Փաշինյանը վստահեցնում է՝ Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է բանակցություններին Արցախի մասնակցության հարցը

01.04.2019 14:04
661

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ է ներկայացրել Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կրկին անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը՝ անդրադարձա կատարելով հանդիպումից հետո ադրբեջանական կողմից հնչող մեկնաբանություններին:

«Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ես արդեն հայ համայնքի հետ հանդիպմանն ասել եմ, որ դրական եմ գնահատում այդ հանդիպումը և նաև ասել եմ, որ շատ կարևոր է, որ մենք այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր մշակույթ մտցնենք, երբ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ և պարտվողներ: Եվ իմ կարծիքով շատ կարևոր է, որ հանդիպումից հետո կողմերը իրենց մեկնաբանություններում նախ հնարավորինս այն տրամաբանությամբ առաջնորդվեն, որ ոչ թե դիմացի կողմին ինչ-որ ձևով վատ վիճակի մեջ դնեն, այլ 100 տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանը և բանակցային տրամաբանության ոգուն: Ընդհանրապես,  սա շատ կարևոր եմ համարում և նաև մեր հանդիպման ընթացքում բարձրացրել եմ այս հարցը, որովհետև այսպիսի մի շատ պարզ տեխնիկական և գործնական խնդիր կա: Պատկերացրեք երկու երկրների ղեկավարներ՝ ենթադրաբար լուրջ մարդիկ, հանդիպում են և երկու ժամ, մի ժամ, կես ժամ, էական չէ ինչքան՝ խոսում, քննարկում են, և հանդիպումից հետո հնչում են հայտարարություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են: Համաձայնեք, որ սա շատ լուրջ խնդիր է առաջացնում և ընդհանրապես հարցի տակ է դնում գործընթացի ողջ լրջությունը: Այս առումով մեզ համար չափազանց կարևոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ: Եվ, ըստ էության, նաև սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում են  համատեղ հայտարարություններ՝ տվյալ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի և երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որն, ընդհանուր առմամբ, ընդգծում է խոսակցության տրամաբանությունը, այն, ինչ կողմերը կարողացել են համաձայնեցնել որպես տեքստ»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց՝ քանի որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք դուրս են համատեղ հայտարարության շրջանակից, ինքը հարկ է  համարում մի քանի պարզաբանումներ մտցնել՝ նաև բոլորի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար  պետք է ինչ-որ ձևով մոռանան հին և կրկնվող տեքստերը, որոնք արդեն ցույց են տվել իրենց անարդյունավետությունը: Նրա գնահատմամբ՝ պետք է նոր մոտեցումներով առաջնորդվել նաև բանակցային գործընթացում, և սա այն է, ինչ ՀՀ-ն այսօր առաջարկում է:

ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը Վիեննայի բանակցություններին գնացել է Ստեփանակերտի օրակարգով, այսինքն՝ այն օրակարգով, ինչ նախանշել էին մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: «Այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում: Եվ շատ կարևոր է ընդգծել նաև, որ ես ասել էի ու հիմա էլ ասում եմ, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ և ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք, ոչ էլ նախապայման, սա ընդամենը բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր է: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում: Հիմա, օրինակ,  ադրբեջանական կողմն ասում է, որ կարևորն այն է, որ բանակցությունների ֆորմատն անփոփոխ է մնացել: Այսինքն, նրանք դրանով ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել: Սա նախ ասում եմ՝ կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ որ մենք արդեն իսկ պայմանավորվել ենք, այսինքն՝ չփնտրել հաղթողների և պարտվողների, և երկրորդը՝ ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ, Ղարաբաղի մասնակցության վրա շեշտելով և Ղարաբաղի մասնակցության հարց դնելով, մենք ընդհանրապես ֆորմատի փոփոխության հարց չենք դրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցության ֆորմատը ընդհանրապես կասկածի տակ չէ: Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատն ըստ էության: Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ և ԵԱՀԿ Մինսկի խմբի  ձևավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, և այս առումով մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»,- ասաց Փաշինյանը:

 

ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է բանակցություններին Արցախի մասնակցության հարցը: «Արդյոք մենք լրջորեն փաստարկե՞լ ենք այդ տեսակետը, իհարկե, լրջորեն փաստարկել ենք: Արդյոք այս հարցի վերաբերյալ կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե, չեն եկել համաձայնության, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ, ոչ, չի նշանակում: Սա նշանակում է, որ այդ թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք, և սա շատ կարևոր է բանակցություններն ընդհանրապես արդյունավետ դարձնելու համար»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ բացի նախկինում հնչած փաստարկներից,  ցանկանում է ևս մեկ փաստարկ բերել: «1998 թվականից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել: Որովհետև մենք հիմա շատ դեպքերում ասում ենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից 1998 թվականից հետո դուրս է մղվել: Այո, ֆորմալ առումով այդպես է,  բայց 1998 թվականից մինչև 2018 թվականը Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավված է եղել, որովհետև բանակցային գործընթացում Հայաստանը  ներկայացրել են մարդիկ, ովքեր իրենց կենսագրության ինչ-որ փուլում եղել են Ղարաբաղի լիդերներ և կարող էին նաև ինչ-որ առումով այդպես համարել: Համենայնդեպս, Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքն այդ բանակցային գործընթացում ներկայացված է: Հետևաբար, մեր փաստարկն այն է, որ մինչև 1998 թվականը և դրանից հետո Ղարաբաղը ներկա է եղել բանակցային գործընթացին և հիմա, ձեզ հայտնի հանգամանքներից բերումով, այն փաստի բերումով, որ ես ծնունդով ղարաբաղցի չեմ և Ղարաբաղի լիդերներից մեկը չեմ եղել իմ կենսագրության որևէ փուլում, ստացվում է, որ ահա  հիմա Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Այն, ինչ ասվել է նախկինում, ասվել է նաև Վիեննայում, և մենք ունենք շատ լուրջ փաստարկների բազա: Ես չեմ ցանկանում մանրամասները քննարկել, ընդամենը ցանկանում եմ ասել, որ, իհարկե, օրակարգի այդ կետն արձանագրվել և ամբողջ ծավալով քննարկվել է Վիեննայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել էր, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի պարզաբանումներ ստանա՝ որպես բանակցային գործընթացում նոր մարդ: «Արդյոք այս հարցը բարձրացվե՞լ է, իհարկե, բարձրացվել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման, ինչպես նաև համանախագահների մասնակցությամբ քննարկման ժամանակ: Արդյոք այս փուլում կարո՞ղ ենք ասել, որ այդ պարզաբանումները ստացված են, և մենք մեր հարցերի պատասխանները ստացել ենք: Ոչ, որովհետև դրանք շատ ծավալուն հարցեր են և մի քննարկման ընթացքում, դժբախտաբար, հնարավոր չէր այց հարցերի պատասխանները ստանալ: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ հետագայում պետք է  քննարկվի, և մենք այս հարցերի քննարկումը ինչ-որ տեղ և ուղիղ տեքստով պատվիրակել ենք նաև մեր արտաքին գործերի նախարարներին քննարկումների համար, և, իհարկե, նաև համանախագահների հետ պետք է շարունակենք այս թեմայով քննարկումները»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ ամբողջական ծավալով քննարկվել են նաև հանրությունները խաղաղության նախապատրաստելու առումով իր բերած փաստարկների բազան. «Եվ նաև այս համատեքստում է, որ մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում փորձել իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն հումանիտար քայլերի առումով, խաղաղության համար, բանակցային գործընթացի դրական ֆոնի համար: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս առումով շատ կարևոր է, որ համատեղ հայտարարության տեքստի մեջ հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև արձանագրվեց, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և առավել ուժեղացվի: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այս թեմայով մենք արդեն ամեն ինչ արել ենք: Ոչ, իհարկե, չի նշանակում, բայց նշանակում է, որ այն գործընթացը, որ սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, վերահաստատվում է, և մենք ըստ անհրաժեշտության պետք է առավել մանրամասն քննարկենք, թե էլ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք կամ ընթացիկ իրավիճակը ինչպես պետք է առավել համապատասխանեցնենք հրադադարի ռեժիմին»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին, իներցիոն տեքստեր, որոնք չեն արտահայտում այն նոր մթնոլորտը, որ կա բանակցություններում: «Ես կարծում եմ, որ մենք նոր մթնոլորտ, նոր իրավիճակ, նոր ասելիք ունենք բանակցություններում, նոր հեռանկարներ և նոր ըմբռնումներ ունենք, և անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը խուսափի կամ վախենա այդ ճշմարտություններն ընդունելուց: Այս ճշմարտությունները չեն նշանակում կողմերից որևէ մեկի հաղթանակ կամ որևէ մեկի պարտություն: Երբ Ղարաբաղն ընդգրկվի բանակցություններում, արդյոք դա կլինի ադրբեջանական կողմի պարտությո՞ւն, իհարկե ոչ, որովհետև չի կարող որևէ բանակցություն լինել արդյունավետ և բերել կարգավորման, եթե այդ բանակցային գործընթացում կամ ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունեցող որևէ կողմ դուրս է մնում բանակցային գործընթացից: Ես այս մեկնաբանությունների անհրաժեշտությունը տեսա Ադրբեջանի մեր գործընկերների մի շարք մեկնաբանություններին ծանոթանալով: Ես չեմ ուզում որևէ գնահատական տալ այդ մեկնաբանություններին, պարզապես ուզում եմ, որ մենք մնանք այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք ենք բերել մեր հանդիպումների ընթացքում, իսկ այդ շրջանակներն արձանագրված են Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունում»,- եզրափակեց Փաշինյանը:

 

 

 
armenpress.am

Հայտնի է` ովքեր են Երևանից Բաքու մեկնել չարտերային չվերթով

11.12.2024 21:30

ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

11.12.2024 21:20

Ադրբեջանում ուժեղացել են քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները. ԱՄՆ պետքարտուղարություն

11.12.2024 20:45

Զախարովա. ՀԱՊԿ-ին մուծումներ չկատարելը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից

11.12.2024 19:12

ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Փաշինյան

11.12.2024 16:23

«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին»․ Ֆիդան

11.12.2024 16:22

Իսրայելը հաղորդել է սիրիական նավատորմի ոչնչացման մասին

11.12.2024 16:14

Մոսկվան կործանիչներ է առաջարկում Փհենյանին զինվորների դիմաց․ Eurasian Times

11.12.2024 16:12

ՌԴ-ն օրենքով արգելեց ռուսերենին չտիրապետող երեխաներին դպրոց ընդունվել

11.12.2024 16:09

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ՝ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

11.12.2024 15:40

Այս իրավիճակում Հայաստանը պետք է շատ գիտակից ու նուրբ դիվանագիտություն ունենա, ինչը միշտ չէ, որ ունի․ Վիգեն Չըթըրյան

11.12.2024 14:42

Հերթական ծառատունկը՝ Ողջի գետի երկայնքով

11.12.2024 14:07