Պատասխան տալու ժամանակը

10.06.2018 12:26
4157

(ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին. հաղորդումհանցագործությանմասին)

Հարգելի պարոնայք

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ներկայացնում եմ սույն հանցագործության մասին հաղորդումն ըստ ներքոշարադրյալի:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունում առկա նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից կատարվել են մի շարք հանցագործություններ:

Մասնավորապես, թերթի խմբագրություն տվյալներ են ստացվել հետեւյալ փաստական հանգամանքների մասին.

1.Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2016թ. հոկտեմբերի 6-ին, որից հետո՝ 2017 թվականին, նրա կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի աշխատավարձային եկամուտների չափը, համաձայն վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրերում առկա տվյալների, ավելացել է 94,866,608 ՀՀ դրամով՝ 41,044,757 ՀՀ դրամից աճելով մինչև 135,911,365 ՀՀ դրամ։ Ընդ որում՝ տվյալ ժամանակահատվածում համընդհանուր հայտնի տեղեկություններով վերջինս աշխատել է միաժամանակ երեք ընկերությունում (ինչպես 2016-ին, այնպես էլ դրանից հետո), եւ աշխատանքի ծավալի կամ բարդության էական փոփոխություն տեղի չի ունեցել: Նշված բոլոր ընկերություններն ըստ չստուգված տվյալների պատկանում են կամ ֆինանսավորվում են կամ որեւէ այլ կերպ կապակցված են «Քրոնիմեթ» ընկերությունների խմբին:

2.2016թ. հոկտեմբերի 11-ին, այսինքն Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց համարյա անմիջապես հետո, «Քրոնիմեթ» ընկերությունների խմբի մաս կազմող «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ի տնօրեն է նշանակվել նրա եղբայրը՝ Կարեն Հակոբյանը՝ մինչ այդ չզբաղեցնելով որեւէ քիչ թե շատ պատասխանատու պաշտոն:

3.Վահե Հակոբյանը մարզպետ եղած ժամանակահատվածում Կապանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ տեղաշարժվելիս բազմիցս օգտվել է ուղղաթիռից, որի համար վճարել է «Քրոնիմեթ» ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Համաձայն Սյունիքի մարզպետարանից ստացված պարզաբանման՝ Երեւանից Կապան եւ հակառակ ուղղություններով ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու նպատակով: Աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում մարզպետ Վ. Հակոբյանն օգտվում է ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ եւ հակառակ ուղղությամբ չվերթներից: Մինչդեռ առնվազն սեպտեմբերի 6–ին ուղղաթիռը կանգառ է կատարել քաղաք Սիսիանում՝ այնտեղ նախընտրական գործընթացներին մարզպետի մասնակցության նպատակով: Ավելին, նույնիսկ գրաֆիկի համընկման դեպքում նրան ըստ պաշտոնի փաստացի առավելություն է տրվել: Ուղղաթիռի մեկ ուղղությամբ Երեւան-Կապան թռիչքն արժե 750 000 ՀՀ դրամ: Մեր տվյալներով մարզպետն առնվազն յոթ անգամ օգտվել է այդ ծառայությունից: Այսինքն, մարզպետին տրամադրվել է առնվազն 5 250 000 ՀՀ դրամ արժեքի ծառայություն:

4.Վահե Հակոբյանը մարզպետ եղած ժամանակահատվածում Սյունիքի մարզում բնակվել է «Քրոնիմեթ» ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պատկանող պանսիոնատում, որը փակ է հանրության համար: Ամեն դեպքում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կատարված հարցումների համաձայն Վահե Հակոբյանը ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի տարածքում չի ունեցել բնակելի անշարժ գույք, ինչպես նաեւ նման գույք չի վարձակալել:

5.«Քրոնիմեթ» ընկերությունների խումբը Հայաստանում գործունեություն է ծավալում հանքաարդյունաբերության ոլորտում, որն անմիջականորեն առնչվում է բնության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերին:

Համաձայն վկայակոչված ժամանակահատվածում գործող «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի ՆՀ-728 հրամանագրի.

«Մարզպետը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետեւյալ բնագավառներում`

- բնության եւ շրջակա միջավայրի պահպանություն»:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ վկայակոչված ժամանակահատվածում գործող խմբագրության 23-րդ հոդվածի.

«1.  Հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է`

6) ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի»:

Համաձայն նույն օրենքի 29-րդ հոդվածի.

«1. Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ։

2. Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիսացող անձի»:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի.

«1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ [պատժվում է համապատասխան պատժով]»:

Վերը նշված փաստերի եւ իրավական նորմերի համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ Վահե Հակոբյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ անձամբ իր կամ իր կնոջ կամ եղբոր համար «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտմամբ ստացել է դրամ, գույք, այլ առավելություններ, իր լիազորությունների շրջանակում, մասնավորապես բնության եւ շրջակա միջավայրի պահպանության որորտում, «Քրոնիմեթ» ընկերությունների խմբում ընդգրկված ընկերությունների օգտին որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:

Միեւնույն ժամանակ՝ համաձայն 23.03.2018թ. ներկայացված հայտարարագրի՝ Վահե Հակոբյանը 2017 թվականին 10.000 դիրհամով (մոտ 3.000 ԱՄՆ դոլար) մասնաբաժին է գնել հավանաբար Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված ընկերությունում եւ նույն 2017 թվականին այդ ընկերությունից 636.800 դոլար շահաբաժին է ստացել։ Մինչդեռ անհավանական է, որ այդքան եկամտաբեր ընկերության մասնաբաժինը գնվել է նման ցածր գնով, ինչը կասկած է առաջացնում, որ հնարավոր է նշված տվյալները ճիշտ չեն արտացոլվել հայտարարագրում կամ Վահե Հակոբյանը նշված մասնաբաժինը որպես կաշառք է ստացել կամ այլ կերպ ապօրինի հարստացել:

Ընդ որում՝ այն հանգամանքը, որ Վահե Հակոբյանը վերը նշված շահաբաժինը ստացել է հենց 2017 թվականին 10.000 դիրհամով (մոտ 3.000 ԱՄՆ դոլար) գնված մասնաբաժնից՝ բխում է վերջինիս ներկայացրած հայտարագրերից: Մասնավորապես, Վահե Հակոբյանի կողմից 21.10.2016թ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրի համաձայն՝ Վահե Հակոբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 10.000 ՀՀ դրամի արժեքի բաժնետոմս, իսկ 15.02.2017թ. ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձի 2016թ. գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց  հայտարարագրի համաձայն՝ Վահե Հակոբյանը հարկային տարում արժեթղթեր ձեռք չի բերել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին օրենքի կարգավորումների Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական եւ բաժնեհավաք կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացվում եւ շահաբաժինները վճարվում են Հայաստանի Հանրապետության դրամով, ապա կարող ենք եզրահանգել, որ ՀՀ դրամով բաժնետոմսը Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ընկերության բաժնետոմսեր են, իսկ այդ բաժնետոմսերին համապատասխան ստացվող շահաբաժինները եւս պետք է վճարվեին ՀՀ դրամով: Հետևաբար 636.800 դոլար շահաբաժինը ստացվել է 2017 թվականին 10.000 դիրհամով (մոտ 3.000 ԱՄՆ դոլար) գնված մասնաբաժնից:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի.

«1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը`[պատժվում է համապատասխան պատժով]

2. Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը` [պատժվում է համապատասխան պատժով]»:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի.

«1.Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ [պատժվում է համապատասխան պատժով]»:

Վերը նշված փաստերի եւ իրավական նորմերի համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ Վահե Հակոբյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1, 311 եւ 314.3 հոդվածներով նախատեսված արարքներ:

Բացի այդ, Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, 2016թ. փետրվարի 6-ին գործարար Արտյոմ Արտակի Չաքմիշյանից նվեր է ստացել Երեւան քաղաքի Տերյան փողոց, 50 շենք, 22/2 հասցեում գտնվող բնակարանը, ինչը, հաշվի առնելով, որ Վահե Հակոբյանը եւ Էլիզաբեթ Պետրոսյանը նշված ժամանակահատվածում զբաղեցրել են բարձր պաշտոններ առեւտրային կազմակերպություններում, չի բացառվում, որ հանդիսացել է առեւտրային կաշառքի ստացում:

Այսպես, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի.

«3. Առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝ [պատժվում է համապատասխան պատժով]»:

Վերը նշված փաստերի եւ իրավական նորմի համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ Վահե Հակոբյանը կամ նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ անձամբ ստացել են գույք, որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելու կամ չկատարելու համար:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. «Քրեական գործ հարուցելու առիթներն են` 2) հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումները»:

Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին կետը, 182-րդ հոդվածի 1-ին մասը՝ խնդրում եմ հարուցել քրեական գործ:

Սամվել Ալեքսանյան 

10 հունիսի 2018թ.

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03