Մեր շքեղ, գեղեցիկ, հարուստ հայոց լեզուն......

20.03.2013 15:37
8892

Հարցազրույց Հարժիսի երկարամյա մանկավարժ Ամալյա Եսայանի հետ

Երկարամյա մանկավարժ Ամալյա Եսայանը ծնվել է 1938թ. Սիսիանի Թասիկ գյուղում: Ավարտելով գյուղի յոթնամյա դպրոցը` ուսումը շարունակել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում, այնուհետ սովորել է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

Ամուսնացել է Հարժիս գյուղում, ունի հինգ զավակ, որոնցից երեքը նույնպես ընտրել են մանկավարժի դժվար եւ պատվավոր ուղին:

Շուրջ հիսուն տարի Ամալյա Եսայանն աշխատել է Հարժիսի Համլետ Մինասյանի (զոհված ազատամարտիկ) անվան միջնակարգ դպրոցում` հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, սակայն երբեք չի կարեւորել կոչումները, նրա համար, ըստ էության, ամենաբարձր կոչումն իր սաների սերն ու հարգանքն է:

«Լավ ուսուցիչ լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչ դասավանդում ես, եւ սիրել նրանց, ում դասավանդում ես», - սա է երկարամյա ուսուցչուհու` փորձով ամրագրված նշանաբանը: Մարդու մեջ գնահատում է բարությունը եւ պնդում, որ կրթությունն իր մեջ պետք է անպայման ներառի բարին, որովհետեւ դրանից են կախված կրթության հաջողությունն ու արդյունավետությունը:

– Տիկի՛ն Եսայան, մանկավարժ լինելու Ձեր ընկալումը: Փոխվե՞լ են, արդյոք, մանկավարժի, դպրոցի մասին պատկերացումներն իրականության մեջ:

– Դպրոցը մշտապես եղել եւ մնալու է իբրեւ տաճար, որտեղ պետք է մտնել երկյուղածությամբ եւ մեծ պատասխանատվությամբ, քանի որ մանկավարժը գործ ունի աշակերտի հոգու եւ մտքի, նրա զգացմունքների հետ: Մանկավարժ կոչումն, իրոք, այնքան բարձր է հնչում, որ պարզապես պետք է կարողանալ մնալ այդ բարձունքի վրա: Այդ կոչումն ինձ համար, նախ եւ առաջ, հպարտություն է, մեծ պատասխանատվություն ապագա քաղաքացու, ժողովրդի առջեւ: Մանկավարժն իրավունք չունի հանգիստ քնել, եթե իր աշակերտն այդ օրը դասը լավ չի յուրացրել կամ թերացել է, կամ էլ որեւէ զանցանք է թույլ տվել: Միայն դասը մատուցելով չէ, որ մանկավարժը կարող է լավ մանկավարժ կոչվել: Նա պետք է լինի միաժամանակ ե՛ւ դաստիարակության, ե՛ւ բարոյական արժեքների գիտակից համադրողը: Ինձ համար մանկավարժի բարձր չափանիշ են եղել իմ վաստակաշատ գործընկերները` Սարգիս Վարդանյանը, Պայծառ Հովակիմյանը, Զարիկ Բաղդասարյանը, Դրաստամատ Օհանյանը, Գեւորգ Վարդանյանը, Էդիկ Մկրտչյանը, Ազատ Աղաբեկյանը…. Այսպիսի մի խոսք կա` երկրի ապագան մեր մայրերի ափերի մեջ է: Կավելացնեի` նաեւ մեր մանկավարժների ափերում է, որովհետեւ նրանք ե՛ւ կրթող են, ե՛ւ դաստիարակող, եւ եթե մանկավարժը զուրկ լինի ծնողական սիրուց, ապա պետք է հրաժեշտ տա դպրոցին:

Վերջին տարիների սոցիալական, տնտեսական, հասարակական փոթորիկներն առաջինը հողմահարեցին երկրի կրթական համակարգը: Վտանգվեց մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության` մինչ այդ արդեն կայացած գործընթացը, մանկավարժության շատ բարի ավանդույթներ մոռացվեցին: Դրանից զերծ չմնաց նաեւ մանկավարժի վայելած երբեմնի հեղինակությունը, նրա հասարակական դիրքը: Փոխվեցին նաեւ հասարակության պատկերացումները դպրոցի եւ մանկավարժի մասին: Այդ ամենը կա (ավել կամ պակաս չափով), բայց ես, կարծում եմ, լավ մանկավարժը բոլոր ժամանակներում էլ կարողանում է դիմագրավել ե՛ւ հասարակական փորձություններին, ե՛ւ պետական կարգի փոփոխություններին, ե՛ւ բոլոր տեսակի սոցիալական տատանումներին: Ուսուցչի առաքելությունը եղել եւ մնում է գիտելիք տալը եւ լավ մարդ դաստիարակելը: Ամենավառ օրինակը բերեմ. Խաչատուր Աբովյանը, որ հայ ժողովրդի մեծագույն ուսուցչապետն է եղել, ինչպիսի՜ ողբերգական ժամանակներում է ապրել եւ արարել, ինչպիսի՜ ծանր պայմաններում` թշնամանքով շրջապատված… Սակայն այդ ամենը չի խանգարել, որ նա կրթի եւ դաստիարակի այնպիսի սերունդ, որը հետագայում ազգ, մշակույթ է ձեւավորել: Ես գիտեմ շատ մանկավարժների, ովքեր կիսաքաղց են մտել դասարան-լսարաններ, մի բուռ բոված հատիկով են ողջ օրն անցկացրել, բայց այնպիսի սերունդ են կրթել ու դաստիարակել, որ նրանցով հպարտանալ կարելի է: Այդ սերունդն, անգամ խոր ծերության օրոք, չէր մոռացել իր յուրացրածը… Վերջին երկու տասնամյակում հասարակության մեջ, ինքնաբերաբար, փոխվել են պատկերացումները մանկավարժի, դպրոցի մասին: Հարգանքի պակաս եմ նկատում: Իհարկե, սա միանշանակ չէ: Ունենք գործին նվիրված, հրաշալի մանկավարժներ եւս, բայց, ցավոք, բացասականն էլ կա: Այսօրվա մանկավարժը, կարծես, «փխրուն» եւ անտարբեր է դարձել: Բողոքում են «կապերն արձակած» ներկա աշակերտությունից, իրենց աշխատանքից, դժվար կենցաղից, աշակերտների, ծնողների անբարյացակամությունից: Արդեն վեց տարի է, ինչ անցել եմ կենսաթոշակի: Մինչեւ այսօր իմ աշակերտները` նախկին եւ ներկա, սովորության համաձայն, այցելում են ինձ. գալիս-պատմում են իրենց գործերից, հոգսերից, դասերից, խորհուրդներ հարցնում: Ասելս այն է, որ ուսուցիչը պետք է սիրի իր աշակերտի մեջ մարդուն, ինչպիսին էլ որ նա լինի: Եթե մանկավարժը չփորձի հասկանալ ամենքին յուրովի, ծնողի համբերությամբ չվերաբերվի նրանց չարաճճիություններին, երբեք թող չսպասի աշակերտի կողմից հարգանք ու սեր: Ինչ խոսք, այսօրվա աշակերտի հետ էլ հեշտ չէ, նա իր հետ դպրոց է բերում մշակույթի, բարոյականության` մերօրյա աղավաղված չափանիշների մի ամբողջ անմշակ տեղեկատվություն: Մանկավարժի աշխատանքն էլ դժվարացել է` պայմանավորված գիտամշակութային, տեխնիկական զարգացումներով, սոցիալական դաշտի անհստակությամբ, վերջին տարիների շատ բացթողումներով: Բայց ես դարձյալ մնում եմ իմ կարծիքին` լավ մանկավարժը կարողանում է գլուխ հանել այդ ամենից իր բարությամբ ու սիրով, գիտելիքների իր պաշարով, վարած դասի հանդեպ պատասխանատվության զգացումով: Պետք է միշտ հիշել. աշակերտները, զգալով (իսկ նրանք հրաշալի զգում են) ուսուցչի սառնությունը, քենը, անտարբերությունը, սկսում են պարզապես ատել նրան, գլխին «օյիններ» սարքել, դասաժամը դարձնել մի կատարյալ դժոխք: Մի ասացվածք կա, ես այն այսպես կվերափոխեմ. մանկավարժը չպետք է այնքան քաղցր լինի, որ աշակերտներն իրեն կուլ տան, եւ ոչ էլ այնքան դառը, որ «գլխին նստեն», այլ արժանապատիվ (ոչ սպառնալիքներով, խստությունն էլ անհրաժեշտ է, ծնողական անքեն խստությունը): Եթե դասի ընթացքում դաստիարակության այս հարափոփոխ գունային գամման չկիրառվի մանկավարժի կողմից, աշակերտի մեջ կձեւավորվի վատ վարքագիծ: Չսիրելով ուսուցչին` աշակերտը սկսում է չսիրել նաեւ առարկան: Լավ մանկավարժ լինելը նման է լավ բժիշկ, լավ ճարտարապետ լինելուն: Սրա համար հատուկ կանոններ պետք չեն: Այդպիսին ծնվում են, եւ եթե հոգուդ մեջ կա այդ նվիրումը, ոգեշնչվածությունը, ապա միայն աշխատասիրությամբ կարող ես լիարժեք կայանալ: Ամեն վատ բան միայն տգիտությունից է: Ինչքան կիրթ լինեն մարդիկ, այնքան ավելի լավը կդառնա աշխարհը: Այս միտքն այս պահին ծնվեց, գուցե բոլորն էլ գիտեն, բայց ես սա համարում եմ մանկավարժի կարգախոսը: Կուզեմ նորից անդրադառնալ մանկավարժի մասին առկա որոշ պատկերացումների: Մեր ազգը կրթություն եւ մանկավարժ սիրող ազգ է: Մանկավարժ բառն իսկ արդեն զգաստացրել է նրան, նրան տոգորել խորին հարգանքով: Այսօր էլ մեր ժողովուրդը նույն կրթություն սիրող-գնահատողն է: Բայց, ցավոք, պետք է ասել, եթե այսօր հասարակության մեջ անհատական հարգանքի որոշ կորուստներ կան, մեղավորն ինքը` մանկավարժն է, որոշ դեպքերում էլ` կրթական համակարգի բարձիթողի վիճակը: Նախ` մանկավարժը երբեք չպետք է փող հավաքի աշակերտներից` ինչ նպատակով էլ ուզում է լինի: Երբեմն պատճառաբանում են` դասարանի կահավորումը, մասնագիտական տետրերի վաճառքը…. Հարգանքի կորուստը սկսվում է այստեղից եւ շարունակում պայմանավորվել ուսուցիչների կողմից նյութական արժեք ունեցող նվերներ վերցնելով, գնահատականների առքուվաճառքով, ծանոթ-բարեկամական կապերով, սրա-նրա «խաթրը» շահելով: Այս կարգի երեւույթներն էլ իրենց հերթին բարոյազրկում են կրթական համակարգը: Այդքան երկար տարիներ աշխատել եմ, երբեք, ծաղիկներից բացի, այլ նվեր ո՛չ ստացել եմ, ո՛չ էլ մտքովս նման բան է անցել: Այ, այս մաքրությունը պետք է վերականգնել` թեկուզ խիստ միջոցառումներ ձեռնարկելով: Սա միայն մեկ գյուղի կամ մեկ քաղաքի դպրոցին բնորոշ երեւույթ չէ, այդպիսի մանկավարժներ ամեն տեղ էլ կան, եւ, հուսամ, շատ չեն: Մանկավարժի միակ հատուցումն ու պարգեւ-գնահատականն իր սաների սերն ու հասարակության հարգանքը պետք է լինեն, որը ես հիմա էլ վայելում եմ եւ շնորհակալ եմ դրա համար: Միայն այն փաստը, որ իմ սաներն ամենուրեք, բոլոր բուհերում, հետագայում էլ` կյանքում, փայլել են հայոց լեզվից ու հայ գրականությունից, դա ինձ համար արդեն մեծ պատիվ է: Տարիներ առաջ նույնիսկ ասում էին` Հարժիսի դպրոցի շրջանավարտներին պետք է փնտրել բանասիրության, պատմության, իրավաբանության ֆակուլտետներում: Իսկ ընդունելության քննության ժամանակ մի դասախոս իմ սաներից մեկին ասել է, թե ով է եղել նրա հայոց լեզվի ուսուցիչը, ես համբուրում եմ նրա ձեռքը: Եվ այսպիսի շատ-շատ օրինակներ: Մի՞թե սա ավելին չէ, քան բոլոր կոչումներն ու նվերները միասին վերցրած:

– Տիկի՛ն Եսայան, ոմանց թվում է` եթե բժշկի, տնտեսագետի կամ այլ մասնագիտություն են ընտրել, ապա նրանց առանձնապես պետք չէ սովորել հայոց լեզու եւ գրականություն: Ի՞նչ կասեիք այդ մասին:

– Գիտեմ, կա այդպիսի բան, բայց նման ձեւով մտածող մարդիկ չարաչար սխալվում են: Հայոց լեզուն եւ հայ գրականությունը, անկախ ընտրած մասնագիտությունից, օդ ու ջրի պես անհրաժեշտ են բոլորին: Յուրաքանչյուր մասնագետ` բժիշկ թե տնտեսագետ, մարզիկ թե ինժեներ, լիարժեք պետք է տիրապետի հայոց լեզվին ու գրականությանը: Դա գրագիտության առաջին նախապայմանն է` հենց թեկուզ անգրագետ գրություններ չգրելու, շրջապատում անգրագետ մտքեր չարտահայտելու համար: Անգամ տնային տնտեսուհուն, հասարակ բանվորին, գյուղացուն էլ է անհրաժեշտ մայրենի լեզվի ու գրականության բավարար չափով իմացությունը: Դա ազգային արժանապատվության, ազգային ոգու ու հպարտության պես մի բան է: Նույն վերաբերմունքն է նաեւ ընթերցանության հանդեպ: Մինչդեռ իմ դասավանդման ընթացքում բացառիկ, ընդամենը մեկ դեպք եմ հիշում, երբ աշակերտը չէր կարդացել «Վարդանանքը», մեխանիկորեն պատմում էր, բայց ես նրան «2» նշանակեցի: 16 հոգուց 14-ը «գերազանց» էր ստանում, դասարանս հրաշալի ուղղագրություն, շարահյուսություն գիտեր, որն ուսուցանում էի իմ ուսուցչի` Կիմ Թաթարյանի մեթոդով: Հայոց լեզուն ունի 2000 կանոն, իմ աշակերտները պետք է տիրապետեին այդ բոլոր կանոններին: Նշանավոր լեզվաբան Էդուարդ Աղայանն ասում էր` առանց այդ կանոններն իմանալու հնարավոր չէ տիրապետել հայոց լեզվին: Ես հենց նրա խոսքով եմ առաջնորդվել: Մանկավարժ աշխատելուն զուգահեռ ութ տարի շարունակ եղել եմ նաեւ դպրոցի ուսմասվար: Հաճախ է պատահել, որ տնից տուն եմ այցելել` թերացող աշակերտներին դասը սովորեցնելու նպատակով: Իմ երեխաների հետ, ովքեր նաեւ իմ աշակերտներն են եղել, ավելի խիստ եմ եղել, պահանջել տասնապատիկը: Ընդհանրապես, մանկավարժի հաջողություններից մեկն էլ նրա պահանջկոտությունն է: Լիարժեք մատուցում էի դասը եւ լիարժեք էլ պահանջում: Ոչ մի զիջում` այս հարցում: Կազմակերպում էի հետաքրքիր մրցույթներ, միջոցառումներ, վիկտորինաներ` հայոց լեզվին եւ հայ գրականությանը նվիրված: Հիշում եմ, կենսաթոշակի գնալուց առաջ էլ կազմակերպեցի վերջին միջոցառում-կոմպոզիցիան` «Իմ սիրելի հայոց լեզուն» անվանումով, որը ներկայացնում էր մայրենի լեզվի անցած ուղին` գրերի գյուտից մինչ մեր օրերը: Այդ օրն իմ սաները միջոցառումը հրաժեշտի մի անմոռաց, յուրովի տոնի վերածեցին… Վերջին անգամ իմ սաների համար արտասանեցի Սիլվա Կապուտիկյանի «Խոսք` իմ որդուն» բանաստեղծությունը: Ուսուցչի կերպարը պետք է մինչեւ վերջ բարձր մնա. այն ամենամեծ օրինակն է իր աշակերտների համար:

– Դպրոցական համակարգի, մանկավարժական բարի ավանդույթների փլուզումը Ձեր աչքի առջեւ է ընթացել: Հնարավոր չէ՞ր դրա կանխումը…

– Փլուզումը հնարավոր չէր կանխել, քանի որ այն տեղի ունեցավ մի ողջ հասարակարգի փլուզման ուղեկցությամբ: Սկսվեցին սոցիալական աղետ, պատերազմ, երկրաշարժ… Ընտանիքներ մեկնեցին արտագնա աշխատանքի, ուսման հանդեպ հետաքրքրությունը նվազեց, մանկավարժը հայտնվեց այդ աղետալի պտտահողմում: Ի վերջո պետական մակարդակով կասկածի տակ առան խորհրդային մանկավարժությունը, տարեց մանկավարժների ողջ աշխատանքը: Վերջիններիս հանդեպ ձեւավորվեց խորթ աչքով նայելու վերաբերմունք: Մեծ կամք եւ ուժ էր պահանջվում արդեն կայացած մանկավարժից` բարձր պահելու իր նկարագիրը, շարունակել վարելու դասը` իր իմացած մեթոդներով: Այդքանով հանդերձ շատ բան ենք կարողացել անել, եւ փառք ու պատիվ այդ ժամանակաշրջանում աշխատած մեր բոլոր մանկավարժներին, ովքեր պատվով դուրս եկան ողջ ժողովրդի համար ստեղծված դժվարին իրավիճակից: Այժմ այլ խնդիրներ են առաջացել, բայց, միեւնույն է, վիճակն անհամեմատ կայունացել է. կառավարությունը դեմքով, կարծեք, ուզում է շրջվել դեպի դպրոցը, լուրջ մտահոգություններ են դրսեւորվում, ելքեր են մշակվում, ուսուցիչների նյութական բարելավման քայլերն էլ առկա են: Ներկա մանկավարժության ծրագրերով էլ հասցրել եմ աշխատել: Հեշտությամբ յուրացրել եմ, բայց վիճարկելի դիտարկումներ էլ եմ ունեցել: Չեմ թաքցնում. հաճախ եմ ապավինել նաեւ դասական մանկավարժության ոսկե կանոններին, մեթոդներին, որոնք ավելի լավ արդյունք են տվել: Կարծում եմ, մեր կրթական համակարգի պատասխանատուները մի օր, վաղ թե ուշ, նորից շատ հարցերում կվերադառնան մանկավարժության դասական ակունքներին եւ կսնվեն այնտեղից:

– Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել այսօրվա դպրոցը, աշակերտությանը եւ ընդհանրապես` մանկավարժին: Շուրջ կեսդարյա Ձեր բարձունքից ինչպե՞ս կգնահատեիք մեր վաղվա քաղաքացուն, որն այսօր անցնում է սոցիալական աղետների, հասարակական շերտավորումների եւ կրթական դժվարին ճանապարհ:

– Թեպետ արդեն չեմ աշխատում, բայց բազմաթիվ թելերով այսօր էլ կապված եմ դպրոցին եւ ուշադիր հետեւում եմ կրթական համակարգին առնչվող բոլոր նորություններին, տարաձայնություններին, հարազատ դպրոցիս վերաբերող ամեն անցուդարձի: Դպրոցը կուզեի, նախ եւ առաջ, կայուն գիտելիքներ տար իր սաներին, լիներ հոգեւոր մաքրության, արդարության եւ բարոյական արժեքներ կրող մի սրբավայր, ինչպիսիք եղել են հայոց հինավուրց Գլաձորի, Տաթեւի համալսարանները: Դասաժամն օգտագործվեր ռեալ եւ հիմնավոր, չլիներ վճարովի կրկնուսույցների կարիք: Երբեմն ինձ թվում է, որ ուսուցիչն ինքը միտումնավոր լավ չի աշխատում աշակերտի հետ, որպեսզի աշակերտի ծնողը, ստիպված, մի կերպ գումար հայթայթելով, դիմի կրկնուսույցի: Ուրիշ ի՞նչ կերպ մտածեմ, եթե նորմալ, փորձառու մանկավարժ է, ինչո՞ւ է սողանցք թողնում… Կուզեի` ուսուցիչը մնար իր բարձունքին, դրամական հարաբերությունները չխուժեին դպրոց, չխաթարեին նրա դեմքը, մանկավարժն էլ հարգվեր եւ գնահատվեր ըստ արժանվույն: Կան լավ մանկավարժներ, կան նաեւ «գլուխ պահողներ»: Լավի կողքին այսօր դպրոցներում անչափ ստորացուցիչ երեւույթներ էլ կան: Այս աղտը պետք է վերացվի: Ուսուցչին պետք է դիտել ինչպես սրբի, իսկ դպրոցը` սրբավայրի: Այս բարոյական մտայնությունը պետք է դավանի մեր կրթական համակարգը. գնահատի լավագույն մանկավարժներին` անկախ տարիքից, նրա բարոյական նկարագիրը բարձրացնի: Ջահելների մեջ էլ կլինեն լավի սերմեր, պետք է նրանց էլ թեւ տալ, նպաստել հեղինակության բարձրացմանը: Ցավոք, ոչ միշտ է այդպես լինում: Հաճախ, իրենց իմացած մեկին «դրոշակ» դարձրած` տնօրեններն ամենուրեք` պարգեւներ, մրցանակներ, մրցույթներ, նրան են առաջ մղում` մոռանալով, որ կողքին կան նաեւ ավելի արժանավորներ ե՛ւ հների, ե՛ւ նորերի մեջ: Պետք է վերանայվեն հայոց լեզվի թեստավորման ծրագրերը: Երբեք չպետք է աշակերտի աչքը տեսնի բառի սխալ գրելաձեւը` ճշտի կողքին, եւ փորձի դրանք զանազանել, գտնել ճիշտը: Սա աղավաղված, անհեթեթ ուսուցման ձեւ է, խրթին եւ աշակերտին շեղող: Ես ընդամենը մեկ օրինակ ասացի: Այսօր, իրոք, մեր քաղաքացին դժվար ճանապարհ է անցնում` կայանալու համար: Մի մասը մտածում է երկրից հեռանալու, ուրիշ տեղ փող աշխատելու մասին` այդպես էլ կայուն ընտանիք չկազմելով, մի մասը, որն ունի գիտելիքներ, վճարման խնդիր ունի, իսկ բուհական հաստատություններն էլ «փախցնում են» գերազանց գիտելիքների տեր շրջանավարտներին, ովքեր կարող էին վաղվա հրաշալի մասնագետներ դառնալ` տնտեսության տարբեր ոլորտներում: Արդյունքում` շատ քիչ լավերն են իրենց տեղը գտնում. այստեղ էլ ծառանում է աշխատանքի տեղավորվելու խնդիրը: Սա է իրական պատկերը, ավել կամ պակաս, բայց ես լավատես եմ, չեմ կարծում, որ այսպես շարունակվելու է: Որպես հայ կին, մայր, մանկավարժ, բնականաբար, տագնապած եմ մեր վաղվա քաղաքացու համար: Ամենամեծ տագնապս արտագաղթն է, սոցիալական անարդարությունները, սերնդի` հոգեւոր, ազգային արժեքներից շեղումը, աղանդները, արեւմուտքի մերժելի բարքերի մուտքը մեր մաքուր կենցաղ, հայ մենթալիտետի կորուստը: Թումանյանը կասեր. «Է՛հ, մի՛ խոսեցնի, աստված կսիրես, Թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ…»: Բայց, միեւնույն է, ասել եւ կրկնում եմ. ես լավատես եմ, հայ ազգը, նրա քաղաքացին անպայման կայանալու են: Մոխիրներից հառնելը մեր ազգի նշանաբանն է: Այդպիսի՞ դժվարությունների միջով ենք անցել: Կուզեի մեր կրթական համակարգում վերանայեին թվարկածս թերությունները, խելացի աշակերտը կարողանար անվճար բարձրագույն կրթություն ստանալ, պատժվեր մանկավարժին անսազական ամեն նվաստացուցիչ արարք, մանկավարժը բարձր կանգնած լիներ իր անձնական շահից, արժանապատիվ մթնոլորտ տիրեր բոլոր հայ կրթօջախներում, եւ վաղվա օրը վաղվա քաղաքացու համար հուսալի եւ երաշխավորված լիներ:

– Տիկի՛ն Եսայան, ունե՞ք բարեմաղթանք…

– Ինձ մտահոգում է մեր երկրի վիճակը, կամա-ակամա հայ կինն էլ դարձել է «քաղաքագետ»: Կուզեի մանկավարժը, դպրոցն իշխողների ձեռքին խաղաքարտ չդառնային, մանկավարժին չսպառնար աշխատանքից հեռացումը, ստորացուցիչ կախվածությունը դպրոցի, տեղական իշխանության ղեկավարներից: Ամեն դեպքում բարեմաղթանքս մեկն է. հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի եւ սրբորեն պահպանել այն ամենամեծ ժառանգությունը, որ դարերից ավանդվել է մեզ` մեր շքեղ, գեղեցիկ, հարուստ հայոց լեզուն: Եվ կպահպանենք, վստահ եմ:

Հարցազրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25