Մարսելի հայտնի հիվանդանոցների սրտաբանները Գորիսում են

02.12.2021 12:40
1916

Գորիսում իրադարձություն է՝ Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն են ժամանել ֆրանսիացի երկու բժիշկ, ովքեր մեկ շաբաթ հետազոտելու են սրտի հետ  խնդիր ունեցող դիմողներին:

Բժիշկների հետ զրույցի համար պայմանավորվելը բարդ էր, քանի որ հիվանդների մի մեծ խումբ հերթ էր կանգնած, իսկ բժիշկները, աշխատակիցների խոսքով, երկրորդ օրն է՝ անդադար ընդունում են հիվանդներին: Բոլոր դեպքերում մեզ մի քանի րոպե զրուցել հաջողվում է…

Ողջունում ենք նրանց, շեշտում, որ իրենց այցը Գորիս, այն էլ ներկայիս հակասական ու վճռորոշ ժամանակահատվածում, իրադարձություն է. խնդրում ենք ներկայանալ:

Թարգմանչուհին, ով նաեւ հիվանդանոցի ադմինիստրատորն է,  ինքն է ներկայացնում բժիշկներին. «ԲԺիշկ Պիեր Բարնեյն  է, աշխատում է Ֆրանսիայի Մարսել քաղաքի Եվրոպական հիվանդանոցում, ինվազիվ սրտաբան է, կորոնար անոթների անգիոգրաֆիայով է զբաղվում, երրորդ անգամ է այցելում մեր կենտրոն: Եվ բժիշկ Ռոժե Ռոզարիոն է, աշխատում է Մարսել քաղաքի Սեն-Ժոզեֆ հիվանդանոցում, սրտաբանության եւ վերակենդանացման բաժանմունքի գլխավոր բժիշկն է, վեցերորդ անգամն է Գորիսում: Երեկվանից այստեղ են, ինվազիվ սրտաբանն արդեն  ընդունել  եւ ստենտավորել է յոթ հիվանդի, մյուս բժիշկը սրտի հետ կապված խնդիրների կոնսուլտացիայի համար ընդունել եւ զննել է 25-ից ավել հիվանդի, աշխատում են կենտրոնի սրտաբանների հետ համատեղ…»:

Բժիշկները ժամանակ խնայելու համար միասին են պատասխանում մեր հարցերին:

–Հարգելի բժիշկներ, կցանկանայինք իմանալ՝ ի՞նչն է ձեզ բերել Հայաստան, օգնելու ցանկությո՞ւնը, Հայաստանի վիճա՞կը,  թե՞ մի  ուրիշ հանգամանք:

-Մենք Հայաստան այցելելու համար օգտագործում ենք մեր ամենամյա արձակուրդը: Այստեղ ենք՝ օգնելու համար, այցը բարեգործական է: Եկել ենք, որովհետեւ կարծում ենք, որ մեր կարիքը կա, որ մեզ սպասում են սյունեցիներն ու, ինչու ոչ, նաեւ արցախցիները: Սա նաեւ փորձի փոխանակում է:

-Ասացիք, որ այցի նպատակներից մեկն էլ փորձի փոխանակումն է: Տեղի կադրերի մասին Ձեր կարծիքը կցանկանայինք լսել, եթե զուգահեռներ անցկացնեք նրանց եւ Ֆրանսիայի բժիշկների հետ:

-Ընդհանուր առմամբ գոհ ենք այստեղի բժիշկներից, բայց, միաժամանակ կան տարբերություններ: Տարբերությունը հիմնականում ոչ թե կրթությունն է, այլ՝ երկրների յուրահատկությունները: Տեղի բժիշկների ունեցած գիտելիքներն ու փորձառությունը բավարար  են Սյունիքի ու Արցախի հիվանդներին հավուր պատշաճի սպասարկելու համար:

-Իսկ այս կենտրոնում եղած սարքավորումներն  ամբողջությամբ բավարարո՞ւմ են ձեզ՝ պատշաճ գործունեություն իրականացնելու համար:

-Հիվանդանոցը շատ լավ հագեցված է սարքավորումներով եւ ապահովված դեղորայքով: Բայց բժշկությունը, ինչպես ցանկացած ոլորտ, անընդհատ զարգանում է: Նկատենք նաեւ՝ նոր պահանջներն  այստեղ  արագ արձագանք են գտնում:

-Ինչպիսի՞ն է մեր հիվանդների ընդհանուր վիճակը, կարո՞ղ ենք  ասել, որ ժամանակին են դիմել Ձեզ, թե՞…

-Ցավոք, շատ-շատ ուշ են դիմում, երբեմն արդեն իսկ անդառնալի հետեւանքներ ենք տեսնում: Բժշկին այցելելը պիտի գոնե ամենամյա պարբերականություն ունենա, այնինչ հիվանդները Հայաստանում բժիշկներին դիմում են միայն հիվանդության ծանր բարդությունների դեպքում:

Այցի ընթացքում անցկացնելու ենք նաեւ բժիշկների ու բուժքույրերի վերապատրաստում՝ նպատակ ունենալով նվազեցնել առկա ռիսկերը, քանի որ հույս ունենք՝ բուժքույրերն իրենց շրջապատում կտարածեն տեղեկատվությունը, եւ մարդիկ կսկսեն ժամանակին դիմել:

Ակնկալում ենք նաեւ համայնքային իշխանությունների աջակցությունը՝ բնակչությանը տեղեկացնելու հարցում: Ուզում ենք, որ նրանք օգնեն մեզ՝ ամենուր տարածել տեղեկատվություն, հասնել նրան, որ մարդը գոնե տարին մեկ անգամ դիմի բժշկի, որպեսզի հիվանդությունները կանխարգելվեն եւ ոչ թե բուժվեն:

-Վերջին տարիներին տարածված կարծիք կար,  թե Հայաստանում լավագույն սրտաբաններն են, որ սրտաբանությունն առավել բարձրակարգ է մեր հանրապետությունում: Ձեր գնահատականը կցանկանայինք լսել:

-Շատ բարդ հարց է, Երեւանում  կան սրտաբանության ու սրտաբուժության բարձր մակարդակի  կենտրոններ, բայց Սյունիքում հիվանդների ուղղորդումը գրագետ չի կատարվում, նրանց ուղարկում են Երեւան, որն ամենաքիչը երեք ժամվա ճանապարհ է, ինչը  կարող է ճակատագրական լինել:

Բժիշկները պետք է ավելի կենտրոնացված աշխատեն, քանի որ  սրտի խնդիրները, դրանց բարդ վիճակները շատ արագ օգնություն են պահանջում: Այս կենտրոնում կան հիվանդին փրկելու բոլոր հնարավորությունները, տեղամասային բժիշկները պետք է մտածեն միայն հիվանդի կյանքը փրկելու մասին եւ ոչ թե մի քանի հարյուր կիլոմետր տանելու անհասկանալի ցուցումներ տան:

-Արդյո՞ք հայերս ունենք գենետիկ կամ միջավայրից ծագող առանձնահատկություններ, որոնք սրտի համար, այսպես ասած, վտանգավոր են:

-Առաջին հերթին ծխելը.  դադարեք ծխել, Հայաստանում տղամարդկանց 55 տոկոսը 15 տարեկանից ծխում է: Այս տարածաշրջանը հայտնի է նաեւ հանքարդյունաբերությամբ, իսկ միջավայրի աղտոտվածությունն ավելացնում է ինֆարկտի ռիսկը: Նույն ազդեցությունն ունի նաեւ բեռնատարներից առաջացող ծուխը:

-Մեր ազգաբնակչության ֆիզիկական ակտիվության ու սրտաբանական խնդիրների միջեւ կապ տեսնո՞ւմ   ք:

-Ես ամեն առավոտ վազում եմ…  Պատկերացրեք՝ ինձ մարդիկ զարմացած են նայում, երբեմն նույնիսկ վրաս ծիծաղում են: Սպորտով զբաղվելը սրտի հիվանդությունները կանխարգելելու ձեւերից մեկն է: Ինչպես նաեւ առողջ սնունդը. միս քիչ կերեք, սննդակարգում ավելացրեք  ձուկը եւ դրանից պատրաստված ուտելիքները, բանջարեղեն ու մրգեր կերեք:

-Շնորհակալ ենք, պարոնայք բժիշկներ, Դուք իսկապես մեծ գործ եք անում, քանի որ մեր ազգաբնակչությունը տարբեր պատճառներով բժիշկներին դիմելու խնդիր ունի:

Ձեր խոսքը մեր ազգաբնակչությանը:

-Հայաստանը պատերազմող երկիր է, իսկ սթրեսը շատ վատ է անդրադառնում մարդկանց առողջության վրա, բացի այդ՝ պատերազմական իրավիճակում (հասկանալի պատճառներով) պատշաճ ուշադրություն չի դարձվում առողջությանը:

Կարծում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու:

Շնորհակալ ենք Ձեզ՝ այդքան կարեւոր ինֆորմացիան տարածելու համար:

Ուզում ենք կոչ անել Սյունիքի բնակչությանը՝ չվարանել ու գալ հետազոտվելու:

  Հ.Գ.

Ֆրանսիայից ժամանած բժիշկներն ընդունում են հիվանդներին Հայ-Ֆրանսիական սրտաբանական կենտրոնում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը: Հասցե՝ ք. Գորիս, Ակներ, Խաղաղության փողոց 15/1:

30 նոյեմբեր 2021 թ.

 

 

 

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21