Մի քանի տարի հետո մարզում չվերանորոգված դպրոց չի լինելու

26.03.2015 22:00
2502

Մարտի 24-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով Սյունիքում էր: Գորիսի N4 ավագ դպրոց այցելելուց հետո նախարարը Գորիսի դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիպեց մարզի կրթության ոլորտի պատասխանատուների հետ:

Իր ելույթում ԿԳ նախարարը ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել այս տարվա ընթացքում եւ հետագա տարիներին՝ շեշտը դնելով նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության խնդիրների վրա: Որպես առաջնային խնդիր նա համարվեց ՀՀ-ում պարտադիր կրթության նվազագույն շեմի բարձրացումը:

Նա մտահոգիչ համարեց հանգամանքը, որ հանրապետությունում տարեկան 4-4.5 հազար երեխա, ավարտելով 9-րդ դասարանը, կրթությունը ոչ մի տեղ չի շարունակում: «Իրականում սա բավականին լուրջ խնդիր է մեզ համար, քանի որ այդ երեխաները, չշարունակելով միջնակարգ կրթությունը, չստանալով մասնագիտական որակավորում, ապագայում դատապարտվում են ցածր աշխատավարձով աշխատանք ունենալուն, զրկվում հեռանկար ունենալուց: Բացի դրանից՝ վիճակագրական տվյալներով ամենաշատ օրինախախտումը 9-12-րդ դասարանների տարիքային խմբի երեխաների շրջանում կատարում են նրանք, ովքեր 9-րդ դասարանն ավարտելուց հետո իրենց կրթությունը ոչ մի տեղ չեն շարունակում», - նշեց նախարարը եւ հավելեց, որ պետության համար կարեւորագույն խնդիր է այդ երեխաների համար իրենց նպատակին ծառայող կրթական ծառայությունների մատուցումը: Պարտադիր կրթությունն իրականացնելու համար պետությունը նախանցյալ տարվանից հոգում է  միջին մասնագիտական կրթություն ստանալու ցանկություն ունեցող երեխաների ֆինանսական ծախսերը: Ի վերջո, պետք է հասնենք նրան, որ միջին մասնագիտական կրթությունն ամբողջովին իրականացվի պետպատվերի շրջանակներում: Այն համայնքներում, որտեղ հասանելի չի լինի մասնագիտական կրթություն, նախատեսվում է միջնակարգ դպրոցների համար մշակել արհեստագործական հոսքի ծրագիր, որտեղ նվազագույնին կհասցվեն հանրակրթական առարկաների չափորոշիչները՝ շեշտը դնելով մասնագիտական կրթության որակի վրա:

Այս տարվանից մեծ ուշադրություն են սկսել դարձնել նաեւ ՀՀ-ում ներառական կրթության հետագա զարգացմանը: Ըստ անցյալ տարի համապատասխան փոփոխություններով եւ լրացումներով ընդունված փաստաթղթերի հսկայական փաթեթի՝ 2025թ. ՀՀ-ում պետք է լինի համընդհանուր ներառական կրթական համակարգ: Այդ տեսակետից մարզը նույնպես ունի պիլոտային ծրագրեր, թեպետ որոշ դպրոցներում այդ առումով արդեն առկա է աշխատանքային փորձ եւ համագործակցություն միջազգային կառույցների հետ:

Նախարարը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի տրամադրած նոր վարկային ծրագրի հիմնական ուղղությունը լինելու է ավագ դպրոցների հզորացումն ու կայացումը. հանրապետությունում ամեն տարի մեկ-երկու ավագ դպրոց կարդիականացվի: Վարկային ծրագրի երկրորդ ուղղությունն ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի վերանայումն է լինելու, որ բավականին աշխատատար է եւ պահանջելու է մասնագիտական խիստ մոտեցում: Նախարարը նշեց, որ 1-12-րդ դասարանների առարկայական ծրագրերը բավականին բարդ են, միջառարկայական կապերը հստակ ընդգծված չեն, ինչպես նաեւ բնագիտական առարկաները, կարծեք, անուշադրության են մատնվել, ինչը նկատելի է ընդունելության քննություններից (դիմորդների ճնշող մեծամասնությունը նախապատվությունը տալիս է հումանիտար գիտություններին, իսկ բնագիտական մասնագիտությունները, որ ունեն ռազմավարական կարեւոր նշանակություն, հետին պլան են մղվել): Այս ամենի հանրագումարում կունենանք հանրակրթական նոր ծրագրեր, որ կհանգեցնի դասագրքերի վերանայման, ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտության:

Պետության առաջնային ծրագրերից են նաեւ միջնակարգ եւ ավագ դպրոցներում վիրտուալ լաբորատորիաների ստեղծումը, դպրոցների համակարգչային համակազմի, հատկապես ավագ դպրոցների նյութագույքային թարմացումը: Նախատեսվում է ուսումնական գույք տրամադրել նաեւ այն միջնակարգ դպրոցներին, որտեղ ավագ դասարաններում սովորում է 100-ից ավելի աշակերտ:
Խոսելով միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին՝ Ա.Աշոտյանը նշեց, որ պետությունն ամեն հնարավորն անում է այդտեղ ստեղծված համակարգային խոչընդոտները վերացնելու համար:

Նախարարի հավաստմամբ՝ լուրջ աշխատանքներ են տարվում նաեւ նախակրթարանների կայացման համար: «Այն համայնքներում, որտեղ նախակրթարաններ չկան, պետությունը պատրաստ է համայնքի 10 տոկոսի ներդրման դեպքում հիմնել նախակրթարան: Ցանկալի է, որ դրանք ստեղծվեն դպրոցի հիմքի վրա, քանի որ այդ դեպքում նախակրթարանի սանն արդեն աշակերտ է համարվում եւ աջակցություն ստանում պետբյուջեից: Համայնքային մանկապարտեզների հիմքի վրա ստեղծված նախակրթարանները ֆինանսավորվում են բացառապես համայնքային բյուջեից, եւ համայնքը պիտի հաշվարկի իր ծախսերը՝ արդյո՞ք կարող է նախակրթարան պահել», - հավելեց նա:

Որպես վերջաբան նախարարը նշեց, որ, չնայած բազում խոչընդոտների, Սյունիքի մարզում կրթության որակը բարձր է, ոսկե մեդալակիրների թվով անցյալ տարի մարզն առաջինն էր, որ վկայում է մարզի եւ մայրաքաղաքի դպրոցների՝ միեւնույն հարթության վրա գտնվելու մասին: Նա առանձնահատուկ նշեց Գորիսի N4 եւ Սիսիանի N3 ավագ դպրոցների բարձր ցուցանիշների մասին:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, պետության կայացման գործում կարեւորելով դպրոցի նշանակությունը, նշեց, որ տնօրենների եւ ուսուցիչների խնդիրը, նախեւառաջ, կրթության բարձր որակի ապահովումն է: «Մենք պիտի գիտակցենք, որ աշխարհի բոլոր խաչմերուկներում գիտելիքի հեղափոխություն է, եւ պիտի կարողանանք բանավիճել աշխարհի իմաստասերների հետ: Ես հասկանում եմ, որ այսօր բազում դժվարություններ կան, բայց մենք պետք է ըմբռնումով մոտենանք դրանց. 25 տարի է՝ շրջափակման մեջ ենք, եւ բնավ էլ հեշտ չէ այդպիսի պայմաններում միանգամից բոլոր խնդիրները լուծել», - նշեց մարզպետը: Նա վստահեցրեց, որ մի քանի տարի հետո Սյունիքի մարզում չվերանորոգված դպրոց չի լինելու:

Նախարարն ու մարզպետը պատվոգրեր հանձնեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում առաջին տեղ զբաղեցրած 43 աշակերտի, ովքեր մարզպետի կողմից արժանացան դրամական պարգեւի (բացի մարզային փուլում հաղթողներից՝ դրամական պարգեւ ստացան նաեւ հանրապետական փուլում մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից մրցանակային տեղ զբաղեցրած աշակերտները): Մարզպետը համոզմունք հայտնեց, որ մարզային փուլում հաղթողները հանրապետական փուլում նույնպես բարձր ցուցանիշներ կգրանցեն՝ եւս մեկ անգամ հանրապետությունում հնչեցնելով մարզի անունը:

Նախարարի հաջորդ կանգառը Սիսիանի N5 հիմնական դպրոցն էր, որտեղ, չնայած ցուրտ եղանակին, տիրում էր ջերմ մթնոլորտ: Ինչպես դպրոցի տնօրեն Գոհար Հայրապետյանը նշեց, օրը երիցս պատմական էր՝ պայմանավորված ԿԳ նախարարի այցելությամբ, արձանախմբի բացմամբ եւ նմանատիպ միջոցառման կազմակերպմամբ: «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով միջոցառումը, որ յուրօրինակ ու հետաքրքիր մոտեցմամբ էր ներկայացնում Եղեռնի զոհերի ոգեկոչումը, համահունչ էր դպրոցի բակում բացված արձանների դիմաց աշակերտների գեղեցիկ ելույթներին:

Խաչաղբյուրի բացման պատիվը տրվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որից հետո աշակերտներն աշխարհի չորս ծագերին վարուժանական տողերով խաղաղություն, բերրիություն, առատություն եւ պտղաբերություն մաղթեցին:

Հովհաննես Թումանյանի կիսանդրու շուրջը թումանյանական հերոսներն էին ու բառ ու բանը, հայրենիքի հավերժության կոչը: Իսկ Ակսել Բակունցի կիսանդրու շուրջը կորսված հայրենիքի հազրոյական կարոտն էր, որ թեւածելով համակում էր բոլորին: Գրիգոր Զոհրապի կիսանդրին, որ դեռ կկանգնեցվի, ներկաներին կհիշեցնի մեծ արձակագրի եւ քաղաքական գործչի՝ Հայոց ցեղասպանության համար պատասխան տալու հայերիս արդար պահանջը: Կոմիտասի արձանի շուրջ հավաքվածներն ունկնդրեցին կոմիտասյան գեղեցիկ մշակմամբ կատարումներ: Դե իսկ Դպրության խոնարհ սյուներ հուշարձանի առաջ արդեն տառաճանաչ առաջին դասարանցիները երդվեցին անաղարտ պահել մայրենի լեզուն: Ի դեպ, տնօրենի տեղեկացմամբ՝ արդեն քանի տարի է՝ իրենց դպրոցում ավանդույթ են դարձել առաջին եւ իններորդ դասարանցիների երդման արարողությունները: 9-րդ դասարանն ավարտող աշակերտները, հրաժեշտ տալով հիմնական դպրոցին, երդվում են հարազատ մնալ իրենց կրթօջախին, անաղարտ պահել մայրենին եւ հայրենիքի համար պիտանի մարդ դառնալ:

ԿԳ նախարարը բավականին դրական գնահատեց արձանախմբի բացումը՝ շեշտելով, որ նախաձեռնությունը ողջունելի է եւ, բնականաբար, ունի դաստիարակչական կարեւոր նշանակություն երեխաների համար: Նա խոստացավ դպրոցին նվիրել հինգ համակարգիչ: «Մենք ունենք հրաշալի սերունդ, որին պիտի ճիշտ ձեւով դաստիարակել եւ կրթել՝ վաղվա բարեկեցիկ ապագան կերտելու համար: Մեր պարտավորությունն է այս հրաշք երեխաների համար ստեղծել լավագույն պայմաններ՝ վաղվա պիտանի քաղաքացու ձեւավորման համար», -  եզրափակեց իր խոսքը նախարարը:

Վերջում նշենք, որ արձանախմբի տեղադրման մտահղացման հեղինակը դպրոցի նախկին տնօրեն Հովիկ Ալեքսանյանն է, իսկ քանդակագործը լուսահոգի Իվան Սիմոնյանն է, որի գործը կշարունակի որդին՝ Հայկ Սիմոնյանը (վերջինս ավարտին կհասցնի Գրիգոր Զոհրապի կիսանդրու կերտումը):

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39