Նռնաձորում ոգեպինդ և արարող մարդկանց հանդիպեցինք, թեև գյուղը կքած է բազում խնդիրներից

24.02.2023 12:49
2414

Յուրաքանչյուր գյուղ (մարդու նման) ունի իր ճակատագիրը՝ ոչ մեկին չնմանվող, չկրկնվող: Նույնը վերաբերում է Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղին…

Նռնաձորը վարչական տարածքով Սյունիքի ամենախոշոր բնակավայրերից է։

Գյուղի ներկա ընթացքի մասին, բնականաբար, առաջին տեղեկությունները ստանում ենք Ալեքսան Բոյաջյանից․ բնակավայրի վարչական ղեկավարն է 2016 թ․ նոյեմբերից՝ Մեղրի համայնքի խոշորացումից հետո։ Ծնվել է Մեղրիում, որտեղ էլ դպրոց է հաճախել, 2000 թվականից  բնակվում է Նռնաձորում, զբաղվում գյուղատնտեսությամբ։

Նռնաձորում գրանցված է  44 տնտեսություն, բնակիչների թիվը՝ 124։ Երիտասարդ ընտանիքներ կան, ծնունդներ են լինում…

Նռնաձորը բնավ էլ հանգչող փեթակ չի հիշեցնում, ինչպես Սյունիքի լեռնային ու սահմանային շատ գյուղեր… Դեռ ավելին՝ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է բնակավայրում մանկապարտեզ կառուցել…

Պաշտոնական փաստաթղթերում, որպես բնակավայրի գյուղատնտեսական գործունեության ուղղություններ,  նշվում են անասնապահությունը և դաշտավարությունը։ Բայց իրականությունն այն է, որ գյուղն ունի 84 հեկտար հող, և  գյուղացիք հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, ստանում նուռ, թուզ, արքայանարինջ. վերջին երկուսից ընտիր չիր են պատրաստում։ Ընդհանրապես նռնաձորցիների եկամտի աղբյուրը հենց այդ մրգերն են...

Նռնաձորում էր գտնվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկի Մեղրու տեղամասը, որտեղ պատիժ էին կրում անզգուշությամբ հանցանք կատարածները՝ մեկ տասնյակից ավելի մարդ։ Նռնաձորի վարչական ղեկավարը նշում է, որ գյուղի վարչական տարածքում գտնվող 153 հեկտար հողատարածքները 1994-ին հատկացրել են հանրապետության Արդարադատության նախարարությանը, կամ որ միևնույնն է՝ վերոնշյալ քրեակատարողական  հիմնարկին, որը 2018-2019 թվականներից չի գործում, և հիմա տարբեր ատյաններ գրություններ են հղել՝ այդ հողատարածքները Նռնաձորին վերադարձնելու՝ որպես համայնքային սեփականություն, որից հետո միայն կարող են այն լիարժեքորեն մշակել ու արդյունք ստանալ։

Ինչպես տեղեկացանք՝ անասնապահությունը, որպես այդպիսին, վերանում է գյուղում։ Քանզի ամառային արոտավայրերը 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից հետո հայտնվել են հակառակորդի դիրքերի անմիջական հարևանությամբ, որոշ տեղերում դարձել դիրքային հատվածներ։ Եվ իրողությունն այն է, որ լուրջ խնդիր է դարձել այդտեղ անասուն արածեցնելը։ Ճիշտ է, գյուղում այսօր հաշվվում է 120 ոչխար, խոշոր եղջերավոր անասուններ էլ կան, բայց գյուղատնտեսության այդ ճյուղն այլևս ապագա չունի, քանի դեռ սահմանամերձի արոտավայրերը լիարժեք չեն օգտագործվում:

Բանջարաբոստանային մշակաբույսեր՝ կանաչեղեն, կարտոֆիլ, լոբի ստանում են տնամերձերից․ այլ տեղ աճեցնելու հնարավորություն չունեն, քանի որ բնակավայրի հիմնախնդիրը տարիներ ի վեր մնում է ոռոգման և խմելու ջուրը: «Ամենաուշը մարտի 1-ից ոռոգման ջուրը պիտի հասնի Նռնաձոր, որովհետև այդ ժամանակ ենք ծառատունկը սկսում։ Բայց ոռոգման ջուր մատակարարելու գործում բոլորին մի արշինով են չափում,- մանրամասնում է վարչական ղեկավարը,- և մեզ ոռոգման ջուր մատակարարում են մարտի վերջին, ապրիլի սկզբին։ 2015 թվականին «JFAD»-ի  ծրագրով ոռոգման համակարգ են կառուցել, որի միջոցով ջուրը Լեհվազի մոտից հասնում է (ինքնահոս եղանակով) Նռնաձոր։ Պարզապես «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությունը նորոգման աշխատանքներն ավելի վաղ պիտի սկսի, որ ջուրն Արաքսի մեջ թափվելու փոխարեն  հասնի մեզ։ Մարդիկ ծառ են տնկում, և ով ավտոմեքենա ունի՝ ջուրը մեքենայով տեղափոխում է, նորատունկի տակ  մի դույլ ջուր լցնում, որ կարողանան ծառը պահել»։

Մինչև օգոստոս Մեղրիի ոռոգման համակարգը լիարժեք գործում է, խնդիրները սկսվում են դրանից հետո, երբ Մեղրի գետը բարակում է, ջուրը հազիվ հերիքում է Մեղրի քաղաքին և մերձակա բնակավայրերին։ Այդ ժամանակ էլ Նռնաձորում անցնում են մեխանիկական ոռոգման։

Նռնաձորում գործում է եռաստիճան ոռոգման համակարգ, բայց վթարներն անպակաս են լինում մայրուղու մաշվածության պատճառով: Նաև պոմպերն ու շարժիչները հին են՝ խորհրդային արտադրության, խողովակաշարը տեղ-տեղ մաշված է, պահեստամասերը դժվարությամբ են գտնվում, տեղ են հասնում ուշացումներով։ Իսկ այդ ամենն ամռան շոգից թառամող բույսին չես բացատրի: Գյուղացիներն ամիսը մեկ են այգի ջրում, սպասում լավ օրվա գալուն, սակայն հաջորդ տարի նույն պատմությունը կրկնվում է ․․․

Խմելու ջրի մատակարարման հարցում էլ խնդիրներ են ծագում օգոստոսից, երբ գյուղի քյարիզներից մեկը չորանում է, մնում են մյուս քյարիզի հույսին, բայց, այնուամենայնիվ, կարողանում են ամռանը 2-4 ժամ ջուր տալ բնակչին։

Այդուհանդերձ, նռնաձորցիներին հուզող ամենակարևոր խնդիրն անբարեկարգ, քիչ ասել է թե՝ դժվարանցանելի ճանապարհն է: Ի դեպ, ճանապարհի նորոգումը մի քանի տասնամյակի պատմություն ունի․ 2003-ին մեր թերթում («Սյունյաց աշխարհ», 10 մայիսի 2003 թ․) հրապարակում էի պատրաստել Նռնաձորի մասին. ո՞րն է գյուղի առաջ ծառացած ամենահրատապ խնդիրը, այն ժամանակվա գյուղապետ Գրիգոր Բոյաջյանը (ներկայիս վարչական ղեկավարի հայրը) պատասխանել էր՝ հիմնականը ճանապարհի նորոգումն է, մնացածն ինքներս էլ կանենք։ Ինչպես տեսնում ենք, երկու տասնամյակ անց ճանապարհի հիմնանորոգումը հրատապ և այժմեական է նաև մեր օրերում։ Անցած տարիներին ճանապարհի մասնակի նորոգումներ են  եղել, բայց չափազանց  հեռու է հիմնախնդրի լուծումից։ Մասնավորապես, անցած տարի գարնանը մոտ ութ կիլոմետր ճանապարհ մեղրեցի ճանապարհաշինարարները նորոգել են, բայց դա ժամանակավոր լուծում է:

Վերջերս Մեղրիի «ՃՇՇՁ» ընկերության գլխավոր տնօրեն Ազատ Գասպարյանը «Սյունյաց երկրի» հետ հարցազրույցում փոխանցեց, որ Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհահատվածի հիմնանորոգումն իր վաղեմի երազանքն է, և դրա նախագծման աշխատանքներն ավարտական փուլում են։ Ինչպես ասում են, նռնաձորցիները դարձյալ պիտի սպասեն և հուսան…

Ուրախացնողն այն է, որ նաև Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ շաբաթական չորս անգամ՝ 2022 թ. սեպտեմբերից երթուղային փոխադրամիջոցը գյուղ է մտնում, ուղեվարձն էլ սիմվոլիկ մի գումար է՝ 200 դրամ: Այլապես տաքսու վարորդները 10-15 հազար դրամ են պահանջում Մեղրուց Նռնաձոր հասնելու համար: Վերջիններիս էլ չի կարելի մեղադրել, այդքան գումարը չի փրկի, եթե Նռնաձորի անբարեկարգ ճանապարհի պատճառով մեքենան անսարքության մատնվի:

Ինչո՞վ էր ապրում և շնչում հակառակորդի անմիջական «հարևանությամբ» գյուղը 44-օրյա պատերազմի օրերին. «Ոչ մեկը գյուղից դուրս չի եկել,- մանրամասնում է Ալեքսան Բոյաջյանը,- պատերազմի օրերին տղաները դիրքերում են եղել, կանայք նուռ էին հավաքում, հետամուտ լինում, որ բերքը չփչանա»: Այնուամենայնիվ, գյուղը վնասներ կրել է, 14 ձի անցել է թշնամու կողմը. 2020 թ. նոյեմբերին տղաները դեռ չէին իջել դիրքերից, անասուններն անտեր էին մնացել: Բնակիչները դիմել են համայնքապետարան՝ փոխհատուցում ստանալու խնդրանքով:

Նաև հետաքրքրվեցինք, թե միջազգային կազմակերպությունների միջոցով ի՞նչ ծրագրեր է իրականացվել բնակավայրում: WW Բնության համաշխարհային հիմնադրամը դպրոցին հատկացրել է արևային մարտկոցներ, որոնց շնորհիվ մեծապես լուծվեց դպրոցի դասասենյակների ջեռուցման խնդիրը:

«IFAD»-ի (գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ) ծրագրով գյուղացիներին հատկացվել են արևային չորանոցներ: «Դրանք փոքր բիզնես ծրագրեր են, որ բնակչությանը բավականին օգնում են», - մանրամասնում է Ալեքսան Բոյաջյանը:

Իսկ սեփական ծրագրերից Նռնաձորի վարչական ղեկավարն առանձնացրեց խաղահրապարակի և հանդիսությունների սրահի կառուցումը: Առաջինի ֆինանասավորումը Մեղրիի համայնքապետարանն է իրականացնելու, իսկ երկրորդի դեպքում խնդիրը կքննարկվի, եթե հողհատկացում լինի, ավելի ստույգ՝ եթե կիսաքանդ կառույցն Արդարադատության նախարարության հաշվեկշռից հանեն և վերադարձնեն համայնքին:

Նախորդ անգամ՝ 2013 թվականի գարնանը, երբ դարձյալ աշխատանքային այցով Նռնաձորում էինք, համայնքապետարանի շենքի հարևանությամբ լքված և կիսաքանդ շենքեր կային, որ այժմ հողին էին հավասարացվել: Մեր զրուցակիցը բացատրեց, որ Մեղրիի զարգացման հիմնադրամը «Յունիբանկի» հետ համատեղ նախատեսում են բնակելի շենքեր կառուցել: Արդեն հինգ շահառու հաստատվել է, նախապատվությունը տրվել է երիտասարդ ընտանիքներին, որոնց բնակֆոնդը վատ վիճակում է…

Երբ հրաժեշտ էինք տալիս, վարչական ղեկավարը հուսադրող խոսքեր ասաց. «Մենք այստեղ կմնանք, Նռնաձորը կշենացնենք, միայն ճանապարհի և խմելու ջրի հարցը լուծեն»:

Վահրամ Օրբելյան

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05