Միշտ լինես տաք ու կանչող, Գորի՛ս, ասում են գորիսեցիները

05.10.2016 15:21
2296

Երկինքը ծածկած գորշ ամպերն ի զորու չէին փոքր ինչ անգամ ստվերելու տոնական օրվա մի փոքրիկ շտրիխն անգամ: Օրվա նահապետները Գորիսի մեծերն էին, այսինքն՝ հայոց աշխարհի մեծերը, քանզի այս հողի տված յուրաքանչյուր անհատականություն դառնում է Հայաստան աշխարհի մեծություններից: Իսկ նահապետներն Ակսել Բակունցն է, Գուսան Աշոտը, Սերո Խանզադյանը, ովքեր կուռքի նման բազմել էին յուրաքանչյուր գորիսեցու հոգու տանը, եւ Գորիսի տոնը դարձել էր երկրպագության, գնահատանքի, առ Աստված շնորհակալություն հայտնելու օր: Վաղ առավոտից Գորիսում հնչում էին Գուսան Աշոտի երգերը: Սյունյաց սարերն իրենց գիրկն էին կանչել Սյունյաց երկրի շատ զավակների, որ Գորիսի տոնը, Գորիսի ուրախությունը միասին նշեն ու կիսեն, միասին մի-մի թաս զարկեն ու ասեն` շնորհավոր տոնդ, Գորի՛ս, շնորհավոր 146-րդ տարեդարձդ, Գորի՛ս:

Տոնը սկսվեց արդեն խոշորացված Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի աշխատասենյակից: Այստեղ են նաեւ Գորիսի անցած ժամանակների քաղաքապետերը` Սամվել Հարությունյանը, Համլետ Մկրտչյանը, եւ, իհարկե, Նելսոն Ոսկանյանը: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը, բաժակ բարձրացնելով, ասում է` շնորհակալ ենք, Աստվա՛ծ, շնորհակալ ենք, որ ծնվել ենք հենց Գորիսում: Սա այն քաղաքն է, ուր չարի սերմը բույն չի դնում, սա այն քաղաքն է, որ մեծեր է տալիս Հայաստանին:

Շնորհավորանքի խոսքեր են ասում Գորիսի նախկին քաղաքապետերը: Իսկ Վաչագան Ադունցը քաղաքի օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում ասում է. «Գորիսն արդեն 146 տարեկան է, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս: Այս տարիների ընթացքում Սյունյաց չքնաղ բնօրրանում շա՜տ-շատե՜րն են իրենց ձեռագիրը թողել, որի արդյունքում էլ մեզ որպես ժառանգություն բաժին է հասել նորօրյա Գորիսը: Մեր քաղաքը յուրաքանչյուրիս հպարտությունն է ու ամեն մի գորիսեցու համար՝ աշխարհի կենտրոնը: Այն իր շքեղությամբ ձգո՜ւմ, իր գիրկն է հրավիրում թե՛ հային, թե՛ օտարերկրացիներին: Իզուր չէ, որ բանաստեղծն ու աշխարահռչակ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյան երկնել են՝ «Ով չի տեսել Գորիսը, չի տեսել աշխարհ»:

…Ու դեռ աշխարհին ներկայացնելու ենք այն Գորիսը, որը կա մեր նպատակների ու ծրագրերի մեջ: Ես բազմիցս նշել եմ, որ առաջիկա հինգ տարիներին մեր քաղաքում շատ բան է փոխվելու: Այս ընթացքում արվել են հնարավորինն ու անգամ անհնարինը, իսկ առաջիկայում հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ ու համադրությամբ մեր Գորիսը կներկայանա պատմամշակութային այլ քաղաքների կողքին: Առկա ծրագրերը հնարավորություն են ընձեռում համարձակ բարձրաձայնել այս մասին: Այն իրականացնելու համար առաջին հերթին Հայաստան աշխարհին խաղաղություն է պետք, որն էլ այս տոնական օրով մաղթում եմ բոլորիս: Թող մեր ընտանիքները լեցուն լինեն երեխաների ծնունդներով, թող երջանկությունը հաստատակամորեն բնակվի մեր օջախներում, իսկ լավատեսությունը մեր ուղեկիցը դառնա: Առողջություն եւ հաջողություն եմ մաղթում բոլորիս»:

Եվ տոնի մասնակիցները ծաղկեդրում են կատարում Գուսան Աշոտի, Սուրբ Գրիգոր Տաթեւացու արձաններին եւ ուղեւորվում Հին Գորիս: Սուրբ Հռիփսիմե եկեղեցում ժամերգությունից հետո «Թոթոցը տակը» բիբլիական անձեռակերտ մի աշխարհ է բացվում, որտեղ ժայռը ժայռին է սիրահարվում, որտեղ ժայռը ժայռին է համբույր տալիս ու ... բամբասում: Այստեղ ամեն ինչ ժայռերի լեզվով է ու կանոններով: Ժայռեղեն այս աշխարհում հավաքվել են Ակ.Բակունցի հերոսները` պարզ, արդար, ազնիվ, սպասումներով լի: Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի կոլեկտիվը ներկայացնում է «Կյորես»-ի հերոսներին` իրենց առօրյայով, կենսակերպով, եւ ժայռեղեն այս աշխարհում սեր է ծորում, կարոտ եւ նույնիսկ ալպիական մանուշակի առէջքների մեջ ճոճք դրած բզեզն է զարմանքով նայում Մինա Բիբու գործած գորգին եւ որոշում ճոճքն այդտեղ դնել. ախր Մինա Բիբու գորգի գույները չեն խամրում: Ժայռաշխարհում ժամանակները խառնվել են իրար եւ միմյանց հերթ չտալով` պատմում են Գորիս դարձած Կյորեսի մասին, որ ժամանակների հետ ավելի է հզորանում: Այն Կյորեսի, որ 20-րդ դարասկզբին «Պասաժ» հանրախանութ է ունեցել, որտեղ ֆրանսիական ապրանքներ են վաճառվել: Ու կողքից մեկն ասում է` հայ-ֆրանսիական կապերի ստեղծման նախահայրը Գորիսն է: Ու մատաղ է մատուցվում: Մատաղ` Գորիսի համար, մատաղ` ամեն մի գորիսեցու համար: Որովհետեւ ամեն մի գորիսեցի մի ուրիշ համ ու հոտ ունի:

Տոնի մասնակիցների համար հաճելի անակնկալ էր պատրաստվել Ս.Խանզադյանի անվան թիվ 6 դպրոցում: Ասմունք, երգ, պար` համեմված մանկական հոգու անմեղությամբ: Ծաղկեդրումներ կատարվեցին Ս.Խանզադյանի, Ակ.Բակունցի, Հայրենական մեծ, Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակներին կառուցված արձաններին: Եվ հուշահամալիրը դարձել էր հայրենասիրության էպիկենտրոն: Պատանի երկրապահները ցուցադրում են մարտական պատրաստվածության իրենց աստիճանը: Նրանց կողմից ցուցադրված մարտական հնարքները կրկին հավաստեցին` հայոց բանակը վաղը, մյուս օրը համալրվելու է նոր զինվորներով, զինվորներ, որ արդեն «մարտական» բովով են անցել, նրանց ոգին Սասնա Դավթի Թուր կեծակին է, որից չի կարող փրկվել ոչ մի Մսրա Մելիք: «Սյունիք» պարային համույթը Գորիսի տոնը յուրովի շնորհավորեց. գեղեցիկ պարեր` բարձր կատարողականով: Դհոլահարների համույթի կատարումներն էլ օրը լցրին առնականությամբ, իսկ Ակ.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի երգչախումբն Ակ.Բակունցի տուն-թանգարանում տոնի մասնակիցներին նվիրեց անուշաբույր Հայաստանի մի-մի կտոր, եռագույնի ծփանք ու արծվի սլացք:

Գորիսեցին հյուրասեր է: Գորիսեցին չի կարող իր տանը նստել, սեղան բացել եւ իր ընտանիքի անդամների հետ միասին ասել` շնորհավոր տոնդ, Գորիս: Նա փողոցում է սեղան բացել, որ բոլորին շնորհավորի եւ բոլորով բաժակ զարկեն: Սեղանները ճկվել են առատությունից. խորոված ու խաշլամա, տոլմա ու փլավ, տնական հավ ու մեղր, Գորիսի գերբը հանդիսացող լոբի ու ճախաթթու..., էլ որն ասես, որը թողնես, հյուրասիրողները շատ են, հյուրասիրվողներն էլ անելանելի վիճակում են, ում հրավերն ընդունեն, ում մերժեն, որ չնեղանան: Գորիսեցիք այսպիսին են` եթե հրավերը մերժեցիր, դա նրանց համար աշխարհի վերջն է, ուրեմն, օգտվի՛ր, որ աշխարհի վերջ չլինի, որ միշտ աշխարհի սկիզբ լինի... եւ արարող գորիսեցու տունը միշտ շեն լինի ու խաղաղ: Իսկ գորիսեցին շատ է սիրում իր հայրենիքը, եւ խաղաղությունը նրան պետք է հայրենիքը շենացնելու համար: Դա երեւաց նաեւ երեխաների կտավներում: Ամեն կտավ մի ներբող է՝ նվիրված Հայաստանին: Իսկ հեղինակներն Արամ Մաշուրյանի ղեկավարած գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սաներն են: Գորիսի տոնին իրենց ուրույն ձեռագիրը ներկայացրին նաեւ Գորիսի քաղաքային պատկերասրահի, Գ.Պարոնյանի անվան արվեստի դպրոցի, Ա.Օրդյանի անվան շախմատի դպրոցների սաները, կանանց զարգացման «Ռեսուրս», ֆրանսախոսների մշակութային կենտրոնների կոլեկտիվները:

Քաղաքի նախակրթարանների սաները եւս մեծերի նման եկել-մասնակցում էին Գորիսի տարեդարձին՝ ասելով` առանց անմեղ մեր ժպիտների, տոնը տոն չի կարող լինել:

Գորիսը մի տարով էլ մեծացավ, եւ հոկտեմբերի 1-ի օրը յուրաքանչյուր գորիսեցունն էր:

- Այս տոնը մեզ միշտ ապրելու-արարելու համար նոր լիցքեր է հաղորդում, - ասում է Անահիտ Սարգսյանը, - տոնի խորհուրդը շատ մեծ է, այն մեր կենսակերպն է, մեր արարումների հաղթանակը, գալիք հաղթանակների ու լավ օրերի թալիսմանը:

Իսկ բանաստեղծուհի Դուխիկ Հայրապետյանը Գորիսի բարբառով Գորիսին նվիրված իր ստեղծագործությունն է կարդում` ի պատասխան այն հարցին, թե տոնն ի՞նչ մեսիջ ունի իր համար:

- Մեր դրախտային Կյորեսի սարերը, ժայռերը, ծորերն՝ ա՛յ ժողովուրդ, օրիշ կարգի են: Առավոտ կանուխ լույսը բացվելուն (պնվալան) ետ՝ սկսվում է բազմազան ծտերի ծլվլոցը, դայլայլը, ավետում բացվող արեւածագը: Մաքուր օդը լցվում ա իսկույն քաղաքիս վրա. մեկ էլ տեսար՝ հրատապ անձրեւ ա: Կանաչը կանաչի հետ խոսում ա, ծաղիկը ծաղկի հետ բուրում ա, ռանգ-ռանգ գույները նանուս կյործած կարպետի նման ալավ-ալավ ա անում: Մին սհաթումը եղանակը տասն անգամ շոր ա փոխում: Ծուրերին, սարերին, քերծերին թոխպը ամոթխած նորահարսի հարսնաքողի շղարշի նման սահում ա, ու շատ նախշուն ա: Առավոտը կանուխ ցողաթաթախ հովը մեղմ գուրգուրում ա, ու մեկ էլ բիրդան պարզում ա: Մի պատար հետո արեւը տվալ ա քրծերին: Յավաշ-յավաշ, մին էլ մետքը փոխվում ա՝ թխպում ա, քամին փչում ա, մին էլ տեսար ամպրոպ ա, կայծակը ճայթում ա, շողքը տամ ա ծուրերին, գետինը ցնցվում ա, ասես աշխարհի վերջն է: Ու մին էլ տեսար ծիածանը կապե՛ց Շորու ծորավը, Արմենասարի, Լաստի խութից մինչեւ Հումբաթի ծորը… Աննման է մեր Կյորեսը, նմանը չկա:

Մեծանաս բարով, Գորի՛ս, եւ թող երկինքդ միշտ խաղաղ լինի, արարումդ` հավերժ, օջախդ՝ տաք ու տուն կանչող, քեզ` Աստծո օրհնությունն ու աջը` մեր Գորիս, մեր սուրբ-սրբոց` ասում են գորիսեցիները:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34