Նորայր Եսայան. «Հարժիսի դպրոցի հրատապ լուծում պահանջող հարցը շենքի տանիքի հիմնանորոգումն է»

19.10.2017 10:25
2722

Այցեքարտ


Նորայր Եսայան. ծնվել է 1973թ. Հարժիսում, տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Պատմություն եւ իրավագիտություն» ֆակուլտետը, որն ավարտել է 1996թ.՝ պատմության եւ իրավագիտության ուսուցչի որակավորմամբ: Այնուհետեւ ընդունվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրա՝ հայոց պատմության գծով, թեկնածուական ատենախոսության թեման եղել է «Սիմոն Զավարյանի կյանքն ու գործունեությունը», որը, սակայն, դեռ չի պաշտպանել, բայց աշխատում է այդ ուղղությամբ:2001թ.-ից առ այսօր աշխատում է այն ժամանակ ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղում, որ 2006թ.-ից վերակազմակերպվել է Գորիսի պետական համալսարանի: 2017թ. հուլիսի 3-ին ընտրվել է «Հարժիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն:

- Պարո՛ն Եսայան, մեր օրերում դժվար թե հանդիպենք այնպիսի մարդու, ով, հանրության շրջանում ավելի բարձր նիշ ունեցող աշխատանք ունենալով, ցանկություն հայտնի վերադառնալ հայրենի գյուղ եւ դառնալ տեղի դպրոցի տնօրեն: Ինչո՞վ կբացատրեք Ձեր՝ ընդօրինակման արժանի այդ քայլը:


- Երբեք ծննդավայրից չեմ կտրվել, ապրել եմ հայրենի գյուղի հոգսերով, դրանք նաեւ իմը համարել: Այդ առումով գյուղի դպրոցի վիճակն ինձ խիստ անհանգստացնում էր, ցավ էի ապրում այնտեղ առկա խնդիրների համար: Բանն այն է, որ ծնողներս լուրջ ավանդ ունեն գյուղի դպրոցաշինության գործում, եւ Հարժիսի դպրոցի նախկին փառքի վերականգնման մղումն ինձ  բերեց դպրոց. չէ՞ որ այս դպրոցը ժամանակին եղել է հանրապետության լավագույն դպրոցներից, տվել բազում շրջանավարտներ, ովքեր այսօր իրենց արժանի տեղն են գտել տարբեր ոլորտներում: Վերջին շրջանում դպրոցի առաջընթացը որոշակիորեն տեղի տվեց, ուստի ցանկություն կա կրկին բարձրացնել դպրոցի դերը: Բարդ է, իհարկե, բայց միտում կա, այն, որ աշխատում ենք հայրենի գյուղի բարգավաճման համար, արդեն իսկ ոգեւորություն է առաջացնում: Ավելին՝ երբ ինչ-որ բան անելուց հետո զգում ես թե՛ աշակերտների, թե՛ համայնքի բնակիչների ոգեւորությունը, դա ավելի է թեւեր տալիս: Ամենակարեւորը, որ թե՛ աշակերտները, թե՛ ուսուցչական կոլեկտիվը, թե՛ համայնքի բնակիչները մասնակից են այս գործընթացին: Հրավիրված ընդհանուր ծնողական ժողովին հորդորել եմ բոլորին հնարավորինս մասնակցել դպրոցում կատարվող գործընթացներին, իրադարձություններին, մանավանդ մեր գործելաոճում որդեգրել ենք բաց եւ թափանցիկ աշխատելաոճը: Ճիշտ է, կատարված աշխատանքի արդյունքը տեսնելը ոգեւորիչ է, բայց մեր դեպքում դեռեւս այն սպասելի տեսքով տեսանելի չէ. կարեւորը մեր առջեւ դրված նպատակն է, ինչին կկարողանանք հասնել միասնական ուժերով:


- Համառոտ ներկայացրեք Հարժիսի միջնակարգ դպրոցի բնութագիրը:


- Հարժիսի միջնակարգ դպրոցում այս պահին սովորում է 80 աշակերտ՝ 12 դասարանով, որից 3 դասարան՝ 0.75 դրույքով: Արտագաղթը լուրջ հարված է հասցրել աշակերտների թվաքանակին. նախանցյալ տարի դպրոցում սովորում էր 109 աշակերտ, անցյալ տարի՝ 89: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին գյուղից հեռացել է 7 դպրոցահասակ երեխա: Ըստ նախնական տվյալների՝ գալիք ուստարում կունենանք 10 առաջին դասարանցի, եթե մինչեւ սեպտեմբեր գյուղը չլքեն: Ունենք հրաշալի կոլեկտիվ՝ համալրված արհեստավարժ մանկավարժներով, խոստումնալից երիտասարդ կադրերով: Դպրոցում մաթեմատիկայի ուսուցչի խնդիր կար, բայց այդ հարցը նույնպես լուծվել է, ինչից թե՛ աշակերտները, թե՛ ծնողները գոհ են: Առհասարակ լինելով պատմաբան՝ շատ մեծ տեղ եմ տալիս բնագիտամաթեմատիկական առարկաներին, ինչից էլ կախված կլինի մեր նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հետագա գործունեությունը եւ հաջողությունները:


Ուսուցիչներին ասել եմ, որ մեր նպատակն արդյունք տալն է՝ մեր հնարավորությունների, աշակերտների ներուժի սահմաններում, այլ ոչ թե միայն դասարան մտնել դուրս գալը:


- Ո՞րն է դպրոցի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրը:


- Ընդհանուր առմամբ դպրոցի շենքի վիճակին կարելի է տալ օրհասական, ծայրահեղ բնութագրումը: Ժամանակին լեհական մի ծրագրի շրջանակներում վերանորոգվել են դասասենյակներ, բայց, եթե շենքի տանիքը շուտափույթ չվերանորոգվի, այդ վերանորոգման իմաստը կկորչի: Շենքի սեյսմակայուն վիճակը վերջերս են ստուգել, բայց դեռեւս եզրակացությունը չեն ուղարկել: Տանիքի պատճառով արտաքին եւ ներքին պատերի լուրջ վնասվածքներ են առաջացել, անկյունում քարերը թափվել էին, ճիշտ է, անձնական միջոցներով պատը վերականգնեցինք, բայց նորից ասեմ, եթե տանիքը չվերականգնվի, այդ արածն էլ իր իմաստը կկորցնի: Այդ հարցի լուծման համար դիմել եմ տարբեր միջազգային կազմակերպությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մի խոսքով՝ անընդհատ տարբեր ատյաններում բարձրաձայնում եմ այդ խնդրի մասին: Վատթար վիճակում է նաեւ դպրոցի մարզադահլիճը, իսկ տանիքով պայմանավորված խոնավությունից շենքի հատկապես անկյունային մասերում վթարային վիճակ է ստեղծվել: Անկախ Հայաստանի ժամանակաշրջանում շենքը ոչ մի անգամ չի վերանորոգվել, նույնիսկ վերջերս, երբ եկել էին շենքի սեյսմակայունությունը ստուգելու, մասնագետները նշեցին, որ ասբոշիֆերից տանիք այսօր Հայաստանում շատ հազվադեպ է հանդիպում: Եթե տանիքի վերանորոգման հարցը լուծվի, մնացածն ընթացիկ հարցեր են եւ ժամանակի ընթացքում կկարգավորվեն:


- Չնայած Դուք դեռ մեկ ամսից ավելի է, ինչ պաշտոնավարում եք, բայց կուզենայինք խոսել աշակերտների հաջողություններից:


- Դպրոցում կան լավ աշակերտներ, ովքեր մասնակցում են դպրոցականների առարկայական օլիմպիադաներին, ուսումը շարունակում հանրապետության տարբեր բուհերում: 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Բալյանը, եթե չեմ սխալվում, անցյալ տարի ֆրանսերենից մարզային փուլում գրավեց երկրորդ, նախանցյալ տարի՝ առաջին մրցանակային տեղը: Անցյալ տարվա շրջանավարտներից երեք հոգի ընդունվել է Գորիսի պետական համալսարան, երկու հոգի՝ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարան: Այս տարի կավարտի ութ հոգի, այս պահին հաստատ գիտեմ, որ մեկ հոգի կդիմի բուհ: Ընդհանուր առմամբ երեխաների շրջանում ուսման հանդեպ սեր ու հետաքրքրություն կա, մանկավարժներին ասել եմ, որ պետք է այդ ներուժը զարգացնել, արդյունք ապահովել ոչ թե գնահատականներով, այլ ձեռք բերած գիտելիքներով:Ոգեւորություն նկատում եմ թե՛ երեխաների, թե՛ ծնողների շրջանում, ինչը, համոզված եմ, մի քիչ ուշացումով, բայց արդյունք կտա:


- Կրթության բնագավառում հատկապես վերջերս խոսվում են տարբեր փոփոխությունների մասին, Ձեր կարծիքը՝ դրանց վերաբերյալ:


- Հատկապես կարեւորում եմ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հայտարարած «Ուսուցիչ» նախաձեռնությունը, որը, հուսով ենք, գործող ծրագիր կդառնա եւ բոլոր ուսուցիչներին «հավասար աչքով նայելու» հնարավորություն կընձեռի: Ինչ վերաբերում է դպրոցների օպտիմալացմանը, առայժմ դա մեր դպրոցին չի վերաբերում: Անկեղծ ասած, քիչ թվաքանակով աշակերտ ունեցող դպրոցի զարգացման ընթացքն ավելի դժվար է: Այստեղ շատ եմ կարեւորում ուսուցիչների մրցակցությունը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեկ դպրոցում տվյալ առարկայից մի քանի ուսուցիչ է դասավանդում: Օպտիմալացումը, իհարկե, ունի ե՛ւ առավելություններ, ե՛ւ թերություններ: Համայնքն առանց դպրոցի լիարժեք չի կարող լինել:              

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21