Մայրաքաղաքն արձագանքում է «Սյունյաց երկրի» հատուկ թողարկմանը

17.11.2022 15:56
6484

Ջահել աստվածների հավերժական երթը

 «Ձեր այդքան թանկ անունները քարին գրված չտեսնեի…»

Սրերի վրա զինվոր են բերում՝

Ջահել արծիվներ՝ թեւերը բեկված,

Ջահել աստվածներ՝ փակված բիբերում

Արնահունց հողի սերը հրդեհված…

Ես այս տողերը թղթին եմ հանձնել 44-օրյա պատերազմի տագնապալի այն օրերին, երբ մայրաքաղաքի Եռաբլուր պանթեոնում օր-օրի ավելանում էին նահատակված մեր ասպետների  խնկելի շիրիմները: Հետո այդ ուխտատեղին, ավա՜ղ, նեղ էր գալու, ցավալիորեն նեղ… Ինչ իմանայինք, սակայն, որ նահատակների թիվն այնքան է ավելանալու, որ հայրենի գրեթե յուրաքանչյուր գյուղ ու համայնք ունենալու է իր փոքրիկ Եռաբլուրը, որ դեռ նոր գրքեր են գրվելու ու նոր հիշատակարաններ…

Եվ ահա մեր ձեռքին է «Սյունյաց երկիր» պարբերականի հերթական՝ այս անգամ ամսագրա-գրքային տարբերակով լուսաշխարհ եկած հուշամատյանը՝ շապկին՝ մեր հավերժության խորհրդանիշ Արարատ սուրբ լեռան, Արցախի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի պատկերներով ու սեղմ նախադասությամբ. «Քաջազուններ Սյունյաց, դուք մարտնչեցիք արիաբար եւ ոգու ամբողջ զորությամբ՝ սեփական արյամբ վերստին սրբացնելով հայրենի հողը…»: Ջահել արծիվները վերստին կռնչացին հայոց լեռներում, ջահել աստվածները վերստին կոփեցին հայոց ժայռեղեն կամքը…

Բացում ես առաջին էջը՝ Տերյանական սքանչացումի երկտողն է.

Երկնի՛ր, իմ երկիր, հավատով անմար,

Սուրբ է քո ուղին եւ պսակըդ՝ վեհ…

Այնուհետեւ՝ Հայոց բանակի հիմնը ՝ «Քոնն են որդիքն իմ ջահել, հայրենի երկիր Հայաստան…»:

Ապա հանճարեղ Չարենցն է՝ իր «Մահվան տեսիլ» անմեռ քերթվածով.

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…
Կախաղանը չկար, բայց կար մեր կողերին քոսի նման կպած բորենին, որ նոր արհավիրք էր սանձազերծելու՝ հագեցում տալու փափագով արնախումի իր ծարավին. «Մի քանի տարի առաջ, ամենամղձավանջային երազում անգամ դժվար կլիներ պատկերացնել մի իրավիճակ, երբ մեր օրերում հիշատակի խոսք պիտի ասենք հանուն Հայաստանի եւ Արցախի զոհված մեր հազարավոր հայրենակիցների մասին»,- հիշատակարանի խմբագրականն այսպես է սկսում «Սյունյաց երկրի» վաստակաբեռն խմբագիր Սամվել Ալեքսանյանը եւ շարունակում. «…Բայց եղավ 2020 թ. աղետաբեր աշունը, եղավ տարակուսանքներով լեցուն արցախյան պատերազմը, որը յուրօրինակ մի նոր հերոսամարտ էր Սյունյաց աշխարհի բազմադարյան պատմության մեջ, ինչը, անտարակույս, բացատրելի է. Արցախի անառիկությունը հարյուրամյակներ շարունակ պայմանավորված է եղել եւ է՛ Սյունիքի անպարտելիությամբ, եւ՛ ընդհակառակը…»:

Ինչպես վկայում է խմբագիրը, հերոսական Սյունիքը պատերազմում ունեցել է 228 զոհ, առ այսօր անհայտ է 11-ի ճակատագիրը, մեկն էլ գերեվարվել է ու հորինովի մեղադրանքներով դատապարտվել: Պատերազմի ընթացքում ու մինչեւ դրա՝ մեզ համար ողբերգական ավարտը, պարբերականը մեկ առ մեկ անդրադարձել է նահատակված յուրաքանչյուր զինվորի՝ սրտագին խոսքերով պսակել նրանց հիշատակը: «Եվ, այնուամենայնիվ,- ասվում է խմբագրականում,- մեզ պարտավորված զգացինք սերունդներին թողնել մի ամբողջական մատյան՝ ներառելով սեղմ ու համառոտ շարադրանքով հիշատակություններ մեր բոլոր զոհերի մասին»: Իսկ խոնարհումի արժանի այդ դժվարին աշխատանքը մեկուկես տարվա տքնանք է պահանջել եւ հերոսների հիշատակը անմար պահելու ինքնատիպ մոտեցում. «Պատշաճ համարեցինք դա անել՝ ինչ որ առումով նրանց հետ նաեւ մենախոսելու ձեւաչափով»: Ահա. «…Հրի եւ սրի զոհ մեր եղբայրներ, արեւաբույր մեր տղաներ, մեր զավակներ, նահատակությամբ սրբացած մեր քաջ զորականներ՝ ողբ ու սուգ այստեղ չենք անելու: Ձեզանով հպարտանալու ենք, աղոթելու ենք ձեր հոգիների հանգստության համար, ձեր գործած սխրանքների հերոսապատումն ենք ներկայացնելու՝ երդվելով, որ ձեր անկատար երազներն ու իղձերը կյանքի ենք կոչելու: Իսկ եթե նենգ թշնամին շարունակի իր սուրը մեր գլխին մերկացրած պահել, ի զեն ենք գոչելու, եւ սյունեցիներս՝ ոգեղենացած ձեր գնդերի հետ, մեր սրբազան նահատակներ Սիսակ Նահապետի, Անդովկ իշխանի, Դավիթ Բեկի ու Մխիթար սպարապետի , Զորավար Անդրանիկի ու Արսեն Շահմազյանի, Դրոյի ու Գարեգին Նժդեհի, Վազգեն Սպարապետի դրոշները վեր պարզած, նոր սխրանքների ենք գնալու: Դուք դարձաք ազատաբաղձ հայ ժողովրդի անպարտելի ոգու եւ երազանքների մերօրյա խորհրդանիշը: Դուք ձեր արյամբ նոր պատմություն կերտեցիք… Երիցս օրհնյալ լինեք դուք՝ չպարտված ու նահատակությամբ անմահացած մեր զորականներ, մեր արեւաբույր տղաներ, հրի եւ սրի զոհ դարձած մեր զավակներ, մեր անմարելի փառքեր…»:

Իսկ հայրենյաց պաշտպան «արեւաբույր տղաները» ոսոխի դեմ մարտնչելու էին գնում՝ քաջ գիտակցելով, որ գուցեեւ վերջին համբույրն ու հրաժեշտն են տալիս իրենց սիրելիներին, հարազատ մարդկանց, իրենց մանկության հիշատակներին ու օջախներին ծխացող: Բայց մեկնում էին հայրենիքի կանչով խանդավառված, էրգիր կորցրածի արդար վրիժառությամբ կրակված, որպեսզի հայոց սրբազան հողը վերստին չդառնա հտպիտ ոճրագործների ոտքի կոխան:

Թերթում ես հուշամատյանի լուսեղեն էջերը՝ արեւոտ դեմքեր են՝ ներկայացված ըստ համայնքների՝ Քաջարան, Կապան, Մեղրու, Սիսիանի, Գորիսի  տարածաշրջաններ, ասել է, թե մեկտեղվել են Սյունյաց անառիկ աշխարհի ազնվարյուն զավակները՝ օծված անմահության լուսապսակով: Ամսագրային սեղմ՝ մեկ էջի վրա նրանցից յուրաքանչյուրն է՝ կենսագրական հակիրճ տեղեկատվությամբ՝ ծննդավայր, ուսումնառություն, նախընտրած մասնագիտություն, զբաղմունք, ընտանեկան կարգավիճակ, բնավորության բնորոշ գծեր, պատերազմին մանակցության վայրեր,  հերոսական դրվագներ, անմահության հանգրվան: Դավիթբեկյան ոգու պահապաններից շատերը դեռ նորաթուխ մորուսով էին, շատերը՝ նորապսակ, շատերն էլ՝ դեռ այդ երջանկությանը չարժանացած: Յուրաքանչյուրի կերպարն ավելի հստակ է ուրվագծվում մարտական ապրող ընկերների, հարազատների, նրանց խորքից ճանաչող մարդկանց, հարեւան-բարեկամի սրտաբուխ խոսքերով, բնութագրական անգամ մեկ նախադասությամբ: Ներկայացված են նաեւ պատերազմում անհայտ ճակատագրի արժանացած թվով 11 սյունեցի տղաների անունները՝ առանց լրացուցիչ տեղեկատվության. ով իմանա, գուցե մի օր ողջ եւ առողջ հրաշքվեն հայրենի եզերքում եւ ցնծություն պարգեւեն ապրողներիս…

Անմահության հուշամատյանի վերջին էջերը նվիրված են արցախյան պատերազմներում նահատակված եւ Սյունյաց հողում ամփոփված քաջազունների հավերժախոս հանգրվաններին՝ Սիսիանի քաղաքային պանթեոն, Քաջարան քաղաքի զոհված ազատամարտիկների հուշահամալիր, Մեղրի քաղաքի հիշատակի պուրակ, նահատակ գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր: Հիշատակվում է դրանց ստեղծման ժամանակը, նահատակների թիվը:

Ինչպես միշտ, մեծն Համո Սահյանն է՝ ոգեխորհուրդ իր բանաստեղծությամբ.

Իմ տնավեր լավից լավեր,

Աչքս փակվեր մի բուռ հողով,

Ձեր այդքան թանկ անունները Քարին գրված չտեսնեի…

Եվ հետո.

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,

Որ պահենք այս հողը մի բուռ,

Անունը Հայաստան պահենք…

Հայաստան պահած տղաների անխամրելի հիշատակն հավերժացնող այս հուշամատյանը «Սյունյաց երկրի» խմբագրի եւ խմբագրակազմի խաչքարախորհուրդ արարում է, սրտին սեղմելիք գիրք, որ փոխանցվելու է սերնդից սերունդ: Խոնահում «արեւաբույր» մեր ասպետներին, նրանց հիշատակն անմահացնող հայրենապաշտ ու երախտագետ նվիրյալ-տքնողներին:

https://hhpress.am/

Հակոբ Սրապյան

Նոյեմբերի 16, 2022

 

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48