Նիկոլ Փաշինյան. «…Սյունիքի գործող քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել»

25.10.2018 17:38
1672

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետւթյան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կրկին անդրադարձել է Կապանի համայնքապետի ընտրության արդյունքներին:

Ստորեւ՝ հատված այդ ելույթից:

***

Հանրապետական կուսակցությունն ըստ էության բոյկոտեց եւ տապալեց Ընտրական օրենսգրքում առաջադրվող փոփոխությունները: Սա արվում էր այն բանի համար, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով: Որովհետեւ հանրապետական կուսակցության ներկայացուցիչների եւ նրանց հետ ասոցացվող ուժերի եւ անձանց շրջանում հանկարծակի հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը նրանց կարո՞ղ է շանս տալ առաջիկա արտահերթ ընտրություններին հասնել ռեւանշի:

Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այդ մարդիկ սկսեցին մտածել այսպես. պատճառը պետք է ուղիղ կապել Կապանում՝ Սյունիքի մարզկենտրոնում տեղի ունեցած համայնքապետի ընտրությունների հետ: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Կապանում: Տեղի է ունեցել հետեւյալը. պարզվել է, որ հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռեւս կենսունակության ինչ-որ նշաններեն ցույց տալիս: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ  Սյունիքի գործող քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել եւ ի վերջո մարդկանց մի որոշակի հատվածի, հին մշակույթի եւ արժեքների տրամաբանությամբ կամ, ավելի ճիշտ, հին մոդելների մոդիֆիկացված ձեւերով նրանց ուղղորդել որոշակի քվեարկության՝ ի վերջո իրենց համար հասնելով ցանկալի արդյունքի:

Հանրապետականները հույս ունեն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում  կհաջողվի գործարկել կապանյան մոդելը: Լրագրողներն ու վերլուծաբանները միանշանակ ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում Կապանի ընտրություններին: Բայց նրանք սխալվում են մեծապես, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելու հետ: Ընդհակառակը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումն էլ կապված Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի եւ ստացված տեղեկատվության հետ:

Իմ համոզմունքը հետեւյալն է. Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական եւ քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական, ժողովրդական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա: Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի ու աներկբա պետական ժողովրդական իշխանություն, ու սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ ազգային անվտանգության կարեւորագույն հիմնահարց, որի մի շարք պարամետրերի անդրադարձել եմ հոկտեմբերի 19-ին Կապանում ունեցած ելույթում:

Եվ հինգ ամիսների ընթացքում ձեւավորված իմ աներկբա համոզմունքն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի գործունեության բոլոր մանրամասներին եւ նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա կասեցնել նաեւ իրավապահ համակարգի նկատմամբ հին տնտեսական եւ քրեական էլիտայի ազդեցությունը: Ինչպես ասում են՝ սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես: Ահա հենց սա էր Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառր: Եվ այդ որոշման հիմնական շարժառիթը  ոչ թե Սյունիքում նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների երաշխավորումը, որը պարզապես անհնար կլինի առանց քրեական էլիտայի, առանց տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու: Եվ դա մի խնդիր է, որ մենք լուծելու ենք հստակ, վճռական եւ անառարկելիորեն: Այս ամենի ֆոնին բնական հարց  կծագի, թե ինչու այդ դեպքում մենք ընդունեցինք Կապանի համայնքապետի ընտրությունների արդյունքները եւ դա համարեցինք ժողովրդավարության հաղթանակ: Առաջին հերթին ցույց տալու համար մեր անկեղծությունը, որ մեր միակ նպատակը ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի ազատությունը: Ես ինքս ժամանակին տեսել են, թե ինչպես ընտրությունների արդյունքների կեղծումները հիմնավորվում են բազմաթիվ պետական, ազգային եւ այլ նպատակներով:

Այսինքն՝ երբեք որեւէ ընտրություն չի կեղծվել այն պատճառաբանությամբ, որ մենք ատամներով պիտի պահենք իշխանությանը: Ես որպես լրագրող այդ բոլոր իրադարձությունները լուսաբանել եմ: Միշտ էլ բերվում են պատճառներ: Մենք ուզում ենք գործել բաց, թափանցիկ, հրապարակային: Մենք չենք կարող թույլ տալ չընդունել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքերը ձեւավորվել են ժողովրդի քվեարկության արդյունքում: Եվ հետո հանրային կարծիքի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քվեարկողների մեծ մասը քվեարկել է իր անկեղծ համոզմունքի համաձայն: Եվ հին ընտրական համակարգի տրամաբանությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որի պահվածքը, ցավոք, վճռական է  եղել ընտրությունների վերջնական արդյունքների համար: Տեղի ունեցած քվեարկության արդյունքներն ընդունելով է, որ մենք կարող ենք շարունակել մեր անկեղծ երկխոսության հանրության հետ: Իմ ամբողջ քաղաքական գործունեությունը նվիրված է եղել այն բանին, որ փորձել եմ ամեն քաղաքացու ներկայացնել, համոզել, որ իր մի քվեն ամենավճռական գործոնն է, որ կարող է գոյություն ունենալ: Իմ երկարամյա քաղաքական գործունեության բանավեճը, երկխոսությունը մարդկանց հետ այն են եղել, որ մարդիկ գիտակցեն, որ իրենց մի ձայնը վճռորոշ է :

 

 

 

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17