մեծ տարածք ունենալով հանդերձ՝ ֆինանսավորումը նույնն է մնացել: Կենտրոնացված ջեռուցման, սառեցման, օդափոխության համակարգեր են գործում, որոնց համար հսկայական միջոցներ են հարկավոր: «Իհարկե, շատ լավ է եվրոպական չափանիշներին համապատասխան հիվանդանոց ունենալը, բայց դրա պահպանման համար անհրաժեշտ է պետության աջակցությունը», - նշեց տնօրենը:

Քաջարանի հիվանդանոցում հայտնաբերված հեպատիտ C-ի վարակից հետո տարածաշրջանի բոլոր հիվանդանոցները մանրամասն ստուգվեցին: «Մեզ մոտ հիվանդները պարտադիր հանձնում են համապատասխան անալիզները՝ ներհիվանդանոցային վարակներից զերծ մնալու համար: Մեր  հիվանդանոցում  արձանագրված հիմնական թերությունները նախկին  հիվանդանոցների  շենքային  պայմաններն էին, որի խնդիրը նոր մասնաշենքում հիմնովին լուծված է եւ համապատասխանեցված   սանիտարահիգիենիկ  պահանջներին», - եզրափակեց Լուսինե Վարդանյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06