Միջազգային կառույցները պետք է պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ, քանի որ մնացած քայլերն անօգուտ են․ իրավապաշտպան

25.01.2024 23:08
668

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հաղորդեցին, որ Արցախի՝ Բաքվում գերության մեջ գտնվող, ապօրինի կալանավորված նախկին նախագահների և ռազմական, պետական մյուս գործիչների կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 4 ամսով։ Թեմային շուրջ NEWS.am-ը զրուցել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է նման որոշման պատճառը:

Որոշումը կանխատեսելի էր, քանի որ Ադրբեջանում դատական համակարգը ինքնուրույն չի արձագանքում հայերին վերաբերող գործերին: Ապօրինաբար Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները քաղբանտարկյալներ են և պատժվում են իրենց  զբաղեցրած պաշտոնների և օրինական գործունեության համար: Ռուբեն Վարդանյանի պարագայում  դա կապված է նաև  նրա մարդասիրական, բարեգործական գործունության հետ:

Ինչպես ռազմագերիների պարագայում են շինծու մեղադրանքներն ուղարկվել  դատարաններ, և վերջինները վավերացրել են դրանք՝ դառնալով գործադիր իշխանության որոշումները դակող մարմիններ, այնպես էլ, անխուսափելիորեն, այս ութ գործիչների մասով են նման դատավարություններ կանխատեսվում՝ հաշվի առնելով, որ միջազգային ուշադրությունն ավելի մեծ է լինելու ութի պարագայում: Եվ քանի որ գործերը փաստերից և ապացույցներից զուրկ են, կալանքը ևս  չորս ամսով  երկարաձգվում  է՝  կեղծարարության գործարանը աշխատացնելու նպատակով:

Պետք է հաշվի առնել նաև, որ այս փուլը համընկնում է Ադրբեջանում նախընտրական շրջանի հետ, և, միգուցե, նպատկահարամար չէին համարում այս փուլում  դատավարություններ անցկացնել: Նրանք հիմա  քարոզչական նպատակով են այս գործերն օգտագործում, և դրա վառ օրինակը վերջերս ապօրինի կերպով, անհատական  տվյալների պաշպանության  խախտումներով մեր հայրենակիցների  լուսանկարների տարածումն էր:  Փոխարենը որևէ կերպ նրանց իրական վիճակը չի լուսաբանվում, չկա հանրային պատշաճ հաշվետվողականություն, ինչը ենթադրում է անկախ մարմինների մուտքի ապահովում որոշակի պարբերականությամբ, ժամկետի նշումով  և այլն:

Ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ սկզբում հայտարարվեց Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցի ժամկետի երկարաձգման մասին, իսկ հետո արդեն՝ մնացած յոթ գործիչների: Ինչ-որ միտում  տեսնո՞ւմ եք այստեղ:

Առաջինը, կարծում եմ, փորձում են պահել ձերբակալման ժամանակագրությունը, քանի որ առաջինը ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը,  և նրա խափանման միջոցի ժամկետը  մի քանի օր ավելի վաղ էր ավարտվելու:

Մյուս պատճառը, ըստ ամենայնի, Վարդանյանի ավելի հայտնի լինելն է:  Դրանով փորձել են հարցին ավելի մեծ հնչեղություն տալ, ավելի մեծ քաղաքական օգուտներ ստանալ, ինչպես նաև, ինչու ոչ, ճնշում գործադրել ողջ հայության վրա, քանի որ Վարդանյանը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:

Ստացվում  է՝ Ադրբեջանն անարգել երկարաձգում է ապօրինի գերեվարված ՀՀ քաղաքացիների կալանքի ժամկետը, եւ որեւէ լծակ չկա դրան հակազդելու: Ի՞նչ պետք է անեն այս դեպքում Հայաստանը եւ միջազգային հանրությունը: Ի՞նչ պետք է անել՝ միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի այդ աղաղակող խախտումների  վրա հրավիրելու համար:

Պետք է հաշվի առնել, որ գործ ունենք ավտորիտար ռեժիմի հետ, որտեղ չկա դատական համակարգ, հետևաբար, չենք կարող իրավաչափ սպասումներ ունենալ, որ դատական համակարգը կհակակշռի գործադիր իշխանության ապօրինություններին: Այս առումով, ցավոք, հակազդելու միջոցներ Ադրբեջանում չկան, այստեղ իրավունքների խախտումները մասշտաբային են, ժողովրդավարական արժեքներն անտեսվում են, և դա ակնառու էր նաև Ադրբեջան-Եվրոպական կառույցներ հարաբերություններում, ինչն անգամ հանգեցրեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցմանը: Սա վերահստատում է, որ այս երկրում մարդու իրավունքների խախտումներին հակազդող մեխանիզմներ գոյություն չունեն: Մենք տեսնում ենք, թե ինչպես է անգամ մարդու իրավունքների պաշտպանը լեգիտիմացնում այդ խախտումները:

Հիմնական ճանապարհը մնում է միջազգային ուշադրությունը. մասնակի որոշ խնդիրներ լուծված են Եվրոպական դատարանի միջոցով: Միջազգային հանությունը, սակայն, պետք է ինտենսիվացնի իր քաղաքական ճնշումները՝ ստիպելով Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները: Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես դիվանագիտություն և արտաքին քաղաքականություն իրականացնող սուբյեկտ, ինտենսիվ դիավանագիտական աշխատանք պետք է կատարի: Այստեղ  կարևոր նշանակություն  ունեն նաև մարդու իրավունքներով զբաղվող  կառույցները, որոնք խախատումները փաստագրելու, արձանագրելու, միջազգային կառույցներին ներկայացնելու միջոցով պահանջատեր կլինեն, որ արձագանքը լինի արագ ու խիստ, և միջազգային  կառույցներն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն օգտագործեն, այդ թվում նաև՝ պատժամիջոցների գործիքները, քանի որ փափուկ գործիքներն անօգուտ են  ավտորիտար Ադրբեջանի  պարագայում:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24