Մելիքսեթ Պողոսյան. «Ինձ համար սեւ ու սպիտակ չկա, ինձ համար գերխնդիրը Սյունիքի անվտանգության ապահովումն է, ազգային արժեքների հիման վրա հայոց պետության ինքնիշխանության եւ պաշտպանվածության ամրապնդումը»

29.03.2021 12:42
9829

Հայաստանի Հանրապետության եւ հատկապես Սյունիքի նորագույն պատմության ամենավճռորոշ ու ճակատագրական ժամանակաշրջանում Սյունիքի մարզպետ նշանակվեց Մելիքսեթ Պողոսյանը, ով մինչ այդ՝ կարճ ժամանակամիջոցում, զբաղեցրել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնը, իսկ ավելի վաղ վարել զինվորական տարբեր հրամանատարական պաշտոններՀանրությանն առավել հայտնի է Արցախյան երեք պատերազմին ակտիվ մասնակցությամբ: Վերջին չորս տարում միաժամանակ գլխավորում է ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղը:

Եվ ահա լրացել է պաշտոնավարման հարյուր օրը (մարզպետ էր նշանակվել ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 8-ի որոշմամբ ), ինչն էլ առիթ եղավ զրուցելու Մելիքսեթ Պողոսյանի հետ:

Հարյուր օրվա խորհուրդը, անշուշտ, ե՛ւ կարեւոր էե՛ւ կառավարման ավանդույթներին համահունչ, բայց առավել հետաքրքրական է Սյունիքում ստեղծված իրավիճակի տեսանկյունից:

***

-Պարոն մարզպետ, թող տարօրինակ չթվա, բայց Ձեզ չենք հարցնելու, թե կոնկրետ ի՞նչ գործեր են արվել անցած հարյուր օրում՝ մարզպետի գործառույթներից բխող: Այդ մասին, որքանով տեղյակ ենք, Սյունիքի մարզպետարանը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ հանգամանալից շարադրանքով: Մեզ առանձնապես հետաքրքրում են հարցերը, որոնք ոչ սովորական մեր օրերում հետաքրքրում են սյունեցիներին, որոնք գուցե եւ չեն բխում մարզպետի պաշտոնական գործառույթներից, բայց գերակա են եղել ու կան սյունիքյան ներկա զարգացումներում:

Եվ այսպես՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն արձանագրում է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»:

Այդ պայմանավորվածությունն առավել մանրամասնված է 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ:

Այն, որ փաստաթղթերն ակնհայտ ոչ հայանպաստ են՝ տեղյակ եք: Բայց բոլորիս մտահոգում է առանձնապես նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 9-րդ կետը: Ձեր դիրքորոշումը:

- Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների մակարդակով ներկայումս բանակցություններ են ընթանում նաեւ այդ խնդրի շուրջ, ուստի եւ պիտի սպասենք բանակցությունների ավարտին, հարցի որոշակիացմանը, որից հետո հետեւություններ կանենք:

Միեւնույն ժամանակ՝ դեմ եմ միջանցքի գաղափարին, բայց հաղորդակցության ուղիների վերաբացմանը կողմնակից եմ: Ընդ որում՝ պարտադիր պայման պիտի լինի, որ վերաբացվող ճանապարհը վերահսկվի Հայաստանի Հանրապետության կողմից:

-2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից բացի, պարզվեց, կա նաեւ հավելյալ հուշագիր, որ պարտադրեց մեզ՝ դեկտեմբերի 18-ին թողնել մեր մարտական դիրքերը եւ հետ քաշվել ու կանգնել նախկին` Խորհրդային Միության սահմանի վրա, Զանգելանը եւ Կուբաթլին զիջել, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունում հստակ ասված էր՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

- Մենք ցավով ենք հետ քաշվել, քանի որ մեր անվտանգությունն ապահովող նպաստավոր բարձունքներում էինք դիրքավորվել, ինժեներական կառույցներ ստեղծել: Նույնիսկ ռուսական կողմն է փորձել կասեցնել այդ պարտադրանքի կատարումը, բայց չի հաջողվել: Արդյունքում՝ մեր անվտանգությունը որոշ հատվածներում դարձել է խոցելի...

- Հաջորդ հարցը սահմանորոշման ոլորտին է առնչվում. ցավոտ շատ խնդիրներ են կուտակված՝ կապված որոշ տարածքների, ճանապարհահատվածների կորստի հետ: Մի շարք դեպքերում խոսում են ակնհայտ զիջումների մասին: Կան տարածքներ, որ խորհրդային շրջանում մերն են եղել, բայց հիմա հակառակորդ պետությանն են անցել՝ Շուռնուխ, Որոտան գյուղերի վարչական տարածքների մի մասըԱյդ մասին, կարծեք, տեղյակ է ամբողջ հանրապետությունը: Եվ ի՞նչ է ձեռնարկվում իրավիճակը շտկելու ուղղությամբ:

- Չտարբերակենք Շուռնուխ, ՈրոտանՍյունիքի յուրաքանչյուր հողակտոր եւ բնակավայր ինձ համար սրբություն են:

Մարզն ունի 506 կմ պետական սահման. արեւելյան կողմը՝ 300 կմ, Պարսկաստանի հետ սահմանը՝ 46 կմ, Նախիջեւանի կողմը՝ 160 կմ:

Հատկապես արեւելյան ուղղությամբ բազմաթիվ կնճիռներ ունենք:

Վիճելի հարցեր ունենք Գորիս-Կապան մայրուղուն առնչվող հատվածներում:

Եվ դրանցից ամեն մեկը կարեւոր է, դա հարցերի այն խումբն է, որոնց թվում երկրորդական ոչինչ չկա:

Կա իրողություն՝ GPS-ային սահմանազատումը մի շարք դեպքերում ի վնաս մեզ է կատարվել եւ հակառակորդի քմահաճությամբ, որի արդյունքում նաեւ դիրքային ոչ բարենպաստ փոփոխություններ են կատարվել:

Կամ՝ մարդը ժամանակին օգտվել է սեփականաշնորհումից, ստացել վկայական, տարիներ շարունակ հողի հարկը վճարել, բայց հիմա զրկվել է դրանից:

Դիմել եմ ե՛ւ բանակին, ե՛ւ ԱԱԾ-ին, ե՛ւ կառավարությանը…

Կարծում եմ՝ Սյունիքի արեւելյան սահմաններն ամբողջ երկարությամբ պետք է ճշգրտվեն, վիճելի որեւէ հարց չպիտի մնա...

- Այդ բոլորով հանդերձ՝ ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի սահմանների պաշտպանվածությունը:

- Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ միայն կարող եմ ասել՝ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ Սյունիքի անվտանգության պատշաճ ապահովման համար:

Իսկ Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն մայրուղիները վերահսկվում են ՌԴ ԱԴԾ Սահմանային զորքերի ստորաբաժանումների կողմից:

Ունենք նաեւ բազմաթիվ հարցեր, որոնք աստիճանաբար լուծվում են: Համոզված եմ՝ ժամանակի ընթացքում ավելի հստակ եւ ավելի ուժեղ պաշտպանական համակարգ ենք ունենալու սահմանի ամբողջ երկարությամբ:

Սյունիքի ռազմավարական դերն ու նշանակությունը պատճառ են, որ երկրամասի անվտանգությամբ ավելի ակտիվ զբաղվի նաեւ ՌԴ-ն. այդ հարցը, հավանաբար տեղյակ եք, քանիցս քննարկվել է Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջեւ:

- Ամենատարօրինակն այն է, որ Սյունիքի մարզի վերաբերյալ մեկ օրվա մեջ լինում են իրարամերժ տարբեր տեղեկատվություններ: Մի՞թե հնարավոր չէ տեղեկատվական այդ հոսքերը կանոնակարգել, կենտրոնացնել, որովհետեւ մարդիկ երբեմն չգիտեն՝ ում հավատալ, ում՝ ոչ: Եվ այս ամենի հետեւանքով է նաեւ ծնվում խուճապը: Եվ տխուրն այն է, որ այս գործին լծվել են մարդիկ՝ անձնական նկատառումներով առաջնորդվող: Երբեմն այդ հարթակներից Սյունիքի անունից մարդիկ են խոսում, ովքեր իրենց  «անկեղծությամբ», մեղմ ասած, չեն փայլում եւ կասկածների տեղիք են տալիս:

- Գաղտնիության ռեժիմը խախտվել է մեզանում, իսկ ոչ հավաստի տեղեկատվությունը մարդկանց խուճապի մեջ է գցում: Ես անթույլատրելի եմ համարում նման դրսեւորումները: Այն վայրերըոր ռազմավարական գաղտնիք են պարունակում, չպիտի լուսաբանվեն, այլապես հակառակորդին տեղեկություններ ենք մատուցում՝ ընդդեմ մեզ: Խոսքս չի վերաբերում խոսքի ազատության սահմանափակմանը: Ռազմական գաղտնիքն առօրյա տեղեկատվությունից զանազանելու խնդրի մասին եմ խոսում: Խոսքի ազատությունը չպիտի շփոթել ամենաթողության հետ: Սա նաեւ մարտական դիրքերում գտնվողներին է վերաբերում: Զինվորը դիրքից զանգում է, թե այսինչ տեղում եմ գտնվում, այսինչ գործով եմ զբաղված...

- Ստեղծված իրավիճակը, սակայն, իր մեջ բազմաթիվ խութեր ու հարցականներ է պարունակում: Օրինակ, մամուլում տեւական ժամանակ ենթադրություն է հայտնվում, թե հասարակությունից թաքցվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ (Ռուսաստանի միջնորդությամբ) ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Սյունիքի մարզի ճանապարհների առանձին հատվածների անվտանգության ապահովմանն առնչվող:

Դուք, որպես մարզի թիվ 1 պետական պաշտոնյա, տեղյա՞կ եք արդյոք՝ գոյություն ունի՞ Ադրբեջանի հետ ստորագրված առանձին փաստաթուղթ՝ Սյունիքի մարզում սահմանազատման վերաբերյալ:

- Դա իրականությանը չի համապատասխանում: Առհասարակ նման չճշտված տեղեկություններին չպետք է հավատալ եւ նշանակություն տալ:

-Մելիքսեթ Արամի, Արցախյան առաջին պատերազմի, 2016-ի ապրիլյան օրերի փառապանծ հրամանատարներից եք: Ձեր մարտական ընկերների արյամբ ազատագրված Արցախի մեծագույն մասն անցել է թշնամուն: Պատկերացնում ենք Ձեր ապրումները…

-Մեջս մի մեծ բան է ջարդվելԲայց մենք տերն ենք հայոց պատմական ժառանգության:

Եղել ու մնում եմ այն մարդկանցից մեկը, որոնց համար Արցախյան երազանքը վեհագույնն է:

Հավատում եմ՝ Հադրութը, Շուշին վերադառնալու են հայոց Արցախի գիրկը:

Հավատում եմ նաեւ՝ վերականգնվելու է հայոց ազգային բանակը՝ իր փառահեղ ոգով ու մարտական պատրաստվածությամբ, արդիական սպառազինությամբ:

-Թուրք-ազերիները չեն թաքցնում հավակնությունները Սյունիքի հանդեպ, ժամանակ առ ժամանակ բռունցք են ցույց տալիս, արդեն իսկ պղծում են մեր սրբությունները: Իսկ մեր կողմից միայն արտգործնախարարության խոսնակի ոչինչ չասող արձագանքն ենք  լսում: Ինչպե՞ս հասկանալ:

-Շատ ծանր է այդ ամենը լսել կամ տեսնել: Դարեր շարունակ Սյունիքը չի խոնարհվել ոչ մի թշնամու առջեւ, իսկ այսօր՝ սյունեցին դա թույլ չի տա...

-Շատերը Ձեզ մեղադրում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ համագործակցելու եւ հայտնի կապիտուլյացիայից հետո Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար:

-Նախ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը դժվարագույն այս ժամանակաշրջանում ինձ համար առաքելություն է: Միգուցե նախկինում դա վայելելու պաշտոն է եղել (ինչը եւ ոմանք չեն կարողանում մոռանալ), բայց հիմաՀիմա դա մարտադաշտի պես մի բան է:

Ես չէի կարող մերժել առաջարկությունը, մանավանդ որ մարտական ընկերներս նույնպես պահանջում էին: Հակառակ պարագայում դա պատասխանատվությունից խուսափելու, մարտադաշտից փախչելու նման մի բան կնշանակեր:

Երկիրը, Սյունիքը լարված վիճակում էին եւ շարունակում են մնալ այդպիսին, ու ես պարտավոր էի հնարավորություններիս չափով ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Ի՞նչ անեի, կողք կանգնեի եւ կողքից խոսողի դե՞ր ստանձնեի: Չէ, դա իմ ճանապարհը չէ: Նույն Մելոն եմ, կաբինետում նստող անձնավորություն չեմ, դաշտային հրամանատար եմ եղել՝ անհանգիստ բնավորությամբ, ամեն լավ բանի համար ուրախացող: Ազգիս ճակատագիրն իմ ճակատագիրն եմ համարել ու համարում, ուստի եւ չէի կարող առաջնագծում չլինել:

Կողքից խոսողները, եթե իսկապես ցավում են Սյունիքի համար, թող գան ու միասին գործենք, պատրաստ եմ համագործակցության ամեն մի տարբերակի: Իմ խնդիրն այս կամ այն կուսակցությանը, այս կամ այն անհատին ծառայելը չէ: Գերխնդիրս Սյունիքի անվտանգության ապահովումն է, ազգային արժեքների հիման վրա հայոց պետության ինքնիշխանության եւ պաշտպանվածության ամրապնդումը, հանուն ինչի կգործեմ մինչեւ վերջ:

-ՀՀ վարչապետի 2021 թ. հունվարի 15-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Սյունիքի մարզում առկա խնդիրներով զբաղվելու նպատակով:

Երեք ամիս է անցել, կարո՞ղ եք արդյունավետ համարել աշխատանքային խմբի գործունեությունը:

- Պարբերաբար նիստեր են գումարվում Սյունիքում: Կոնկրետ հարցեր են քննարկվում ամեն անգամ՝ առաջարկություններով ու որոշումներով, որոնք ուղարկվում են ՀՀ կառավարություն, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, այլ գերատեսչություններ:

Մինչեւ այսօր քննարկված հարցերի շրջանակը՝ դրանցից բխող քայլերով, մեծ է եւ սույն հարցազրույցում թվարկումները տեղին չեն: Բայց եւ կարող ենք արձանագրել՝ նոր իրավիճակում Սյունիքում առաջ եկած որեւէ հարց դուրս չի մնում Միջգերատեսչական աշխատանքային խմբի ուշադրությունից: Այլ բան է, թե որքանով են ընդունված որոշումները, առաջարկությունները կյանքի կոչվում: Դրանում, խոստովանեմ, մտածելու բան ունենք...

- Պարոն մարզպետ, տարիներ շարունակ, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը երջանկահիշատակ Մաքսիմ Հակոբյանն էր, տարեկան մոտ երկու միլիարդ դրամ ուղղվում էր Սյունիքի մարզի հրատապ խնդիրների լուծմանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը: 2014 թվականից, երբ այլեւս Մաքսիմ Հակոբյանը չէր գլխավորում կոմբինատը, մարզին գումարների հատկացումն  էականորեն պակասեցվեց, եւ կառավարության կողմից ստեղծվեց Սյունիքի զարգացման ու ներդրումների հիմնադրամ, որի հետագիծն այդպես էլ չի երեւում: Հետաքրքիր է՝ Քաջարանի կոմբինատը, որպես մեր մարզի խոշոր գործատու, որպես մարզի բնապահպանական վիճակին լրջագույն խնդիրներ հարուցող ընկերություն, որքա՞ն գումար է հատկացնում այդ հիմնադրամին, որն էլ, բնականաբար, պիտի ուղղվի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

- Եթե չեմ սխալվում՝ այդ հիմնադրամը 2016 թվականին է ստեղծվել: Ճիշտն ասած՝ մեկ ամիս առաջ ընկերության ղեկավարությանը նամակ եմ գրել այդ խնդիրների շուրջ, ոչ մի արձագանք... Հիմնադրամի վերջին նիստին կոմբինատի տնօրենի տեղակալը եկել էր, ազգությամբ գերմանացի, խոսք եղավ այդ ամենի մասին: Պիտի որ վերաբերմունքը փոխեն, քանի որ այս պահի դրությամբ՝ Արցախյան պատերազմով պայմանավորված՝ Սյունիքում կա յոթ հազար փախստական՝ Արցախից բռնագաղթված, մոտ 4-5 հազար մարդ առողջության հետ կապված խնդիրներ ունեն. նրանք դիմում են մարզպետարան, եւ այդ թիվն աճման միտում ունի: Եթե կոմբինատը չի օգնելու, բնապահպանական խնդիրներ առաջացնելով, ապա դա ոչ նորմալ երեւույթ պիտի համարվի: Կոմբինատը պարտավոր է առնվազն նեցուկ լինել (գոնե) ազդակիր համայնքների բնակիչներին:

Մաքսիմ Անուշավանիչը մեծ սյունեցի էր՝ Սյունիքի հանդեպ մեծ սիրով տոգորված, նրա բարեգործության սահմաններն ընդգրկում էր ողջ հանրապետությունը: Խոնարհվում եմ նրա հիշատակի առջեւՆա հստակ գիտեր սյունեցու ցավը, մարզի ամեն մի բնակավայրի խնդիրները: Ցավոք սրտի, հիմա նման ըմբռնում եւ սրտացավություն չկա:

- Մի խնդրի մասին կուզենայինք ավելի մանրամասն տեղեկություն ստանալ . ի՞նչ է կատարվում Շուռնուխում:

- Չէի ցանկանա, որ գյուղի ներքին հատվածում՝ ճանապարհից ներքեւ  ընկած 11 տունն անցներ հակառակորդին: Մեկ ամիս տարբեր փաստաթղթեր էինք հավաքում՝ ձեռքի տակ ծանրակշիռ հիմնավորումներ ունենալու եւ բանակին, ազգային անվտանգության ծառայությանը, ռուսական կողմին ներկայացնելու համար: Դրանք հասել են մինչեւ Մոսկվա: Նույնիսկ ցանկացել ենք տարածքային փոխանակում, չեն համաձայնվել: Հնարավոր ամեն ինչն արվել է, որ մարդիկ չկորցնեն բնակարանները: Իսկ հիմա, երբ մարդիկ տնանկ են դարձել, կառավարությունն ամեն ինչ անում է, որ նրանք դրսում չմնան եւ չեն մնացել: Ես էլ հետաքրքրվել եմ, թե ի՞նչ է անհրաժեշտ, պատասխանել են՝ երկու տնակ: Երեք սենյականոց երկու տնակ ենք հայթայթել: Խմելու ջրի խողովակի, նաեւ անասնագոմի հարց ենք լուծել: 12 տան շինարարության նախագծային աշխատանքներն ավարտվել են, այժմ հողային աշխատանքներ են կատարվում…

- Այլընտրանքային ճանապարհներ ունենալու խնդիրը. այս ուղղությամբ կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում, որովհետեւ գարուն է արդեն, եւ կարելի է հողային աշխատանքներ սկսել, մինչդեռ...

- Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման առաջարկություն ենք ներկայացրել կառավարություն, դեպի Ծավ տանող այլընտրանքային հողածածկ ճանապարհը վերակառուցելու համար՝ նույնպես, Ագարակ-Եղվարդ տանող ճանապարհը եւս մեր տեսադաշտում է, Խոտ-Որոտան ճանապարհի վերաբերյալ եւս առաջարկություն է ներկայացվել: Կարծում եմ՝ տարեվերջին խնդրահարույց ճանապարհների առումով այլ պատկեր կունենանք:

Կարծեք գործնական փուլ է մտնում Հյուսիս-հարավ մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագիրը:

Օրերս  հյուրընկալել էինք Հայաստանում Իրանի դեսպանին եւ այդ հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալին. նրանց էլ հետաքրքրում է մեր ճանապարհների վիճակը:

- Շատ ցավոտ մի հարց. Սյունիքի մարզում քանի՞ զոհված ու անհետ կորած ունենք:

- Այս պահի դրությամբ՝ 210-ը հուղարկավորվել են, 23 հոգի անհետ կորած են համարվում: Ձգտում ենք հնարավորինս նեցուկ լինել նրանց ընտանիքներին... Մարզպետարանի աշխատակազմը պատրաստում է փաստաթղթեր՝ զոհված զինծառայողների կյանքին հասցված վնասի փոխահատուցման հարցերով, նաեւ արցախցի 9 զոհված զինծառայողի փոխհատուցման հարցով, որոնք հուղարկավորված են Սյունիքում:

- Ի՞նչ կարեւոր հարց դուրս մնաց մեր զրույցից:

- Ուզում եմ դիմել բոլոր սյունեցիներին:

Պատիվ ունեմ՝ ձեզանից յուրաքանչյուրին ընդունելու, լսելու եւ նպաստելու ձեր ու մեր ամեն մի ծրագիր կյանքի կոչելուն։ Ովքեր կցանկանան Սյունիքի համար մի լավ բան կատարել, հազար անգամ օգտակար կլինեմ ու գլուխ կխոնարհեմ:

Ուզում եմ լինել այն կապակցող շաղախը, որը Սյունյաց միջավայրը կդարձնի բարերար ու կենսունակ՝ հուսահատության թմբիրից հանելով իմ հայրենակիցներին՝ հույսի դռները բացելով դեպի ապագա։

Անամոք ցավ եմ ապրում հայրենիքի պաշտպանության գործում իրենց հերոսական սխրագործություններով անմահացած մեր բոլոր հերոսների համար, խոնարհվում առյուծասիրտ տղաներ ծնած որդեկորույս մայրերի և հարազատների առաջ։

Այսօր կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում: Պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, ի մի բերել մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակները և դրանք վերածել հավաքական ուժի, որը կլինի մեր հետագա հաջողությունների գրավականը։

Իմ հայրենակիցներ, այո, այսօր, քան երբևէ՝ մենք շատ տխուր ենք, սակայն կոչ եմ անում այն հայրենասերներին, ովքեր կարող են կոտրել մեր մեջ այդ տխրությունը, կանգնել վհատված մարդկանց կողքին։

Ու երբեք չմոռանանք դարերով ձեւավորված բանաձեւը՝ «Ուժն է ծնում իրավունք»:

 

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի եւ Տիգրանուհի Բադալյանի

 

 

ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

29.03.2024 14:06

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան

29.03.2024 12:29

Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով

29.03.2024 11:07

Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին

29.03.2024 11:02

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

29.03.2024 11:01

Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

28.03.2024 21:52

ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի այցը Ույծ և Լոր գյուղեր

28.03.2024 21:08

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով

28.03.2024 19:50

Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը

28.03.2024 15:50

Մեր հայրենակից, արձակագիր Համլետ Մարտիրոսյանը դարձավ 70 տարեկան

28.03.2024 15:33

2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

28.03.2024 14:28

Կառավարությունն ապրիլի ընթացքում կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիրը

28.03.2024 12:12