Մի անգամ Սիսիանում

13.07.2014 15:32
2368

Իրապատում


ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Սիսիանը որպես քաղաք, բնակատեղի մեր ժողովրդի համար պետք է մասունքի նման մի բան լինի: Դրա բոլոր իրավունքները նա ունի: Եթե ընդունում ենք, որ այն կրում է Հայկ Նահապետի թոռ Սիսակի անունը, ուրեմն Սիսիանը համարյա մեր ժողովրդի հասակակիցն է ու մեր նահապետի հիշատակն իր մեջ ամփոփողը: Նմանատիպ մի ուրիշ բնակավայր, էլ չեմ ասում քաղաք՝ չգիտեմ:

Վաղուց Սիսիանում չէի եղել: Շնորհակալությամբ ընդունեցի ընկերոջս առաջարկը՝ գնալու այնտեղ՝ մեր հին բարեկամներից մեկի ընտանեկան տոնին:

Երեւան տանող մայրուղուց թեքվում ենք ձախ եւ խճապատ ճանապարհով մոտենում քաղաքին: Մոտ 20 տարի առաջ նույնպես այս ճանապարհով էինք գնում, այնպես որ կարող եմ ասել, թե ծանոթ եմ ամբողջ ճանապարհի դարուփոսերին: 20 տարում, սակայն, դրանք բազմապատկվել են: Հիմա այդ ճանապարհով անցնելու համար ե՛ւ մեքենայից, ե՛ւ վարորդից մեծ ջանք է պահանջվում: Մոտ մեկ կիլոմետր անցնելուց հետո, ճանապարհից աջ՝ 200-250 մետր հեռավորության վրա, երեւում են հայտնի Զորաց քարերը: Հայացքս դրանց վրա է, բայց ընկերս, ինչպես ասում են, փեշս է քաշում ու հայացքով հակառակ կողմը ցույց տալիս: Ա՜յ քեզ բան: Ճանապարհից ձախ` բայց ճանապարհին ավելի մոտ Զորաց քարերի անհաջող նմանակումն է, կամ մաթեմատիկական սխալ պրոյեկտումը: Էլիպսի մոտ 80-100մ մեծ տրամագծով շարված են 1.5-2մ, գուցե եւ ավելի բարձր, յուրաքանչյուրը մի քանի տոննանոց քարաբեկորներ: Իմ տարակուսած հայացքին ընկերս պատասխանում է անիմաստ կամ էլ բազմիմաստ ժպիտով, որը կնշանակի` բա՞: Մեքենայում երեքով ենք: Մեր երրորդ ընկերոջ համար տեսածս նորություն չէ: Իմ մի քանի կցկտուր հարցերին նմանատիպ պատասխաններ ստանալուց հետո լռում եմ: Մտնում ենք քաղաք, երեկոյան Ժամը 7-ն է:

Խնդրում եմ մեքենան դանդաղ վարել: Կարծես առաջին անգամ եմ Սիսիանում: Հայացքս դիմապակուց աջ ու ձախ եմ տեղափոխում` ծանոթ պատկեր է, ամեն ինչ ավելի վատ է, քան քսան տարի առաջ էր: Ավելացել է միայն մեծ պոետի արձանը, որն իր կենտրոնացված, սեւեռուն հայացքով հետեւում է քաղաքի հոգնած ընթացքին: Փողոցների աջ ու ձախ մասերում, մայթերին սեղմված հատուկենտ մարդատար ավտոմեքենաներ են կանգնած: Մարդ չի երեւում: Տպավորություն է ստեղծվում, թե քաղաքի բնակիչներն ինչ-որ տեղ են գնացել:

Մեր մեքենան թեքվում է աջ եւ անցնելով կամուրջը` հայտնվում Սիսիանի Աջափնյակում կամ քաղաքի երկրորդ կենտրոնում (այս կամրջով անցնելու համար նույնպես ե՛ւ վարորդից, ե՛ւ մեքենայից մեծ ջանք է պահանջվում): Այստեղ արդեն մարդիկ են երեւում: Մի փոքր խումբ կանգնած է բանջարեղենի խանութի մոտ, նրանից հեռու՝ ծառերի տակ, քարերին նստած երիտասարդները թուղթ են խաղում: Մտնում ենք բնակելի շենքերի բակը: Շարժվում ենք շատ դանդաղ, ինչպես ասում են, զրոյի վրա: Մեղավորը ճանապարհն է: Այն որպես այդպիսին` չկա: Փոսեր են, մեկը մյուսին կպած փոսեր, այնքան շատ, որ թվում է՝ գտնվում ենք անմարդաբնակ մի վայրում, որտեղ օրեր առաջ հեղեղ կամ տարերային աղետ է եղել: Շենքերի բակում, ծառերի տակ 3-7 տարեկան երեխաներ են խաղում, աստվածային գեղեցկության երեխաներ: Մեքենան կանգնեցնում ենք, իջնում: Մեզ սպասում են:

Սիսիանից վերադառնալուց անցել է մոտ մեկ ամիս: Բայց տեսածս ինձ հանգիստ չի տալիս: Ա՜յ մարդ, իսկապես զարմանալի ժողովուրդ ենք: Մեր պատմության մեջ ունեցել ենք 13 մայրաքաղաք: Դա քիչ է, ունենք նաեւ հայրաքաղաք, մշակութային մայրաքաղաք, մեր Արշակ արքան էլ ուզում էր հիմնել գեղեցիկ, էլիտար բնակիչներով մայրաքաղաք: Երեւան մայրաքաղաքի տասնյակ գրախանութներ վերացնում եւ դրանց տեղում հացատուն կամ դեղատուն ենք բացում, իսկ Երեւանը հայտարարում գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հիմա էլ Սիսիան ավանդապահ, երկրապահ սիրուն քաղաքի սիրուն երիտասարդությանը ցրել ենք աշխարհով մեկ, հետո էլ Սիսիանը հայտարարել երկրի երիտասարդական մայրաքաղաք: Ի՞նչ դիպուկ է ասել Դերենիկ Դեմիրճյանը, թե` հայի չափը` անչափն է:

Մոտ քառասուն տարի առաջ դարձյալ Սիսիանում էի: Այդ օրերին Սիսիանը հանրապետական նշանակության քաղաքի կոչում էր ստացել: Տեղաբնակ բարեկամներիցս մեկն այդ առիթով ծնված անեկդոտ պատմեց. սիսիանցի տատիկը պատասխանում է թոռան նամակին ու նամակի վերջում ավելացնում` մենք լավ ենք, առողջ, համ էլ Սիսիանին քաղաքի կոչում են տվել, շոգից խեղդվում ենք:

Չգիտեմ երիտասարդական մայրաքաղաք ասելու տակ ով ինչ է հասկանում, բայց ես հասկանում եմ, որ այդպիսի կոչում շնորհողները նախեւառաջ պետք է մտածեին այս գողտրիկ քաղաքում երիտասարդության կյանքի, աշխատանքի, նորմալ գործունեության համար այնպիսի պայմաններ ստեղծել, որը քաղաքը շահեկանորեն առանձնանար հանրապետության իր նման այլ բնակավայրերից, ու դա պետք է նկատելի լիներ անզեն աչքով:

Այցելեք Սիսիան, զինվեք լավագույն ցանկություններով ու մեկնումեկին փորձեք համոզել, որ այն ինչ-որ բանով տարբերվում է հանրապետության, մարզի մյուս, բոլորի կողմից մոռացված քաղաքներից: Իսկ եթե տարբերվում է, ապա միայն քարուքանդ, երեկոյան ժամը յոթից հետո ամայի փողոցներով եւ նրանով, որ մյուս քաղաքների նման երիտասարդական մայրաքաղաքն էլ արագորեն դատարկվում է երիտասարդներից:

Այստեղ էլ գեղեցիկ առանձնատներից շատերի դարպասների ճակատները «զարդարում» է «վաճառվում է» տհաճ բովանդակությամբ բառը: Այս ամենի մեջ թերեւս միակ ձեռբերումն այն է, որ այդ առիթով հարգարժան մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի կողմից ստեղծվել է Սիսիանին ձոնված, քաղաքն իսկապես բնութագրող մի հրաշալի երգ:

Մի քանի խոսք էլ Զորաց քարերի հարեւանությամբ տնկված անճոռնի քարերի մասին: Նման բան նախաձեռնող-իրականացնողը պետք է որ շատ զորավոր անհատ լիներ, թե չէ ո՞վ թույլ կտար սովորական մահկանացուին նման ինքնագործունեությամբ զբաղվել: Իսկ գուցե ինքնագործունեություն չէ, այլ ամեն ինչ համաձայնեցված է «վերեւների» հետ: Գուցե: Կամ էլ հողը մարդու սեփականությունն է, դե նա էլ ծառ չի տնկել, քար է տնկել:

Լավ, մենք` հեչ: Զորաց քարերը` Քարահունջը տեսնելու համար ամեն տարի տարածք են այցելում հազարավոր արտասահմանցի զբոսաշրջիկներ, տասնյակ գիտական արշավախմբեր: Տեսնես նրանք ի՞նչ գնահատական են տալիս տեսածին: Նրանց ուղեկցող էքսկուրսավարն ինչպե՞ս է բացատրում նոր քարերի ի հայտ գալը, ծնունդը: Նման բազմաթիվ հարցեր են ծագում, ծնվում, ու ոչ մեկին չես կարող շատ թե քիչ խելքը գլխին պատասխան գտնել: Եվ չնայած դրան` նոր ենթադրություններ ու հարցեր են առաջ գալիս: Գուցե նոր քարերը «ստեղծվել են» ապագա պատմաբաններին «թյուրիմացության մեջ» գցելու համա՞ր, թե ո՞րն է սրանցից «իսկականը»: Ի՞նչ իմանաս:

Կարծում եմ այս երեւույթի վերաբերյալ իրենց անլուրջ վերաբերմունքը կվերանայեն մարզպետարանի եւ Սիսիանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները, մշակույթի նախարարությունը, պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացնող պետական լիազոր մարմինը: Ու այդ ամենը կարվի Սիսական աշխարհի մտավորականության հսկող հայացքի ներքո:

Հասկանալի է, ընթերցողն ասածներիս մեջ նաեւ հումոր է նկատում: Այժմ՝ առանց հումորի: Նոր քարերի դրվածքի հեղինակը, անտարակույս, հայրենասեր մարդ է, շատ է սիրում Սիսիանի հողն ու ջուրը, պատմությունը. այդպես եմ կարծում: Ու այն, ինչ արել է, արել է սիրով, իր եզերքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավելու բարի նպատակով եւ այդ ամենի վրա ծախսել հսկայական միջոցներ: Պատկերացնո՞ւմ եք, թե մարդկային ինչ ջանք, աշխատանք է անհրաժեշտ մեկ քարաբեկորը հանքից հանելու, շատ թե քիչ մշակման ենթարկելու, տեղափոխելու ու տեղադրելու համար: Իսկ այդպիսի քարաբեկորներն այնտեղ քսանից ավելի են: Ակամայից մտածում եմ, իսկ եթե այդ միջոցները, ջանքերն ուղղվեին Սիսիան քաղաքի քարուքանդ փողոցներից, բակերից գոնե մեկ-երկուսը կարգի բերելո՞ւն:

Հա, մի հարց էլ է ինձ մտահոգում. երիտասարդության մայրաքաղաքի փողոցները պարբերաբար մաքրվո՞ւմ են, թե՞ ոչ:

Պատկերացնո՞ւմ եք, թե որքան գեղեցիկ կլիներ Սիսիանը, եթե փողոցները, մայթերն ու բակերը կանոնավոր մաքրվեին, եթե հրաշալի եւ անզուգական ջրային հայելիները գարշահոտության հավերժական ակունք չլինեին եւ ծառայեին իրենց նպատակին:

Դույզն իսկ չեմ կասկածում, որ այս տողերը կարդացողներից շատերը եւ հատկապես սիսիանցի իմ բարեկամները բարձրաձայն իրենց դժգոհությունն են արտահայտելու, նաեւ հայհոյելու են ինձ, բայց հենց մենակ կամ երկու հոգով մնան՝ գուցե եւ բարձրաձայն ասեն` բայց դե ճիշտ է ասում…

ՔՊ վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, Գորիսի «Լաստիկալ» ռեստորանում հավաք է կազմակերպել. ովքեր են ներկա

11.07.2025 20:37

Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն. Անահիտ Ավանեսյան

11.07.2025 19:47

Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան

11.07.2025 18:29

Տոլորսի պատմության ոսկեղենիկ էջերը

11.07.2025 15:11

«Զանգեզուրի միջանցք». Սեղանին 3 փաստաթուղթ կա. Ալեքսանդր Իսկանդարյան

11.07.2025 15:08

ԵՄ դիտորդական առաքելությունը հանձնառու է հետևել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և աջակցել տարածաշրջանում կայունությանը

11.07.2025 15:02

Փակելու են մեր ճանապարհը դեպի Սյունիք, ինչը կնշանակի, որ Տիգրանաշենը մտնում է այդ պայմանավորվածության մեջ. Արամ Սարգսյան

11.07.2025 14:55

Ողջ Սյունիքը կորցնելու վտանգ կա. Վիտալի Միլոնովը՝ Ալիևի և Փաշինյանի բանակցությունների մասին

11.07.2025 14:25

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում «սխալների» համար, պատրաստ է վերսկսել բանակցությունները. Արաղչի

11.07.2025 14:18

Երևանին և Բաքվին կոչ ենք անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրումը. ԵՄ ներկայացուցիչ Անիտա Հիպեր

11.07.2025 14:11

Viva-ն մագաղաթյա բացառիկ Ավետարան է ընծայաբերել Մատենադարանին (Լուսանկարներ, Տեսանյութ)

11.07.2025 12:22

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Գալուզին

11.07.2025 12:20