«Ով չի տեսել Գորիսը, չի տեսել աշխարհ»

01.07.2013 00:10
4619

Մայքլ Պոլեցկին շատ է սիրում շրջել աշխարհով մեկ: Նրա հերթական այցելությունը Հայաստանն էր, իսկ օգնելու եւ հանգստանալու համար ընտրել էր Գորիսը: Ամեն Աստծո առավոտ Մայքլն իր օրը սկսում է Լաստի խութ բարձրանալով: Սիրում է Սյունիքը, նրա բնությունն ու վեհաշուք լեռները, իսկ ամենից շատ նախընտրում է հայկական լավաշն ու անզուգական ժանգյարով հացը: Ցանկությունը մեկն է` մի օր էլ իր ձեռքերով իր Լեհաստանում պատրաստել եւ իր ժողովրդին մատուցել հայկական լավաշը ու դրա բուրմունքը տարածել ծննդավայրում:

Վերջին տարիներին Հայաստանի հարավային դարպասը` Սյունիքը եւ հատկապես Գորիսն իր գիրկն է կանչում բոլորին: Ավելին` երբ բնությունն իր զմրուխտյա հոլանի թեւերն է փռում սյունյաց լեռներին, ու ամառն է իր թելիկ-մելիկ շարժուձեւով այցելում, ապա ոչ ոք չի կարողանում անտարբեր մնալ զանգեզուրյան պերճախոս խաղերի նկատմամբ: Ու... ձգում է այս երկիրը մագնիսի նման, ձգո՜ւմ տանում է Տաթեւի վանք, ուր ասես բյուրեղացած հավերժական մի պատմություն կա, մի պայծառ թախիծ եւ մի հանդարտ տրտմություն... Հետո նրանց կանչում են վեհաշուք Լաստի խութն ու Խնձորեսկը, որտեղ էլ արտահայտված հուզական խռովք կա, որը ոչ թե խռովում, այլ արտացոլված մեղմությամբ հանդարտեցնում է տարագրված տագնապները:

Բնության պատկերավոր կանչին անտարբեր չեն մնում թե հայաստանցի եւ թե օտարերկրացի զբոսաշրջիկները: Նկատենք, որ գրեթե բոլորի առաջին այցելությունը Տաթեւի վանք է, ուր յուրաքանչյուրը հետամուտ լինելով մեծ երազանքին ու փափագին, ցանկանում է իր ձայնը Աստծուն հասանելի դարձնել: Աստծո տանը հարակից է «Սատանայի կամուրջը», ուր գլխապտույտ տեսարանից չես կարողանում գլխի ընկնել սկիզբն ու վերջը պատկերի, եւ նայելիս թվում է, թե ջրվեժն ուշաթափվում է .... Իսկ ներքեւում տաք ջուրն է, որն ասես սրբում է փոշին դարերի եւ իր անվանը հակառակ ամռան շոգից զովացնում:

Զբոսաշրջիկներին անտարբեր չի թողնում նաեւ «Տաթեւեր» ճոպանուղին, որի երկարությունը 5700մ է, իսկ ամենաբարձր տեղը` 330մ: Թեեւ ճոպանուղին մեկնարկել է ամառային շրջանը, այնուհանդերձ, առջեւում թեժ երկու ամիս դեռ կա: Այս օրերին «Տաթեւեր»-ը սպասարկում է օրական մոտ 300-400 այցելուի, որոնց թիվը հանգստյան օրերին կրկնապատկվում է, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին` եռապատկվում ու քառապատկվում:

Զբոսաշրջիկների հաջորդ կանգառը Խնձորեսկ գյուղում կառուցված ճոճվող կամուրջն է, որն իրար է կապում հին ու նոր գյուղերը: Այն կառուցվել է խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի ջանքերով ու հովանավորությամբ: Կամուրջը կշռում է 14 տոննա, իսկ երկարությունը 160մ է: Հսկա ճոճանակի վրայով միաժամանակ կարող է անցնել 700 մարդ: Զբոսաշրջիկներին գերում է նաեւ Գորիս գյուղը, ուր վսեմաշուք ժայռերի մեջ իրենց կացարաններն են կառուցել մեր նախնիները: Այսօր այդ քարերի ու ժայռերի մեջ բնակություն է հաստատել գորիսեցի Գոռ Վարդանյանը: Գոռն ուժով չզիջելով իր անվանակցին, փորել է ժայռը` համատեղելով հինն ու ժամանակակիցը, կառուցել է դրախտի իր անկյունը: Այս ընտանիքը գրեթե ամեն օր հյուրեր է ունենում: Այցելուները գալիս են, զմայլվում բնության հրաշքով, մի քանի րոպե վայելում քարանձավում բնակվելու հաճույքն ու հեռանում բարեմաղթանքներ ասելով: Գոռն այնտեղ ապրում է կնոջ` Թամարայի եւ դստեր` Էլենի հետ: Հպարտ է. տունը կառուցել է, ծառը տնկել, իսկ քարանձավում հնչում է վեցամյա փոքրիկի ուրախ ծիծաղը: Ավելին` վստահեցնում է, որ իր տուն-քարանձավը չի փոխի երեք սենյականոց բնակարանի հետ:

Իսկ Գորիսի զբոսաշրջության գրասենյակը հատուկ առաքելություն ունի: 2007թ. Վիեն-Գորիս համագործակցության շրջանակներում ստեղծված այս կառույցը տարվա կտրվածքով ընդունում է մոտ 500 հյուր, զբոսաշրջիկներին տրվում են անվճար տեղեկատվություն, ուղեցույցներ, իսկ ցանկացողների համար կազմակերպվում նաեւ այցեր տարբեր տեսարժան վայրեր: Գրասենյակի տնօրեն Վարդուհի Ադունցը մայիս-հոկտեմբեր ամիսները համարում է զբոսաշրջության համար նպաստավոր ժամանակաշրջան: Այս տարի գրասենյակն ունի նաեւ անակնկալ: IRAPA PLATFORM-ի շրջանակներում այսուհետ զբոսաշրջիկների համար կազմակերպվում է Գորիս-Գեղարքունիք-Գորիս շրջայցը: Վարդուհի Ադունցը նշում է, որ հիմնականում զբոսաշրջիկների մեկ երրորդ մասն է այցելում իրենց, քանի որ տեղեկացված չեն գրասենյակի գործունեության մասին: Ավելին, եթե իրենք իրենց հյուրերին տրամադրում են հյուրանոցների եւ հյուրատների ցանկը, ապա մյուս զբոսաշրջիկներն իրենք են փնտրում ու գտնում հարմար սենյակներ: Գորիսում գործում են «Միրհավ», «Օլիմպիա», «Կյորես», «Քրիստի», «Լարա», «Եղեւնուտ», «Մանա», «Արարատ», «Դիանա» եւ «Զանգեր» հյուրանոցներն ու «Անդրանիկ», «Խաչիկ Միրաքյան», «Գորիս», «Lyova & Sons», «Վիվաս», «Նար-Վար», «Աննա» հյուրատները: Հյուրեր ընդունում են նաեւ ընտանիքներ, ովքեր իրենց հարկի տակ են առնում ավելի մատչելի սենյակ փնտրողներին:
Ասում են, ով չի տեսել Գորիսը, չի տեսել աշխարհ։ Այդ ի նկատի ունենալով մոտ 20 հազար բնակչություն ունեցող քաղաքը վերջին տարիներին ավելի ակտիվորեն է պատրաստվում հյուրեր դիմավորելուն: Պատրաստվում է, լայն բացում դարպասներն ու դռները եւ սյունեցուն հատուկ հյուրընկալությամբ ի լուր աշխարհի հայտարարում` համեցեք, սպասում ենք....

ԱՐԵՎԻԿ ԱԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08