Մտորումներ մամուլի ազատության մասին

03.07.2014 14:52
2742

ՏԵՍԱԿԵՏ


ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Նորանկախ Հայաստանի բազմաթիվ ձեռքբերումների մեջ ԶԼՄ-ների ազատությունն այն հազվադեպ երեւույթներից մեկն է, որը ժխտելը, չտեսնելու տալն ուղղակի անհնար է: Տեղին է ասել, որ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին օրերին մեր ժողովուրդը շատ բաներ վերանվաճեց, բայց այդ ձեռքբերումներից շատերը, որքան էլ զարմանալի է, տեղեկատվական դաշտի զոհ դարձան, վերացան կամ էլ այսօր գտնվում են հոգեվարքի մեջ:

Կրկնում եմ՝ ամենակենսունակը մամուլի ազատությունը եղավ:

Հայտնի դերասան Ն.Դուրյանը կյանքում հաճախ հանդիպող մի շարք տգեղ երեւույթների հումորային երանգ է տալիս եւ «մի բան ասեմ…» ընդհանուր վերնագրով հրամցնում մեզ: Քանի դեռ նա այս թեմային եւս չի անդրադարձել, կանխում եմ նրան եւ ասում՝ մի բան ասեմ:

Տարածաշրջանում մեր մամուլն ամենաազատն է: Ճի՞շտ է: Ճիշտ է:

Բարձրաստիճան չինովնիկներին քննադատելու համար ոչ մի ժուռնալիստ կամ խմբագիր աշխատանքից չի ազատվել, պատասխանատվության չի ենթարկվել: Ճի՞շտ է: Ճիշտ է:

Չկա քաղաքական-հասարակական, տնտեսական կյանքի մի բնագավառ, որի դռները փակ լինեն ԶԼՄ-ների առաջ: Ճի՞շտ է: Ճիշտ է:

Մի խոսքով՝ ազատ մամուլն ամենուր է եւ նրա աչքից ոչինչ չի վրիպում:

Նման տասնյակ իրողություններ:

Եվ էլի առաջ ընկնելով ու բերելով դերասանի բեմական խաղընկեր Հ.Թոխատյանի հայտնի ներկայացման հայտնի ֆրազներից մեկը, ասեմ՝ «լավ, բայց դրա կայֆը ո՞րն է»:

Այո, ազատ մամուլի աչքից ոչինչ չի վրիպում: Է՜, հետո ի՞նչ: Եթե բազմաթիվ թերություններ բացահայտելուց, քննադատական հոդվածներ հրապարակելուց հետո էլ ոչ ոք պատասխան չի տալու եւ կյանքը ոչնչով չի փոխվելու, մեր ապրելակերպը փոքրիշատե չի բարելավվելու, ուրեմն մնում է միայն ասել. դա ազատություն չէ, դա ինքնատիպ անարխիա է կամ ազատ խոսքի երեւութականություն: Կարծում եմ՝ այս մտածելակերպով ես եզակի չեմ: Ազատությունը չպետք է ինքնանպատակ լինի կամ ֆիկցիա:

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում քննադատական հոդվածը տպագրելուց կամ հնչեցնելուց հետո: Լավագույն դեպքում քննադատողը, եթե համաձայն չի լինում փաստի կամ դրանց մի մասի հետ, հայտարարում է, որ իրեն զրպարտում են ու սպառնում է դատի տալ հոդվածի հեղինակին կամ խմբագրությանը: Նման տասը սպառնալիքից մեկն իրագործվում է, սակայն դատական պրոցեսը հազվադեպ է որեւէ արդյունք տալիս: Սա այն դեպքում, երբ շոշափվում է որեւէ անհատի շահերը: Իսկ երբ խոսքը վերաբերում է հասարակությանը, մեզ բոլորիս, այսինքն պետությանը, լռություն է: Լռում են նույնիսկ նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են պաշտպանելու պետության, ասել է թե՝ բոլորիս շահերը: Լռում են նույնիսկ տվյալ լրատվամիջոցի խմբագրության համապատասխան հղումից հետո: Միայն եզակի օրինակներ կան, երբ պետական կառույցները գնացել են մամուլի բարձրացրած հարցերի հետքերով:

Հիմա մի քանի պատճառով ընդունված չէ որեւէ լավ բան ասել խորհրդային տարիներին կատարվածի մասին: Առաջին՝ հանկարծ ներկա իշխանությունները չմտածեն, թե հնի ջատագովն ենք, ուրեմն եւ իրենց դեմ ենք: Երկրորդ` այն ժամանակ որեւէ լավ բան լինել չէր կարող, քանի որ իշխանության գլուխ բոլշեւիկ-կոմունիստներն էին: Եվ էլի նման «պատճառներ»: Բայց անկախ նրանից, թե ինչ են մտածում, ուզում իշխանավորները, փաստ է, չէ՞, որ մեր ժողովուրդը երկրի տեր է դարձել հենց այն տարիներին: Բայց դա քննարկման այլ թեմա է: Իսկ այժմ խոսքը մամուլի ազատության մասին է: Այ, այստեղ տեղին է ասել, որ այդ ազատությունը խորհրդային տարիներին իրոք գոյություն չուներ կամ համարյա գոյություն չուներ: Բայց ակնառու է նաեւ՝ երբ որեւէ փաստ կամա թե ակամա լրատվամիջոցների շնորհիվ դառնում էր հասարակության սեփականությունը, մեղավորի համար էլ փրկություն չկար, պետք է պատասխան տար: Եթե մեղավորն անհատ էր, նա անպայման վարչական տույժ էր ստանում կամ ազատվում աշխատանքից, երբեմն էլ ենթարկվում քրեական պատասխանատվության: Դեպքեր էին լինում, որ կիրառվում էին բոլոր թվարկվածները միաժամանակ:

Գորիսի ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչները լավ են հիշում. «Սովետական Հայաստան» թերթում «Բարդիների բարեկամը» վերնագրով ֆելիետոն էր տպագրվել, որտեղ ակնարկվում էր, որ շրջխորհրդի գործկոմի նախագահի գիտությամբ քաղաքի զբոսայգում մի բարդի է հատվել: Թերթի ելույթից հետո շրջխորհրդի գործկոմի նախագահին ազատում են աշխատանքից:

Իսկ հիմա՞: Իսկ հիմա ի՞նչ: Ոչինչ: Երբ քաղաքիս հիմնաքարի հետ տնկված, կարմիր գրքում գրանցված հարյուրամյա լորենիներն ու սոսիներն են հատում՝ սանիտարական հատում կամ կանաչ տարածքի ձեւավորում անվան տակ՝ կանգուն թողնելով մարդաբոյ ու շիրմաքար հիշեցնող քոթուկները՝ հատում են քաղաքացիների հավատն իշխանությունների, նաեւ այդ մասին խոսք ասած ԶԼՄ-ի նկատմամբ:

Դե, ասեք, որ այդպես չէ:

Ասածս չի վերաբերում կոնկրետ որեւէ լրատվամիջոցի: Թող ընթերցողն իր ընտրությամբ որեւէ լրագիր, հաղորդաշար վերցնի: Դրանցից յուրաքանչյուրում կարող է արձանագրված լինել մեր կյանքում տեղ գտած բազմաթիվ թերություններից առնվազն երկուսը, երեքը, երբեմն՝ ավելի: Իսկ ո՞վ է դրանց համար պատասխան տալիս կամ տալու: Ստացվում է, որ ազատ մամուլի ազատ խոսքը հնչում է որպես ձայն բարբառո հանապատի:

Բա այսպես ո՞ւր ենք գնում:

Ո՞ւմ է պետք նման ազատ մամուլը:

Իմունիտետը կենսաբանական հասկացություն է: Կա բնական իմունիտետ, կա նաեւ ձեռքբերովի իմունիտետ: Իմունային համակարգի ձեռքբերովի կերպը ձեւավորվում է դեղերի կամ այլ արհեստական միջոցների ազդեցության տակ, երբ օրգանիզմը դիմադրողականություն է ձեռք բերում այս կամ այլ հիվանդության նկատմամբ: Ահա այս երեւույթն է, ըստ մեզ, արմատներ ձգում հասարակական կյանքում: Տպագրվող, անընդհատ թմբկահարվող, բայց անպատասխան մնացող քննադատական հոդվածները, դիտողություններն «անտարբերություն» կոչվող իմունային համակարգ են ձեւավորում ընթերցողների, նաեւ իշխանությունների մեջ: Հիվանդություն, որ ժամանակի ընթացքում կարող է տարածվել ամբողջ տպագիր խոսքի վրա:

Գրերի ստեղծման պահից ի վեր հայ ժողովուրդը հատուկ ակնածանք է ունեցել գրավոր, տպագիր խոսքի նկատմամբ: Բայց մեր կյանքի շատ բնագավառների նման անտարբերության մշուշը կարծես կամաց-կամաց տարածվում, պարուրում է նաեւ նրան:

Ընդունված է ասել, որ ԶԼՄ-ները չորրորդ իշխանություն են: Հասկանալի է, որ այդ ասելով նկատի ունենք իշխանությունների կողմից իրենց գործունեությունը նրանց ազդեցությամբ վերակառուցելու ավանդույթը: Կներեք կրկնելու համար, բայց իշխանական թեւի այն մարմինները, որոնք կոչված են պարզաբանելու քաղաքացու, երկրի, նույնիսկ իշխանության շահերը, հաճախ քար լռություն, անտարբերություն են ցուցաբերում: Այս երեւույթը հղի է լուրջ հետեւանքներով: Այսպես շարունակվելու դեպքում չորրորդ իշխանությունը կարող է վերածվել սայլի հինգերորդ անիվի, եթե արդեն այդպիսին չէ:

Բայց… Եթե լրագրողի դիտարկման, բարձրացած հարցի հանդեպ լրջագույն վերաբերմունքը կշեռքի մի նժարին է, ապա մյուս նժարին լրագրողի պատասխանատվությունն է: Ես ամաչում եմ այն լրագրողների համար, ովքեր պատասխանատու այդ գործը հանձն են առել առանց լեզվական պատշաճ գիտելիքների, ովքեր անանուն կամ կեղծ ստորագրությամբ հոդվածներ են թողարկում, ովքեր դիտավորյալ (ապատեղեկատվություն կամ որեւէ կոնկրետ անձնավորության վարկաբեկելու նպատակով) կեղծ տեղեկատվություն են տարածում: Այդ կարգի լրագրողի գործունեության եւ ժուռնալիստիկայի կամ ազատ խոսքի միջեւ որեւէ կապ լինել չի կարող: Այդ գործելակերպով էլ կարելի է հեղինակազրկել, ոչնչացնել չորրորդ իշխանությունը, ինչով էլ զբաղվում են որոշ լրագրողներ, լրատվամիջոցներ եւ հատկապես որեւէ օրենքով չվերահսկվող համացանցային առանձին կայքեր:

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39