Նորացած Սայաթ-Նովան

01.07.2016 12:36
1561

Արեւմուտքի բազմալեզու  եւ բազմահարուստ գրականությանը ծանոթ չէ այնպիսի երեւույթ, որպիսին Սայաթ-Նովան է: Միայն Արեւելքի շռայլ բնության քմայքը կարող էր Հալեպից եկած պանդուխտ Կարապետի եւ հավլաբարցի Սառայի հարկի տակ, կիսաճորտ ընտանիքում, ծնել մի սովորական  մանուկ, որ պիտի շատ բաներով դառնար արտասովոր եւ այդպիսին մնար դարերի մեջ:

Եվ իրոք, պատանի Արութինն օժտված էր այնպիսի ունակություններով, որոնք նշանավոր կարող էին դարձնել առնվազն վեց երջանիկ մարդու-մեկին` կախարդ երգիչ, մյուսին` ականավոր նվագարար, երրորդին` մեծաքանքար երգաստեղծ-կոմպոզիտոր, իսկ մնացած երեքին` այնպիսի սքանչելի բանաստեղծ, որոնցից յուրաքանչյուրը պիտի հպարտություն պատճառեր այն ժողովրդին, որի լեզվով բանաստեղծելիս պիտի լիներ: Եվ ահա  շնորհների այսպիսի մի բազմազանություն Արեւելքի շքեղ բնությունը պարգեւել էր մեկ սրտի, կապել մեկ  անվան, որը պատանության տարիներին  հնչում էր «Արութին», իսկ հետո եւ առհավետ` «Սայաթ-Նովա»-իբրեւ խորհրդանիշ այն բացառիկ երեւույթի, երբ միեւնույն անձը երեք ժողովրդի պատմության մեջ է մտնում, որպես մեծ երգիչ, որպես նվագարար, որպես կոմպոզիտոր եւ որպես հանճարեղ բանաստեղծ:

Այսպես պատահեց նաեւ Սայաթ-Նովային. բովանդակ Անդրկովկասի հանրահայտնի երգիչ-բանաստեղծը մոտավորապես կես դար պիտի հաշտվեր իր անվան ու հիշատակի փոշեպատմանը, մինչեւ որ վերածնվեր` ավելի քան 100 տարի սրանից առաջ, 1852թ.:

Ժամանակի  անիրավությունից մեծին ազատելու համար նույնպես մեծ պետք է լինել: Ադպիսին էր Գեւորգ Ախվերդյանը` Սայաթ-Նովայի վերածննդի «կնքահայրը»: Իր ժամանակին նա նշանավոր էր իբրեւ բժիշկ, այնինչ բախտն ուրիշ վիճակ էր պահել նրան. Սայաթ-Նովայի խաղերի անդրանիկ ժողովածուի լույս ընծայմամբ եւ այնուհետեւ Ախվերդյանը պսակվեց հայագետ-բանասերի, աղբյուրագետի, աշխարհաբարի մեծ գիտակի ու ջատագովի համբավով: Ավելին. նա, որ կյանքում ոչ մի ոտանավոր չի տպել, անկասկած նաեւ բանաստեղծ էր, նուրբ, տաղանդավոր եւ հմուտ բանաստեղծ, քանի որ միայն բանաստեղծ-գիտնականը կարող էր ի կատար ածել մի այնպիսի դժվարագույն խնդիր, որպիսին Սայաթ-Նովայի երգերի հրատարակումն էր:

Եվ հիրավի, մոտավորապես մեկ 100-ամյակ շարունակվեց գործել սայաթնովագիտությունը, գործեց չորս-հինգ լեզվով, քիչ բացեր չլրացրեց, սակավ էջեր չսրբագրեց, սակայն Գ.Ախվերդյանի գործը, ընդհանուր առմամբ,մնաց անգերազանց: Այսպես` Սայաթ-Նովան, ավելի ճիշտ` նրա հայերեն խաղերը, Գ.Ախվերդյանից հետո հրատարակվեց եւս 10 անգամ, մինչեւ որ 1945թ. գրախանութների ցուցափեղկերը պայծառացան Սայաթ-Նովայի նոր ժողովածուով: Անփորձ ընթերցողին թերեւս դա մի հերթական վերահրատարակություն թվար: Բայց դա մի սոսկական վերահրատարակություն չէր, այլ մի իսկական երեւույթ սայաթնովագիտության մեջ, մի երեւույթ, որի նախատիպը Գ.Ախվերդյանն էր տվել եւ որը նույնպիսի մի սխրանք էր:

Ժողովածուն սկսվում էր «Կազմողի կողմից» հակիրճ առաջաբանով, որտեղ կազմողը` Մ.Հասրաթյանը, անձնուրացության հասնող համեստությամբ չոր ու ցամաք շարադրում էր իր բանասիրական բազմամյա աշխատանքի արգասիքը:

Եղան գրախոսականներ, սովորական գրախոսականներ, այնինչ գրախոսման առարկան արտասովոր էր: Օրերս ցուցափեղկերում նորից երեւրաց Սայաթ-Նովան` կրկին Մ.Հասրաթյանի աշխատասիրությամբ: Վերստին, հավանաբար, կգրվեն գրախոսություններ: Սովորական գրախոսություններ, ինչպես այս մեկը: Բայց ժամանակն է, որ սովորական գրախոսություններից ծայր առնի այն լուրջ, գիտական եւ ջերմ խոսակցությունը, որ պարտավոր է արժանին մատուցել Մ.Հասրաթյանի բազմամյա աշխատանքին: Մեր հին, բայց եւ միշտ սիրելի, մեր ամենօրյա, բայց եւ տոնական, մեր ծանոթ, բայց եւ անզուգական Սայաթ-Նովան Հասրաթյանի շնորհիվ բոլորովին նորացել է: Նորացել է, բայց ոչնչով չի դարձել անճանաչելի: Եվ հենց այստեղ է Մ.Հասրաթյանի մեծ վաստակն ու անվերապահ հաջողությունը:

Սայաթ-Նովայի բազմանիստ տաղանդը սայաթնովագետից պարզապես պահանջում է նույնպես բազմաշնորհություն: Բազմակողմանիորեն օժտված այդպիսի մարդ է Մ.Հասրաթյանը: Իր գործն ի կատար ածելու համար աշակերտել է հենց իրեն` Սայաթ-Նովային. նրա օրինակով Մ.Հասրաթյանը տիրապետել է Սայաթ-Նովայի հայերենին` Թիֆլիսի բարբառին, վրացերենին,ադրբեջաներենին, ըստ որում ոչ այն չափով, որչափով  կարող է գոհանալ գիտնականը: Այդ չափով նա ուսումնասիրել է, օրինակ, պարսկերենն ու արաբերենը: Եվ այն, ինչ պակասում էր Գ.Ախվերդյանին, բնությունը չի զլացել Մ.Հասրաթյանին. նա ոչ միայն  խառնվածքով է բանաստեղծ, այլեւ  իրականում, եւ այդ օժտվածությանն է պարտական հայ ընթերցողն  իր այն երջանկության համար, որ նրան տարբերում է վրաց ու ադրբեջանցի ընթերցողից. մինչ  նրանք ստիպված են գոհանալ միայն իրենց Սայաթ-Նովայից (չհաշված հատ ու կենտ, հաջող ու անհաջող թարգմանությունները) հայ ընթերցողն մեկընդմիշտ իր տունն ու սիրտն է ընդունել նաեւ նրա’նց Սայաթ-Նովային` վրաց եւ ադրբեջանական մեծ բանաստեղծին:

Եվ իսկապես. վրացերենից ու ադրբեջաներենից կատարած թարգմանությունները նույնիսկ բազմափորձ ընթերցողի մեջ այն պատրանքն են ստեղծում, թե դրանք թարգմանություններ չեն, այլ նորահայտ խաղեր: Անկասկած այս հարցում որոշիչ նշանակություն ունի Մ.Հասրաթյանի բանաստեղծելու շնորհքը, ինչպես եւ նրա մեծ հմտությունն արեւելյան պոեզիայի տաղաչափությանը, կանոններին ու գաղտնիքներին: Բայց դժվար թե Մ.Հասրաթյանը հասներ նմանօրինակ հաջողության, եթե պարզած չլիներ եւս մի «գաղտնիք»` իր թարգմանությունները կատարած չլիներ Թիֆլիսի բարբառով:

Սակայն Մ.Հասրաթյանը միայն բանաստեղծ-թարգմանիչ չէ, նա նաեւ հմուտ արեւելագետ-բանասեր է: Այդ է վկայում ինչպես «Ծանոթագրություններ» բաժինը, այնպես էլ «Բառարանը»:

Կլինեն ու կան, անշուշտ, վիճելի մեկնաբանություններ եւ ընթերցումներ, - այդ մասին թող խոսեն ավելի գիտակ մարդիկ: Բայց որ սայաթնովայագիտությունը  Մ.Հասրաթյանի ջանքերով բարձրացել է մի նոր աստիճանի, բայց որ Սայաթ-նովայի շատ ու շատ էջեր վերծանված են առաջին անգամ, բազմաթիվ տողեր` վերջնականապես, - դրանում երկու կարծիք չի կարող լինել:

Ո՞վ չգիտի Սայաթ-Նովայի հոյակապ տողերը.
Ամեն մարթ չի ‘ կանա խըմի` իմ
ջուրըն ուրիշ ջրեն է.
Ամեն մարթ չի՛ կանա կարթա` իմ
գիրըն ուրիշ գրեն է…

Մ.Հասրաթյանը, հիրավի, այն գիտնական-բանաստեղծն է, որ կարողացել է կարդալ Սայաթ-Նովայի շատ ու շատ «գրեր»: Նրա շնորհիվ Սայաթ-Նովայի «ջուրն» էլ համարյա թե եռապատկվել է ` մեզ ծանոթ ակունքին խառնվելով այն երկու աղբյուրը, որ բխել են Սայաթ-Նովայի հոգուց, բայց հագուրդ տվել մեր հարեւանների պապակին:

Այսքանը բավական էր, որպեսզի հայ ընթերցողն  ու սայաթնովայասերը Մ.Հասրաթյանին ասեն իրենց շնորհակալությունն ի խորոց սրտե, եւ, խնայելով նրա համեստությունը, չավելացնել բառեր, որոնց արժանի է նա:

Բայց Մ.Հասրաթյանի խոսքը դեռ չի ավարտված: Մենք դեռ սպասում ենք նրա նոր թարգմանություններին, Սայաթ-Նովայի կյանքին ու ստեղծագործությանը  նվիրված մենագրությանը, ինչպես նաեւ մեծ բանաստեղծի խաղերի ակադեմիական հրատարակությանը:

Ամեն մի թարգմանիչ-բանաստեղծ այստեղ, թերեւս, իր գործն ավարտված համարեր: Սակայն Մ.Հասրաթյանը մի նոր հարց էլ է հարուցում. դեռեւս 1945թ. նա գտնում էր, որ Սայաթ-Նովան կշահի, եթե հրատարակվի մասամբ գրականացված հայերենով եւ հիմա, իբրեւ նմուշ, ժողովածուի հավելվածում ընթերցողների ուշադրությանն է  հանձնում մասամբ գրականացված չորս հայերեն խաղ: Շատերին կարող է այս պահանջն ու փորձն անհարկի նորություն թվալ, մինչդեռ, ըստ իս, դա միանգամայն հասունացած խնդիր է: Կասկածից վեր է, որ ընթերցողը լայն հասարակայնությունը մասամբ է միայն հաղթահարում Սայաթ-Նովայի բառարանը: Եվ բոլորին չի տրված ամեն րոպե բառարան նայելու նվազագույն ճիգը, որ անհարիր է էսթետիկական հաճույք ստանալու  հոգեբանությանը: Սայաթ-Նովայի անմահական ջուրը խմողների քանակը շատացնելու համար ոչ միայն կարելի է, այլեւ անհրաժեշտ է մասամբ գրականացնել նրա լեզուն: Բանաստեղծի անկրկնելի արվեստի համն ու հոտը, դարաշրջանի կոլորիտը  չեն տուժի դրանից, քանի որ ինչքան էլ Սայաթ-Նովայի լեզուն հայացվի ու գրականացվի, այնուամենայնիվ այդ լեզուն իր գերակշռությամբ կմնա սայաթ-նովայական:

Համաձայնելով Մ.Հասրաթյանի խելամիտ ու օգտակար առաջարկին` հարկավոր է նկատել, որ այդ առաջարկությունն իրագործելիս պիտի ելնել «մի խելքը լավ է, երկուսն` առավել» իմաստությունից: Որքան էլ բազմաշնորհ է Մ.Հասրաթյանը, այսուհանդերձ Սայաթ-Նովային մասամբ գրականացնելու հարցը պիտի լուծել հատուկ հանձնաժողովի օգնությամբ: Հակառակ դեպքում դժգոհություններն ու վեճերն անխուսափելի են: Այդ է ապացուցում նաեւ այն չորս խաղը, որ զետեղված է հավելվածում:

Նորացած  Սայաթ-Նովան լքելով գրախանութները` մտնում է տներ, գահակալում սրտերում: Միշտ թարմ է նա ու միշտ նոր: Եվ եթե մեկ անգամ եւս նորացնելու հարց է ծագում, ապա լոկ այն պատճառով, որպեսզի նա ավելի դյուրին մտնի նորանոր տներ, ավելի հարմար  գահակալի նորանոր սրտերում:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ  

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57