Մարտական հերթապահությունը՝ սրբազան պարտականություն

30.06.2017 11:50
1751

Հունիսի 27-ին, այցելելով Արցախի՝ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկը, գոնե ինձ համար եւս մեկ անգամ ապացուցվեց ժողովրդի հայտնի ասացվածքի ճշմարտացիությունը. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»: Մարտական հերթապահությունը պատվով իրականացնող յուրաքանչյուր զինծառայող ապրում է մեկ  գիտակցությամբ՝ այստեղ կանգնած նա պաշտպանում է իր հայրենի սահմանների անվտանգությունը, իր ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը: Թվում է՝ դիրքերում կանգնած 18-20 տարեկան զինվորին ապրիլյան դեպքերը պետք է ընկճեին, բայց, ինչպես փաստեցին մեր այցելության պահին մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողները, հակառակ երեւույթն է տեղի  ունեցել. դրանից հետո նրանք ավելի գիտակցաբար են մոտենում ծառայությանն ու իրենց պարտականություններին:

Մեկ տարվա զինծառայող, շարքային Արթուր Մարգարյանը խոստովանեց, որ ծառայությունից հետո ամբողջությամբ փոխվեց իր մտահորիզոնը. «Մինչ ծառայությունը բոլորովին այլ էին պատկերացումներս դրա ընթացքի վերաբերյալ, բայց հիմա այն դրականորեն փոխվել է՝ թե՛ մարտական դիրքի իրավիճակի, թե՛ հրամանատարական կազմի եւ թե՛ ծառայակիցներիս հետ հարաբերությունների առումով: Հատկապես մարտական հերթապահության ժամանակ ավելի է ջերմանում մեր շփումը, ավելի լավ ենք միմյանց ճանաչում եւ հասկանում, կարելի է ասել, դառնում ենք մեկ ընտանիք»:

Ապրիլյան առճակատման բովով անցած շարքային Արթուր Բադալյանը, ում ծառայության ավարտին մնում է ընդամենը 23 օր (խմբ.՝ մեր այցելության պահին), նշում է, որ, բնականաբար, այդ օրերի սկզբնական շրջանում անհանգստություն կար, բայց դրանից հետո ծառայության հանդեպ իրենց վերաբերմունքն ավելի լրջացավ: «Զինծառայության մեկնող նորակոչիկներին կասեմ, որ չվախենան ծառայությունից, մարտական դիրքում հերթապահելուց. վախենալու ոչինչ չկա», - խորհուրդ տվեց Արթուր Բադալյանը, ով հետագայում պայմանագրային զինծառայող դառնալու հավանականության հարցին պատասխանեց՝ երեւի թե ոչ, բայց կյանքը ցույց կտա: Մասնագիտությամբ գյուղատնտեսը նշեց, որ դիրքերում, եթե, իհարկե, ազատ ժամանակ են ունենում, սիրում է շաշկի խաղալ, գրքեր կարդալ:

«Ծառայությունս շատ լավ է անցնում, կարելի է ասել, չէի սպասում, որ այսքան հեշտ կանցնի, ավելի դժվար էի պատկերացնում: Սահմանի զոհերի մասին լուրերը լսելիս մտահոգվում ենք, բայց չենք ընկճվում, քանի որ վստահ ենք մեր ուժերին», - հպարտությամբ նշում է ժամկետային զինծառայող Արմեն Մնացականյանը՝ հավելելով, որ գրեթե ամեն օր էլ կրակոցներ լսվում են, բայց արտառոց դեպքեր տեղի չեն ունենում: Ապագա գինեգործը նույնպես իրեն չի պատկերացնում զինվորական աշխատանքում եւ նախընտրում է սեփական բիզնես ստեղծել:

Սերժանտ Նվեր Մովսիսյանի խոսքով՝ հիմնականում սահմանին զոհեր տալիս ենք զինծառայողների անզգուշության պատճառով: Ապրիլյան առճակատման օրերին, իհարկե, դժվարություններ ունեցան տարբեր առումներով, որոնք հաղթահարվեցին: «Դիրքերում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել, բայց եթե ասեմ՝ լիարժեք ապահով ու անվտանգ իրավիճակում ենք, ճիշտ չի լինի, պարզապես պետք է չափազանց զգույշ լինենք: Շատ կարեւոր է հրամանատարության խիստ վերահսկողությունը, ինչի շնորհիվ ավելի ճիշտ է կազմակերպվում մեր ծառայությունը: Նրանց հետ նորմալ հարաբերություններ ունենք, եթե խիստ չլինեն, զինվորն անվերահսկելի կդառնա», - խոստովանում է սերժանտը եւ նշում, որ պատրաստ են «դիմավորել» նորակոչիկներին եւ փոխանցել իրենց փորձն ու գիտելիքները:

Համարյա մեկ տարվա ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Սերոբյանը, ով թատերարվեստի ապագա ներկայացուցիչներից է, խոստովանում է, որ մինչ ծառայության գալը, առավել եւս մարտական դիրքում հերթապահելը, քանի դեռ լիովին չէր պատկերացնում մարտական դիրքի պահպանության կարեւորությունը, որոշակի մտավախություն կար: «Այս մեկ տարվա ընթացքում Պաշտպանության բանակից շատ դասեր քաղեցի, հասկացա իմ կողքին կանգնած ընկերոջ, կյանքի եւ առհասարակ հայրենիքի գինը: Նորակոչիկներին, ապագա զինվորներին կհորդորեմ չվախենալ եւ չխուսափել ծառայությունից, բանակի հանդեպ դրական տրամադրվել, ներշնչվել մեր հաջողություններով, ոգեւորվել ապրիլյան հերոսներով, ներկա դիրքապահներով եւ, իհարկե, հրամանատարական կազմի գործելակերպով: Հայրենիքի հանդեպ կատարե՛ք ձեր պարտքը եւ զգացեք հայրենի հող ու ջրի իսկական գինը», - խորհուրդ տվեց Հովհաննես Սերոբյանը, իսկ ժամկետային զինծառայող, սերժանտ Հովհաննես Մանուկյանը ծնողներին մաղթեց համբերություն. «Սպասեք, մինչեւ գանք հասնենք ձեզ»:

Մարտական դիրքը՝ սրբավայր, իսկ մարտական հերթապահությունը սրբազան պարտականություն համարող զինծառայողները տարածքում կառուցել են փոքրիկ սրբատեղի, որ Աստծո աջը միշտ պահապան լինի: Իսկ մենք, նրանց անփորձանք ծառայություն մաղթելով, վերադառնում ենք՝ հետեւում թողնելով իրենց դիրքերում ամուր կանգնած, կրակոտ աչքերով ու խիզախությամբ լցված, մարտական բարձր ոգի ու պատրաստականություն ունեցող երիտասարդներին:

Թող մարտական դիրքում կանգնած զինծառայողների բոլոր արշալույսները խաղաղ բացվեն…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38