Մոսկվայում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները

11.08.2016 10:54
1529

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաեւ բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման, բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները:

«Հարգելի Սերժ Ազատի, հարգելի բարեկամներ,
շատ հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել Մոսկվայում: Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, եւ մենք հետեւողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում` բոլոր ամենազգայուն ուղղություններով եւ միջազգային հարթակում: Նկատի ունեմ առաջին հերթին ԱՊՀ տարածքը. մենք այստեղ համագործակցում ենք եւ ՀԱՊԿ, եւ այժմ արդեն Եվրասիական միություն շրջանակներում: Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երեւում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի: Մենք ունենք նաեւ երկկողմ բնույթի բազմաթիվ այլ հարցեր: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել», - նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի: Ես շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, եւ ավանդաբար այնպես է ստացվել, որ տարվա այս նույն ժամանակահատվածում հանդիպում ենք՝ քննարկելու հայ-ռուսական դաշնակցային գործընկերության վիճակը, երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելու եւ, իհարկե, քննարկելու նախկինում մեր ձեռքբերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային տնտեսական խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր առեւտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով եւ, փաստորեն, հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին: Դա, իհարկե, նաեւ ԵԱՏՄ կողմից տրամադրվող հնարավորությունների շնորհիվ է, ինչը, անշուշտ, շատ լավ է: Այս ժամանակահատվածում, իհարկե, տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ինտենսիվ փոխայցելություններ: Եվ, սկզբունքորեն, մենք չունենք որեւէ լուրջ խնդիր երկկողմ հարաբերություններում, բոլոր հարցերը օպերատիվ կերպով լուծվում են: Վլադիմիր Վլադիմիրի, ես ուզում եմ անձնական երախտագիտությունս հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման գործում Ռուսաստանի կողմից ներդրվող ջանքերի համար: Եվ իհարկե, այստեղ շատ եւ շատ կարեւոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան: Շնորհակալություն Ձեզ այս հանդիպման համար, շատ հաճելի է», - ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ նախագահը հավելել է, որ հաճույքով կտեղեկացնի նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության շուրջ զրույցի արդյունքների մասին:

Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների առջեւ հանդես են եկել բանակցությունների արդյունքները ամփոփող հայտարարություններով, նաեւ պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Հայկական կողմի՝ իբրեւ թե հինգ, ապա երեք շրջաններ հանձնելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարմանը եւ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ոգուն դրանց համապատասխանությանը վերաբերող հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, պատասխանել է.

«Նախեւառաջ, ես ենթադրում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների արտահայտությունները, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում եւ Հայաստանում, եւ որտեղ էլ որ դա լինի: Ես կարծում եմ, որ եթե Դուք ցանկանում եք ստանալ խորքային տեղեկանք, պետք է դիմել այս կամ այն արտահայտությունների հեղինակներին: Սակայն մյուս կողմից, կարծում եմ, բոլորին հասկանալի է, որ երբ ընթանում է դիրքորոշումների համաձայնեցման եւ փոխզիջումների որոնման բարդ գործընթաց, այդ բավականին դժվար աշխատանքի ընթացքում կիրառվում են բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները, այդ թվում նաեւ զանգվածային լրատվամիջոցների օգտագործումը, որպեսզի ձեւակերպվեն որոշակի հավակնոտ դիրքորոշումներ: Այստեղ որեւէ արտառոց բան չկա: Դա, ըստ էության, սովորական պրակտիկա է: Իրականում, ես կարծում եմ, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը իրապես ցանկանում են գտնել ելք այս խնդրից, որպեսզի ապրեն խաղաղության եւ համաձայնության մթնոլորտում, որպեսզի համագործակցեն, զարգացնեն տնտեսությունը, դրանում ոչ պակաս հետաքրքրված է նաեւ Հայաստանը՝ հանեն բոլոր սահմանափակումները՝ ենթակառուցվածքային եւ տնտեսական, որպեսզի տնտեսությունը զարգանա ու մարդիկ, ի վերջո, ապրեն ավելի լավ եւ որպեսզի ամրապնդվի հայկական պետականությունը: Կարգավորման հարցում դա է մեր նպատակը, մեր ձգտումը: Նպատակն է հասնել այդպիսի արդյունքների: Դրան ձգտում է նաեւ ադրբեջանական կողմը: Իմ վերջին շփումները նախագահ Ալիեւի հետ Բաքվում դա են հաստատում: Պետք է գտնել այնպիսի մոտեցումներ, այնպիսի ուրվագծեր, որոնց դեպքում, ինչպես ես արդեն ասել եմ, ոչ ոք իրենց չի զգա հաղթող կամ պարտվող, այլ որպեսզի դա լինի այնպիսի լուծում, որը մշակված կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից, ընդունված կլինի երկու երկրների հասարակությունների կողմից, դա ամենակարևորն է: Իսկ Ռուսաստանը, ինչպես եւ Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կարող է հանդես գալ որպես երաշխավոր՝ ընդունելով, եթե հարկ լինի, Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւեր: Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա մեզ մոտ գոյություն ունի ծրագիր՝ այդ ուղղությամբ Հայաստանի հետ աշխատելու ծրագիր: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը մեր դաշնակիցն է: Մեզ մոտ կան որոշակի փոխադարձ պարտավորություններ եւ Ռուսաստանը միշտ հավատարիմ է իր պարտավորություններին, Ռուսաստանը միշտ իր պարտավորությունները կատարում է: Սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գործնականում ձեռք բերել գրեթե ցանկացած զենք: Օրինակ՝ այնպիսի երկիր, ինչպիսին է Ադրբեջանը՝ նավթ արտահանող երկիր, գրեթե 10 միլիոն բնակչությամբ, արագ աճող տնտեսությամբ եւ բավականին մեծ արժույթի եւ ոսկու պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է գնել սպառազինություն ամենուրեք, հասկանո՞ւմ եք: Ես այժմ ուշադրություն չէի դարձնի գործի ռազմական կողմին: Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, մենք պետք է այն լուծենք խաղաղ միջոցներով»:

10.08.2016

president.am

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41