Մեր հայրենակից Կլիմենտ Հարությունյանի երկու գիրքը Մեծ հայրենականի մասին

24.01.2020 12:48
1640

Այս տարի Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակն է լրանում, եւ հոբելյանից առաջ հաճելի անակնկալ է մատուցել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող  Կլիմենտ Հարությունյանը,  ով Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի լավագույն  հետազոտողներից մեկն է  հանրապետությունում:

Նա ընթերցողի սեղանին է դրել «Հայ զինվորները Հայրենական մեծ պատերազմում Բելոռուսիայի համար մղված մարտերում»  գիրքը` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, Բելառուսի Հանրապետության ազգային արխիվի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի փաստական հարուստ նյութի հիման վրա (մի մասը` նորահայտ)։ Հեղինակը շարադրել է հայ մարտիկների մասնակցությունը Բելոռուսիայի ազատագրության համար մղված մարտերին, որին մասնակցել է 60 հազար հայ զինվորական, նրանցից 20 հազարը զոհվել է մարտերում։

Գիրքը բացվում է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասվում է. «Այս գրքում մեզ եզակի հնարավորություն է ընձեռված ծանոթանալու քիչ հայտնի արխիվային նյութերի հետ, որոնք առնչվում են Հայրենական պատերազմի ժամանակ բելառուսական հողն ազատագրած հայ մարտիկների մասնակցությանը, ովքեր դրսեւորեցին արիություն եւ քաջություն, արժանացան զինվորական բարձր կոչման ու համաժողովրդական ճանաչման։ Ցավոք, շատերը մարտի դաշտից չվերադարձան հայրենի օջախներ»։

Գրքի շնորհանդեսը կայացել է 2019 թ. մայիսի 14-ին Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանատանը:

Երկրորդ աշխարհամարտի անմոռաց էջերից է Բրեստի հերոսական պաշտպանությունը, որ սկսվել է պատերազմի առաջին օրերից: Բրեստ ամրոցի կայազորում ծառայում էր 200 հայ զինակոչիկներ, նրանցից 76-ը ուսուցիչ էր, որոնց մի մասը՝ կապանցիներ: Ամրոցի հերոսական պաշտպանության  տարեգրության  մեջ ոսկե  տառերով է գրված Սամվել Մաթեւոսյանի անունը: Այդ դժվարին օրերի դրվագներն իր հուշագրության մեջ, որ կոչվում է «Արյունով ներկված լուսաբաց», վերակենդանացրել է Բրեստ ամրոցի ակտիվ պաշտպան Սոս Նուրիջանյանը (Կապանի Վաչագան գյուղից):

Գրքում առանձին գլուխ է հատկացվել հայ այն ռազմիկներին, ովքեր հարել են պարտիզանական շարժմանը եւ գործել են ընդհատակում: Նրանցից մեկը դասակի հրամանատար Վահան Գրիգորյանն է, ով կարողացավ ճեղքել հակառակորդի շրջափակումը եւ միանալ  բելոռուսական  պարտիզաններին: Նա մարտնչում էր Բաքվի 26 կոմիսարների անվան ջոկատում, որ գործում էր Մինսկ-Մոսկվա երկաթուղային մայրուղու վրա եւ թշնամու բազմաթիվ էշելոններ է շարքից հանել: Պատերազմի հաղթական ավարտից հետո վերադարձավ  հայրենի շրջան եւ երկար տարիներ ղեկավարեց  Կապանի ժողկրթության բաժինը, դարձավ հանրապետության վաստակավոր ուսուցիչ, պարգեւատրվեց «Պատվո նշան» շքանշանով:

Մեծ հայրենականի մասին հաջորդ գիրքը մի ընդգրկուն ուսումնասիրություն է:

«Հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի եւ Կերչի համար մղված մարտերին» գիրքը՝ երկրորդ աշխարհամարտում Ղրիմի եւ Կերչի ազատագրման մարտերում հայ ռազմիկների դերի  եւ մեծ հաղթանակում ունեցած նրանց զգալի ավանդի մասին է։

Գրքի կազմին Թամանյան դիվիզիային նվիրված հուշակոթողի նկարն է։ Ի դեպ, Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան 1943 թվականին, ազատագրելով  Թամանյան թերակղզին,  հոկտեմբերի 8-ին արժանացավ  Թամանյան պատվավոր կոչմանը: Գրքում առանձին ենթավերնագրի տակ լուսաբանվում է հայ ռազմիկների մասնակցությունը Սեւաստոպոլի հերոսական պաշտպանությանը,  ինչպես նաեւ արժեւորվում Հայկական 390-րդ դիվիզիայի դերը Կերչի համար մղված մարտերում, որն այդ արյունալի պաշտպանական կռիվներին մասնակցել է 1942 թվականի մայիսից: Ի դեպ, գրքում ճշտված են Ղրիմի եւ Կերչի  մարտերի Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած հայ ռազմիկների ցուցակը, նրանք 11-են, նաեւ Հայաստանում ծնված, ազգությամբ հույն Կոնստանտին Խաջիեւը: Ղրիմի ազատագրության ժամանակ նոր սխրանքներ գործեց  Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը, ով հետագայում (1945 թ.) արժանացավ Խորհրդային Միության հերոսի երկրորդ ոսկե աստղին:

Գիրքը լույս է տեսել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի, տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման եւ «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի աջակցությամբ: Հեղինակը նպատակահարմար է գտել գրքում հիշատակել Ղրիմի ծնունդ անվանի հայորդիներին՝  նավատորմի ադմիրալ Լազար Սերեբրյակով (Ղազար Արծաթագործյան), մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկի, երկար ժամանակ Ղրիմում է  ապրել ու ստեղծագործել կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, կոմպոզիտոր Կարա Մուրզան եւ շատ ուրիշներ:

Պիտի ավելացնել, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ինչպես Երեւանում, այնպես էլ Ղրիմում, հայկական մշակույթի օրերի շրջանակում՝  Սիմֆերոպոլում կայացած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել է Կլիմենտ Հարությունյանը։

Երկու գրքում էլ հեղինակն առանձնահատուկ ջերմությամբ է գրում Բելոռուսիայի եւ Ղրիմի ու Կերչի ազատագրությանը սյունեցիների մասնակցության մասին։

Երեւանաբնակ մեր հայրենակցին շնորհավորելով երկու գրքերի առիթով՝ ցանկացանք իմանալ,  թե ինչ ծրագրեր ունի, մանավանդ որ այս տարում Հայրենական մեծ պատերազմին առնչվող հրապարակումներ շատ կլինեն՝ կապված մեծ Հաղթանակի 75-ամյա հոբելյանի հետ:

Կ. Հարությունյանը փոխանցեց, որ 45 տարի աշխատել է Խորհրդային Միության եւ Ռուսաստանի կենտրոնական ու ռազմական արխիվներում, այդ ընթացքում ուսումնասիրել եւ հավաքել է, մասնավորապես, հայ ծովայինների մասին հսկայական փաստական նյութ: Նաեւ հայտնեց, որ օրերս տպարան է հանձնելու Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակովի մասին  գիրքը, իսկ հաջորդը նվիրված է հայ ժողովրդի զավակների մասնակցությանը Լենինգրադի հերոսական պաշտպանությունը: Նաեւ ծրագիր ունի հինգ հայ մարշալներին ներկայացնել առանձին գրքով:

Մի խոսքով, պատմաբանը, ում 80-ամյակը լրանալու է մայիսին, շարունակում է աշխատել արխիվներում եւ գրքեր հրատարակում:

 

Վահրամ Օրբելյան

 

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08