Միջազգային շուկայում մեծանում է Շամբի ձեռնարկությունների արտադրանքի պահանջարկը

11.10.2014 16:37
3753

Չորս տարի է` Շամբի ձեռնարկությունները դանդաղ, բայց վստահ քայլերով իրենց տեղն են գտնում ոչ միայն հայաստանյան շուկայում, այլեւ` արտասահմանյան: «Սյունյաց երկիր» թերթը պարբերաբար անդրադառնում է Տատնի հանքային ջրերի («Արսեն եւ Ներսես» ՍՊԸ) եւ Շամբի պահածոների («Շամբ բիզնես» ՍՊԸ) գործարաններին եւ ամեն անգամ հաճելիորեն արձանագրում դրանց ձեռքբերումները: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ գործարանները հասել են զարգացման այն մակարդակին, որ միջազգային շուկայում իրենց արտադրանքի պահանջարկն աստիճանաբար մեծանում է:

Ձեռնարկությունները գործում են 2010 թվականից: Հասկանալի է, որ դրա համար հարկավոր էին մեծ միջոցներ, եւ դիմեցին վարկերի օգնությանը: Բնական է` մեծ շուկա մտնելու համար բավականին երկար ճանապարհ պետք է անցնել, եւ եթե ասենք, որ միանգամից հնարավոր է հաջողության հասնել, չափազանցություն կլինի:

Անցյալ տարվանից հատկապես Տատնի հանքային ջրերի գործարանի «Դարբաս» լիմոնադներն ու շշալցված ջրերն արտահանվում են ԱՄՆ: Այն պահին, երբ այցելեցինք գործարան, փաթեթավորվում էր ջրերի ու լիմոնադների հենց այն խմբաքանակը, որ պիտի ուղարկվեր ԱՄՆ:

««Դարբաս» լիմոնադի 4 տեսակ եւ շշալցված ջրեր ենք ուղարկում, ապրանքն այստեղից տանում են գործարանային գներով, փոխադրումը կատարվում է պատվիրատուի կողմից: Մոտ 20 օրվա ընթացքում այն արդեն լինում է տեղում, պիտանելիության ժամկետը 6 ամսից 1 տարի է, այնպես որ այս հարցում խնդիր չունենք», – նշում է «Ներսես եւ Արսեն» ՍՊԸ տնօրեն Ներսես Ստեփանյանը:

Հայտնի ճշմարտություն է, որ Հայաստանը հիմնականում ներկրող երկիր է, եւ մեր ազգի համար պատիվ է, երբ հայկական արտադրատեսակն իր տեղն է գտնում միջազգային շուկայում: Բացի տեղական լիցենզիայից` գործարանները ստացել են նաեւ միջազգային լիցենզիա, որի համաձայն` նրանց արտադրանքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին եւ կարող է արտահանվել: Շուկան ընդլայնվել է, եւ այժմ լիմոնադներն ու շշալցված ջրերն արտահանում են Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Բելգիա, ԱՄՆ, Պարսկաստան: Հեշտ չէ միջազգային շուկա դուրս գալը, քանի որ արտադրանքը պիտի համապատասխանի միջազգային չափանիշներին, հատկապես պիտակին գրված չափորոշիչները պիտի համապատասխանեն տվյալ երկրներում անցկացվող լաբորատոր ստուգումներին:

«Այս պահին չենք հասցնում որոշ պատվերներ կատարել, բայց պետք է նշեմ, որ հայաստանյան պատվերներն առաջնային պլանում են», – նշեց տնօրենը: Ամսական միջին հաշվով մոտ 300 տոննա լիմոնադ եւ ջուր են արտադրում, որից միայն 40 տոննա` Հայաստանի համար: 2013թ. օգոստոսի 1-ի դրությամբ ուղարկել են 1000 տոննա լիմոնադ եւ ջուր, իսկ այս տարի` նույն ժամանակահատվածում` 1260 տոննա: «Մայրաքաղաք ուղարկելու հիմնական խնդիրն այն է, որ պատվիրատուները շատ հաճախ ստվերային գործունեություն են ծավալում եւ խուսափում են ապրանքագիր ներկայացնելուց: Մինչդեռ Սյունիքում հարմարվել են մեր աշխատելաոճին եւ գիտեն, որ մենք ոչ մի շիշ առանց ապրանքագրի չենք տալիս: Մեկ անգամ էլ եմ ասել` ես նույնիսկ մեկ շիշ ջուր, առանց մուտքագրելու, մեր տուն չեմ տանում», – նշեց տնօրենը:

Փոխադրման ընթացքում, իհարկե, ունենում են դժվարություններ, մանավանդ այս տարի Վերին Լարսի ճանապարհի` որոշ ժամանակով փակ լինելը որոշակի խնդիրներ առաջացրեց:

Վերջերս ՀՀ գյուղնախարարին ՌԴ գյուղնախարարի ուղարկած պաշտոնական նամակում մասնավորապես նշվում էր, որ հայկական արտադրանքը պահանջարկ է վայելում Ռուսաստանի Դաշնությունում, եւ նրանք պատրաստ են աջակցել Հայաստանին գյուղմթերքի իրացման գործընթացում: Հետաքրքիր է, արդյո՞ք այդ իրավիճակում իրենք նոր առաջարկ ստացել են: Այդ հարցին ահա թե ինչ պատասխանեց Ներսես Ստեփանյանը. «Ռուսաստանը տնտեսական կապերը, կարելի է ասել, խզել է եվրոպական երկրների հետ եւ հայացքն ուղղել դեպի մեր տարածաշրջան: Դեռեւս մեզ այդ հարցով առաջարկ չեն ներկայացրել: Առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն մեզ համար, եթե Մաքսային միության անդամ դառնանք: Պետք է նշեմ, որ պետությունը մեզ աջակցում է հատկապես ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելով: Ամեն օր գյուղնախարարությունից հարցում են անում մեր կատարած աշխատանքների մասին»:

Շամբի պահածոների գործարանը նույնպես ընդլայնում է սպառման շուկան` իր արտադրանքն արտահանելով Ռուսաստան, Բելգիա, պատվեր ունեն նաեւ ԱՄՆ-ից, Պարսկաստանից:

Պահածոների, մուրաբաների մեծ մասը մարտ ամսին արդեն սպառվել էր: Նշենք, որ պահածոների, մուրաբաների, մրգահյութերի մոտ 70 տեսակ են արտադրում եւ իրացման խնդիր չունեն: «Եթե անկեղծ լինեմ, անցյալ տարի որակական որոշ խնդիրներ ունեինք, բայց մայրաքաղաքից հրավիրված տեխնոլոգի հմտության շնորհիվ որակն արդեն համապատասխանեցրել ենք պահանջվող չափանիշներին», – նշեց Ներսես Ստեփանյանը:

Ներսես Ստեփանյանը նշեց նաեւ, որ համապատասխան տարածք ու նախագիծ ունեն մեկ այլ գործարան հիմնելու համար: Հավանաբար շինարարական աշխատանքները կսկսեն հաջորդ տարի, եւ այն կլինի կոնյակի գործարան:

Գյուղացիներից այս տարի մթերել են որոշ մրգատեսակներ, բացի դրանից` գործարանն ունի 3-4 հա հողատարածք` պտղատու այգիներով եւ բանջարաբոստանային մշակաբույսերով: Նշենք, որ պահածոների գործարանն ամեն պատահական մթերք չի ընդունում, այստեղ պետք է բերել միանգամայն բարձրորակ միրգ ու բանջարեղեն: Մթերումը հիմնականում կատարում են Արարատյան դաշտից, Վայոց ձորից, Սյունիքից, ինչպես նաեւ ազատագրված տարածքներից:
Սկզբնական շրջանում հարկային դաշտում որոշ խնդիրներ են ծագել, որոնց անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Սյունյաց երկիր», 17 հոկտեմբերի, 2013թ.): Ներկայումս բոլոր նմանատիպ հարցերը կարելի է լուծված համարել:

Անցյալ տարվա համեմատ 5-10 հոգով ավելացել է նաեւ աշխատողների թիվը: Ուրախալի է, որ հիմնականում գերակշռում են երիտասարդ կադրերը, ովքեր նաեւ ժամանակի ընթացքում ավելի են մասնագիտանում: Այս պահին գործարաններում աշխատում են բացառապես տեղացի կադրեր, ինչպես ասում են, «դրսից» եկող կադրերի կարիք չունեն: Երկու հերթափոխով աշխատելու կարիք կա, քանի որ երբեմն պատվերները չհասցնելու պատճառով ստիպված են արտաժամյա աշխատել (իհարկե հավելյալ վարձատրությամբ), որ այնքան էլ նպատակահարմար չէ: «Բարձրացրել ենք նաեւ աշխատավարձը, եւ եթե ես այս պահին ասեմ, որ մենք աշխատողների ընդունելություն ունենք, շատ մարդիկ կդիմեն մեզ: Իհարկե, պետք է խոստովանեմ նաեւ, որ շատ դժվար է գյուղացուց բանվոր դասակարգ ձեւավորելը: Երբեմն նրանք նախընտրում են իրենց հողը մշակել, որ հայտնի չէ` բերք կտա՞, թե՞ չէ: Կարծես թե այդ կարծրատիպը փոխվում է: Մեր քաղաքականությունը միտված է նրան, որ աշխատավարձը հարաբերականորեն բարձր լինի, որ ժողովուրդը ստիպված չարտագաղթի եւ հավատա մեր գործունեությանը»:

Խոսելով գործարանների խնդիրներից` նկատեցինք, որ դրամի արժեզրկումը, էլեկտրաէներգիայի, դիզվառելիքի թանկացումն իրենց բացասական ազդեցությունն են թողել, բայց տնօրենությունը չի պատրաստվում թանկացնել իր ապրանքը: Ժամանակ առ ժամանակ տեխնիկան թարմացնելու կարիք էլ է լինում, բայց դա դեռեւս առաջնային խնդիր չէ: Հիմնական խնդիրներից են նաեւ տարաներն ու պիտակները: Բանն այն է, որ ՀՀ-ում տարաների արտադրությամբ զբաղվում է ընդամենը մեկ ձեռնարկություն, իսկ պիտակների` մեկ ուրիշ, եւ երբեմն պատվերները չեն հասցնում կատարել: Պիտակների մի տեսակ նույնիսկ Մոսկվայում են պատվիրում:

Սոցիալական ոլորտում նոր ներդրումներ չեն արել, նախորդ տարիներին կատարված աշխատանքների մասին արդեն տեղեկացրել ենք («Սյունյաց երկիր», 17 հոկտեմբերի, 2013թ.): Շարունակում են սնունդ տրամադրել Սյունիքի մարզի գյուղական մանկապարտեզներին, հիմնովին նորոգել են Դարբասի մանկապարտեզը:

«Կարելի է ասել, հասունացել է այն պահը, որ սկսենք շահույթով աշխատել», – անկեղծանում է տնօրենը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31