Մեռնող ձորերը

21.10.2016 17:17
1963

Անցո՛րդ, դու երբեւէ եղել ես Ծիծեռնավանքում: Այնտեղ գնալու երկու ճանապարհ կա. մեկը Խանածախ պատմական գյուղով է, իսկ մյուսը՝ Զաբուղի կամրջի մոտից Աղավնո գետի կեռմանները մեկիկ-մեկիկ կրկնող, նրա կողքով մեկնված ճանապարհով: Բայց այսօր խոսքը վանքի մասին չէ, այլ նրա մոտ տանող երկրորդ ճանապարհն ու ձորը զարդարող, նրա պատերին, պարիսպներին, քսվող երբեմնի Աղավնո գետի: Գետը ահա քանի տարի է՝ «այնտեղ չէ: Այն գողացել են, տարել, թաքցրել»:

Աղջիկս երեք տարեկան էր: Ինչպես բոլոր փոքրերին, նրան էլ էինք հեքիաթ պատմում: Պատմում էր մայրը, պատմում էի ես: Մի օր էլ նա դիմեց ինձ՝ կուզե՞ս, քեզ հեքիաթ պատմեմ: Պատմիր: Ու նա սկսեց: «Մի անգամ աթոռը գնում է անտառ… »: Սպասիր, սպասիր, աթոռն ինչպե՞ս կարող է գնալ անտառ: Դստրիկս հակադարձեց՝ բա նա ոտքեր չունի՞: Երկաթյա տրամաբանություն: Ես լռեցի, ու նա շարունակեց…

Այս տրամաբանությամբ, եթե ձորերը կանաչում, շնչում են, ասել է թե՝ ապրում են, ուրեմն կարող են նաեւ մեռնել: Ու… մեռնում են: Այո, մեր աչքի առաջ մեռնում են Վարարակն գետի հունի Գորիս-Ծակեր հատվածի, կամ ինչպես ընդունված է ասել, Քարահունջի այգիների եւ ազատագրված տարածքի Ծիծեռնավանք-Զաբուղի կամուրջ հատվածի Աղավնո գետի հունի ձորերը: Բայց չէ, ճիշտ չեմ, ոչ թե մահանում են, այլ սպանում ենք, որովհետեւ բռնություն ենք կիրառում…

Տասնյակ տարիներ առաջ՝ անցած դարի 60-ականներին, Գորիսի շրջան է այցելում Անաստաս Միկոյանը: Տեղ գյուղում աշխատավորների հետ հանդիպելուց հետո ցանկություն է հայտնում թեկուզ հեռվից նայել դեպի Ղարաբաղ-Արցախ: Նրան ուղեկցում են Աղավնո գետի հուն նայող բարձունք: Մի քանի րոպե հայացքը դեպի Արցախ հառելուց հետո դառնում է ու շարժվելով դեպի ավտոմեքենա, բոլորին լսելի ձայնով ռուսերեն արտասանում. «Времена, времена, да, азербайджанские большевики оказались умнее наших… »: (Հ.Սիմոնյան, «Ինչպես եղել է», Երեւան-2016թ.): Մերօրյա հերոսներն ուղղեցին 20-ական թվականների հայ բոլշեւիկների սխալը, ուղղեցին, որպեսզի վայ հերոսներն էլ սպանեն ազատագրված ձորը: Այո, եթե ձորից գողանում, խլում ես նրան սնող, սնուցող, շունչ ու կենդանություն տվող նրա զարդը՝ գետը , ուրեմն սպանում ես նրան:

Մանկությանս օրերին, երբ այդ տարածքներում թուրքեր էին ապրում, հաճախ եմ եղել Աղավնո գետի հենց այդ հատվածի ափերին, հորս հետ ուռկանով ձուկ որսացել, երիտասարդությանս տարիներին էլ ընկերներով լողացել գետում, վայելել գետափին Խնձորեսկի խոջա Սարգիսի թթենու այգու քաղցրահամ պտուղները: Թուրքերը լավ գիտեին, որ այդ այգիները մեր պապերի հիմնածն են, ծպտուն չէին հանում: Այդտեղ ծառեր կային, որոնց բների հաստությունը երկու մարդու գրկաչափից էլ հաստ էր:

20 տարուց ավելի է, ինչ տարածաշրջանն ազատագրված է: Գետի ափերին նախկին թուրքաբնակ բոլոր գյուղերը չէ, որ բնակեցված են, իսկ բնակեցված գյուղերից յուրաքանչյուրում էլ ապրում է 10-12 ընտանիք: Նրանց ահից Գորիսի տարածաշրջանի Խոզնավար, Վաղատուր եւ Խանածախ գյուղերի անասնապահները փորձ էլ չեն անում անասուններն իջեցնել գետի վերին հատվածները՝ ջրելու, տարածքի նոր սեփականատերերը թույլ չեն տալիս: Սա, իհարկե, զրույցի այլ թեմա է: Հիմա նորից դառնանք ձորի Ծիծեռնավանք-կամուրջ հատվածին:

Այս հատվածի մահը, ավելի ճիշտ կլինի ասել՝ կլինիկական մահը, վրա է հասել տարածաշրջանն ազատագրելուց անմիջապես հետո: Երբ տարածքը դարձավ մերը, ասել է թե՝ ոչ մեկինը, սկսվեց կանաչ հատվածի ջարդը: Սկզբում զոհ գնացին գետի աջ ափի խնձորենու զանգվածային այգիները: Դաժան որս էր գնում հատկապես ընկուզենու ծառերի նկատմամբ: Պատճառն արտերկրում դրա փայտանյութին տրվող բարձր գինն էր: Այդ ձեւով ձորում զոհվեցին հարյուրավոր ընկուզենիներ: Դրանց մեջ կային այնպիսի դարավոր հսկաներ, որոնցից յուրաքանչյուրը բերքառատ տարում տոննային մոտ բերք էր տալիս: Չար լեզուներն ասում են, թե ծառերի այդ տեսակի որսը շարունակվում է այսօր էլ, բայց արդեն տարածաշրջանի անտառային հատվածում: Պտղատու ծառերի հատումն ավարտելուց հետո տարածքում բնակվածները ձեռքները զարկեցին գետի հետ եկած սերմերից նրա աջ ու ահյակ ափերին աճած բարդենու եւ ուռենու ծառերի ոչնչացմանը: Դրանք որպես էժան վառելափայտ վաճառվում էին տարածաշրջանի գյուղերում: Կարճ ժամանակում այդ գործն էլ «հորով մորով» արեցին: Մնաց որբացած, հագուստ-կապուստից զրկված գետը: Այ, գետի եւ ձորի այս վիճակն եմ կլինիկական մահվան վիճակ համարում: Եթե գետը հանգիստ թողնեին՝ ինքն իրեն կվերականգնվեր: Բայց չէ, չեն թողնում: Ջրի բերած սերմերից գլուխ բարձրացնող շիվերը մեկ-երկու տարի անց նորից հատվում են, այս անգամ էլ որպես լոբու կամ բոստանային այլ մշակաբույսերի հենափայտ: Բայց դե՝  աստված բեթարից փրկի: Գետի համար եկան ավելի վատ օրեր: Գտնվեցին մարդիկ, ովքեր կարողացան համոզել բնապահպանության նախարարության կամ նմանատիպ կազմակերպությանը փոխարինող կառույցների ղեկավարներին, որ շրջակա միջավայրի, գետի եւ հանրային շահերից ելնելով անհրաժեշտ է Ծիծեռնավանք-Զաբուղի կամուրջ 12 կիլոմետրանոց հատվածի վրա 4 հիդրոէլեկտրակայան կառուցել, որ դա շրջակա միջավայրին ոչ մի վնաս չի հասցնի, դրանից ծառերը չեն չորանա, գետի ֆաունան չի փոխվի: Մի խոսքով՝ դա արվել է ու դեռ արվում է՝ ելնելով երկրի ու շրջակա միջավայրի գերակա շահերից: Մնում է հիշել հայտնի ֆիլմի հայտնի հերոսի խոսքերը՝ մարդիկ ո՞նց չեն ամաչում իրենց կերած հացից:

Առաջին անգամ ձորն այս վիճակում տեսնելիս հիշեցի երիտասարդությանս տարիներին կարդացած մի արձակ բանաստեղծություն: Ահա այն. «Արեւը լցվել էր ձորը, սիրահարվել ջրերին: Ջրերն այդ սիրուց խենթացան, ջրերն այդ սիրուց եթեր բարձրացան: Ձորը կողոպտվեց, ձորը որբացավ: Մեռնում էր ձորը, եւ փրկող չկար»:

Ահա այսպես Աղավնո գետի կլինիկական մահը փոխակերպվեց իրական մահվան: Գետը սարերից իջնում, իր դարավոր հունով հոսում, հասնում է դարերի տարիք ունեցող Ծիծեռնավանքի մոտ, այնտեղ ծունկ տալիս, ու… «վերջանում»: Այստեղից գետը գողանում են, գետը չքանում է, կարծես աշխարհահռչակ աճպարար Դեւիդ Կոպերֆիլդի ձեռքն է հասել եւ ընդմիշտ վերացրել գետը: Բայց իրականում Կոպերֆիլդի փոխարեն այդ գործը կատարել են գործարար մարդիկ: Նրանք փակել են գետի հունը, ստիպել նրան մինչեւ վերջին կաթիլը մտնել երկաթյա խողովակների մեջ, իսկ այդ խողովակներն էլ թաքցրել հողի տակ: Ու հիմա ջրից, ծառերից, կանաչից զրկված ձորում քամին է խաղում, որը երբեմն-երբեմն պոկում է նախկին գետի ջրերից ողորկ դարձած քարերի վրա չորացած-մնացած ջրիմուռը, թափ տալիս դրանք եւ ի վերջո պոկում, քշում, տանում: Ձորում մնացած գորտերի աչքը վաղուց է դուրս եկել: Ձորում գորտ էլ չկա: Շատ քիչ բան կա, որ հիշեցնում է, թե այդտեղով երբեւէ ջուր է հոսել: Մնացած ամեն ինչ հուշում է, թե այդտեղով կարծես թուրք է անցել:

Սրանից քիչ բանով է տարբերվում Վարարակն գետի Գորիս-Ծակեր հատվածի վիճակը: Այս գետակի վրա առաջին հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 20-րդ դարի սկզբներին: Այն ցարական Ռուսաստանի նմանատիպ առաջին հանգույցներից էր, իսկ Անդրկովկասում՝ հավանաբար առաջինը: Ակ.Բակունցը պատմում է, որ կայանն էլեկտրականությունով սնում էր քաղաքի մեծահարուստներին եւ մեկ էլ քաղաքի այսպես կոչված արդյունաբերության առաջնեկներին՝ լիմոնադի եւ կոճակի գործարանին: Ի դեպ, հիդրոէլեկտրակայանն այսօր էլ գործում է: Մի քանի տարի առաջ գործարար մարդիկ գտնվեցին, որոնք նախաձեռնեցին հիդրոէլեկտրակայանների արդեն կասկադի կառուցումը: Առաջին հէկի համար նրանք տեղանք ընտրեցին ձորի ամենահարավային հատվածը:

Հասկանալի է, որ ամեն ինչ արվեց հավուր պատշաճի, ասել է թե օրենքով: Նախ նախաձեռնողները կարողացան համոզել պետական համապատասխան կազմակերպություններին, որ շրջակա միջավայրին նրանք «ոչ մի վնաս» չեն հասցնում ու օրինական փաստաթղթեր ձեռք բերեցին: Երկրորդ քայլով պայմանագրեր կնքեցին տվյալ տարածքի այգիների սեփականատերերի հետ՝ նրանց հողակտորներին հասցվելիք վնասի փոխհատուցման մասին (թվով 12 պայմանագիր) ու գործի անցան:

Առաջին կայանը կառուցելիս գետակի ձախ ափի սարալանջի այգիների թթենու եւ ընկուզենու ծառերն արմատախիլ արվեցին՝ աշխատող տեխնիկայի համար ճանապարհ, ինչպես նաեւ ջրի խողովակաշարի համար խրամուղի բացելու նպատակով: Դրանից հետո, ինչպես ասում են, մնացածը տեխնիկայի հարց էր:

Գետակը խողովակների մեջ առան, բարձրացրին սարալանջով, որպեսզի ջրի անկման անկյունը մեծ լինի, ու բարձրությունից ջուրը բաց թողեցին, ասելով՝ թող լինի լույս: Ու եղավ լույս, ու եղավ նաեւ փող: Տեսան, որ լավ է, ու ծպտուն հանող էլ չկա՝ շարունակեցին:

Այսօր մեր ակնարկած հատվածում գործում է երեք նմանատիպ կայան, իսկ մեկն էլ կառուցման ընթացքի մեջ է: Շրջակա միջավայրի պահպանության, այս դեպքում Քարահունջի անուն հանած այգիների պահպանության համար մեր կարծիքով առաջին հերթին պետք է շահագրգիռ վերաբերմունք ու պատասխանատու լինի հենց Քարահունջի համայնքը: Համայնքի ղեկավարի՝ Լուսինե Ավետյանի հետ հանդիպել մեզ չհաջողվեց, բայց կարողացանք հեռախոսազրույց ունենալ: Իմանալով մեր նպատակը, նա հարկ համարեց նախ ակնարկել, թե ում են պատկանում այդ կայանները, հավանաբար մտածելով, որ դա որոշակի ազդեցություն կթողնի մեզ վրա: Ըստ տիկին Ավետյանի՝ կառուցողները կատարել են այգիների սեփականատերերի հետ կնքված պայմանագրերով նախատեսված բոլոր պարտավորությունները, տված վնասի համար դրամական փոխհատուցում ապահովել, այգիների, բանջարանոցների ոռոգման համար ջրատար առուներ կառուցել, դրան էլ գումարած լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել՝ յուրաքանչյուր կայանի հաշվով ութ աշխատատեղ: Ամեն ինչ լավ է, գայլերը կուշտ են՝ ոչխարները՝ ողջ: Միայն չգիտես ինչու այգիների սեփականատերերը չեն բաժանում գյուղապետի լավատեսությունը:

Մի դիտարկում եւս: Հասկանալի է, որ բնապահպանության նախարարությունը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ վիճակի համար պատասխանատու հանրապետական մարմինները նման աշխատանքներ կատարելու համար կանխավ տվել են իրենց համաձայնությունը: Վերջին տարիներին մեր հարուստ լեզվի բառապաշարին մի օտարածին բառ էլ է ավելացել՝ մոնիտորինգ, որը զարմանալիորեն միշտ չէ, որ օգտագործում ենք թարգմանաբար: Եթե թարգմանենք, կնշանակի ստուգում, վերահսկում: Ակամայից հարցեր են ծնվում, թե ինչու կառուցման իրավունք տվող փաստաթղթերը ստորագրելուց հետո մոնիտորինգ չի կատարվում, չի ստուգվում գործերի իրական վիճակը, թե՞ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Իսկ եթե այդ մոնիտորինգ ասվածն իրականացվել է ու պարզել, որ ամեն ինչ նորմալ է, ապա դա շատ աննորմալ է: Փորձեցինք տիեզերքից կատարված լուսանկարման միջոցով պարզել ակնարկված ձորերի նշված հատվածների իրական վիճակը, բայց համացանցում հասկանալի պատճառներով ռեալ ժամանակով այդ տեղանքների պատկերները բացակայում էին: Եղած լուսանկարները ցույց են տալիս պատկերը Աղավնո գետի տարածքում 2001թ. վիճակում, երբ ձորում գետ կար, իսկ նրա ափերին՝ ծառեր…

Հ.Գ.

Չգիտեմ ինչու, բայց համոզված եմ, որ գրածս դարձյալ մնալու է որպես ձայն բարբառո հանապատի, որովհետեւ այս մասին միայն ես չէ, որ բարձրաձայնում եմ, եւ ոչ էլ առաջին անգամ է խոսվում: Ավելին, մենք խոսում ենք, իսկ մարդիկ շարունակում են իրենց «հայրենաշեն» աշխատանքը: Այս տողերը գրելիս հանրային հեռուստացույցով (09.04.16, 20.05.16) ցուցադրում էին «Գառնի» հասարակական կազմակերպության բողոքի հուսահատ ցույցը՝ արգելելու Գառնիի կիրճում հերթական ծառահատումը, ձորի ավերումը: Շինարարությունը ղեկավարող աշխղեկն արմատախիլ ծառերի ֆոնին հայտնում էր, որ իրենք ծառեր չեն հատում: Ճիշտ է, նրանք ծառերը չէին հատում, դրանք արմատախիլ էին անում:

Մտածում եմ, գոնե կանաչների միությունն արձագանքի: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափ օգնելու նրանց՝ շոշափվող թեմայով վավերագրական ֆիլմ-փաստաթուղթ ստեղծել: Հայտնի բան է, լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

16 հուլիսի 2016թ. 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06