Մեր Դավիթ Գասպարյանը (գրականագետ, գրական քննադատ, գրականության պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը 70 տարեկան է)

18.10.2017 10:47
1773

Սյունյաց աշխարհից հայացք ձգելով Դավիթ Գասպարյանի կյանքին ու գործունեությանը՝ պատշաճ ենք համարում բարձրաձայնել՝ մայրաքաղաքում հանգրվանած եւ գիտության բարձրունքներին հասած որեւէ մեկն այդքան նվիրումով, նախանձախնդրությամբ ու հետեւողականությամբ չի զբաղվել գրականության ասպարեզում մեր երկրամասի մեծերի կյանքի եւ գործունեության, գրական ժառանգության ուսումնասիրմամբ, վերաարժեւորմամբ ու հանրայնացմամբ, որքան նա:


Ընդ որում՝ մեծերի այդ շարքը խոսուն է՝ Ակսել Բակունց, Սերո Խանզադյան, Համո Սահյան, Գուսան Աշոտ, Սուրեն Այվազյան…


Այնուհետեւ՝ վերջին տասը-տասնհինգ տարում, չենք հիշում սյունիքյան որեւէ ուշագրավ միջոցառում՝ նվիրված հայ գրական կյանքին, որ ինքն ակտիվ մասնակցությամբ ու նոր խոսքով ներկա չլիներ դրան:


Միեւնույն ժամանակ, դժվար էր պատկերացնել «Սյունյաց երկիր» թերթի բացառիկ (հատուկ) համարների թողարկումը, եթե չլիներ Դավիթ Գասպարյանի յուրահատուկ մասնակցությունը ոչ միայն հեղինակային հոդվածներով, այլեւ շահեկան խորհուրդներով: Իսկ նման համարների թիվը երեք տասնյակից անցնում է:


Եվ, ի վերջո, Դավիթ Գասպարյանն այն մտավորականն է, ում հեղինակած հոդվածները, գրքերը, ելույթները սպասված են սյունիքյան հանրության մեջ: Դրանք մեծ մասամբ մեր ընթացքը սթափ գնահատող, մեր անցնելիք ճանապարհի ողջամտությունը կշռող-սրբագրող հրապարակումներ են:
                                                                       ***
Այդ բոլորով հանդերձ ու նախեւառաջ Դավիթ Գասպարյանը գրականագետ է, գրական քննադատ, գրականության պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Դեռ տարիներ առաջ են հայոց մեծերից շատերը գնահատել նրա ազնվությունը, սկզբունքայնությունը, պրոֆեսիոնալիզմը:


Հովհաննես Շիրազը նրան անվանեց «պատանի հանճար» եւ ասաց. «Դավիթի ազնվությանը ես չեմ կասկածում, մեր երկրում անհնար է արդար քննադատության ծնունդը (Դավիթը բացառություն է), արդարության խոսքը ոչ միայն վերեւում է գոցվում, այլեւ հենց ցածում… միջակությանց սրտով է այս ամենը»:


Համո Սահյանի կարծիքով՝ «Եթե ասպարեզ են եկել Դավիթ Գասպարյանի նման քննադատներ, ապա քսպենները բան չունեն անելու: Ուրեմն եւ՝ 37-ի կրկնվելու վտանգն էլ չկա…»:


Մեկ ուրիշ առիթով էլ ասում է՝ «Էն օրը Դավթի մասին խոսեցինք: Դավիթ Գասպարյանի. հրաշալիների մեջ է: Գնում է դեպի ճշմարտությունը՝ դեպի իր եւ իր ազգի բաց վերքերը: Մի խոսքով՝ նվիրյալ է…»:


Ըստ Գեւորգ Էմինի՝ «Դավիթ Գասպարյանը մեր այսօրվա ամենից կրքոտ ու եռանդուն գրականագետներից մեկն է, բայց դա նրա միակ առաքինությունն ու առավելություն չէ: Բանն այն է, որ մենք այսօր, ավելի քան երբեւէ, կարիք ունենք ոչ այնքան գրականագիտության, ինչքան քննադատության, իսկ քննադատությունը ոչ միայն անաչառություն, այլեւ մեծ քաջություն է պահանջում: Այդ խիզախներից մեկն էլ Դավիթ Գասպարյանն է»:


Վահե Օշականի համոզմամբ՝ «Դավիթ Գասպարյան մեր օրերու ամենեն հմուտ չարենցագետներեն է եւ իր խոսքը կշիռ ունի մեր այժմու բանասիրության մեջ»:


Անշուշտ, դժվար է այդ ամենից հետո նոր խոսք ասել, մանավանդ որ նման գնահատումների թվարկումը կարելի է շարունակել: Բայց եւ չի կարելի չասել, որ նրա մի շարք գրքեր հավերժորեն տեղ են գտել հայ գրականագիտության եւ գրաքննադատության գանձարանում՝ «Փակ դռների գաղտնիքը», Չարենցի «Նորահայտ էջեր» հատորը, «Եղիշե Չարենց. Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը», «Ողբերգական Չարենցը», «Չարենցյան ասույթները», «20-րդ դար: Հայ գրողներ» մատենաշարը… Նույն շարքին կարելի է դասել Ակսել Բակունցին, Գուրգեն Մահարուն, Պարույր Սեւակին, Համո Սահյանին նվիրված մենագրությունները:


Հոբելյանն առիթ էր, որ մեկ անգամ էլ ընթերցենք հատվածներ նրա հեղինակած գրքերից, հոդվածներից, ուսումնասիրություններից: Եվ կրկին եկանք եզրակացության, որ Դավիթ Գասպարյանը հայ գրականության, մեր բարոյագիտության այսօրվա օրենսդիրներից է, մեր հոգեւոր հայրենիքի երեւելի բնակիչներից, մեր գրական-հասարակական-մտավոր կյանքի շինարարներից ու նորոգողներից:


Նրա համար մերժելի են պռատությունն ու սիրողականությունը: Նրա պատվախնդիր, նախանձախնդիր հայացքի զորությամբ բազում փակ էջեր բացվեցին, շատ ճշմարտություններ վեր հանվեցին, մեր հոգեւոր մեծերի շատ մտքեր վերծանվեցին ու նորովի իմաստավորվեցին:


Նա ստեղծեց արեւոտ մի երկիր, որի բնակիչներն են Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Պարույր Սեւակը, Համո Սահյանը, Սերո Խանզադյանը… Եվ այդ երկիրն իրենը չէ միայն ու մեր օրերի համար չէ միայն, այլ գալիք ժամանակների համար է նաեւ, քանի որ նրա բնակիչները հայ ժողովրդի հավերժական ուղեկիցներն են:
                                                                     ***
Արդեն նշեցինք՝ գրականության ոլորտում Սյունյաց աշխարհի մեծերի կյանքի եւ գործունեության, ինչպես եւ ժառանգության ուսումնասիրումը, վերաարժեւորումն ու հանրայնացումը եղել եւ մնում են Դավիթ Գասպարյանի ուշադրության կենտրոնում:


Տեղին ենք համարում հիշել այն գրքերն ու ուսումնասիրությունները, որոնք առավել ուշագրավ են այդ առումով:


Նրա հեղինակությամբ լույս են տեսել՝ 1) «Փակ դռների գաղտնիքը: Չարենցը, Բակունցը եւ մյուսները» (Ե.,«Ապոլոն», 1994թ.), 2) «Ակսել Բակունց, ժառանգություն» (Ե., Երեւանի պետհամալսարանի հրատարակչություն, 1999թ.), 3) «Համո Սահյան: Կյանքը եւ ստեղծագործությունը» (Ե., «Զանգակ-97», 2003թ.), 4) «Ակսել Բակունց: Կյանքը եւ ստեղծագործությունը» (Ե., «Զանգակ-97», 2009թ.):


Նրա աշխատասիրությամբ լույս է տեսել «Ալեքսանդր (Ակսել) Ստեփանի Բակունց: Մեղադրական գործ N4131» ուշագրավ գիրքը (Ե., «Հրազդան» ՍՊԸ հրատ., 1999թ.):


Եղել են նաեւ առանձին ուսումնասիրություններ, որ լույս են տեսել հետեւյալ ժողովածուներում՝ 1) Համո Սահյան (բուկլետ),Ե., 1984թ., (ռուսերեն), 2) Կյորեսի ասքը (առաջաբան). - Ա.Բակունց, Կյորես, Գորիս, 1998թ., 3) Ակսել Բակունց: Տարեգրություն. - Ա.Բակունց, Երկեր, Ե.,«Նաիրի»,1999թ., 4) Լռած զանգ է կյանքս (Համո Սահյանի հետ). - Համո Սահյան:

Բանաստեղծը, մտածողը, մարդը, Ե., «Վան Արյան», 2001թ., 5) Դավիթ Գասպարյանի Համո Սահյանը. - Հարություն Հովնաթան, Ծիածանվող հոգիներ, Ե., «Հայաստանի», 2012թ.:


Հեղինակային մատենաշարում նույնպես տեղ են գտել ե՛ւ Ա.Բակունցը, ե՛ւ Հ.Սահյանը՝ 1)Համո Սահյան: Կյանքը եւ ստեղծագործությունը, Ե., 2003թ., 2)Ակսել Բակունց: Կյանքը եւ ստեղծագործությունը, Ե., 2009թ.:
                                                                       ***
Դավիթ Գասպարյան լրջմիտ ու ծանրակշիռ գիտնականի կարծիքը յուրօրինակ նշաձող կամ կշռաքար է եղել բոլոր այն դեպքերում, երբ փորձել ենք գնահատել «Սյունյաց երկիր» թերթի գործունեությունը, երբ փորձել ենք ճշտել, թե որքանով ենք համաչափ քայլում մեր ժամանակի մարտահրավերներին:


Այդ առումով ուշագրավ են նրա մի քանի հոդվածները, դիտարկումները:


2013 թվականին, երբ նշվում էր թերթի հոբելյանը, հեղինակեց մի հետաքրքիր հոդված՝ «Տասնամյա լիություն»:


Դրանից՝ մեկ-երկու պարբերություն:


«Բացառիկ համարներն ինձ վրա տպավորվել են իրենց ընդգրկումով, մշակվածությամբ, բազմակողմանիությամբ եւ հանրագիտարանային սպառիչ ամբողջականությամբ», - գրում է Դավիթ Գասպարյանը:


Այնուհետեւ՝ ««Սյունյաց երկիր» թերթն այս ձեւով ես տեսնում եմ որպես Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմության» շարունակություն:


Թերթը լուսաբանում է մարզն ամբողջությամբ: Սկզբունքն է՝ լինել տեղում եւ ոչ թե հարցազրույցներ անցկացնել հեռախոսով եւ, առանց վերջնաստուգման, տպագրել…»:


Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի 60-ամյակի կապակցությամբ գրեց՝ ««Սյունյաց երկիր» մարզային թերթն այսօր դարձել է Սյունյաց աշխարհի դեմքը եւ կարող է իր հերթին եղանակ թելադրել ընդհանուր գրական-մշակութային ասպարեզում:


Էջ առ էջ այսօր դուք գրում եք Սյունիքի նոր ժամանակների պատմությունը, որը մի նոր եւ հավաստի սկզբնաղբյուր պետք է դառնա ապագա սերնդի համար: Ինչքան ամբողջական՝ այնքան լավ, ինչքան անկողմնակալ՝ այնքան վստահելի»:


Իհարկե, ասվածը սոսկ գնահատանք ու քաջալերանք չէ: Ասվածն ավելի շատ պարտավորեցնող խոսք է, որին ձգտում ենք արժանի լինել այսուհետ եւս:
                                                                      ***
Դավիթ Գասպարյանը քանիցս հանդես է եկել «Սյունյաց երկրի» էջերում: Չգիտենք՝ դրանք տե՞ղ
են գտել իր կենսամատենագիտության մեջ, թե՞ ոչ: Բայց այսօր ներկայացնում ենք՝


1. «Սյունյաց երկիր», 3 փետրվարի 2007թ., N03,
Հարցազրույց համարին «Այո, Չարենցի մահվան առեղծվածը կա… բայց այս խնդրում պիտի լինեն պետական լուրջ մոտեցում եւ հարազատների կամքը»,


2. «Սյունյաց երկիր», 8 հունիսի 2009թ., N13,
Հարցազրույց համարին. «Շարունակելով ազգային ավանդույթները՝ Բակունցը ստեղծեց արձակի իր տեսակը՝ բակունցյան պատմվածքը»,


3. «Սյունյաց երկիր», 30 հունիսի 2009թ., N17,
Հարցազրույց օրվա թեմաներով. «Վերադառնանք ինքներս մեզ…»,


4. «Սյունյաց երկիր», 10 դեկտեմբերի 2009թ., N23,
Հարցազրույց համարին. «Աբովյանը մեր հոգեւոր կյանքի հրապարակներից մեկն է, որտեղից ճյուղավորվում եւ սկիզբ են առնում շատ ճանապարհներ»,


5. «Սյունյաց երկիր», 26 մայիսի 2010թ., N10,
Գորիս քաղաքին նվիրված հատուկ համար, հոդված «Գրական Գորիս»,


6. «Սյունյաց երկիր», 10 հունվարի 2013թ., N1,
«Գիրք մնացորդացի ճակատագիրը». հարցազրույց. «Ցավոք, ամեն մի ժամանակ ձգտում է Չարենցին հարմարեցնել իր պատկերացումներին»,


7. «Սյունյաց երկիր», 30 հոկտեմբերի 2013թ., N28,
Շնորհավորանք՝ «Տասնամյա լիություն»,


8. «Սյունյաց երկիր», 8 ապրիլի 2014թ., N6,
Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հատուկ համար,
Հարցազրույց. «Համո Սահյանի տեղը Հովհաննես Թումանյանի կողքին է»,


9. «Սյունյաց երկիր», 15 ապրիլի 2015թ., N10,
Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համար,
Հարցազրույց. «Մեզ միավորում է ցեղասպանության հիշողությունը»,


10. Նույն համարում. հոդված «Ցեղասպանության արտացոլումն անգլիագիր հայ գրողների երկերում»,


11. «Սյունյաց երկիր», 3 դեկտեմբերի 2015թ., N32,
Սերո Խանզադյանի 100-ամյակին նվիրված համար,
Հարցազրույց. «Սերո Խանզադյանը ժամանակի առջեւ»,


12. Նույն համարում հոդված՝ «Հայաստանի գրողների միությունը ստեղծումից մինչեւ վերաստեղծման փորձերը»,


13. «Սյունյաց երկիր», 27 հուլիսի 2016թ., N22,
Շնորհավորանքի խոսք Ս.Խաչատրյանի 60-ամյակի առիթով՝ «Թող Աստված բարին կատարի»,


14. «Սյունյաց երկիր», 6 սեպտեմբերի 2016թ., N27, «Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված համար»,
հոդված՝ «Հայրենիք. բանք հայոց»,


15. «Սյունյաց երկիր», 6 փետրվարի 2016թ., N4, խոսք Սամվել Ալեքսանյանի 60-ամյակի կապակցությամբ:


Այդ հոդվածներից, հարցազրույցներից յուրաքանչյուրը խոսակցության առանձին նյութ է:
                                                                    ***
«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի, պարբերականի ու նրա կայքէջի հազարավոր ընթերցողների անունից ջերմորեն շնորհավորում ենք հոբելյարին՝ Դավիթ Գասպարյանին:


Խոսքի վարկաբեկման ու էժանացման, միջակության հաղթահանդեսի, մտավորի մերժման մեր օրերում եւ մեզանում առավել անհրաժեշտություն է Դավիթ Գասպարյան գիտնականի, զինվոր գիտնականի, սահմանապահ գիտնականի տիրական ներկայությունը: Ուստի՝ նախեւառաջ առողջություն նրան եւ ստեղծագործական հաջողություններ:


Ծնունդդ շնորհավոր, պատվական բարեկամ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19