Որն է ազգային շահն ըստ նոր իշխանության. առանցքային հարց

09.06.2018 19:04
1286

Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլեւս կառուցվելու է Հայաստանի ազգային շահերի վրա, հայտարարել է արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը: Հայաստանի նոր իշխանությունն արդեն տեւական ժամանակ արտաքին քաղաքականության մասով ազդարարում է այդ ելակետը թե՛ վարչապետի, թե՛ արտաքին գործերի նախարարի, թե՛ անվտանգության խորհրդի քարտուղարի, թե՛ այլ պաշտոնյաների մակարդակով: Դա, անշուշտ, ողջունելի շեշտադրում է, նվազագույն անհրաժեշտ:

Տվյալ պարագայում ամենեւին չկա ներկայիս իշխանությունը հեռացածի կամ հեռացողի հետ համեմատելու ցանկություն կամ փորձ՝ դա կլինի խիստ անհամարժեք, այդուհանդերձ հարկ է նկատել, որ նախորդ իշխանությունն էլ իր արտաքին քաղաքականությունը մշտապես բնորոշել է ազգային շահից բխող՝ ասելով, որ բոլոր արտաքին քաղաքական որոշումները կատարվել են Հայաստանի շահի ու անվտանգության հրամայականի թելադրանքով: Որեւէ դեպքում չի ասվել, թե Հայաստանի շահը սա էր պահանջում, բայց մենք այլ շարժառիթով արել ենք այլ բան: Հետեւաբար առկա է հարց. տարբերությունն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը չլինելով կոռումպացված, կլինի ավելի անկեղծ ու ազնիվ եւ չի՞ խաբի՝ Հայաստանի շահ անվան տակ ներկայացնելով իշխանական համակարգային տնտեսա-քաղաքական շահերը, թե՞ տարբերությունն ավելի սկզբունքային է եւ առնչվում է հենց ազգային շահի ընկալմանը:

Այսինքն՝ նախորդ իշխանությունն ու ներկայիս իշխանությունը նույն կերպ են պատկերացրել եւ պատկերացնում ազգային շահը, բայց նախորդը պարզապես դրա անվան տակ իրականում ի՞ր շահերն էր սպասարկում, թե՞ տարբեր են շահի մասին պատկերացումները, եւ նախորդը հենց իր շահն էր ազգայինի հետ նույնականացնում, իսկ ներկայիս իշխանությունը դա չի անի եւ օրինակ՝ իշխանական զուտ շահը չի նույնականացնի ազգային շահի հետ: Ըստ այդմ՝ հիմնարարը ազգային շահի ձեւակերպումն է՝ թե՛ խոշոր առումով, ինքնին որպես պետականության ռազմավարական հայեցակարգ, թե՛ առանձին, հատվածային առումով, տարբեր հարցերում, տնտեսությունից մինչեւ քաղաքական ամենատարբեր հարցեր՝ հայ-ռուսական հարաբերություն, հարեւանների հետ հարաբերություն եւ բնականաբար՝ Արցախի խնդիր: Եթե այս ամենում ազգային, պետական շահ հասկացությունը չունենա հստակ, թեկուզ քիչ թե շատ չափելի սկզբունքային սահմանումներ, որովհետեւ մաթեմատիկական ճշգրտությամբ, իհարկե, հնարավոր չէ եւ ցանկալի էլ չէ, ապա ազգային շահ հասկացությունը միշտ էլ շատ առաձգական է, եւ հնարավոր է այն անընդհատ ձգել կամ ձեւափոխել, մանիպուլացնել եւ այլն:

Ներկայումս նոր կառավարության ազնվությունն ու անկեղծությունն այդ հարցում չի հարուցում կասկած, կառավարությունն ահռելի լեգիտիմություն ունի, եւ դա արդեն իսկ ազգային շահի կարեւոր տարր է, առանցքային բաղադրիչ, սակայն անթույլատրելի է պետական եւ ազգային շահ ասվածը թողնել լոկ կառավարող վերնախավերի անկեղծության եւ ազնվության հույսին, որի մասին երբեք հնարավոր չէ անել միարժեք եզրահանգումներ, եւ որը ամենևին չի կարող լինել չափելի ու հավասարապես ընկալելի հանրային բոլոր շերտերի համար:

Ըստ այդմ՝ ազգային շահ եզրույթը պահանջում է ձևակերպում, եւ դա պետք է լինի սկզբունքային տարբերություններից մեկը նոր եւ նախորդ իշխանության համեմատության մեջ: Եվ ամենակարեւորը՝ դա առանցքային է նաեւ հաջորդ բոլոր իշխանությունների համար, որովհետեւ նրանք կա՛մ պետք է ընդունեն ու առաջնորդվեն չափելիորեն ձեւակերպված եւ սկզբունքորեն շրջանակված ազգային շահերով՝ իրենց գործողություններում պատասխանատու եւ հաշվետու լինելով դրանց համար, կա՛մ եթե ոչ՝ պետք է հրապարակավ հրաժարվեն դրանցից եւ ըստ այդմ՝ պատասխանատու լինեն, ուրեմն, այդ հրաժարումի եւ նոր ձեւակերպումներ ներկայացնելու համար: Իսկ Հայաստանը պետք է ունենա նոր իշխանություն, Հայաստանում որեւէ իշխանություն չպետք է լինի հավերժ կամ անվերջ, որովհետեւ ազգային շահի մյուս կարեւոր բաղադրիչն էլ հենց իշխանության օրենսդրական, սահմանադրական, ընտրական մեխանիզմով հանրայնորեն լեգիտիմ քվեարկությամբ փոխվելու երաշխիքն է:

Իհարկե, այդ ամենով հանդերձ անկասկած է, որ մի շարք օբյեկտիվ իրողություններից ելնելով՝ Հայաստանը ներկայումս չունի պետական այն ներուժն ու կենսունակությունը, միաժամանակ միջավայրային այն, այսպես ասած, պատեհությունն ու անկաշկանդությունը, անբռնազբոսությունը, որ իրեն թույլ տա չափազանց բաց լինել ազգային եւ պետական շահի ձեւակերպումներում, սահմանումներում, թիրախավորումներում: Ըստ այդմ՝ դա ենթադրում է նաեւ զգալի գաղտնիություն կամ դիվանագիտական նրբություններ ձեւակերպումներում:

Մյուս կողմից՝ խնդիրն, անշուշտ, կոնկրետության այն մակարդակը կամ աստիճանը չէ, որ պետք է առկա լինի ազգային անվտանգության կամ պաշտպանական, այլ ոլորտի անվտանգությունների ռազմավարություններում կամ հայեցակարգերում, որոնք անշուշտ, պետք է պարունակեն գաղտնի մաս:

Խնդիրը սկզբունքների չափելիությունն է, որովհետեւ ի վերջո պատասխանատվության մասով բուն հարցը ազգային կամ պետական շահի սպասարկումը «քրեական օրենսգրքի» կարգավորման դաշտ բերելը չէ, երբ որեւէ շեղում չի ենթադրի ներում-բեկում:Խնդիրը հանրային-քաղաքական պատասխանատվության տիրույթ ապահովելն է, երբ հարցը մշտապես ենթակա կլինի սկզբունքների շուրջ քաղաքական եւ հանրային քննարկումների, այսինքն՝ կլինի քաղաքական կյանքի կարեւոր օրակարգային հարցերից, քաղաքական ավանդույթների սյուներից՝ ինչպես որեւէ կայացած քաղաքական համակարգով պետականության պարագայում, մշտապես հանրային, այսպես ասած, աչալուրջ հայացքի եւ ճնշման տակ պահելով թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմադիր հավակնություն ունեցող միավորներին: Որպեսզի ոչ միայն իշխանությունը չափելի լինի, այլ ընդդիմություն եզրն էլ Հայաստանում դադարի չափվել սոցիալ-պոպուլիզմի աստիճանով ու գեղարվեստականությամբ:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

09.06.2018թ.

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08