Մոսկվան ապաշրջափակման հարցով եռակողմ խմբի աշխատանքի վերսկսման անհրաժեշտություն է տեսնում

15.05.2024 12:38
754

Մոսկվան անհրաժեշտ է համարում ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսումը։ Այդ մասին News.ru կայքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին»,- հայտարարել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակում հաջողվել է զգալի արդյունքների հասնել, մասնավորապես, 2023-ի հունիսին ձեռք էր բերվել ընդհանուր փոխըմբռնում երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ։

«Մենք գործնականում հասել ենք համապարփակ, հավասարակշռված պայմանավորվածության, սակայն գործընթացը կանգ առավ ոչ մեր մեղքով։ Արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանում որոշում են կայացրել սառեցնել եռակողմ փոխգործակցությունը նաև այս ուղղությամբ։ Անհրաժեշտ ենք համարում եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքի շուտափույթ վերսկսումը ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային համակարգի ապաշրջափակման, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023-ի հունիսի 2-ին Մոսկվայում։ Նիստից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք էր բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման շուրջ։

Գալուզինը ողջունել է Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները՝ նշելով, որ ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։

«Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին։ Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշած, բարձրագույն մակարդակում 2020-2022 թթ․ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»,- ասել է նա։

Մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբերջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ալմաթիի բանակցությունները կառուցողական են անցել։ Հանդիպումը դրական է որակել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև խոսել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերի մասին։ Նրա կարծիքով՝ խաղաղապահները «խաղաղություն և կայունություն են բերել տարածաշրջան»: Ուշագրավ է, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան Գալուզինը անվանել է «ռազմական բախումներ»։

«Հարկ է նշել, որ սեպտեմբերյան հիշատակված իրադարձություններն անտեղի չեն եղել։ Հայաստանի իշխանությունները դեռևս 2022-ի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ նրա կազմում Ղարաբաղը։ Ընդ որում, Երևանը մեզ տեղյակ չի պահել։ Այդ ժամանակ չի քննարկվել նաև տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցը։ Անշուշտ, Հայաստանի ղեկավարության այս որոշումը արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել էր 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այն ուղղակիորեն ազդեց նաև խաղաղապահների գործունեության վրա»,- ասել է Գալուզինը։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

2024-ի ապրիլի 17-ին հայտարարվեց, որ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում էին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24