Մարտակերտում կյանքը բնականոն հուն է մտնում

20.04.2016 11:37
2051

Քառօրյա պատերազմի ընթացքում ավելի շատ տուժեցին հակառակորդի հետ շփման գծում գտնվող ԼՂՀ Մարտակերտի շրջանը եւ նրա սահմանամերձ գյուղերը: Հակառակորդն ապրիլի 2-ի լույս գիշերը հրետակոծությունը սկսեց Թալիշ գյուղից՝ անցնելով Մատաղիսին, այնուհետեւ «Գրադ» կայանքի հրթիռների թիրախ դարձավ վարչական շրջանի կենտրոն Մարտակերտը: Հրետակոծությունը շարունակվեց առավոտյան, երբ աշակերտները դասի էին գնում, ինչ պատճառով դադարեցվեցին պարապմունքները, բնակչությանն էվակուացրեցին մայրաքաղաք Ստեփանակերտ եւ խորքային գյուղեր:

Ապրիլի 13-ին աշխատանքային այցով լինելով Մարտակերտի շրջանում, նախ եղանք դիրքապահ մարտիկների մոտ, վերադարձի ճանապարհին՝ օրվա վերջին, շրջվարչակազմի շենքում: Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանն աշխատանքի բերումով ավերածությունների ենթարկված եւ բնավեր եղած Թալիշ գյուղում էր: Լրագրողներիս հարցասիրությունը բավարարեց վարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը:

Զինվորական բժիշկ է մասնագիտությամբ, 12 տարի կայազորային հոսպիտալի պետ է եղել, իր բնութագրմամբ. «Այստեղ ամեն ծառն էլ, թուփն էլ եմ ճանաչում»: Տեղեկացրեց, որ Մարտակերտում լարվածություն չկա, որոշակիորեն դա զգացվում է սահմաններում: Թեպետ այն էլ ասենք, որ լինելով սահմանում, որտեղ մեր դիրքապահները կանգնած եւ հսկում են իրավիճակը, առանձնապես լարվածություն չնկատեցինք:

Իսկ շրջկենտրոնում կյանքը բնականոն հուն է մտնում, Ռադիկ Առուշանյանն օրինակ է բերում իրենց վարչակազմը, որի մոտ 70 աշխատակիցներն աշխատանքի էին այդ օրը (ոչ մի անհարգելի բացակայություն):

Իսկ առաջին օրը, ըստ վաղօրոք մշակված տարհանման պլանի, կանանց, երեխաներին եւ ծերերին անվտանգ վայրեր են տեղափոխել (այդ նպատակի համար հինգ ավտոբուս էր հատկացվել): Ի դեպ, Մարտակերտի օպերատիվ ղեկավարման շտաբը գտնվում է վարչակազմի շենքի նկուղային հարկում: Ստեփանակերտից դեպի Մարտակերտ-Մատաղիս-Եղնիկներ երթեւեկելով եւ հետ վերադառնալով, խաղաղ կյանքի ականատես եղանք, Մարտակերտում մարդիկ զբաղված էին առօրյա աշխատանքով, առավել տարեցները նստած զրուցում էին օրվա անցուդարձից: Սա նշում ենք ի հեճուկս այն խոսակցությունների, թե իբր Մարտակերտից հեռացողներ կան, որ ուղեփակոց են դրել դրա դեմն առնելու համար… Դեռ ավելին, երբ Գորիսից հասանք Ստեփանակերտ եւ մի փոքր շունչ առանք՝ որոշելով, որ սուրճն էլ Մարտակերտում կխմենք, մեր զրույցին ներկա ավտոճանապարհային տեսուչն ասաց, որ Մարտակերտում նման հնարավորություն չի լինի: Իսկ Մարտակերտում, ինչպես տեղեկացրին, խանութները, հիմնարկ-ձեռնարկությունները, նաեւ բանկերն էլ են աշխատում, հատկապես այս վերջինի գործունեությունն են կարեւորում. «Քաղաքի երկու բանկերն էլ գործում են»:

Ի դեպ, Ղարաբաղ մեր այցելության օրը ԼՂՀ-ում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ովքեր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Գանձասարի վանական համալիր: Համենայն դեպս Մարտակերտի ճանապարհին հանդիպեցինք հոգեւոր հայրերին ուղեկցող ավտոշարասյանը: Ռադիկ Առուշանյանն էլ տեղեկացրեց, որ նրանք իրենց հայրական օրհնությունն են տվել Արցախին եւ հայոց բանակի զինվորներին:

Մարտակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի՝ մեկ օր առաջ անցկացրած խորհրդակցությանը ներկա էին քաղաքի բոլոր կազմակերպությունների տնօրենները, ովքեր զեկուցել են, որ իրենց ղեկավարած հիմնարկները հարյուր տոկոսով աշխատում են: Մարտակերտում երկու դպրոց է գործում՝ Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ եւ Վարդան Մինասյանի անվան հիմնական եւ երկու մանկապարտեզ: Դրանցում հաճախողների թիվն օրեցօր ավելանում է: Հրետակոծությունից ջարդվել էին դպրոցների լուսամուտների ապակիները, այժմ դրանք ապակեպատված են:

Պատերազմական գործողությունների հետեւանքով տուժում են նաեւ կոմունիկացիաները (ճանապարհներ, գազատար խողովակներ, էլեկտրահաղորդման գծեր), ինչից էլ կաթվածահար է լինում բնականոն կյանքը: «Գործնականում ենթակառուցվածքային մեծ վթարներ չեն եղել, - պատմում է Ռադիկ Առուշանյանը, ամենամեծ վթարն այն է եղել, որ Մարտակերտը 4,5 ժամ էլեկտրականություն չի ունեցել. ապրիլի 3-ի երեկոյան ժամը 19:05-ից մինչեւ 23:35: Բարձր լարման հենասյուներն էին վնասվել, նաեւ գազատար խողովակներ, բայց արագորեն վերականգնվել են»: Մեր զրուցակիցը կարեւոր համարեց այն, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, ի տարբերություն Մարտունու շրջանի, որտեղ 12-ամյա դպրոցահասակ երեխա էր զոհվել, եւս մեկը՝ ծանր վիրավորվել:

Երբ Մարտակերտ շրջկենտրոն էինք մտնում, նկատեցինք հրետակոծված մի կառույց, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նոր կառուցված շինմոնտաժային օբյեկտ է, որի վրա արկ է ընկել, տերը վարկ էր վերցրել, սարքավորումներ ձեռք բերել, նոր գործի սկիզբ էր դրել, բայց… Մեծ վնաս է հասցվել թե կառույցին, թե տեղադրված սարքավորումներին: Իսկ հրետակոծություններից ընդհանրապես երկու հասարակական օբյեկտ է վնասվել: Հուսադրողն այն է, որ հանրապետության վարչապետը մարտակերտցիների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ հրետակոծությունից վնասված անհատական տներն ու հասարակական օբյեկտները կառավարության միջոցներով վերականգնվելու են:

Մարտակերտում լույս է տեսնում շրջանի վարչակազմի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը (ամիսը երկու անգամ): Գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը հեռախոսով մեզ տեղեկացրեց, որ ապրիլյան առաջին համարում ձգտել են ներկայացնել քառօրյա պատերազմի քրոնիկոնը՝ մանրամասնորեն, նաեւ նահատակ զինվորներին: Նաեւ պատմեց հակառակորդի հրետակոծությունների մասին, հավելելով, որ Մարտակերտի երկնքում սավառնել են անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկին հաջողվել է վնասազերծել:

Հրապարակումը տպագրության պատրաստելուց առաջ, թարմ տվյալներ իմանալու համար ապրիլի 19-ին զանգահարեցինք ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանին: Նրա փոխանցմամբ՝ հասցված վնասի չափը լրիվորեն չի հաշվարկվել: Բայց հրետակոծությունների հետեւանքների վերացմանը միտված աշխատանքներն ընթանում են: Յոթ շինարարական կազմակերպություն եւ կամավորներ Մարտակերտում վերականգնողական աշխատանքներ են կատարում, որոնք ավարտելուց հետո դրանք կշարունակվեն գյուղական բնակավայրերում (Թալիշ, Մատաղիս): Մարտակերտում 60 տուն է վնասվել, որից ութի վրա արկ է ընկել: Հավանաբար որոշ ընտանիքների համար պիտի նոր տուն կառուցել: Կյանքն աստիճանաբար բնականոն հուն է մտնում, իսկ գյուղական նշված համայնքներում՝ առայժմ ոչ: Մատաղիսում ութ կին, 40 տղամարդ կա: Իսկ Թալիշում 22 տղամարդ կա, որոնք փորձում են կարգի բերել իրենց օջախները: Նրանց սննդի օգնություն է ցուցաբերվում: Թալիշում վերականգնվել է էներգամատակարարումը, իսկ ահա մյուս խնդիրների լուծումը ժամանակ է պահանջում:

Վերսկսվել են նաեւ պատերազմական գործողությունների հետեւանքով ընդհատված գարնան-գյուղատնտեսական աշխատանքները: Շրջանի տարածքով երթեւեկելիս ամենուր աչք էին շոյում աշնանացանի կանաչ տարածությունները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Գորիսի պետական քոլեջի 100-ամյակին նվիրված ցերեկույթը՝ «Լաստ»-ի եթերում

13.10.2024 20:47

Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով

13.10.2024 14:21

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանին առնչվող երկու բանաձև

13.10.2024 12:04

Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը․ Արմեն Գրիգորյան

13.10.2024 11:53

Գուրոսի լուսանկարների ցուցահանդես Գորիսում

13.10.2024 11:19

ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. Ռուբինյան

13.10.2024 11:06

Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. վարչապետը շնորհավորել է Երևանի 2806-ամյակը

13.10.2024 11:00

«ԵՄ առաքելությունը պետք է շարունակի կատարել կայունության դերակատարությունը, քանի դեռ դրա կարիքը կա»․ ՀՀ ԱԽ քարտուղար

12.10.2024 23:05

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մասնակցել է Գորիսի պետական քոլեջի 100-ամյակի տոնակատարությանը

12.10.2024 21:48

Դավիթ Դանիելյան. «Սյունիքի տարածաշրջանը կարող է հպարտանալ Գորիսի պետական քոլեջի փառավոր պատմությամբ և ձեռքբերումներով»

12.10.2024 21:37

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գորիսի պետական քոլեջի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը

12.10.2024 21:29

Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը Գորիսի պետական քոլեջին է փոխանցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը

12.10.2024 21:13