Զբոսանքից նոր տուն եկած 2 ամսական Կարենը սենյակը լցնում է աշխույժ լացով։ Մերին շրջվում է դեպի մահճակալը, որտեղ պառկած է փոքրիկը։ Մեր զրույցը, կարծես, կենդանություն է առնում նրա լացից։
Այս մայիսի 7-ին Կապանում Մերի Մեժլումյանը տղա է ունեցել՝ 50 սմ հասակով եւ 2850 գրամ քաշով Կարենին։ Փոքրիկը ժամկետից երկու շաբաթ շուտ է ծնվել, Մերիի խոսքով՝ իր նման «վռազ» է եղել։
Մի քանի օր պայմանավորվում էինք խոսել Մերիի հետ, բայց մեր զրույցը պիտի տեղավորվեր Կարենի քնելու, կաթ ուտելու եւ զբոսանքի արանքներում։
Մերին ոտքով ուղղում է հեռախոսի էկրանն ու հարմարավետ տեղավորվում զրույցի համար։ Համավարակի պատճառով մեր զրույցը հեռավար է։
Նույնիսկ տեղի ունեցած դեպքից 27 տարի անց Մերին հարցնում է ինքն իրեն, թե ինչու դա տեղի ունեցավ հենց իր հետ։ Հետո ինքն էլ գտնում է պատասխանը. երեւի ոչ ոք չէր կարող հաղթահարել էդ ամեն ինչը, եւ Աստված ինձ բաժին տվեց այդ դժվարությունը։
1993-ի հուլիսի 23-ին Կապանում թշնամու ինքնաթիռից նետված կասետային ռումբի պայթյունից 7-ամյա աղջիկը կորցրեց երկու ձեռքերն ու աջ ոտքի մի մասը: Ասում է՝ մի փոքրիկ շան հետ էր խաղում, հետո ուզել էր գնալ ջուր խմելու, ու հանկարծ ռումբը պայթեց: Ընկել էր, ձեռքերը դրել էր գետնին, բայց դրանք ուղղակի հալվել էին:
Դեպքից հետո մեկուկես տարի Մերին տանն էր մնում, կաշկանդվում էր փողոց դուրս գալ, որ մարդիկ հանկարծ իրեն չնայեին։ Ծնողներին առաջարկ էր արվել, որ ուսուցիչներին դաս տալու համար տուն հրավիրեն, բայց հայրը թույլ չէր տվել, ասել էր, որ դուստրը պիտի դուրս գա, շփվի մարդկանց հետ։ Մերին ժամանակի ընթացքում հաղթահարեց փողոց դուրս գալու, մարդկանց աչքին երեւալու բարդույթը։
Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, մասնագիտությամբ տնտեսագետ է։
Արդեն մի քանի տարի Մերին հրաժարվում է պրոթեզավորումից։ Ասում է՝ մի պրոթեզը թեթեւ էր, ոչինչ անել չէր լինում, մյուսն էլ չափազանց ծանր է, դժվար է պահելը։ Իսկ որդու ծնվելուց հետո դրանք առավել անհարմար են, քանի որ շատ կոշտ են՝ երեխային գրկելու համար։ Իսկ լավ եւ կիրառական պրոթեզները, ըստ Մերիի, չափազանց թանկ են։
Ժպիտով է պատմում, որ երբ պրոթեզները դնում է, շատերը զարմացած նայում են իրեն՝ դրանք շփոթելով ձեռքերի հետ։ Անգամ պատահել է, որ Կապանի երթուղային տաքսու մեջ խնդրել են գումարը փոխանցել վարորդին։
«Որ նեղվում եմ, ցույց չեմ տալիս, գիշերն են հուզիչ պահերը լինում, երբ մենակ եմ, մտքերիս մեջ դեպքս եմ հիշում եւ միշտ մտածում եմ՝ ինչի՞, ինչի՞ հենց ինձ հետ եղավ։ Երեւի ամենաուժեղն էի, դրա համար, էն մնացածը գուցե չհաղթահարեին»,- մեր նախորդ զրույցներից մեկում ասել էր Մերին։ Հետո պատմել էր հարեւանի տղայի մասին, ով հաշմանդամություն ունի եւ սայլակով է տեղաշարժվում. «Իրեն նայելուց ես հաշմանդամություն չեմ զգում, պիտի ոչ մի բանից չթուլանաս, մեկ է՝ կյանքում ամեն ինչ էլ մարդու համար է։ Գիտեմ, որ էսօր կարող է մի բան սեւ լինի, վաղն անպայման սպիտակ կլինի, էն որ ասում են՝ անձրեւից հետո արեւը միշտ կա, որ մի բան վատ է լինում իմ կյանքում, ասում եմ՝ հո էսպես չի մնալու։ Կյանքն էլ անցողիկ է, էսպես չի մնա»։
Երկու տարի առաջ՝ Նոր տարվա նախօրեին, Մերիենց հյուրասենյակում զրուցում էինք։ Տոնածառն արդեն զարդարել էին, եւ Մերին ամեն անգամվա պես երազանք էր պահել։
Այդ օրն էլ զրույցի ընթացքում ասաց, որ հայրն իր թուլությունն է, եւ չի պատկերացնում, թե նրա չլինելուց հետո ո՞նց է ապրելու։ Դրա համար էլ ցանկանում էր իր երեխան ու անկյունն ունենալ։
Հիմա Մերիի երազանքները ամուր թելերով կապվել են որդու հետ։ Ասում է՝ կարեւորն այն է, որ որդին բարի մարդ լինի։ «Մինչեւ Կարենն ասում էի, որ ուժեղ մարդ եմ, իսկ հիմա հասկանում եմ, որ կրկնակի ուժեղ եմ դարձել։ Էլ ոչ ոք, ոչինչ չի կարող հաղթել ինձ»,- շեշտում է Մերին՝ կրկին ժպտալով։
Կարենը փոխել է նրա կյանքը։ Օրն աննկատ է անցնում՝ որդուն կերակրելով, լողացնելով, զբոսանքով։ «Կարենչիկն ամենահանգիստն իմ կողքին է քնում։ Քնած ժամանակ մեկ էլ տեսնում ես՝ ժպտում է կամ սկսում է լացել։ Ինքը, կարծես, հասկանում է ինձ»,- ասում է Մերին ու ավելացնում, որ առաջին օրվանից Կարենին ինքն է կերակրել. կա՛մ պառկած է կերակրում, կա՛մ սեղանին՝ ինքը կանգնած վիճակում։ Իհարկե, ասում է, այդքան կանգնած մնալը հեշտ չէ, բայց հարմարվել է։ Կարեւորը, ըստ նրա, երեխայի համար լավ լինի։
«Արդեն գիտեմ, թե ում համար եմ ապրում։ Մինչեւ Կարենը չէի ապրում, հիմա ապրում եմ, գիտեմ, թե ինչի եմ ծնվել, թե Աստված ինչի ինձ էսքան պահեց։ Ես 6 ամսական 3 շաբաթականում եմ ծնվել՝ 900 գրամ քաշով, հետո ռմբակոծության տակ եմ ընկել ու էլի ապրել եմ...»,- ասում է Մերին։
Այս մայիսին Մերին դարձավ 35 տարեկան։ Իր կյանքի ժամանակը, ասես, բաժանել է երկու մասի՝ մինչեւ Կարենն ու Կարենից հետո։ Ասում է՝ մինչեւ որդուն ունենալը մտածում էր, թե ինչի համար էին այդքան դժվարությունները, իսկ հիմա հասկանում է, որ այդ ճանապարհը պիտի անցներ որդուն հասնելու համար։
Երբ հարցնում եմ, թե հիմա ինչ դժվարություններ ունի, միանգամից պատասխանում է՝ ցանկացած խնդիր այլեւս դժվար չէ հաղթահարել, որովհետեւ իր կյանքի գլխավոր նպատակը կատարվել է՝ մայրացել է։ Ֆինանսական դժվարություններն էլ լուծելի են, ըստ նրա, եւ կարեւորը հոգեպես խաղաղ լինելն է։
Մերին ամսական ստանում է 25.600 դրամ հաշմանդամության թոշակ։ Մինչ օրս այդպես էլ չի կարողացել փոխել հաշմանդամության կարգավիճակը։ Նրա հաշմանդամության տեղեկանքում գրված է՝ «հաշմանդամություն առաջացնող պատճառը՝ մանկուց հիվանդ», մինչդեռ նա հաշմանդամ է դարձել պատերազմի հետեւանքով։ Ասում է՝ անհաշիվ նամակներ է գրել տարբեր գերատեսչությունների, սակայն ոչինչ չի փոխվել։ Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություներ։
«Մարդիկ պիտի նայեն ինձ ու ծիծաղեն իրենց խնդիրների վրա։ Երբ նայում եմ կողքից, թե մարդիկ ոնց են տրտնջում իրենց խնդիրներից, զարմանալի է թվում։ Իրենք չեն գնահատում էն, ինչ ունեն»,- ասում է Մերին:
Այս տարիների ընթացքում սովորել է ոտքով սուրճ պատրաստել, մազերը հարդարել։
-Ճաշեր էլ եմ պատրաստում, չգիտեի՞ր։
-Ի՞նչ ճաշեր ես պատրաստում։
-Ինչ ասես, մենակ տոլմա փաթաթել ու կարտոֆիլ կլպել չեմ կարողանում, էն էլ որ ուղեղս մի քիչ աշխատեցնեմ, դա էլ կսովորեմ։ Արդուկ էլ եմ անում ոտքով։
Որդու խնամքի հարցում մտածում է որոշ բաներ ինքնուրույն անել, բայց դրա համար դեռ ժամանակ է պետք։ Ինչպես ինքն է ասում, որ ուղեղը մի քիչ աշխատեցնի, ձեւերը կգտնի։ «Բայց դե ամեն դեպքում Կարենչիկի խնամքի համար կողքից ինձ ձեռքեր են պետք»,- նշում է նա, ապա եւ նկատում, թե Կարենի ծնունդն իրեն թեւեր է տվել։
«Երազում եմ, որ Կարենը շատ լավ մարդ դառնա։ Երկրորդը՝ շատ լավ մասնագիտություն ունենա, որ մամայի մեջքին հզոր սար լինի։ Ուզում եմ, որ Կարենի հետ անհոգ ապրեմ։ Լավ աշխատանք լինի, Կարենս ու ես անբաժան լինենք»,- երազանքների մասին ասում է Մերին։