Պատերազմի առթիվ քննվող քրեական գործերով միակ հետախուզվող ադրբեջանցին ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակն է

04.02.2021 11:53
757

Սեպեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների առթիվ Քննչական կոմիտեում (ՔԿ) այս պահին քննություն է տարվում ահաբեկչության, ահաբեկչությունը ֆինանսավորելու, ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության, ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու վերաբերյալ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Քննչական կոմիտեից։

«Քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված  Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 217.1-րդ հոդվածի 2-րդ մասի, 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 384-րդ հոդվածի 2-րդ մասի, 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 390-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 390-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի, 391-րդ 3-րդ մասի, 395-րդ հոդվածի 1-ին մասի և 397.1 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությունը»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։

Գրավոր հարցում ենք ուղարկել նաև գլխավոր դատախազություն և փորձել երկու կառույցներից պարզել վերը նշված հոդվածներով քննվող քրեական գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։

Քննչական կոմիտեն գերիների թիվը չի հայտնում, իսկ Դատախազությունն ասում է, որ թվի հաշվառումն  իր լիազորությունների շրջանակում չէ

Դատախազությունից և Քննչական կոմիտեից փորձել ենք պարզել, թե քննվող քրեական գործով քանի՞ անձի գերի լինելու հանգամանք է հաստատված համարվում։ Քննչական կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քրեական գործի գաղտնիությունից ելնելով՝ այս պահին նպատակահարմար չէ Ադրբեջանի Հանրապետությունում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների վերաբերյալ թվային տվյալների հրապարակումը։ Կոմիտեից միաժամանակ հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությանը հանձնված բոլոր անձինք  քրեական գործի շրջանակներում ճանաչվել են որպես տուժող, հարցաքննվել են և վերջիններիս մասնակցությամբ  կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական  գործողություններ ( հարցման պատասխանը ստացվել է մինչև հունվարի 28-ը, այսինքն՝  5 գերիների Հայաստան վերադարձը)։ Իսկ Դատախազությունը գերիների թվի վերաբերյալ հայտնում է, թե նման հաշվառման իրականացնումը դուրս է ՀՀ դատախազության սահմանադրաիրավական լիազորությունների շրջանակից:

Փորձել ենք պարզել՝ արդյոք քննության առարկա դարձե՞լ է, թե ինչ հանգամանքներում են զինծառայողները գերի ընկել, օրինակ՝ սխալ հրամանի հետևանքով են հայտնվել, այլ ելք չեն ունեցել, հանձնվել են և այլն։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Միաժամանակ մեր հարցին ի պատասխան՝ ՔԿ-ից հատնում են, որ Ադրբեջանից վերադարձած որևէ գերի քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ։

ՔԿ-ն զոհված անձանց վերաբերյալ թվային տվյալները նախաքննական գաղտնիք է համարում

Քննչական կոմիտեից և Դատախազությունից հարցրել ենք նաև մահվան հիմքով տուժող ճանաչված անձանց վերաբերյալ թվային տվյալներ։ Նշենք, որ տուժողի կարգավիճակ կարող են ստանալ ոչ միայն մահացած, այլ նաև գերության մեջ հայտնված, վիրավոր անձինք, իսկ մահվան հիմքով տուժող ճանաչված անձինք, ըստ էության, զոհված զինծառայողներն են ու քաղաքացիական անձինք։

Քննչական կոմիտեից այս թիվը ևս քննության գաղտնիությանը հղում կատարելով՝ մերժել են տրամադրել, իսկ Դատախազությունը նույն հարցին ի պատասխան հայտնել է, որ մահվան հիմքով տուժողի դատավարական կարգավիճակում գտնվող անձանց հստակ թիվ ներկա պահին չի կարող ներկայացվել, քանի որ քրեական գործերի բարդությամբ և մեծածավալ լինելու հանգամանքով  պայմանավորված՝ այն անընդհատ փոփոխվում է։ Նկատենք, որ Պաշտպանության նախարարությունն էլ զոհված անձանց թիվը համարում է պետական և ծառայողական գաղտնիք։

Վարձկանության մեջ մեղադրվող անձանց հանձնելու պահանջ չի ներկայացվել

Ինչպես հայտնի է, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացի՝ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Վերջիններս մեղադրվում են վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։ Քրեական գործի շրջանակներում նրանք ցուցմունքներ են տվել ու հայտնել, որ ի թիվս այլ վարձկանների՝ իրենք նախ Սիրիա-Թուրքիա սահմանը հատելով՝ հայտնվել են Թուրքիայում։ Երկու մեղադրյալներն էլ հայտնել են, որ թուրքական Քիլիսի անցակետում իրենց չեն ստուգել, և սահմանն անցնելուց հետո իրենք ավտոբուսներով տեղափոխվել են քաղաքացիական օդանավակայան, թուրքական ինքնաթիռով այս օդանավակայանից տեղափոխվել Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ օդանավակայան, որտեղ նստել են ադրբեջանական ինքնաթիռ և մեկնել Ադրբեջան:

Հետաքրքրվել ենք, թե արդյոք Սիրիան կամ Ադրբեջանը ներկայացրե՞լ են Մուհհռաբ Մուհամմադ Ախ Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հանձնման պահանջ։ Դատախազությունից հայտնել են, որ ինչպես Սիրիայի Արաբական Հանրապետությունից, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետությունից վերջիններիս հանձնման պահանջ չի ստացվել, մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացվել է համապատասխանաբար մինչև փետրվարի 28-ը և մարտի 2-ը։  

Մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումները բողոքարկվել են վերաքննիչ դատարան։ Մեզ հետ զրույցում հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նրանց կալանավորման որոշումները։

Նշենք, որ քրեական գործով Սիրիայի քաղաքացիներ Ահմադ ալ-Տայենի, Աբու Սեփֆ ալ-Հինդավիի, Աբու Դիաբ Հալաբի Մուհամմադ ալ-Ջասիմի նկատմամբ այս պահին հայտարարված է հետախուզում:

Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում

Քննչական կոմիտեից փորձել ենք պարզվել՝ Ադրբեջանի  ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցիչ քննվող քրեական գործով ունի՞ մեղադրյալի կարգավիճակ, արդյոք որևէ անձի նկատմամբ հայտարարվե՞լ է հետախուզում։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ենթադրաբար կատարված  հանրորեն վտանգավոր արարքների վերաբերյալ, որոնց մասով նախաքննությունը շարունակվում է։ Դատախազությունից հայտնում են, որ  քրեական գործերի նախաքննության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության որևէ անդամի նկատմամբ դեռևս քրեական հետապնդում չի հարուցվել։

Նշենք, որ ադրբեջանցի միակ հետախուզվող անձը «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Նուրլան Իբրահիմովն է։ Վերջինս 2020-ի հոկտեմբերին ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման։

Հատկանշական է, որ պատերազմի օրերին Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ։ Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը հայտնել է, որ ապօրինի հետախուզման դեմ ուղղված կանխարգելիչ քայլերի է դիմել, միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ:

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

26.12.2024 22:48

««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր

26.12.2024 22:45

Կապանցի երեխաները ունեցան եւս մեկ մանկապարտեզ՝ բարելավված պայմաններով

26.12.2024 21:43

Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում

26.12.2024 18:51

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

26.12.2024 18:43

Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն

26.12.2024 18:29

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

26.12.2024 17:13

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

26.12.2024 17:01

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

26.12.2024 16:20

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

26.12.2024 16:13

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10