Մոնթեի ոգին անմահ է

25.11.2021 19:07
1875

 Մոնթեի մահվան 40-րդ օրը հայոց ռազմական ուժերն ազատագրեցին Արցախի համար միշտ չարիք եղած Աղդամ քաղաքը։ Իսկ դրան նախորդել էին շրջանի մի շարք բնակավայրերից թշնամուն քշելը։ Հատկապես Տիգրանակերտի եւ Վանքասարի ազատագրումն Արցախյան գոյամարտի հերոսական էջերից է, որը տեղի ունեցավ 1993 թ. ամռանը։

Հունիսի 12-ին մեր զորամիավորումներն ազատագրել էին նաեւ Մարզիլի կոչվող գյուղը եւ անցել առաջ։ Այստեղ նույն օրը նահատակվեց Արցախյան գոյամարտի հերոս հրամանատարներից Մոնթե Չառլզի Մելքոնյանը՝ Ավոն։ Եկել էր իմանալու իրադրությունը ճակատային գծում, իսկ Մարզիլին մեր հսկողության տակ պետք է լիներ։ Սակայն թշնամու զրահամեքենան ու զինվորներն էին եղել այստեղ, եւ նույն զրահամեքենայից արձակած արկի բեկորներից նահատակվեց հերոսը։ Նույն վայրում նահատակվեց նաեւ հետախուզության պետ Սարիբեկ Մարտիրոսյանը, վիրավորվեցին Սարոն, Հովիկը, վարորդ Կոմիտասը։

1993 թ. հուլիսի 23-ին Մոնթեի զինակիցների՝ Հրայր Կարապետյանի, նաեւ հունիսի 12-ին վիրավորված Սարոյի, այլ տղաների ուղեկցությամբ եղա Աղդամում, որտեղ դեռ զգացվում էին նախորդ օրվա մարտերի հետեւանքները։ Սարոն պատմեց, թե ինչպես նահատակվեցին հրամանատարը, Սարիբեկը, ինչպես ընթացավ մարտը, մինչեւ Մարտունիից հասան օգնության. «Առավոտյան Մարտունու ազատամարտիկներն Աղդամի շրջանի մի քանի գյուղերի տարածքում ոչնչացրել ու քշել էին թշնամու ռազմական հենակետերը։ Կեսօրին Մոնթեն որոշեց ծանոթանալ իրավիճակին, եւ նրա հետ ես, Կոմիտասը, Սարիբեկը, Հովիկն ու Գեւորգը «Վիլիսով» հասանք Մարզիլի գյուղ: Խաչմերուկում զրահամեքենա նկատելով` Կոմիտասը կանգնեցրեց մեքենան։ Մոտ 40 մետր հեռավորության վրա գտնվող զրահամեքենայի շուրջ խմբված էին զինվորներ: Կոմիտասը, որ ադրբեջանական զինվորական համազգեստով էր, դուրս եկավ մեքենայից, քայլեց նրանց ուղղությամբ եւ հարցրեց գոռալով` հայե՞ր եք: Դիմացիններն ադրբեջաներենով պատասխանեցին` ոչ: Կոմիտասը կրակելով ետ քաշվեց: Հետո նա պատմել է. հարցնելու պահին արդեն գիտեր՝ թշնամու զինվորներն են: Մեքենայում գտնվողներս դուրս եկանք ու կրակելով սկսեցինք դիրքավորվել: Մոնթեն վազեց դեպի կողքի տան պատը: Լսվեց գնդացրի երկրորդ կրակոցը: Բեկորի մի մեծ կտոր մխրճվել էր Մոնթեի գլխի մեջ: Հովիկը Մոնթեին գրկած` ռացիայով օգնություն է կանչել՝ 00-ին խփել են... Հրամանատարի կողքին դիրքավորվելով` դիմադրում էինք: Օգնության հասած ուժերն ադրբեջանական ջոկատը ոչնչացրին, ադրբեջանցի զինվորներից մեկին գերի վերցրին: Վերջինս պատմել է՝ իրենք տեղյակ չեն եղել, որ Մարզիլին մերոնք գրավել էին»։

Այսպես նահատակվեց Արցախի հերոսը՝ Մոնթեն, ում հոգին դեռ Արցախում է ու անընդհատ հիշեցնում է իր հայտնի խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը…»։ 3 տարի անց ռազմական կարեւոր առաջադրանք կատարելիս նահատակվեց նաեւ Մոնթեի հավատարիմ ընկերն ու վարորդը՝ մարտունեցի Կոմիտաս Ավանեսյանը։ Այդ օրերին մոտ 10 օր մնացի Մարտունու շրջանում։ Մոնթեի զինակից ու մտերիմ Հրայր Կարապետյանի հետ ռազմական շտաբում էինք լինում։ Այստեղ էր Արեւելյան զորախմբի հրամանատար, գեներալ Հմայակ Հարոյանը, իսկ Մոնթեին փոխարինել էր Մովսես Հակոբյանը։ Նրանք, զինվորները, շրջանի բնակիչները միայն ու միայն սիրով, կարոտով, կորստի ցավով էին խոսում Մոնթեի մասին։ Հրայրի հետ մի քանի օր եղանք նաեւ առաջնագծի դիրքերից մեկում, որտեղ հսկում էին Ճարտարի տղաները։ Բոլորի հետ էր Մոնթեն, նրա ոգով էին գործում։

Մոնթեն ծնվել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանությունը վերապրած ընտանիքում, 1957 թ. նոյեմբերի 25-ին։ Ավարտել է իրենց բնակավայրի միջնակարգ դպրոցը, որից հետո ծնողների հետ ճամփորդել է աշխարհի 41 երկրով՝ շատ բան սովորելով այդ ընթացքում։ Դպրոցում սովորելու ժամանակ է իմացել իր հայ լինելը։ Մի անգամ ուսուցչուհին նրան հարցրել է՝ ի՞նչ ազգություն ունես: Մոնթեն պատասխանել է, որ ամերիկացի է: Ուսուցչուհին էլ, թե ամերիկացի լինելով՝ պետք է նաեւ ազգություն ունենաս: Մոնթեն, հասնելով տուն, իր ազգային պատկանելության մասին հարցրել է ծնողներին եւ իմացել, որ հայ է: Այդ օրվանից սկսած՝ ուսումնասիրել է հայոց պատմությունը, շատ բան իմացել՝ դառնալով հայ ժողովրդի պաշտպանն ու զինվորը, Անմահ հերոսը։ Հետաքրքիր է հերոսի կենսագրականը՝ ոչ սովորական։ Դեռատի պատանին շատ է ցանկացել սովորել ու իմանալ։ 1972 թ. ամռանը Մոնթեն ավարտում է միջնակարգ դպրոցը, որի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Ճապոնիա գնալու որոշումը պատահական չէր: Պատանի Մոնթեն հաճախել է կարատեի խմբակներ եւ Կալիֆոռնիա նահանգի պատանիների մինչեւ 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր։ Բացի այդ,  ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, լեզուն։ Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին։ Վերադառնում է ծննդավայր՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարան։ Չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը եւ կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ու Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Նրա բուհական ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թ.։ Այնուհետեւ ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն մեկնում է Արեւմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի եւ չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։ 1978 թ. աշնանը Մոնթեն Իրանում մասնակցել է ընդդեմ շահի հեղափոխությանը։ Այնուհետեւ՝ նույն թվականին արդեն Լիբանանում էր՝ պաշտպանելու հատկապես հայության անվտանգությունը։ Բեյրութում սովորել է արաբերեն եւ 22 տարեկանում լիովին տիրապետում  էր մի քանի լեզուների՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ճապոներեն, իսպաներեն, թուրքերեն եւ այլն։

23 տարեկանում անդամագրվում է Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակին (ՀԱՀԳԲ) եւ շուտով դառնում ղեկավարներից մեկը։ 1981 թ. նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» ռազմագործողությունը։ 1981 թ. նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր ու ատրճանակ կրելու մեղադրանքով եւ արտաքսվեց Ֆրանսիայից։ 1985 թ. նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա եւ մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թ. հունվարի 16-ին։ 1991 թ. գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երեւանում յոթ ամիս աշխատում է գիտությունների ակադեմիայում՝ գրելով եւ հրատարակելով «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ 1992 թ. ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։

Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաեւ Քարվաճառը։ Մոնթեի զոհվելուց հետո մարտունեցիներն իրենց քաղաքն անվանեցին Մոնթեաբերդ։ 1993 թ. օգոստոսի սկզբին, երբ Մոնթեի զինակից Մարտիրոսի մեքենայով Հրայրի հետ Մարտունուց վերադառնում էինք Երեւան, անցանք արդեն ազատագրված Աղդամով, այն ճանապարհով, որը կառուցվել էր խորհրդային տարիներին եւ Մարտունին կապում էր Մարտակերտի ու Ասկերանի հետ, այն ճանապարհով, որը 1988-ից արդեն փակ էր հայի համար, այն ճանապարհով, որտեղով նույնիսկ խորհրդային տարիներին թուրքերը հաճախ էին չարիք պատճառում հային։ Ասկերանի ամրոցի պարսպի տակ ընկած էր թշնամու կործանված ինքնաթիռի թեւը՝ կիսալուսինը վրան։ Մարտրիոսը, ով եղել է ՀԱՀԳԲ անդամ, մասնակցել գործողության, ձերբակալվել ու բանտ նստել Ֆրանսիայում, վաղուց էր ճանաչում Մոնթեին ու մեծ սիրով խոսում մարտական ընկերոջ, մեծ հայի մասին։ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի տարածքում՝ Գորիս գնացող ճանապարհաեզրին Մոնթեին նվիրված պուրակ կա՝ հիմնված Գուրգեն Մելիքյանի կողմից, ով նույնպես եղել է Մոնթեի զինակիցն ու ընկերը։ Պուրակում հերոսին նվիրված հուշակոթողն է՝ վրան փորագրված հայտնի խոսքը. «Եթե կորցնենք Արցախը…»։

Անցած տարի այս օրը թշնամուն հանձնեցինք Քարվաճառն առանց կռվի, 5 օր անց՝ Քաշաթաղի հյուսիսային մասը։ Իսկ Մոնթեն այդպես չէր ցանկանում, պետք է վերստին հիշենք հերոսի խոսքը, այլապես կշրջենք մեր պատմության վերջին էջը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

armenpress.am

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06