Մեր ժամանակների նախավկաներից է Ռուբեն Վարդանյանը. նա ուղղակի հետևում էր իր ճակատագրին ու առաքելությանը. Միքայել Մինասյան

25.12.2025 23:02
374

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է առաջին մարտիրոսի՝ Սուրբ Ստեփանոսի տոնը։ Այս տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա եկեղեցիները։ Թեև օրերը կարող են տարբեր լինել, բայց խորհուրդը նույնն է. Ստեփանոսն առաջինն է, ում ժողովուրդը չլսեց ու սպանեց՝ քարկոծելով։ Ստեփանոսն իր կյանքով և մարտիրոսությամբ մարմնացումն էր ճշմարտության, կամքի ու խիզախության, որի քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը և հաստատակամությունը կատաղեցնում էին փարիսեցիներին ու դպիրներին։ Նրանք Ստեփանոսին՝ որպես հայհոյիչի և հերձվածողի, դատապարտեցին մահվան։ Նաև այդ պատճառով նրան կոչում են առաջին նախավկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ամեն մի ժամանակ ծնում է իր նախավկային։ Նրանց մեծամասնությունը նաև մարտիրոսանում է։ Մեր ժամանակների նախավկաներից է Ռուբեն Վարդանյանը։ Նա ուներ բառացիորեն երկրային ամեն արժեք՝ փող, ազդեցություն, փառք, բայց որոնում էր երկու բան՝ պատմություն ու սեր: Փորձում էր փոխել հայերի պատմությունը, իր տեղը գտնել այդ պատմության մեջ և փնտրում էր հայերի սերը։

2000-ականներից սկսած՝ Ռուբեն Վարդանյանի հանրային ամբողջ գործունեությունը սիրո և պատմության որոնում էր։ Նա հավատացած էր, որ հայերը միշտ մտահոգվել են ապագայով, և այդ պատճառով նախագծեց ու հիմնեց «Հայաստան-2020» նախաձեռնությունը։ Այն միավորում էր երիտասարդներից մինչև ավագ սերունդ, որոնք իրենք պետք է ձևավորեին ապագայի հավաքական տեսլականը։

Այնուհետև նա որոշեց միս ու արյուն տալ, վերածել գործողության, դարձնել իրականություն ազգային բնավորության «առաջինը և ամենան լինելու» մղումը։ Դա նրան դուր էր գալիս՝ շատ անգամ կրելով կամ հավատալով այդ կոդին։ Եվ կառուցեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը նաև աշխարհին բացեց Տաթևի վանական համալիրը։ Այն նույնպես նրա և ընկերների խնամքով երկրորդ շնչառություն ստացավ։

Նա հավատում էր, որ ուսումը կարող է փոխել պատմությունը, և Հայաստանն ինտեգրեց ժամանակակից մրցունակ կրթական քարտեզին։ Իր պատկերացմամբ՝ աշխարհի ապագա էլիտաները երբ կրթվեին Դիլիջանի դպրոցում, արդեն հեռանալիս կունենային բոլորովին այլ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ։ Հիշողություն, սեր և երախտագիտություն, որ կուղեկցեր նրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Հայաստանը կրթում էր ոչ միայն գլոբալ էլիտային, այլև դարձնում իր համակիրը։

Նա հավատում էր, որ հայերն ունեն հատուկ առաքելություն, և Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը պետք է դառնար նաև ապագայի ցեղասպանությունները կանխարգելող, համաշխարհային մարդասիրության դրոշակակիր։ Այդ պատճառով հիմնեց «Ավրորան»։

Ռուբենն ամեն ինչում՝ գիտակցաբար կամ բնազդով, փորձում էր հետևել ժողովրդի նարատիվին, շոյել նրա սիրտը, բուժել վերքերը։ Նա սիրում էր, բայց նաև ուզում էր լինել սիրված։

Երբ Հայաստանը դեռ արժեքային ու աշխարհաքաղաքական այլ կոորդինատային համակարգում էր, ընդգծելով իր տարբերությունը մյուսներից՝ իր որդուն ուղարկեց զինծառայության Արցախ՝ փորձելով սեփական օրինակով լինել հակաթրենդ կամ իսկական թրենդ։ Ռուբենն ամեն ինչ արեց, որ արժանի լինի սիրո։ Բայց միայն քարկոծվում էր։ Եվ որքան քարկոծվում էր, որքան չէր հասկացվում, այնքան ավելի համառորեն էր փնտրում այդ սերը։

Արցախի 44-օրյա պարտությունից հետո նա, հետևելով այդ ժամանակվա թրենդին, հանձնեց ռուսական անձնագիրն ուղիղ եթերում և գնաց Արցախ։ Մարդ, որն ուներ ամեն ինչ, բարձրացավ հայրենիքի խորան։

Այդ վայրկյանից ի վեր նրա և ժողովրդի անհասկացվածությունը հասավ գագաթնակետին։ Նրան մեղադրում էին ռուսական գործակալ լինելուց մինչև Հայաստանը «Թաթարստան» վերածելու համար։ Ի տարբերություն Հայաստանի ղեկավարության՝ նա BBC-ի եթերում պաշտպանում էր հայկականությունը և հայոց էությունը, իսկ ռեժիմի պրոպագանդիստները նրան անիծում էին և մեղադրում «գուբերնիա» սարքելու պլան կազմելու համար։ Որքան շատ էր փայլում, այնքան շատ էին խամրեցնում։

Ու սա կողմերի կռիվ չէր։ Ոչ էլ սոսկ պրոպագանդիստական գրառումներ։ Այդ գրառումները կային, բայց դրանք տիրաժավորողները, համաձայնողները, մեկնաբանողները հենց այն հասարակությունն էր, որը սկզբում նրան օտարեց, հետո կասկածեց, հետո մեղադրեց, իսկ հիմա՝ մոռացավ։ Բառացիորեն՝ մոռացության մատնեց Բաքվի բերդում՝ չհասկացված ու չլսված։ Ճիշտ Ստեփանոս նախավկայի ճակատագրի պես և վկայությամբ։

Ես Ռուբենի հետ ունեցել եմ բազմաթիվ ու երկար զրույցներ. գրեթե ոչնչում երբեք միակարծիք չենք եղել։ Նրա անշեղելի հաստատակամությունը և անքննելի ժողովրդասիրությունը անծանոթը կարող էր շփոթել նայիվ կամակորության հետ։ Այսօր ակնհայտ է, որ նա ուղղակի հետևում էր իր ճակատագրին ու առաքելությանը։

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց ադրբեջանական ֆիլմ Ռուբենի մասին։ Ֆիլմում նրա մասին ադրբեջանահաճո հարցազրույց էր տվել Արցախի զորքերի առաջին հրամանատար, տխրահռչակ Սամվել Բաբայանը, ով 1994 թվականի զինադադարից հետո իր կյանքով և էությամբ միայն վնաս է տվել Արցախին՝ թալանելով, բռնաբարելով և վարկաբեկելով արցախցուն։ Բացի նրանից՝ ևս մի քանի հայ էին խոսում այդ ֆիլմում։

Այդ մարդիկ առանց խղճի խայթի, առանց ամոթի Երևանում հալածում են Հայաստանի ամենամեծ բարերարներից մեկին, որն ամեն ինչ արել է Հայաստանի ու Արցախի համար, որին Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների օպերացիայի արդյունքում բանտարկել ու տարել են Բաքու, որտեղ դատավարական ֆարսով ցանկանում են ցմահ դատապարտել։ Եվ այդ ֆարսը աշխարհին համոզիչ թվալու համար ստեղծում են պրոպագանդիստական ֆիլմ ու օգտագործում են հենց հայերին՝ հայերի ամենամեծ բարերարին բանտարկելու համար՝ զգուշացնելով նաև մյուս հայ բարերարներին՝ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում։

Այդ ֆիլմում խոսում է Սամվել Բաբայանը, ով Նիկոլ Փաշինյանի հետ Արցախը կործանելուց հետո կարողացավ հայ-ադրբեջանական հատուկ ծառայությունների համատեղ օպերացիայի արդյունքում անխոչընդոտ գալ Հայաստան՝ ի տարբերություն Ղարաբաղի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների, ու հիմա ազատ շրջել Երևանում ու բանսարկել հայ ժողովրդի ամենամեծ բարերարներից մեկին։ Ու այս ամենը՝ ազգային ու պետական բացարձակ լռության, մոռացության և անտարբերության ներքո։

Պատմությունն ու ճակատագիրն առեղծվածային են։ Քչերը նկատեցին, որ Ստեփանակերտում, որն անվանակոչվել էր Ստեփան Շահումյանի պատվին, ում կնքել էին Ստեփանոս նախավկայի անունով, փակվեց հայկական հարցի նախավերջին էջը, որը բացվել էր Սան Ստեֆանո քաղաքում...

Այսօր Սուրբ Ստեփանոս նախավկայի օրն է՝ առաջին մարտիրոսի, որին ժողովուրդը քարկոծեց իր գործերի ու ճշմարտությունն ասելու համար...»,- գրել է Մինասյանը:

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10