Մեկ տարի առաջ Կապան համայնքի ղեկավար ընտրվեց Գեւորգ Փարսյանը

31.10.2019 17:57
2091

Պաշտոնավարման տարեդարձի կապակցությամբ «Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Գեւորգ Փարսյանը

2018 թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Կապան բազմաբնակավայր համայնքի ղեկավարի ընտրություն, որի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց Գեւորգ Փարսյանը:

Մեկ տարի է անցել այդ ժամանակվանից:

Մեկ տարվա ընթացքում համայնքային իշխանության նախաձեռնությամբ բազմաթիվ հարցեր լուծվեցին Կապանում:

Մեկ տարվա ընթացքում, կարելի է ասել, համայնքապետի նոր ընկալում ձեւավորվեց ոչ միայն Կապանում, այլեւ մարզում:

Եվ այդ ամենի շնորհիվ Գեւորգ Փարսյանը շարունակում է ունենալ բարձր վարկանիշ, վայելել համայնքի ընտրողների վստահությունն այնպես, ինչպես մեկ տարի առաջ:

Մարզկենտրոնի իրականությունն ու հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ Գեւորգ Փարսյանը բոլոր կապանցիների համայնքապետն է՝ անկախ կուսակցական, թիմային պատկանելությունից, անկախ հանրության մեջ զբաղեցրած տեղից եւ ունեցած դերից:

Պաշտոնավարման տարեդարձի կապակցությամբ «Սյունյաց երկիրը» զրույցի հրավիրեց Գեւորգ Փարսյանին:

 - Պարոն Փարսյան, նախ՝ շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար:

Շնորհակալություն մամուլի դերը ճիշտ գնահատելու, խոսքի ազատությունը կարեւորելու, միշտ հասանելի լինելու համար:

Հաջողության բանաձեւը՝ ըստ Ձեզ, իսկ ավելի ճիշտ՝ համայնքապետի, պետական պաշտոնյայի հաջողության գումարելիները մեր օրերում:

- Հակիրճ պատասխանեմ հարցին` շատ աշխատել, քիչ խոսել կամ գոնե կատարած գործին համաչափ խոսել։ Այս համատեքստում կհիշեցնեի աստվածաշնչյան ձեւակերպումը` մի հավատացեք մեր խոսքերին, այլ հավատացեք մեր գործերին։

- Մեկ տարի առաջ, երբ Կապանում համայնքապետ պիտի ընտրվեր, Դուք իշխող կուսակցության նախընտրելի թեկնածուն չէիք, բայց հաղթեցիք, կապանցին վստահության քվեն տվեց Ձեզ:

Հանրության մեջ մտավախություն կար, որ իշխող կուսակցության քաղաքականության հետ Ձեր ինտեգրումը կամ համայնքապետարանի ներդաշնակ աշխատանքի ապահովումը դյուրին չեն լինելու:

Մինչդեռ` ժամանակը ցույց տվեց, որ իշխող թիմի անդամ չլինելն ամենեւին էլ խոչընդոտ չէ համայնքապետի գործառույթները պատշաճ կատարելու համար:

Կուզենայինք այդ առումով Ձեր դիտարկումն իմանալ:

- Իսկապես, մեկ տարվա ընթացքում չեմ զգացել այդպիսի տարբերություն, իշխանության թի՞մն եմ ներկայացնում, թե՞ ընդդիմության, քանի որ զբաղված ենք եղել միմիայն աշխատանքով, բայց այն կարծիքն ունեմ նաեւ, որ իշխանության թեւը ներկայացնելիս որոշ դռներ ավելի հեշտությամբ կբացվեին իմ առջեւ։ Սա քննարկման ենթակա չէ նույնիսկ։ Թեպետ նորից կրկնեմ` պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում առանձնապես խոչընդոտներ ոչ զգացել եմ, ոչ առավել եւս` հաղթահարել։

- Օգոստոսի 17-ին՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ ունեցած ելույթներից մեկում, Դուք կես-կատակ, կես-լուրջ, բայց յուրօրինակ գնահատական տվեցիք Հայաստանում 2018 թ. գարնանը տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխությանը, որն անմիջապես տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց:

Ի՞նչ ասել էր՝ «Ոմանք ասում են, թե հեղափոխությունը Կապան չի հասել, բայց արդյո՞ք կապանցին հեղափոխվելու կարիք ունի, կարծում եմ՝ ոչ, քանզի նա միշտ առանձնացել է իր ինտելեկտով, ժայռի պես ամուր կամքով, իր սկզբունքներին հավատարիմ՝ անփոփոխ արժեքներով ու կայուն արժեհամակարգով եւ ամենակարեւորը՝ բարեպաշտ ավանդական ընտանիքով»:

- Ինչպես տեսնում եք` փառաբանում եմ կապանցիներին, եւ այն կարծիքն ունեմ, որ կապանցիներն այդ արժեհամակարգը դավանում են, ու եթե խոսում ենք, թե հեղափոխությունն այս-այս խնդիրները պիտի լուծի, կապանցին այդ հարցերը լուծելու խնդիր չունի։ Ինձ քաղաքականությունը հետաքրքիր չէ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, ձգտում եմ ընդհանրապես չմտնել այդ դաշտ։ Ասածներիս մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել։ Իմ միտքը հստակ շարադրված է, եւ դա ճիշտ է արտացոլում կապանցու հոգեկերտվածքը։ Պարզապես մեր քաղաքի օրն էր, եւ փորձել եմ բնութագրել իմ համաքաղաքացուն։ Այդ ամենը յուրաքանչյուր առիթով եւ ամեն մի միջավայրում կարող եմ կրկնել...

- Եվ քանի որ անդրադարձանք օգոստոսի 17-ին անցկացված համաքաղաքային տոնախմբությանը, մի հարց եւս՝ քաղաքի օրվան առնչվող:

Ուշագրավ (մեր կարծիքով՝ գնահատելի) կարգախոս էիք ընտրել այդ օրը՝ «Ամուր ընտանիք, ծաղկուն Կապան»:

Հատկապես մեր օրերում, երբ ազգային-ավանդական որոշ արժեքներ փորձության են ենթարկվում, դա պահանջված կարգախոս էր, ավելին՝ Կապանի բարգավաճումն ամուր ընտանիքով պայմանավորող բանաձեւ:

Ճի՞շտ է մեր նկատառումը։

- Հայ ժողովուրդը հին ժամանակներից ի վեր հայտնի է եղել իր ավանդական, ամուր ընտանիքով։

Հայ դասականն էլ դա դիպուկ է ձեւակերպել` զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ։ Միշտ պիտի քարոզենք ամուր ընտանիք ունենալու գաղափարը, որ այդ ընտանիքներում միշտ իշխեն համերաշխությունը, փոխհամաձայնությունը, փոխադարձ հարգանքը։ Ամուր, առողջ, կայացած ընտանիքի ջատագով եմ, առանց որի հասարակության առաջընթաց դժվար է ակնկալել։

- Անցած մեկ տարում Կապանում բազմաթիվ դրական փոփոխություններ տեղի ունեցան:

Դրանցից յուրաքանչյուրն առանձին խոսակցության առարկա է:

Փորձենք համառոտ ընդհանրացում կատարել. ըստ Ձեզ՝ սկզբունքային առումով, էականորեն ի՞նչ փոխվեց Կապանում:

- Հարցը ենթադրում է, որ ինքս գնահատական տամ իմ կատարածին, որը մի փոքր դժվար է... Համենայն դեպս, համայնքային իշխանության հանդեպ նկատում եմ վստահության աճ, հասարակության մեջ ամենադժվարը վստահություն ձեռք բերելն է, ինչը ոչ մի բանով չես նվաճի։ Իմ աշխատասենյակ մարդիկ են գալիս տարաբնույթ հարցերով, կենցաղային տարրական հարցերից մինչեւ քաղաքաշինությանն առնչվող գլոբալ խնդիրներ, նաեւ այնպիսի հարցերով են դիմում, որ մեր լիազորությունների շրջանակից դուրս է, եւ ի՞նչ են ասում` մեր քաղաքը տեր ունի։ Բայց դա իմ խոսքերը չեն, եւ չէի ցանկանա բարձրաձայնել։ Իմ տպավորությամբ անցած մեկ տարում հանդարտություն է եկել Կապանի, կապանցիների վրա, ժպիտն ու բավարարվածության զգացումն են շատացել...

- Իսկ կարո՞ղ ենք Կապանի մեկ տարին ամփոփել թվերի լեզվով, խնդրեմ:

- Սկսենք հենց կոմունալ ծառայությունից։ Աղբահանության վարձավճարների հավաքման 30 տոկոս աճ ենք ապահովել, Կապանի կոմունալ ծառայությանը նվիրաբերվել է  յոթ տեխնիկա, որի շնորհիվ ունեցել ենք 13 միլիոն դրամի տնտեսում։ Նորոգվել եւ ներկվել են մոտ 100 երկաթյա աղբաման, ձեռք է բերվել 84 նոր ցինկապատ աղբաման, քաղաքի տարբեր հատվածներում կառուցվել եւ վերակառուցվել է 70-ից ավելի աղբատեղի։ Նորոգվել եւ բարեկարգվել է Կապան քաղաքով անցնող Մ-2 մայրուղուն կից 10 կանգառ` ուղեւորների համար ապահովելով հարմարավետություն եւ անվտանգություն։ Քաղաքի տարբեր հատվածներում տնկվել է մոտ հազար ծառ։ Նշանակալի գործեր են արվել նաեւ քաղաքաշինության, գյուղատնտեսության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում։

- Կա մի ոլորտ, որ հատկապես այս օրերին շրջանցել չենք կարող:

Նկատի ունենք բնապահպանությունը:

Հոկտեմբերի 17-ին Զանգեզուրի ՊՄԿ-ի թափուկատարի վթարը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Կապանն այդ առումով շարունակում է մնալ ռիսկային գոտում:

Բնապահպանության ոլորտում Ձեր քաղաքականությունը, արդյունքները՝ անցած մեկ տարվա կտրվածքով:

Հոկտեմբերի 17-ի վթարի Ձեր գնահատականը եւ դրանից բխող անելիքները:

Կա՞ փորձագիտական-մասնագիտական գնահատական՝ շրջակա միջավայրի վրա վթարի ունեցած ազդեցության վերաբերյալ:

- Լուրջ ուշադրություն ենք դարձնում բնապահպանական ոլորտին, բոլոր բնապահպանական ռիսկերը ձգտում ենք հասցնել նվազագույնի։ Ճիշտ է, տեղական ինքնակառավարման մարմինն իր լիազորությունների շրջանակում այդ ոլորտում շատ բան չունի անելու։ Իրավասու մարմինները, ասենք, բնապահպանական տեսչությունը, նման դեպքերում պիտի համապատասխան գնահատական տան, վերաբերմունք դրսեւորեն։ Տեղյակ եմ` որոշակի գործընթացներ արդեն սկսել են։ Ողջի գետի աղտոտման դեպքի հետ կապված դիմել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենին, որ գետի հունը մաքրելու համար տեխնիկա տրամադրի։ Նա էլ տվել է իր համաձայնությունը։ Բայց քանի որ իրավական գործընթացներ են սկսվել, բնապահպանական տեսչության համաձայնությունը պիտի լինի։ Գրություն ենք ուղղել բնապահպանական տեսչությանը, թե` արդյո՞ք գետի հունի մաքրումը չի խանգարի իրենց ուսումնասիրություններին։

- Արծվանիկի պոչամբարն օրեցօր ընդլայնվում-մեծանում է:

Ո՛չ համապատասխան նախարարությունը, ո՛չ բնապահպանական տեսչությունը, ո՛չ մարզպետարանը չեն ասում, թե ինչ է կատարվում այդ թափուկավայրում:

Գուցե Դո՞ւք պարզաբանեք՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի ամենախոշոր այդ պոչամբարում, Կապանի եւ ազդակիր մյուս բնակավայրերի բնակիչները համաձա՞յն են պոչամբարի ծավալի վերստին ընդլայնմանը, կատարվե՞լ է դրա հնարավոր հետեւանքների նոր գնահատում-փորձաքննություն:

- Միանգամից ասեմ, որ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման մասին խոսք չի կարող լինել։ Պայմանավորվածություն կա ԶՊՄԿ-ի տնօրինության հետ, որ վեց տարի հետո պոչամբարը ռեկուլտիվացիայի է ենթարկվելու, այսինքն` փակվելու է։ Նախագծային հզորության նիշին հասնելուց հետո ընդլայնում չի լինելու։ Այդտեղ տեխնիկա է աշխատում, եւ մարդկանց թվում է, թե պոչամբարն ընդլայնում են։ Մինչդեռ` հողի բերրի շերտը (բուսահողը) հեռացնում են` հետագայում ռեկուլտիվացիայի ժամանակ օգտագործելու համար։ Դա բնապահպանական միջոցառում է։ Այն էլ ասեմ, որ այժմ ԶՊՄԿ-ն աշխատանքներ է սկսել նոր պոչամբարի տեղորոշման համար։ Տարբերակներ են քննարկվում, բայց մի բան կարող եմ վստահեցնել` պոչամբարը Կապանի վարչական տարածքի շրջագծից դուրս է լինելու։ Շատ հնարավոր է, որ նոր տեխնոլոգիաների փոփոխության հետ կապված` թափոնները լինեն պինդ վիճակում եւ դատարկ ապարի զետեղարանում տեղադրվեն։

- Ազդակիր բնակավայր Աճանանում, երկու հարյուր ստորագրությամբ, գյուղացիները պահանջում են փոխհատուցել իրենց հասցրած վնասը:

Ըստ դրանց՝ ԶՊՄԿ-ն ընդլայնում է պոչամբարի տարածքը՝ քանդելով գյուղացիների վարելահողերը:

Գյուղացիները պահանջել են բոլոր փաստաթղթերը, որոնց ուժով հանրային գերակա շահ է ճանաչված կամ վարձակալությամբ է տրված:

Ի՞նչ ընթացք է ստացել աճանանցիների բողոքը:

- Դա երկար պատմություն է` լուրջ պարզաբանում պահանջող։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ձեռք է բերել հող` կառուցապատման նպատակով` գերակա շահ ճանաչված, որի մի մասը գտնվում էր Աճանան համայնքի տարածքում։ Գործընթացը եղել էր մինչ Կապան համայնքի խոշորացումը։ Բայց եթե խոսելու ենք մարդկանց փոխհատուցելու խնդիրների մասին, ասեմ, այդ դաշտում շատ հարցեր են քննարկվել եւ ստացել կոնկրետ լուծումներ։ Նախ` ԶՊՄԿ-ի տնօրինությունը միշտ Աճանանի բնակչությանն օգնելու պատրաստակամություն է հայտնել։ Բայց երբեւիցե խոսք չի եղել փոխհատուցման մասին, որովհետեւ փոխհատուցումն այլ բան է ենթադրում, օգնությունն` այլ։ Փոխհատուցումը նշանակում է մի բան ինչ-որ տեղ այնպես չանես, վնաս տաս, որին պիտի հետեւի փոխհատուցումը։ Աճանանի դեպքում խոսք կարող է լինել օգնության, աջակցության մասին։ ԶՊՄԿ-ի օժանդակությամբ Աճանան համայնքում կատարվել են գազիֆիկացում, բնակավայրի դպրոցի լոկալ ջեռուցում, ոռոգման ցանցի կառուցում, ճանապարհի բարեկարգում եւ այլն։ Կոմբինատի տնօրինությունը պատրաստ է բնակիչների անձնական դիմումների հիման վրա ֆինանսական օգնություն հատկացնել։

- «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս:

Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը երկու տարի շարունակ չստացվեց:

Եվ վերջերս պարզ դարձավ, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենների խորհուրդը կասեցրեց Կապանում ցեմենտի արտադրամասի կառուցման գործընթացը:

Ձեր վերաբերմունքը:

- Իմ վերաբերմունքն էլ այդ հարցի առումով բացասական էր մի կարեւոր պատճառով. անհամատեղելի էր օդանավակայանի եւ ցեմենտի արտադրամասի հարեւանությունը։ Եթե համայնքը տեսլական ունի զարգացնելու զբոսաշրջությունը, ինչը մեծապես պայմանավորված է օդանավակայանի գործարկմամբ, նման արտադրամասի գոյությունն այդ տարածքում անիմաստ էր։ Եթե նպատակ ենք դրել մեր բնությունը ծառայեցնել զբոսաշրջության զարգացմանը, պիտի կասեցվեր ցեմենտի գործարանի կառուցումը։

- Կապանում վերջին մեկ ամսում ստորագրահավաք էր:

Մի քանի հազար կապանցի, ըստ մեր ունեցած տեղեկությունների, պահանջում են իրենց նույնպես տալ փոխհատուցման ամենամսյա վճար, ինչպես տրվում է, ասենք, ազդակիր մյուս բնակավայրերի բնակիչներին՝ 40-50 հազար դրամ ամսական:

Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքացիական այդ նախաձեռնությանը:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Դուք հանդիպել եք նախաձեռնության կազմակերպիչներին եւ ընդհանուր հայտարարի չեք եկել:

- Նման հանդիպում եղել է, ուշադիր լսեցի նրանց պահանջները։ Նախաձեռնության կազմակերպիչներին հարց ուղղեցի. ինչի՞ց են բխում ձեր պահանջները կամ ինչի՞ն եք դեմ, ո՞րն է ձեր փաստարկը։ Ասում են` կոմբինատը մեր առողջությանը վնաս է հասցնում, մեր ընդերքն օգտագործում են, այդ ընդերքը մեզ պիտի ծառայի եւ այլն։ Բացատրեցի, որ յուրաքանչյուր հիմնախնդիր կարգավորվում է օրենքի սահմաններում, ընդերքը համարվում է պետության սեփականությունը, որ պետությունը փոխանցում է որեւէ կազմակերպության` շահագործելու իրավունքով, այս դեպքում տվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` շահագործելու իրավունքով։ Սա է ձեւաչափը։ Այս դեպքում միայն խոսք կարող է լինել, որ կոմբինատը հնարավորինս քիչ վնաս հասցնի շրջակա միջավայրին։

- Անցած տարում հանրապետության բնապահպանները քանիցս ահազանգ հնչեցրին Կավարտի հանքերի (երբեմնի Լենհանքերի) ազդեցությամբ աղտոտված անձրեւաջրերի հոսքի մասին՝ Կավարտ գետակի հունով, որը լուրջ վտանգ է սպառնում Կապան քաղաքի բնապահպանական վիճակին եւ մարդկանց առողջությանը:

Իհարկե, դա հին հարց է, ժամանակին չեն հետեւել, որ բաց հանքը ռեկուլտիվացիայի ենթարկվի:

Հիմա այդ ժառանգությունը Ձեզ է բաժին ընկել, ի՞նչ եք մտածում:

- Հիմնախնդրի լուծման մի տարբերակ ենք տեսնում. բաց հանքը ռեկուլտիվացիայի ենթարկել, ինչը սակայն մեծ ծախսեր է պահանջում։

- Համայնքների խոշորացման մասին տարբեր եւ իրարամերժ կարծիքներ են հնչում:

Հաճախ այդ մասին խոսում են իրականությունից կտրված գրասենյակային գործիչները:

Կապանն էլ խոշորացված համայնք է, եւ Դուք ամենօրյա աշխատանքով առնչվում եք գյուղերի, գյուղաբնակների հետ, ասել է թե՝ Ձեր դիտարկումն ավելի հիմնավոր կլինի:

Մեր՝ լեռնային պայմաններում, թեկուզ եւ Կապանի օրինակով, խելամի՞տ է տարածաշրջանի բնակավայրերի՝ մեկ համայնքի մեջ միավորված կարգավիճակը:

- Օբյեկտիվորեն ճիշտ եմ համարում համայնքի խոշորացումը, թեպետ այն էլ ասեմ, որ գործընթացը դանդաղ եւ ծանր ընթացավ։ Բայց Կապանի օրինակով ճիշտ եմ համարում, քանզի այն գյուղական բնակավայրերը, որոնք չէին կարող ինքնուրույն մի հարց լուծել, հիմա այդ հնարավորությունը կա` բյուջետային միջոցների արդյունավետ բաշխվածությունից ելնելով։ Նախկինում բալանսային անհավասարակշռություն կար. գյուղական մի համայնք կարող էր ունենալ ֆինանսական լուրջ միջոցներ, նույնիսկ երկմտելով ի՞նչ կարող է անել, իսկ մյուսը կանգնած էր կոտրած տաշտակի առջեւ։ Հիմա ֆինանսական միջոցները կենտրոնացվել են, եւ հնարավորություն կա դրանք ճիշտ բաշխել։ Նախկինում նման հնարավորության մասին միայն երազել կարելի էր։

- Համայնքի գյուղերից հատկապես որտե՞ղ է, թույլ տվեք ասել, հոգեվարքային վիճակ՝ ժողովրդագրական առումով:

- Փոքր, մարող գյուղեր կան, օրինակ` Աղվանին, Վանեքը, Ձորաստանը, Շրվենանցը, Խդրանցը, Կաղնուտը, Ներքին Խոտանանն էլ սակավ բնակչություն ունի, նույնիսկ Առաջաձորը։ Այս բնակավայրերում բնակչությունը եթե չի ավելանում, ապա պակասում է։

- Էական, սկզբունքային ի՞նչ խնդիրներ լուծվեցին համայնքի գյուղական բնակավայրերում անցած մեկ տարում:

Գյուղերի զգալի մասում, կարծում ենք, հատկապես մտահոգիչ է ճանապարհների վիճակը:

- Նորաշենիկի տարածաշրջանում ճանապարհը մինչեւ Աղվանի նորոգվել է։

Տաթեւից մինչեւ Շրվենանց 12.5 կմ ճանապարհահատված ասֆալտապատվելու է։ Նման խնդիր բարձրացրել էի հանրապետական իշխանությունների առջեւ։ Մի անգամ չի ասվել, որ այդ ճանապարհը մարզի համար ռազմավարական նշանակություն ունի, նաեւ զբոսաշրջությունը Սյունիքում խթանելու առումով։ Հարցը քննարկել ենք ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ինչին նա օպերատիվորեն արձագանքեց։ Ընդհանուր առմամբ` Նորաշենիկի տարածաշրջանում 30.5 կմ գրունտային ճանապարհ ունենք։ Ենթադրվում է, որ երկու-երեք տարվա ընթացքում ճանապարհի խնդիրը կլուծվի այդ ենթաշրջանում։ Համայնքի գյուղական բնակավայրերում տարբեր գործեր են արվել` կապված ջրամատակարարման հետ, ավելի ստույգ` խմելու ջրի ներքին ցանցերի նորոգումներ։ Երկրորդ` գյուղական բնակավայրերի վարչական շենքերի տանիքներն ենք նորոգել։

- Իսկ կառավարման ձեւը՝ վարչական ղեկավարի միջոցով կառավարումը, որքանո՞վ է արդյունավետ:

- Վարչական ղեկավարի գոյությունը միանշանակ կարեւոր եմ համարում, քանի որ գյուղաբնակը մեկի միջոցով համայնքապետարան պիտի հասցնի իր խնդիրները։ Նա պիտի վստահ լինի, որ իր բնակավայրում կա մի մարդ, որի միջոցով իրեն հուզող խնդիրները կարող է բարձրաձայնել։ Յուրաքանչյուր գյուղում կան վարչական ղեկավար եւ օպերատոր, կան գյուղեր, որոնք այլ հաստիքներ` գրադարանավար, կոմունալ ծառայությունն իրականացնող աշխատողներ ունեն։

- Հասցնո՞ւմ եք գյուղերում եւս կատարել մարդկանց ընդունելություն:

- Գյուղերից համայնքապետարան գալիս են ընդունելության, իսկ ես հիմնականում գյուղական բնակավայրեր այցելում եմ շաբաթ-կիրակի օրերին։ Ժամանակացույցս ծանրաբեռնած է, աշխատանքային օրերին Կապանի հիմնախնդիրներով եմ զբաղվում։ Համենայնդեպս, Կապան խոշորացված համայնքն ընդգրկում է 37 գյուղական բնակավայր, անցած մեկ տարվա ընթացքում բոլոր բնակավայրերում եղել եմ` տեղում ծանոթանալու հիմնախնդիրներին։ Նաեւ ավելացնեմ, որ իմ տեղակալներից մեկը միայն գյուղերով է զբաղված, Աստծո ամեն օր լինում է մի գյուղում, այսինքն` լիարժեք տիրապետում ենք իրավիճակին։ Գյուղացուն հուզող խնդիրներին իրազեկ ենք` մանավանդ հրատապ լուծում պահանջող։

- Կապանյան հանրության մեջ Ձեր բարձր վարկանիշն ակնհայտ է ու անվիճելի:

Եվ, այդուհանդերձ, ունե՞ք ընդդիմախոսներ, ընդդիմադիրներ, խոչընդոտողներ:

Ի՞նչ ողջամիտ, կառուցողական առաջարկներ եք լսում նրանցից։

- Գիտե՞ք, ընդդիմախոսներ կամ ընդդիմադիրներ նկատում եմ սոցիալական ցանցերում, այն էլ` «Ֆեյք» դեմքերով։ Ինչպես նախընտրական շրջանում եմ ասել, դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում։ Եթե մարդը չի ներկայանում, իր դեմքը թաքցնում է, նրանց մասին ի՞նչ պիտի ասեմ։ Եթե ողջամիտ, կառուցողական առաջարկներ լինեն, մենք դրանք կքննարկենք, հետեւություններ կանենք։ Մի այլ բան էլ եմ նկատել, ով գալիս է համայնքապետարան, ասես, իր պարտքն է համարում գովեստի խոսքեր շռայլել իմ հասցեին։ Դա էլ է անընդունելի, դա էլ է մարդուն «փչացնում»։ Գոնե լռեն կամ հպանցիկ նշեն այդ մասին։ Գովասանքը կարող է երբեմն գլխապտույտ առաջացնել։

- Ըստ Ձեզ՝ որոնք են Ձեր գործունեության ամենախոցելի տեղերը, բացթողումները, որոնց համար համայնքապետին քննադատելը տեղին ու ճիշտ կլիներ:

- Այդ մասին ես  չէ, որ պիտի ասեմ։ Կողքից ավելի լավ է երեւում։

- Ի դեպ, ժամանակին աղավաղվել են եւ շարունակվում է աղավաղվել մեր քաղաքի ճարտարապետական դեմքը` ապօրինի կառուցվող շինությունների, տարատեսակ պատշգամբների տեսքով։ Ինչպիսի՞ լուծում կա խնդրին։

- Ի՞նչ նկատի ունեք ճարտարապետական տեսք ասելով։ Եթե խոսքը նոր կառուցվող շինությունների մասին է, հետեւում ենք, որ դրանք քաղաքաշինության  նորմերի շրջանակում արվեն։ Եթե խոսքն արդեն կառուցվածի մասին է, մենք հնարավորություն չունենք ինչ-որ բան վերակառուցելու։ Ինքնակամ պատշգամբները վերակառուցելը կանգնեցվել է, այլեւս չի թույլատրվում, միայն կցակառույցներն են թույլատրվում, այն էլ քաղաքաշինական նորմերի շրջանակում։ Կցակառույցների անհրաժեշտությունն էլ առաջանում է, քանի որ բնակելի շենքեր չեն կառուցվում։ Ինչ վերաբերում է տաղավարներին, խորդանոցներին, ցանկապատներին, մյուս տարվանից դրանք բոլորը մաքրելու ենք։ Մեր համայնքը պիտի ունենա պատշաճ տեսք։

- Մեկ տարվա մեջ, անշուշտ, հասցրել եք բախվել տեղական ինքնակառավարման մարմինների մասին գործող օրենսդրության ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերին:

Ի՞նչն է, ըստ Ձեզ, խոչընդոտում տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իր լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու ճանապարհին:

- Համայնքի ղեկավարն ունի երկու լիազորություն` պարտադիր եւ պատվիրակված։ Կան ոլորտներ, որոնք ՏԻՄ օրենքում ընդհանրական են ներկայացված։ Ասենք, բնապահպանական ոլորտում համայնքի ղեկավարի լիազորությունները ընդհանրական են ձեւակերպված։ Դա ավելի շատ կոնկրետացնել է պետք, խնդիրը վերաբերում է մյուս ոլորտներին` առողջապահությանը, կրթությանը, հասարակական կարգի պահպանմանը եւ այլն, եւ այլն։

- Հիմա Ազգային ժողովում քննվում է «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը:

Ըստ երեւույթին կորոշակիացվեն մարզպետարանների լիազորությունները, ինչ-որ չափով անդրադարձ կլինի տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներին:

Ի՞նչ լրացումներ կուզենայիք տեսնել այդ օրենքում՝ ՏԻՄ-երին առնչվող:

Համայնքապետների կարծիքը հաշվի՞ են առել այդ օրինագիծը մշակելիս:

- Ասեմ, որ օրենքի նախագիծն ուղարկել են, ուսումնասիրել եմ, լուրջ խնդիրներ չեմ նկատել։ Այնուամենայնիվ, մի բան նշեմ. եթե օրենքի նախկին տարբերակում ասվում էր մարզպետարանը մեթոդական եւ իրավական հսկողություն է իրականացնում, հիմա կարծես իրավական հսկողությունը վերապահել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Ամեն դեպքում բոլոր օղակների լիազորությունները պիտի սահմանազատվեն` սա կլինի օրենքի բերած թարմությունը։

- Ավագանի եւ համայնքապետ հարաբերությունների մասին:

Ընդհանուր առմամբ, մարզի մասշտաբով, կարող ենք ստույգ ասել, այդ ինստիտուտը դժվարությամբ է կայանում կամ չի կայանում կամ ձեւականության շղարշով է պատված:

Ինչո՞վ է առանձնապես աչքի ընկնում Կապանի ավագանին:

- Կապան համայնքի ավագանին առանձնանում է իր հավասարակշռվածությամբ, անիմաստ բաների հետեւից չի ընկնում։ Քաղաքական մոտիվներ չունի, անիմաստ շոու չի կազմակերպում։ Կապանում իրականում ունենք իրավիճակը սթափ գնահատող ավագանի, եւ ամենակարեւորը` ավագանու անդամների մեջ նկատում եմ սրտացավություն համայնքային խնդիրների նկատմամբ։ Ցանկացած հարցի դեպքում պատրաստակամություն են հայտնում ինչ-որ ձեւով մասնակցել խնդիրների լուծմանը։ Սա շատ կարեւոր հանգամանք է։

- Մարզպետարան-համայնքապետարան հարաբերությունները:

Այդ հարցն էլ տարբեր կերպ է մեկնաբանվում, տարբեր կերպ ընկալվում մարզի համայնքներում:

Ի՞նչ կասեք այդ առումով:

- Գործնական, աշխատանքային, նորմալ հարաբերություններ են։ Ես ոչ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ։ Ոչ էլ այդ դաշտում խոչընդոտների եմ հանդիպում։ Համայնքին առնչվող ինչ հարց բարձրացրել եմ, մարզպետ Հունան Պողոսյանն արագ արձագանքել է։

«Տարածքային կառավարման մասին» օրենքն ընդունելուց հետո, կարծում եմ, ավելի կհստակեցվեն այդ հարաբերությունները։

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պետք է օտարերկրացի ներդնողը գա Կապան, ինչո՞վ կարող է գրավիչ լինել Կապանը ներդնողի համար։ Որպես համայնքապետ, ի՞նչ ուղերձ կհղեք ներդնողներին:

- Կապանը տնտեսապես ակտիվ քաղաք է, այստեղ ներդրում կատարելը կարդարացվի, այստեղ կան խոշոր հանքարդյունաբերողներ, որից բխում է տնտեսական ակտիվությունը։ Համայնքային իշխանությունը միայն կխրախուսի ներդնողներին, նրանց համար խնդիրներ չեն ծագի, հնարավորինս կաջակցենք։ Բիզնեսի առումով էլ շահավետ կլինեն այդ ներդնումները։ Օրինակ, Կապանում բնակարանային ֆոնդի պահանջարկ կա, նույնիսկ Շահումյան փողոցում իրականացվող բազմաբնակարան շենքերի շինարարությունը քիչ եմ համարում, իրականում Կապանում բնակարանի պահանջարկ կա։ Կասեմ, որ բնակարանային ոլորտում ներդրումները Կապանում արդարացված են։ Ըստ իս` եւ օդանավակայանի վերագործարկումը, եւ Աղվանի-Տաթեւ ճանապարհի ասֆալտապատումը բարերար ազդեցություն կունենան այստեղ ներդնողներ հրավիրելու առումով։

- Վերջին ժամանակաշրջանում, կարծեք, ոչինչ չի ասվում Կապանի քույր քաղաքների մասին, որոնց թիվը, որքանով տեղյակ ենք, յոթի է հասնում՝ Չինաստանի Նինգպո, ԱՄՆ-ի Գլենդել, Բելառուսի Բորիսով…

Այդ քաղաքների հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է, թե՞…

- Առայժմ թույլ է համագործակցությունը քույր քաղաքների հետ։ Պաշտոնավարման այս մի տարվա ընթացքում քույր քաղաք Բելառուսի Բորիսովում տոնակատարություն էր, որին Կապանի պատվիրակությունը մասնակցեց` մեր բարեմաղթանքներով եւ շնորհավորանքներով։ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի հետ կապն ընդհատվել է տարիներ առաջ, պատճառներն ինձ հայտնի չեն, բայց ես պատրաստվում եմ այդ կապը վերականգնել։

- Սոցիալական ոլորտին առնչվող հարցեր:

Հատկապես ի՞նչ են ուզում քաղաքացիները համայնքապետից, համայնքապետարանից, երբ գալիս են ընդունելության:

- Փող եւ աշխատանք...

- Ունե՞ք բնակչության զբաղվածության թվային պատկերը:

Վարչապետը մի քանի օր առաջ հայտարարեց, թե Հայաստանում գործազրկության միջին ցուցանիշը 17.7 տոկոս է:

Իսկ Կապանո՞ւմ…

- Կապանում գործազրկության մակարդակը տատանվում է 10-15 տոկոսի սահմաններում։ Կապանում ոչ թե աշխատատեղերի խնդիր կա, այլ պահանջված աշխատատեղերի խնդիր։ Կան պահանջվող աշխատատեղեր, որոնց պահանջարկը չկա։ Հանրապետության վարչապետն էլ Սիսիանում այդ երեւույթի մասին բարձրաձայնեց։

- Անցած մեկ տարում որքա՞ն աշխատատեղ է ստեղծվել Կապանում եւ որտե՞ղ:

- Նոր աշխատատեղերի առումով կնշեի «Տաշիր-պիցցայի» մուտքը մեր քաղաք, որ եղել է մեր հրավերով եւ աշխատատեղեր է ապահովել։

- Համայնքային բյուջեի մուտքային մասը 2018-ին, 2019-ին:

Եվ կանխատեսումը 2020-ին:

- Կապան համայնքի 2019 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 1.560.288.3 հազար դրամ, կամ կատարողականը կազմել է 87.0 տոկոս։

Այսպիսի մի համեմատություն. այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքում եկամուտների հավաքումը 26 տոկոսով գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակաշրջանի հավաքման մակարդակը։

- Անշարժ գույքի շուկայի վիճակը. ի՞նչ պատկեր կամ փոփոխություննների ի՞նչ միտում ունի անշարժ գույքի շուկան մարզկենտրոնում եւ համայնքի գյուղական բնակավայրերում:

- Անշարժ գույքի շուկայում աճ է գրանցվել, այսօր, օրինակ, շատ դժվար է Կապանում բնակարան գտնելը։ Եթե գտնես էլ, բնակարանային վարձը շատ բարձր է, կարող է մեկ սենյականոց բնակարանը 60 հազար դրամ արժենալ։ Երկու սենյականոց նորոգված բնակարանը Կապանի կենտրոնական հատվածում գնահատվում է 30-35 հազար դոլար։

- Մշակութային ոլորտում աշխուժությունն ակնհայտ է:

Կարծում ենք՝ մշակույթի կենտրոնի վերակառուցման ավարտից հետո մի նոր աստիճանի կբարձրացվի մարզկենտրոնի մշակութային կյանքը:

Ե՞րբ կավարտվի մշակութային կենտրոնի վերակառուցումը:

- Այժմ մշակութային կենտրոնի ճակատային մասի երեսպատման աշխատանքներ են ընթանում, որոնք ակնկալում ենք, ավարտել մինչեւ տարեվերջ։ Բայց դրանով նորոգումները չեն ավարտվում, այնուհետեւ շինարարները ձեռնամուխ են լինելու վարչական սենյակների ներքին հարդարման աշխատանքներին։

- «Կապան-Գանձասար» ֆուտբոլային թիմի ճակատագրին երկու անգամ անդրադարձավ վարչապետը` սյունիքյան այցերի ժամանակ:

Եվ, որքան էլ տարօրինակ է, ոչ մի արդյունք:

Գոնե ուշացումով խնդրի լուծման հեռանկար տեսնո՞ւմ եք, թե՞…

- Դժվար եւ ցավոտ հարց բարձրացրեցիք, ըստ իս` խնդրի լուծումը պիտի տա «Գանձասար-Կապան» ակումբը։

-Ինչպե՞ս եք գնահատում համայնքի նախակրթարանների վիճակը, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այդ ոլորտում, նախադպրոցական տարիքի երեխաների ո՞ր մասն է ընդգրկված մանկապարտեզներում:

- Այդ հարցին լուրջ ուշադրություն ենք դարձնում։ Մոտ ապագայում խնդիրը լուծված կհամարենք, քանի որ շարունակվում են եւ ավարտին կհասցվեն Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի «Դ» մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները։ Վերակառուցվող մասնաշենքը նախատեսված է մանկապարտեզի համար։ Իսկ ընդհանրապես վերջին մեկ տարում համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարվել են նորոգման աշխատանքներ, ձեռք բերվել գույք, ինչպես խոհանոցային, այնպես էլ մարզական։

- Պաշտոնավարումից մեկ տարի անց, երբ արդեն հանգամանալից ծանոթ եք համայնքի ե՛ւ թույլ, ե՛ւ ուժեղ կողմերին, ե՛ւ հնարավորություններին ու ներուժին, որո՞նք են, ըստ Ձեզ, համայնքի առջեւ ծառացած ամենալուրջ խնդիրները կամ գլխավոր մարտահրավերները:

- Ամենացավոտ խնդիրը, նորից կրկնեմ, խոշորացված Կապան համայնքի համար դատարկվող գյուղերն են։ Մեր աչքի առաջ գյուղական բնակավայրերն ամայանում են, եւ ցավալին այն է, որ գյուղերը վերաբնակեցնելու լուծում չեմ տեսնում։ Չեմ ուզում անիրական կանխատեսումներ անել։ Կապան քաղաքում լուրջ խնդիր են կոյուղագծերը, որոնք տասնամյակների վաղեմություն ունեն` դրանով պայմանավորված պերմանենտ վթարներով։ Ճիշտ է, դրանք մեր հաշվեկշռում չեն, «Վեոլիա-ջուր» ընկերությանն են պատկանում, բայց դրանց խցանումները, անընդհատ վթարները խնդիրներ են ստեղծում քաղաքային տնտեսության համար։ Նույն այդ քաղաքային տնտեսության հիմնախնդիրները լիուլի բավարարում են։

- Մեկ տարի առաջ փոխվեց նաեւ համայնքի գլխավոր գործատուի՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերը:

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը, համայնքային խնդիրների լուծմանն այդ ընկերության մասնակցությունը:

 - Համագործակցությունը կառուցողական եմ համարում։ Մեր կողմից բարձրացված խնդիրներին ընկերության ղեկավարությունն աջակցելու, օգնելու պատրաստակամություն է հայտնում։ Ըստ իս` մեր համագործակցությունը ստացվում է, դժգոհելու կամ առավել եւս` նեղանալու պատճառ չկա։

- Հանրապետության կառավարությունը, որքանով տեսնում ենք, ուշադրության կենտրոնում է պահում Կապանի օդակայանի վերագործարկման հարցը:

Ժամկետները քանիցս փոխվեցին:

Ե՞րբ են, ի վերջո, նախատեսվում վերակառուցման ավարտը եւ վերագործարկումը:

Եվ ինչո՞ւ Սյունիքի օդակայան եւ ոչ Կապանի օդակայան, չէ՞ որ Սիսիանն ու Գորիսն էլ ունեն իրենց օդակայանները:

- Օդակայանը գարնանն է վերագործարկվելու։ Ինչ վերաբերում է Սյունիքի օդակայան եւ ոչ Կապանի օդակայան անվանումին, ես դա էական հարց չեմ համարում։ Փաստորեն, Սյունիքում նման մասշտաբի մի օդակայան է լինելու, որից էլ հավանաբար բխում է անվանումը։

- Անցած մեկ տարում ունեցե՞լ եք հիասթափության, նահանջի պահեր:

- Էությամբ նահանջող տեսակ չեմ, չեմ հիշում, որ այս վերջին տարում հիասթափության պահեր եմ ունեցել։

- Ո՞ւմ հետ եք խորհրդակցում, մտքեր փոխանակում, երբ հայտնվում եք ոչ սովորական իրավիճակներում, չնախատեսված հարցերին դեմ հանդիման:

- Նման առիթներ քիչ են լինում։ Բայց եթե նման հարց է ծագում, ընտանիքում խորհրդակցում եմ տղամարդկանց` եղբորս եւ հորս հետ։

- Եվ, իհարկե, գլխավոր դասերը, եզրահանգումները մեկ տարվա պաշտոնավարման արդյունքում:

- Կարծում եմ, որ վերջին մի տարում չեմ փոխվել, ոչ ապրելաոճս է փոխվել, ոչ էությունս։ Միակ բանն  այն է, որ առաջ շուտ էի պոռթկում, հիմա ավելի զուսպ եմ դարձել։ Ինչ վերաբերում է ստացած դասերին` այն ստացել եմ իմ ընտանիքում. վաղ տարիքում էի, երբ հայրս պատվիրան տվեց` ինչքան կարողանում ես, մարդկանց լավություն արա։ Այդ դասն ինձ համար այժմեական է մինչեւ հիմա, որով առաջնորդվում եմ...

- Մի քիչ էլ` Ձեր անձնականի մասին։

Վերջերս արու զավակ եք ունեցել, շնորհավորում ենք։

- Շնորհակալ եմ։ Այս մի վերջին տարում իմ կյանքում ամենաակնառու իրադարձությունն արու զավակիս ծնունդն էր, բայց զբաղվածությունս այնքան մեծ է, որ ընտանիքին շատ քիչ ուշադրություն եւ ժամանակ եմ հատկացնում, բայց չեմ պատրաստվում այդպես շարունակել։

 

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի եւ Վահրամ Օրբելյանի

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25