Նիկոլ Փաշինյանի մենությունը

23.09.2018 12:23
1209

Երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մարզային խորհրդակցություններ էր անցկացնում, դրանցում թվերի, վիճակագրության պակաս չկար։ Իհարկե, նախարարների ու մարզային պատասխանատուների ներկայացրած թվերը որևէ աղերս չունեին իրական կյանքի հետ ու ամբողջացնում էին այն կեղծ պատկերը, որ ցույց էր տալիս գոյություն չունեցող տնտեսկան աճ, այդպես էլ չկատարված ներդրումներ ու աշխատատեղեր, որոնց տեղը թերևս հայտնի էր միայն Կարեն Կարապետյանին։ Վերջինիս վարչապետությունը քարոզչական ու վիճակագրության մանիպուլյացիայի մի շրջան էր, որը փուչիկի պես պայթեց, երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն։

Նիկոլ Փաշինյանի պարագայում տրամագծորեն հակառակ պատկերն է։ Օրինակ՝ երեկ Արտաշատում վարչապետն անկեղծ զրույց էր ունենում Արարատի մարզային պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ։ Սակայն այդ անկեղծության համատեքստում բացահայտվեց պետական համակարգի չկայացվածությունը, նոր իշխանության կադրային խեղճությունը։ Այնպիսի տպավորություն ստեղծվեց ու դա շատ մոտ է իրականությանը, որ Նիկոլ Փաշինյանն այս իշխանության միակ աշխատող պաշտոնյան է, որը հարցեր է ձևակերպում ու ստիպված ինքն էլ տալիս է դրանց պատասխանները, աշխատում է նախարարների, մարզպետների, նույնիսկ՝ գյուղապետերի փոխարեն։

Այս տարի լոլիկի բարձր գինը, որը տատանվում է 350-500 դրամի սահմաններում, դարձել է իրապես քաղաքական խնդիր, ու երեկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական մարզում ապարդյուն փորձում էր հասկանալ, թե ինչ պատճառներով է ձևավորվել նման անբնական գին, որը նախորդ տարվա համեմատ բարձր է 4-5 անգամ։ Գյուղատնտեսության նախարարն ու համայնքապետերը նշում էին միանգամայն տարբեր վարկածներ, ինչը նշանակում է, որ պատկան մարմիններում խնդիրը «հում» է, այսինքն՝ չի քննարկվել ոչ մի անգամ, նույնիսկ՝ այն բանից հետո, երբ Փաշինյանը շուրջ մեկ ամիս առաջ շրջայց կատարեց Երևանի շուկաներում, ըստ էության՝ գերատեսչական մարմինների ուշադրությունը գրավելով այն հարցի վրա, որ այս տարի բանջարեղենի գները բնականից շատ ավելի բարձր են, ինչը հուշում է, որ գործ ունենք համակարգային պրոբլեմների հետ։

Արարատի մարզում վարչապետն ապարդյուն փորձում էր պարզել, թե քանի հեկտար կաթիլային ոռոգում կա, քանի հեկտար հակակարկտային ցանց կա։ Պատասխաններ այդպես էլ չհնչեցին․ Փաշինյանի թիմակից մարզպետն առհասարակ չէր տիրապետում իրավիճակին, ինչի մասին ստիպված էր բարձրաձայնել անգամ վարչապետը։ Տվյալ պարագայում՝ վարչապետը չպետք է հապաղեր ու Երևան հասնելուն պես անհրաժեշտ էր լուծել մարզպետին աշխատանքից ազատելու խնդիրը, եթե նույնիսկ Գարիկ Սարգսյանը Փաշինյանին ուղեկցել է քայլերթի ու հեղափոխության բոլոր օրերին։

Մարդկանց հնարավորությունները կարելի է փորձել այլ ոլորտներում, հարթակներում, սակայն եթե պաշտոնյան իր տեղում չէ, նա պաշտոնավորում է Փաշինյանի հեղինակության հաշվին։

Կադրային քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի թիմի «աքիլեսյան գարշապարն» է, ինչը հակասության մեջ է մտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու հավակնությունների հետ։ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը ցույց տվեց, որ կուսակացության, այսպես կոչված, խոշորացման ընտրված մոդելը նոր, կրեատիվ կադրերի ներգրավման, այլ խոսքով՝ ներառական քաղաքականության հարցը չի լուծել։

Պետական համակարգում Նիրկոլ Փաշինյանը գտնվում է կատարյալ մենության մեջ, ինչ վաղ թե ուշ հանգեցնելու է իշխանության ճգնաժամի։ Առայժմ իրավիճակն հաղթահարվում է Նիկոլ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշի ու անձնական որակների շնորհիվ։

Արարատի մարզային խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի անօգնակնությունն անմիջապես վերացավ երեկոյան, երբ Արտաշատի հրապարակում նա հանդիպում էր քաղաքացիների հետ ու այլևս թիմի անհրաժեշտություն չուներ։ Նրա ու քաղաքացիների կոնտակտը կայանում է հրաշալի, բնական, որտեղ երևում են թե վարչապետի մտահոգությունները և թե մարզը, մարդիկ՝ իրենց պրոբլեմներով ու դարդ ու ցավով։

Արդեն բեմահարթակին Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց», թե ինչ է փնտրում իր մարզային այցելությունների ժամանակ: «Ես իմ մարզային այցելությունների ընթացքում փորձում եմ գտնել դաշնակիցներ»,- ասել է Փաշինյանը: Նրա դաշնակիցը արժեք ստեղծող քաղաքացին, գյուղացին է։ Միակ դաշնակիցը, որովհետև գործող իշխանությունն առայժմ ոչ թե համակարգ է, այլ՝ մարդկանց ամբողջություն, որը գոյատևում է Փաշինյանի բարձր վարկանիշի հաշվին։ Այդպես է՝ գոնե առայժմ, այս պահին։

1in.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40