Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին

21.02.2018 10:52
1367

Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:

Բարձրաստիճան հոգեւորական եւ աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքները: Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին իր նստավայրում եւ ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարեւոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական եւ հոգեւոր, այլեւ հասարակական կյանքում:

«Ես միշտ հիշում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբեւէ եղած եւ անընդհատ գործող ամենահին կառույցն է եւ այդ ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ուղղակի անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում: Թիկունքում ունենալով, իհարկե, այդպիսի փորձառություն՝ ես վստահ եմ, որ դուք միշտ քայլեր եք անում, որոնք ընկալելի եւ ընդունելի են մեր հավատացյալ ժողովրդի համար: Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, եւ այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաև հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության եւ ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերները: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաեւ հենց դրան են ուղղված: 

Կցանկանայի, Վեհափա՛ռ Տեր, Խորհրդի հարգելի՛ անդամներ, տեղեկանալ նիստի օրակարգի, քննարկվող հարցերի եւ, իհարկե, ձեր նկատառումների մասին, հատկապես, Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների հետ կապված: Այդ նկատառումները մեզ համար շատ կարեւոր են: Իհարկե, մենք ազատ ենք քննարկելու տարբեր հարցեր՝ նկատի առնելով, որ մեր նախորդ հանդիպումից հետո բավականին ժամանակ է անցել: Մեկ անգամ ևս սիրով բոլորիդ ողջունում եմ այստեղ»,- հանդիպման սկզբում ասել է հանրապետության նախագահը եւ թեյի սեղանի շուրջ հանդիպման մասնակիցների հետ քննարկել համազգային հարցեր, պատասխանել նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր եւ Խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ հյուրընկալության համար եւ ներկայացրել ընդլայնված կազմով այս տարի գումարվող Գերագույն հոգևոր խորհրդի առաջին նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերը, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունից եւ ընթացիկ գործունեությունից բացի, ներառում են ազգային, եկեղեցական կյանքին վերաբերող հարցեր ու խնդիրներ:

«Գիտեք, որ այսօր մեր առջեւ դրված, մեր ժողովրդին հուզող խնդիրներից են Պոլսո Հայոց Պատրիարքության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծված իրավիճակը, որը առաջնահերթորեն մեր Գերագույն հոգեւոր խորհրդի օրակարգի հարց է: Օրակարգի մեջ ունենք նաեւ, ինչպես Դուք անդրադարձաք, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին եւ Մայիսյան հերոսամարտերի տոնախմբության միջոցառումների հարցը: Մենք, ինչպես եւ Արամ Կաթողիկոսը, կոնդակ հռչակեցինք, որն ընթերցվեց աշխարհասփյուռ մեր թեմերում, մեր եկեղեցիներում, և զանազան միջոցառումներ, հրատարակություններ, գիտաժողովներ պիտի կազմակերպվեն ու անցկացվեն: Պետական համապատասխան հանձնաժողովի հետ քննության պիտի առնվի ծիսական միջոցառումը, որը պիտի այդ օրը, անշուշտ, համախորհուրդ իրականացնենք: 

Հանձնաժողով ունենք, որ այս ժողովին պիտի ներկայացնի նաեւ այլ առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն եւ ընդունվեն Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից: Այսօրվա այս ժողովի ընթացքին քննության պիտի առնվի նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի կանոնադրությունը: Ինչպես գիտեք, ձեռնամուխ ենք եղել Գերագույն հոգեւոր խորհրդի հետ միասին կանոնակարգելու մեր եկեղեցական կյանքը, նրա կառավարման մարմինների գործունեությունը, ինչպես, օրինակ՝ Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը մշակվեց, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը մշակվեց, թեմական եւ համայնքային կանոնադրության նախագիծ պատրաստվեց եւ թելադրվեց, որպեսզի որդեգրեն թեմերը այդ նախագծում պարտադիր նկատված կանոնները: Այսպես` հերթականորեն պետք է նաեւ բոլոր մարմինների համար կանոնակարգեր մշակվեն, եւ վերջում այդ ամբողջությամբ կազմվի Հայ եկեղեցու Սահմանադրությունը, եթե կարող ենք այսպես կոչել: Նաեւ ունենք կարեւոր մեկ այլ հարց՝ Գերագույն հոգեւոր խորհրդի մեջ մենք որոշեցինք, որ 2018 թվականը հռչակենք երիտասարդության տարի, եւ թեմակալ մեր առաջնորդները ձեռնամուխ են, որպեսզի այս տարի հուլիսի 5-8-ը աշխարհասփյուռ թեմերից ուխտավոր երիտասարդներ ունենանք: Ակնկալում ենք մեծ թվով երիտասարդական խմբեր, ովքեր պետք է համատեղում ունենան Ծաղկաձորում՝ ճամբարային ձեւաչափով: Այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին պետք է ուխտագնացության գան, որտեղ արարողություն պիտի լինի, եւ մենք մեր հորդորը, պատգամը պիտի հղենք մեր երիտասարդներին:

Այս կարեւորագույն հարցերն էին, որոնք բերեցինք Ձեր ուշադրությանը, մեծարգո՛ նախագահ: 

Պարո՛ն նախագահ, մեզ համար մեծ ուրախություն է հաստատել, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ, բայց մասնավորաբար այս անցնող տարիներին վերելք են ապրում՝ շնորհիվ նաեւ Ձեր նախանձախնդիր եւ հոգածու վերաբերմունքի: Մեր եկեղեցին եւս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները՝ դրանք մեր ազգային ինքնության պահպանության, մեր պետականության ամրապնդման, մեր երկրի խաղաղ, ապահով անվտանգ եւ բարօր կյանքի խնդիրներն են, որ առաջնահերթորեն զբաղեցնում են մեզ եւ մեր տեսլականի, մեր գործունեության առանցքն են կազմում: Ուրախ եմ ասելու, որ շնորհիվ հայրենի իշխանությանց զորակցության մեր եկեղեցին այս ժամանակահատվածում՝ անկախության այս տարիներին, կարողացավ հաղթահարել պատմական բոլոր այն արհավիրքները, որոնց ենթարկվել էր մեր եկեղեցին՝ կրելով մեծ կորուստներ: Թիվ հնչեցնելու համար ասենք, որ Ցեղասպանության եւ ստալինյան բռնատիրական տարիների այդ հալածանքների շրջանին մենք կորցրեցինք շուրջ 3000, նույնիսկ հաշվվում է 4000 եկեղեցի եւ 4000-5000 եկեղեցականներ: Այսօր մենք մեկ չորրորդը կամ մեկ հինգերորդն անգամ չենք կարողացել վերականգնել այդ կորուստների: Սակայն այն ձեռքբերումները, որ արձանագրվել են, մասնավորապես, անկախության այս ժամանակահատվածում, մեզ լավատեսություն եւ հույս են ներշնչում, որ մենք պիտի կարողանանք ամբողջականորեն մեր եկեղեցու առաքելությունն իրականացնել մեր ժողովրդի կյանքում՝ ներկայություն ապահովելով ազգային կյանքի բոլոր բնագավառներում:

Մենք ինչպես դարերի ընթացքին միշտ առաջնորդվել ենք Հայոց պետականությունը զորացնելու այդ բարձր գիտակցությամբ, այնպես էլ այսօր այդ գիտակցությունը բնորոշ է մեր եկեղեցականության, մասնավորապես՝ մեր հոգեւոր բարձրաստիճան եկեղեցականաց՝ թեմակալ առաջնորդներին, ովքեր ամենայն ջանք գործադրում են, որպեսզի մեր ժողովրդի զավակներին համախումբ պահեն հայրենիքի շուրջ եւ նրանց գիտակցության մեջ ամրագրեն հայրենյաց շահերը, հայրենիքին ծառայելու, զորակցելու այդ ոգին, գիտակցությունը եւ այդ նախանձախնդրությունը: Այս զորակցությունը ինչպես անցյալում, ինչպես այսօր, մշտապես լինելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդող հիմնական գաղափարը: 

Մենք կրկին մեր շնորհակալությունն ենք ուզում արտահայտել եւ մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, որպեսզի դժվարին, բարդ այս ժամանակներում Տերը զորակից լինի Ձեզ, հայրենի մեր իշխանություններին, իր օրհնությունը տարածի Ձեր եւ հայրենի մեր երկրի վրա, որ կարողանաք իրականության առաջնորդել այն բոլոր իղձերը, ցանկությունները, որ մեր ժողովուրդն իբրեւ երազ դարերով կրում է իր հոգուց, իր սրտից ներս:

Աստծո օգնականությունն ենք հայցում Ձեզ եւ մաղթում քաջառողջ, արեւշատ տարիներ եւ արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին: Աստված օրհնի Ձեզ»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը, որի ժամանակ հանրապետության նախագահը ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

president.am

20.02.2018

Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու

23.11.2024 19:50

Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը

23.11.2024 19:43

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05