Մասնաճյուղի, նրա խնդիրների եւ Գարեգին Նժդեհի կերպարավորման մասին

30.01.2013 14:56
5259

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի տնօրեն, Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասան Շանթ Հովհաննիսյանը վերջերս նկարահանվել է «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմում` մարմնավորելով երիտասարդ Նժդեհին: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը դերասանի հետ:

– Շանթ, կարո՞ղ եք փոքրիկ կենսագրականով ներկայացնել ինքներդ Ձեզ:

– Ծնվել եմ 1974 թվականին Գորիսի Շինուհայր գյուղում, ծառայողի ընտանիքում: Մանկության, պատանեկության տարիներին խաղացել եմ գյուղի թատերական ինքնագործ խմբում, մասնակցել շրջանում կազմակերպված գեղարվեստաթատերական տարբեր միջոցառումների:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո` 1991-95թթ. սովորել եմ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում:
Սկզբնական շրջանում, որպես դերասան, աշխատել եմ Արտաշատի թատրոնում: Այնուհետ վերադարձել եմ Գորիս եւ աշխատել պետական դրամատիկական թատրոնում: Կարճ ժամանակ անց զորակոչվել եմ հայոց բանակ` պարտադիր զինվորական ծառայության: 1997թ. կրկին վերադարձել եմ թատրոն` դերասանի իմ աշխատանքին, եւ մինչեւ այսօր այստեղ եմ: Այդ ընթացքում ոչ միայն բազմաթիվ դերեր եմ ունեցել տարբեր ներկայացումներում, նաեւ խաղացել եմ մի շարք գեղարվեստական ֆիլմերում` «Մի վախեցիր», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը», «Չնչիկ» եւ «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում: Շուտով կկայանա նաեւ «Չնչիկ » ֆիլմի երկար սպասված պրեմիերան:
2004թ. բացվեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, որի տնօրենն եմ: Զուգահեռ դասավանդում եմ դերասանի վարպետություն առարկան:

– Ո՞րն էր մասնաճյուղի բացման նպատակը, եւ այս տարիների ընթացքում, որպես այդպիսին, արդյո՞ք այն արդարացրել է իրեն: Կարողացե՞լ եք պատրաստել շնորհալի դերասաններ: Պատմեք մասնաճյուղի առաքելության, կատարած աշխատանքների մասին :

– Գորիսում թատրոնի եւ կինոյի ինստիտուտի մասնաճյուղի բացումը վաղուց արդեն հրատապ խնդիր էր դարձել: Գորիսի թատրոնը դեռ անցյալ դարի երեսունական թվականներից քաղաքի մշակութային կյանքում հսկայական դեր է ունեցել: Այստեղ խաղացել են թատերական աշխարհի այնպիսի երախտավորներ, ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետյանը, Հրաչյա Ներսիսյանը եւ այլք: Մեծ ավանդ եւ պատմություն ունի Գորիսի թատրոնը: Տասնյակ տարիներ շարունակ թատրոնի դերասանական կազմը , որը բաղկացած էր հանրապետությունում ճանաչված պրոֆեսիոնալ դերասաններից, բեմադրում էր հայրենական եւ համաշխարհային գրողների դասական գործեր, պիեսներ:

Քաղաքի պետական դրամատիկական թատրոնը, որն արդեն բավականին ճանապարհ է անցել, փոխարինող կադրերի լուրջ խնդիր ուներ: Մայրաքաղաքային դերասանները չէին համաձայնում Երեւանից գալ ծայրամասային քաղաք` դերասանական աշխատանքի: Հազվադեպ եկողներն էլ կարճ ժամանակ անց նորից մեկնում էին: Տեղում կադրեր պատրաստելու հարցը հասունացել էր, եւ ահա հենց այդ նպատակով էլ բացվեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մասնաճյուղը, որն էլ այս տարիների ընթացքում կայացավ: Գործունեության ընթացքում ունեցել ենք շուրջ քսան շրջանավարտ, որոնցից չորս հոգի` Էրիկ Գրիգորյանը, Ակսել Բակունցը, Միքայել Մաշուրյանը, Կարինե Մարությանը, այժմ աշխատում են Գորիսի թատրոնում: Արտաշատի թատրոնում է աշխատում մեր շրջանավարտ Հասմիկ Ղարիբյանը: Ունենք, իրոք, շնորհալի աղջիկ շրջանավարտներ, որոնք ամուսնանալուց հետո չեն աշխատում իրենց մասնագիտությամբ: Դա, իհարկե, մեզանում սխալ ձեւավորված մտածելակերպի արդյունք է: Կարծում եմ, դա ժամանակի խնդիր է եւ կլուծվի:

Արդեն երկրորդ տարին է, ինչ մասնաճյուղը դերասանական կուրս է բացել Շուշիում, անցած տարի` նաեւ Կապանում: Այս տարի դարձյալ կուրս կհավաքվի Գորիսում:
Կան տաղանդավոր երեխաներ, ովքեր հնարավորություն չունեն մեկնել մայրաքաղաք,իսկ մեկնողներից շատերն էլ չեն ցանկանում վերադառնալ: Այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծել, միաժամանակ, մնալ հայրենի քաղաքում եւ ստանալ բարձրագույն դերասանական կրթություն, այսպիսով, լուծելով նաեւ թատրոններում առաջացած սերնդափոխության խնդիրը: Ուսանողները սովորելու տարիների ընթացքում կարող են իրենց ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառել տեղի թատրոններում: Ապագա դերասանի կայացման համար սա շատ կարեւոր գործոն է:

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի անմիջական նախաձեռնությամբ, տեղի դասախոսական կազմից բացի, մեր ուսանողներին դասավանդում են նաեւ Երեւանից գործուղված այնպիսի անվանի թատերական գործիչներ, բարձրակարգ մասնագետներ, պրոֆեսորներ. ինչպիսիք են ինքը` արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը, բեմական խոսքի առաջնակարգ վարպետ Աննա Հեքեքյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Վասիլ Գրիգորյանը (թատրոնի պատմություն), պրոֆեսոր Ռոմանոս Սահակյանը (արվեստաբանություն), Յուրա Կոստանյանը (շարժում եւ մնջախաղ), ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանին: Վերջինիս` Հայաստան կատարած յուրաքանչյուր այցելության ժամանակ ձգտում եմ անպայման հրավիրել մեզ մոտ` դերասանի վարպետության դասեր անցկացնելու համար: Տարբեր հանդիպումներ ենք կազմակերպում անվանի եւ ճանաչված արվեստագետների հետ:

Մասնաճյուղն ունի երեսուն ուսանող, որոնցից տասը հոգի սովորում է Գորիսում: Շուշիում բացված դերասանական կուրսում սովորում է տասներկու ուսանող եւ, շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցության, բոլորն էլ սովորում են անվճար հիմունքներով: Դասախոսության մեկնած մասնագետներին մշակույթի նախարարությունը տրամադրում է հյուրանոցային հարմարավետ համարներ: Այսինքն` որակյալ կրթություն ապահովելու համար ստեղծվել են պայմաններ եւ ուսանողների, եւ ժամանած մասնագետների համար: Կապանի կուրսը բաղկացած է ութ հոգուց, որոնց համար պայմաններ է ապահովել Կապանի թատրոնը` Կամո Արզումանյանի գլխավորությամբ: Ավարտական կուրսում ունենք վեց ուսանող, որոնք պատրաստվում են դիպլոմային աշխատանքի: Անցած տարի ավարտական կուրսի դիպլոմային ներկայացումն առաջին անգամ ներկայացվեց Երեւանում` համազգային թատրոնում, եւ արժանացավ հանձնաժողովի բարձր գնահատանքին` թե՛ բեմադրությունը, թե՛ դերասանական խաղը: Ասեմ, որ բեմադրության հեղինակը երիտասարդ տաղանդավոր ռեժիսոր Գոռ Մարգարյանն էր, ով այսօր աշխատում է Գորիսի թատրոնում` գլխավոր ռեժիսոր:

Ընդհանրապես, ձգտում եմ, որ մասնաճյուղի ուսանողները ոչ միայն չկտրվեն մայրաքաղաքի թատերական կյանքից (միջոցառումներ, փառատոներ), այլեւ` լավագույնները ընդգրկվեն նկարահանվող գեղարվեստական ֆիլմերում: Դա շատ մեծ փորձառություն եւ ինքնավստահություն է տալիս ապագա դերասանին: Վիգեն Ստեփանյանի «Տերն ու ծառան» բեմադրությամբ մասնակցել ենք «Թատերական Լոռի» փառատոնին, եւ մեր շրջանավարտներ Էրիկ Գրիգորյանն արժանացել է «Երիտասարդ լավագույն դերասան», Թեհմինե Աբրահամյանը` Գալյա Նովենցի անվան, իսկ դերասանական խումբը` «Լավագույն անսամբլ» մրցանակների: Դերասանական կազմը, հիմնականում, մեր մասնաճյուղի ներկայիս ու նախկին ուսանողներից էր: Մեր ուսանողները մասնակցում են նաեւ մարզային մշակութային միջոցառումներին:

Մասնաճյուղը ոչ միայն անհրաժեշտ էր, այլեւ, պետք է ունենա շարունակական գործունեություն: Ճիշտ է, չունենք ֆինանսական մեծ հնարավորություններ, բայց, ցանկալի կլիներ, որ մասնաճյուղում բացվեին եւս մի քանի բաժիններ` ռեժիսուրա, օպերատորություն, բեմանկարչություն, արվեստի կառավարում: Այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ մեծ շինություն, որտեղ կլինեն մասնագիտական լսարաններ` հնարավորինս հագեցած տեխնիկայով: Այս ամենը լուրջ ֆինանսական ներդրում է պահանջում: Մեր շրջանավարտները քաղաքի, մարզի եւ, ինչու ոչ, տարածաշրջանի մշակութային կյանքի հետագա զարգացման ու աշխուժացման պատվավոր գործում կունենան իրենց կարեւոր դերն ու գործունեությունը:
Մասնաճյուղի ստեղծման պահից մինչ օրս զգացել ենք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անմիջական աջակցությունը` հաստատության տարածքի, անապահով ուսանողների ուսման վճարների հատկացման հարցում:

Ներկայումս մասնաճյուղը գործում է Գորիսի քաղաքապետարանի կողմից անհատույց տրամադրված տարածքում: Այն ուշադրությունն ու վերաբերմունքը,որ զգում ենք մարզային իշխանությունների կողմից` մեր կատարած աշխատանքի ու նրա կարեւորության նկատմամբ, ոչ միայն ուրախացնող, նաեւ` պարտավորեցնող հանգամանք է :

– Շանթ, այժմ խոսենք վերջերս նկարահանված «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմում Ձեր կերտած երիտասարդ Նժդեհի կերպարի, ժողովրդի մեջ արդեն իսկ տիրող քննադատական, ժխտողական վերաբերմունքի եւ այն մասին, թե արդյոք ֆիլմի ստեղծագործական կազմին հաջողվեց հասնել մեծ զորավար, քաղաքական գործիչ, ազգային բարոյախոս ու մտածող Գարեգին Նժդեհի բարդ կերպարը, նրա գործունեությունը, տվյալ ժամանակաշրջանը բացահայտելու գերխնդրին ու նպատակին:

– Սկսեմ իմ դերակատարման նախապատմությունից: Դեռեւս չորս տարի առաջ ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր ռեժիսոր Հրաչ Քեշիշյանից իմացա, որ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ է ուզում նկարահանել եւ Նժդեհի դերում ինձ է տեսնում:

Թե ինչպես է ստացվել իմ դերակատարումը, կերեւա մեծ էկրանին: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ եւ կարծում եմ, հաջողված ֆիլմ է լինելու: Բայց վերջնական գնահատականը, իհարկե, կտա ժողովուրդը, երբ ֆիլմը կբարձրանա մեծ էկրան, կշրջի մարզերով, դուրս կգա նաեւ սփյուռքահայության մեծ շրջանակներ: Նախապես ժխտողական կեցվածքով քննադատել ֆիլմը, կարծում եմ, իմաստ չունի: Տեղյակ եմ քննադատական կարծիքներին, որոնք վաղաժամկետ են եւ քիչ տոկոս են կազմում :

Իրոք, իրականացվել է բարդ, հսկայական կինոաշխատանք: Բայց թե` ինչքանո՞վ է ֆիլմի դերասաններին եւ գլխավոր ռեժիսորին հաջողվել այդ աշխատանքը, կերեւա, կրկնում եմ, ֆիլմը դիտելուց հետո: Այն ժամանակ արդեն կարող են, ինչքան սրտներն ուզում է, կարծիքներ հայտնել:
Ֆիլմում ունենք նաեւ հրավիրված դերասաններ. Նժդեհի կնոջ` Էփիմեի դերում` Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի Չուլպան Խամատովան է: Հրավիրված է նաեւ հանրաճանաչ դերասան Միխայիլ Եֆրեմովը:

Դեռեւս ես չեմ դիտել ֆիլմը, քանի որ ավարտված չէ, կատարվում են վերջնական աշխատանքները: Կարծում եմ, ֆիլմը թե իր գաղափարական կարեւորության ու ժամանակաշրջանի զգացողության, ներկայացման, եւ թե` երաժշտության, մոնտաժի եւ այլ առումներով ու գեղարվեստական որակով, մի քայլ առաջ կլինի` մինչ այդ մեր նկարահանած ֆիլմերից:
Ազգային մեծ գործիչ, հերոս, նվիրյալ Գարեգին Նժդեհի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափարն արդեն շատ բարի, անհրաժեշտ գործ է: Մնում է լավատես եւ համբերատար լինենք: Ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 27-ին եւ 28-ին Մոսկվա կինոթատրոնում:

– Շանթ, ֆիլմում Դուք կերպարավորել եք երիտասարդ Նժդեհին: Չէ՞ որ անքան էլ հեշտ չէ կերպարավորել մի մարդու, որը հայոց պատմության ալեծուփ օվկիանոսում ե՛ւ նվիրական հերոս է, ե՛ւ գաղափարական ու կազմակերպչական առաջնորդ: Բալկանյան պատերազմից մինչեւ Կողբ ու Ալաջա, մինչեւ Ալեքսանդրապոլ ու Լեռնահայաստան, նա իր հերոսական մարտերով հաստատեց հայ ժողովրդի հարատեւելու իրավունքը, նրա հավաքական կամքը: Մի՞թե դժվար չէր հոգեբանորեն մարմնավորել Գարեգին Նժդեհ - մարդուն, ում կյանքը եղել է շիկացած նվիրաբերում հայրենիքին եւ անչափելի մեծ հուսախաբություն` նույն հայրենիքից…

– Բնականաբար, Նժդեհի ողջ կյանքը հնարավոր չէ մեկ ֆիլմի մեջ ամփոփել, թեպետ ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանը հնարավորինս ջանացել է անդրադառնալ կարեւոր իրադարձություններին: Ֆիլմը սկսվում է Նժդեհի` բանտում եղած տարիներից, եւ հետհիշողությամբ ծավալվում են դեպքերը: Ոչ միայն հոգեբանորեն, բոլոր առումներով դժվար է Նժդեհին մարմնավորել: Ֆիլմի ստեղծագործական խմբի համար էլ դա պատասխանատու աշխատանք էր: Դա մի սովորական ֆիլմ չէր` սովորական մարդու մասին: Ուսուսումնասիրելով Նժդեհի կերպարը, դժվար ժամանակաշրջանը` հասկացա, թե ինչպիսի ծանր եւ պատասխանատու գործ եմ առնում ուսերիս` սկսած միմիկայից, շարժումից եւ Նժդեհ մարմնավորող ամեն ակնթարթից:
Հուսանք, որ ֆիլմը մեծ էկրաններին ցուցադրվելուց հետո, մեզ` ֆիլմի ստեղծման մասնակիցներիս, հպարտության զգացողություներ են սպասվում:

– Հուսանք, Շանթ, մանավանդ որ, Աստված մի արասցե, ֆիլմը, մեղմ ասած, չընդունվելու դեպքում` ջուրը կլցվեն, միաժամանակ, եւ հայության սպասելիքները` ֆիլմից, եւ այն հսկայական միջոցները, որ ծախսվել են ֆիլմի նկարահանման վրա:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
21 հունվարի 2013թ.

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19