Պահպանել քաղաքային ճարտարապետության ավանդույթները և վերազարգացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ

31.05.2024 12:53
1274

Հարցազրույց ճարտարապետ Գրիգոր Խաչյանի հետ

– Հարգելի՛ Գրիգոր, Դուք ստացել եք ճարտարապետի մասնագիտություն և վերջին տարիներին Գորսիում ծավալում եք ճարտարապետական գործունեություն: Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը և այդ ոլորտում ի՞նչ արդյունքներ եք արձանագրել:

– Ճարտարապետի մասնագիտության ընտրությունը պայմանավորված էր շինարարության հանդեպ ունեցած նախասիրությամբ, ինչպես նաև հորս՝ Յաշա Խաչյանի՝ ճարտարապետ լինելու հանգամանքով: 2014 թ. ավարտել եմ ՃՇԱՀ-ի Ճարտարապետության ֆակուլտետի ճարտարապետություն բաժինը՝ ստանալով ճարտարապետի որակավորում, 2018-2020 թթ. նույն համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2017 թվականին իմ լավ ընկերոջ և գործընկերոջ հետ հիմնադրել ենք «Ջի էնդ Ջի Պրոջեքթ» ՍՊ ընկերությունը, և իրականացնում ենք ճարտարապետական նախագծում, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի կազմման և մշակման աշխատանքներ: Ընկերությունը ծառայություններ է մատուցում ՀՀ ամբողջ տարածքում: Մինչ այսօր իրականացրել եմ 300-ից ավելի նախագծանախահաշվային աշխատանք, որոնցից գրեթե 150-ը զրոյից կառուցվող շենք-շինություններ էին: Ոլորտում հասարակական գործունեություն ծավալելու նպատակով 2024 թվականին հիմնադրել եմ նաև «Գորիսի քաղաքաշինության խորհուրդ» ՀԿ-ն:

Ի՞նչ նպատակներով եք ստեղծել «Գորիսի քաղաքաշինության խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, ներկայացրե՛ք, խնդրեմ, Ձեր գործունեության ուղղությունները:

– Կազմակերպության գործունեության առանցքը Գորիս համայնքում քաղաքաշինության ոլորտի բարելավումն ու զարգացումն է: Նպատակներն են՝ բացահայտել և հանրայնացնել Գորիսի քաղաքաշինական խնդիրները և նպաստել դրանց լուծմանը, համագործակցել քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչների, կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նպաստել քաղաքաշինական թիվ 1 փաստաթղթի՝ քաղաքի գլխավոր հատակագծի փաստացի իրագործմանը, ստեղծել միջավայր, որտեղ կարելի է համախմբել ոլորտի ներկայացուցիչների՝ ճարտարապետների, քաղաքաշինարարների, արվեստագետների և տեղական ինքնակառավարման մարմինների ներուժը՝ ի նպաստ Գորիս համայնքի կայուն զարգացման, մասնակցել քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկումներին, ներկայացնել առաջարկություններ, այլընտրանքային ծրագրեր, հետազոտություններ, փորձագիտական եզրակացություններ, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն ոլորտի ներկայացուցիչներին և շահագրգիռ անձանց, աջակցել քաղաքաշինական միջավայրի զարգացմանն ուղղված ծրագրերին: Այդքանով հանդերձ՝ մեր նպատակն է խթանել քաղաքացիների ակտիվությունն ու մասնակցությունը հանրային տարածքի՝ որպես հանրային բարիքի պահպանման ու օգտագործման գործում, ինչպես նաև պահպանել քաղաքային ճարտարապետության ավանդույթները և վերազարգացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ:

 

– Անշուշտ, օրապահանջ խնդիրներ եք հետապնդում: Իսկ ինչպե՞ս եք գնահատում քաղաքաշինության զարգացումը մեր տարածաշրջանում, մասնավորապես Գորիս համայնքում, ի՞նչ խնդիրներ կան և ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումը: 

– Քաղաքաշինության վիճակը մեր տարածաշրջանում գնահատում եմ ծայրահեղ ծանր. կարելի է ասել՝ այն ունի «վերակենդանացման» կարիք: Մի շարք կազմակերպություններ, որոնք ստեղծվել են ոչ համապատասխան մասնագետների կողմից, իրականացնում են ինչպես նախագծային աշխատանքներ, այնպես էլ կապիտալ շինարարություն: Հիմնականում նախագծային և շինարարական ընկերությունները պատկանում են ոչ մասնագետների կամ չինովնիկների, որոնք նշված պատասխանատու աշխատանքները կատարում են՝ շրջանցնելով մի շարք քաղաքաշինական օրենքներ ու նորմեր: Այդ խնդիրների լուծումը հնարավոր է ՀՀ ճարտարապետների պալատի, ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի և համայնքապետարանների փոխգործակցության արդյունքում, պետք է ուսումնասիրվեն ոլորտի բոլոր կազմակերպությունները, գնահատվեն դրանց մասնագիտական ներուժը, ինչպես նաև հստակեցվեն նախագծի և շինարարության իրականացման մի շարք պահանջներ, մասնավորապես՝ նախագծային ու շինարարական աշխատանքներ պետք է կատարեն բացառապե՛ս համապատասխան մասնագետները, իսկ այսօր, ինչպես նշեցի, շինարարություն իրականացնում են հիմնականում ոչ թե շինարարները, այլ ֆինանսական մեծ հնարավորություններ կամ լծակներ ունեցող անձինք, ինչն ազդում է որակի, ժամկետի և այլ բաղադրիչների վրա: Ոլորտում ակնհայտորեն կա ինտեգրված նախագծման մեթոդի պակաս: Մեր աչքի առաջ շատ դեպքերում աններելիորեն անտեսվում է նաև քաղաքաշինական թիվ 1 փաստաթուղթը՝ Գորիս քաղաքի գլխավոր հատակագիծը:

Եվս մեկ խնդիր. հիմա ճարտարապետությունն ընկալվում է զուտ նյութական մակարդակով՝ որպես շինարարական կատեգորիա, որից շատ դեպքերում դուրս են մղվում բուն ճարտարապետությունն ու մշակույթը։

Ամենամեծ խնդիրը, թերևս, ճարտարապետության վերաբերյալ հասարակության թյուրընկալումն է: Մեծածավալ և անկանոն բնակարանաշինության վատ որակը Հայաստանում վկայում է, որ մարդիկ չեն հասկանում ճարտարապետության էությունը: Ճարտարապետին ընտրելիս նախապատվությունը տալիս են ցածր գնին և գեղագիտական ու ֆունկցիոնալ առումով անորակ նախագծեր անող կազմակերպություններին: Արդյունքում, այդ շինությունները որակով ու ճարտարապետական տեսքով զիջում են անգամ խորհրդային ժամանակներում կառուցված շենքերին, որոնք թեև հնացել են, բայց ֆունկցիոնալ առումով շատ ավելի հարմարավետ են: Խնդիրը կառուցվածքային է, որն առնչվում է ոլորտում պետական կառավարման համակարգի բացերին: Այդ խնդիրը նվազ կամ ավել չափով տեղայնացվում է բոլոր համայնքներում:

Իրապես խնդիրները կարող են լուծվել պրոֆեսիոնալ ու երկարաժամկետ ծրագրերով, ճարտարապետության հանդեպ  համընդհանուր վերաբերմունքը բարձրացնելով ու մոտեցումները բարեփոխելով: Այդ ամենը հնարավոր է իրականացնել համայնքի առողջ ուժերով։ Իմ նորաստեղծ հասարակական կազմակերպության գործունեության գլխավոր նպատակներից մեկը հենց դա է լինելու:

 

Ըստ Ձեզ՝ ո՞րն է ճարտարապետի ամենամեծ առաքելությունը:

– Ճարտարապետի առաքելությունն է համադրել արվեստն ու ճշգրիտ գիտությունը և ստեղծել գեղեցիկ, ներդաշնակ միջավայր, որտեղ մարդը կարող է իրեն լիարժեք զգալ: Պետք է ստեղծել ներդաշնակություն մարդու, միջավայրի և բնության միջև, այլ կերպ ասած՝ շենք-շինությունները պետք է ներդաշնակ լինեն միջավայրին, բնությանը, մարդուն: Ճարտարապետը պատասխանատու է իր յուրաքանչյուր աշխատանքի համար, քանի որ իր նախագծած կառույցով նա հետք է թողնում: Եթե նա իր աշխատանքով փչացնում է այդ ժամանակահատվածը կամ խեղաթյուրում տվյալ միջավայրը, ապա դրանով խնդիրներ է ստեղծում ճարտարապետների գալիք սերնդի և հասարակության համար: Դա ժառանգություն է, պետք է պահպանել  և վերազարգացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ՝ ցուցաբերելով պրոֆեսիոնա՛լ և ոչ թե փորձարարական մոտեցում: Պետք է հաշվի առնել, որ այն շենքերը, որ մենք նախագծում ենք և նախագծելու ենք, փոխում են միջավայրը և ուղիղ ազդեցություն թողնում մարդու, պատմության և ժամանակի վրա:

– Ի՞նչ եք կարծում՝ ճարտարապետության բնագավառում կա՞ արդյոք արժանի սերնդափոխություն:

– Մենք ազգային ճարտարապետության փայլուն արժեքներ ենք ժառանգել, որոնք պարտավոր ենք պահպանել և փոխանցել գալիք սերունդներին: Թամանյանական դպրոցի, ինչպես նաև Թորոմանյանի ճարտարապետական ավանդույթները բոլոր ժամականերում էլ կենսունակ են եղել և ձևավորել են են ոչ միայն հետագա մեծահամբավ ճարտարապետների սերունդը, այլև, ըստ ամենայնի, սնել ոլորտում ի հայտ եկող նոր ուղղությունները: Միշտ հիացել եմ ազգային մտածողությամբ օժտված հայ ճարտարապետներով, նրանց ստեղծած արժեքներով։ Մենք բոլոր ժամանակներում ունեցել ենք նման մեծություններ՝ Տրդատ, Մոմիկ, Հովնան՝ արդեն նշեցի՝ մինչև Թամանյան, Ռաֆայել Իսրայելյան, Գրիգոր Աղաբաբյան, հետո՝ Ջիմ Թորոսյան, Գրիգոր Գուրզադյան, Գուրգեն Մուշեղյան և այլք։ Այդ մարդիկ իրենց ժամանակի մեջ յուրատեսակ նորարարներ էին՝ չկտրվելով ազգային ակունքներից: Անկախ զարգացման արդի միտումներից, ինչպես ասում են՝ օրվա թրենդներից, ճարտարապետների նոր սերունդը պետք է անխաթար պահի ազգային ճարտարապետական ոճը: Որքան էլ մոդեռն ուղղությունները գայթակղիչ թվան, չի կարելի կտրվել ազգային ոճից: Ինչպես Թամանյանն է նշել՝ «Այդ ոճը ստեղծվել է դարերի ընթացքում և ներդաշնակ է մեր քարի բնույթին, մեր երկրի առանձնահատկություններին՝ լույսին, երկնքի գույնին, կլիմային, ինչպես և ժողովրդի հոգևոր կերտվածքին. ժողովուրդը դարեր շարունակ զարգացրել ու ազնվացրել է այդ ոճը՝ ըստ իր ճաշակի ու պահանջմունքների, ուստի և չկա վերացական ոճ ճարտարապետության մեջ»։

– Ի՞նչ խորհուրդ կտաք ճարտարապետի մասնագիտություն ընտրած երիտասարդներին:

– Կարիերայի սկզբում ճարտարապետների մեծ մասը բախվում է զանազան խնդիրների, որոնք չէր կանխատեսել և հաշվի չէր առել մասնագիտությունն ընտրելիս: Դրանց հիմնական պատճառը մասնագիտության մասին մինչ այդ ունեցած պատկերացումների անհամապատասխանությունն է իրականությանը: Օրինակ՝ կարծիք կա, որ ճարտարապետությունը եկամտաբեր և մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն է, ճարտարապետները խիստ հեղինակավոր մարդիկ են և այլն: Շատերը համալսարան դիմելիս ընտրում են ճարտարապետի մասնագիտությունը՝ հետևելով նմանատիպ պատկերացումներին։ Սակայն հետո պարզում են, որ համալսարանում սովորելը շատ քիչ է ճարտարապետ դառնալու համար։ Բանն այն է, որ մեր կրթական ծրագրերը այնքան էլ կապ չունեն շինարարական ինդուստրիայի հետ, և հարցը հենց կրթությունը շինարարական պրակտիկայի հետ ըստ էությա՛ն և ո՛չ թե ձևականորեն կապելն է: Խնդիրներ են առաջ գալիս համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։ Փորձի բացակայության պատճառով աշխատանք գտնելը դժվար է լինում, աշխատանք գտնելիս վարձատրությունն է ցածր լինում, աշխատելու ժամանակ հասկանում ես, որ համալսարանում սովորածը բավարար չէ, քանի որ առաջ են գալիս նոր տեխնոլոգիաներ, նոր գործառույթներ, նոր նյութեր, ինքնազարգացման հնարավորություններ և այդպես շարունակ։ Պետք է անընդհատ ինքնակատարելագործվել, վաստակել այդ կոչումը, գիտակցել, որ ճարտարապետությունն ավելին է, քան պարզապես մասնագիտություն: Այն կարող է դաստիարակել մարդուն, քաղաքացուն և հակառակը՝ ստեղծել անդեմ միջավայր, որում մարդը կկորցնի լավագույն արժեքները։

– Եվ վերջում կխնդրեի ներկայացնել, թե այժմ ի՞նչ ծառայություններ է մատուցում Ձեր ընկերությունը, ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում և հասարակական նշանակության ի՞նչ ծրագրեր եք առաջիկայում պլանավորում իրականացնել նորաստեղծ ՀԿ-ի շրջանակում:

«Ջի էնդ Ջի Պրոջեքթ» ընկերությունը կատարում է շենքերի, շինությունների նախագծում՝ ստեղծելով գեղեցիկ, հարմարավետ միջավայր մարդու կենսագործունեության համար, մասնավորապես՝ մատուցում է հետևյալ ծառայությունները՝ էսքիզային նախագիծ, ճարտարապետական նախագծում, կոնստրուկցիա, ինժեներական մաս, ինտերիեր և լանդշաֆտային դիզայն, շինարարություն, հեղինակային հսկողություն, տեխնիկական հսկողություն և այլն: Այժմ աշխատում ենք մի շարք ճարտարապետական նախագծերի վրա՝ և՛ բնակելի տներ, և՛ հասարակական ու արտադրական շինություններ:

Ինչ վերաբերում է «Գորիսի քաղաքաշինության խորհուրդ» ՀԿ-ի գործունեությանը, նշեմ, որ առաջիկայում կձևավորենք խորհուրդ, որում կընդգրկվեն ոլորտի առաջատար մասնագետները՝ ճարտարապետներ, արվեստագետներ, քաղաքաշինարարներ և այլն, կկազմակերպենք հանրային հանդիպում՝ մեր տարածաշրջանում քաղաքաշինության զարգացման հիմնախնդիրների ու հեռանկարների քննարկման, առաջնահերթությունների վերհանման օրակարգով, որպեսզի ըստ այդմ մշակենք ոլորտի բարելավման օրախնդիր ծրագրեր և փորձենք համատեղ ուժերով կյանքի կոչել դրանք:

– Հարգելի՛ Խաչյան, շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: Հաջող ընթացք ենք մաղթում Ձեր բոլոր ծրագրերին:

 

Հարցազրույցը՝ Մարի Նավասարդյանի

 

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01