Էությամբ ստեղծագործող մարդն անպայման կիրագործի այն առաքելությունը, որի համար լույս աշխարհ է եկել: Արվեստի նվիրյալները՝ երգիչ, նկարիչ, քանդակագործ, սովորաբար սիրում են հասարակության աչքին երևալ ինքնատիպ կերպարով… Կան արտաքին տեսքի ընդհանուր ուրվագծեր, որ նրանցից ամեն մեկին տարբերում է հասարակության այլ սոցիալական խմբերից, բայց Գորիսից մեր չվերծանված հերոսին ոչ ոք չի ասի, թե նա հայկական փայտարվեստում… նոր ուղղության՝ հրագրային գեղանկարչության հիմնադիրն է… Հիշեցնենք, որ փայտահրագրված գեղանկարը ցանկացած պատկերասրահ զարդարող արվեստի մեծարժեք գործ է…
Սերժ Բաղդասարյանն ութ տարեկանում նկարում և քանդակում էր: 2-րդ դասարանում հանրապետական մրցույթի հաղթող ճանաչվեց: Դպրոցում նկարների տակ ստորագրեց «Սերժ» ու բոլորին ստիպեց իրեն ճանաչել...
Աճառյանի «փայտակերտ»-ն ու ընկերոջս հայտնաբերած «հրագրում»-ը
Երևակայության արդյունքում մտքի թռիչքով նկարին իմաստալից ձև ու բովանդակություն տալ, արվեստագետի կոշտացած ձեռքերով ամիսներ ու տարիներ շարունակ չոր փայտանյութի հետ անհաշտ պայքար մղել, հատուկ գործիքով փայտե ֆաներան վառելու միջոցով դիմանկար, բնանկար, նատյուրմորտ ստեղծել, որոնք ասես թվային ֆոտոապարատով նկարված լուսանկարներ լինեն… Գեղանկարչության թեմային անդրադառնալիս երկմտանքի մեջ էի՝ Սերժ Բաղդասարյանի ստեղծածն արվեստի ո՞ր ճյուղին է պատկանում: Մասնագետները չեն թաքցնում իրենց հիացմունքը Սերժ Բաղդասարյանի արվեստի հանդեպ, բայց խոստովանում են՝ իրենք նույնպես չգիտեն, թե փայտարվեստի այս ճյուղին ի՞նչ անվանում տալ: Սերժը հարցազրույցում իր ստեղծագործությունները ներկայացնում է որպես գեղանկար՝ փայտի վրա արված կամ պարզապես նկար.
– Սա իմ ինքնանկարն է, սա՝ «Հայ հին և միջնադարյան ճարտարապետությունը» գրքից իմ ընտրած հայկական զարդանախշերով նատյուրմորտ, սա՝ Սատանի կամրջից դեպի Որոտանի կիրճը նայող պեյզաժ է:
– Չէ՞ որ դրանք մատիտով, ջրաներկով կամ յուղաներկով նկարված աշխատանքների անվանումներ են: Ձեզ համար տարօրինակ չի՞ հնչում՝ «փայտը վառելու միջոցով արված գեղանկար»:
– Հայաստանում փայտարվեստի իմ ուղղությանը համապատասխանող բառ չկա: 2007թ. Գորիսի և Երևանի ցուցահանդեսներիս ժամանակ արվեստս ներկայացնելու համար դա իսկական գլուխկոտրուկ էր: Նկարիչների, արվեստի տեսաբանների հետ համատեղ իմ ստեղծագործությունների համար ամենահարմար բառն ընտրվեց՝ «Փայտադրվագում», որն ավելի շատ փոխառված է ռուսերեն «Резьба по дереву»-ից:
Հոդվածը գրելուց առաջ որոնումներ կատարեցի՝ գտնելու, իմանալու համար, թե ինչպե՞ս է կոչվում փայտը վառելու միջոցով գեղարվեստական պատկեր նկարելու արվեստը:
Սերժ Բաղդասարյանի փայտահրագրային արվեստը նոր երևույթ է
Սերժն իր արվեստի՝ նոր երևույթ լինելու հանգամանքը հիմնավորում է փաստերով: 2007 թվականին քույրը՝ Սուսաննան, Երևանում իր մոտ ուներ Սերժի փայտահրագրած Տաթևի վանքի փոքր նկարը: Առանց եղբոր իմացության, այդ նկարով ներկայացավ ՀՀ ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն, լուսահոգի Սարո Սարուխանյանին: Պատմեց Սերժի մասին և ցույց տվեց նրա ստեղծագործությունը: Արվեստաբանը կարծես տեսածին չհավատաց.
– Սա ի՞նչ ստեղծագործություն է:
– Էլեկտրական հատուկ գործիքով՝ ֆաներան վառելու միջոցով, կատարված հազար ու մի երանգով միագույն հիասքանչ գեղանկար, - առանց փայտահրագրման արվեստի մասին որևէ բան իմանալու, պատասխանեց Սուսաննան:
– Առաջին անգամ եմ տեսնում նման գործ...
Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոսներն ու մասնագետները, Հայաստանի նկարիչներն ու արվեստագետներն այն կարծիքին են, որ Գորիսից փայտահրագրող Սերժ Բաղդասարյանը տիրապետում է արվեստի այնպիսի ուրույն ոճի, որն արվեստի աշխարհում շատ քիչ է ուսումնասիրված:
Կյանքի ճանապարհն՝ ինքնուրույն…
Ստեղծագործական նախասիրություն, ջիղ, շնորհ, տաղանդ… Թեև գիտականորեն ապացուցված չէ, որ շնորհալի մարդու նախնիներն անպայման պետք է շնորհալի լինեն, բայց մեր հերոսի պարագայում՝ նրա ազգականների մեջ արվեստասերների առկայությունը, անշուշտ, իր կնիքն է թողել: Սերժ Բաղդասարյանը Գորիսում ճանաչված արվեստագետ է, սակայն իր համեստության պատճառով քչերը գիտեն, որ նա Հայաստանում փայտահրագրային գեղանկարչության հիմնադիրն է: Շատերը նրան ճանաչում են որպես շինարար-աշխղեկ, ում ջանքերով 1970-80-ականներին մեծ թափով ընթացան Գորիսի շրջանի մի քանի գյուղեր շրջկենտրոն Գորիսին կապող ճանապարհների կառուցման ու ասֆալտապատման աշխատանքները:
Սերժ Ազատի Բաղդասարյանը ծնվել է 1950 թ. Գորիսում: Մանկուց օժտված էր նկարելու բնատուր շնորհով, որի աստվածային պարգևին նպաստել են նաև ազգակցական կապերն ու միջավայրը:
Սերժ Բաղդասարյանը սովորել է Գորիսի Ակսել Բակունցի անվան N 1 դպրոցում: Առաջին դասարանում նկարում էր գծանկար-դիմանկար, գունավոր մատիտներով՝ բնանկար: Պլաստիլինե մի քանի տուփի պարունակությունն իրար խառնելով` քանդակում էր Հայկ Նահապետին, Սասունցի Դավթին: 2-րդ դասարանում աշխատանքները ցուցադրվում էին դպրոցում: Սերժը մտովի տեղափոխվում է դպրոցական ստեղծագործական տարիներ…
– Դպրոցի միջանցքում մանկական անկյուն կար՝ շնորհալի դպրոցականների ցուցավահանակներ, ցուցասեղաններ: Մինչև 10-րդ դասարանն իմ 100-ից ավելի գործեր տեղ էին գտել այդ վահանակներում, ցուցասեղաններում: Դրանք մատիտով, ջրաներկով, յուղաներկով արված դիմանկարներ, բնանկարներ էին ու մի քանի քանդակ:
Դպրոցն ինձ համար ոչ միայն կրթության ու դաստիարակության վայր էր, այլ ստեղծագործական դարբնոց: Արդեն կրտսեր տարիքում մատիտով, ջրաներկով բազմաթիվ նկարներ ունեի: Դպրոցում իմ սովորելու տարիները համընկան մեր դպրոցի դիմացի այգում մեծ հարթաքանդակ-հուշարձանի կառուցման աշխատանքներին, որը տևեց մոտ մեկ տարի: Դա բարեբախտություն էր, քանզի այն ամբողջապես փոխեց իմ կյանքը: 9 տարեկանում առաջին անգամ տեսա ճարտարապետ, քանդակագործ, հուշարձան պատրաստող վարպետներ: Դասերից հետո վազում էի նրանց մոտ, մինչև մութն ընկնելը կլանված նայում, թե ինչպե՞ս են գիպսե հսկա կաղապարներից հանվում աշխատավորների ու զինվորների կերպարանքով կաղապարները, հետո դրանք ոսկերչական ճշգրտությամբ փոխանցվում նախապես կառուցված բազալտե պատի վրա: Նրանք գիպսի ու բազալտի հետ աշխատում էին, ես նայում էի: Զգացի, որ ինչ-որ բան կարծես ձգում է՝ դա քանդակագործության հանդեպ սերն էր, որը ներարկեցին այդ մարդիկ: Ափսոս, չեմ հարցրել, թե ովքե՞ր են հուշարձանը պատրաստող վարպետները: Զբոսայգու հուշարձան-հարթաքանդակի շրջակայքում ընկած թրծած գիպսե կաղապարների մնացորդներ, մեծ կտորներ կային: Դրանք լցնում էի պայուսակիս մեջ, տանում տուն: Դրանցից 20 x 40 սմ չափսի սալիկներ էի կտրում, մատիտով էսքիզներ անում և ըստ այդ պատկերի՝ շաղափով, պտուտակահանով, դանակով, փոքր հատիչով կամ տանն առկա այլ պարզունակ գործիքներով գիպսի վրա փորագրելով, հարթաքանդակներ էի ստեղծում: Իմ կատարած աշխատանքների մասին ոչ մեկին չէի ասում: Ուրիշներից կարծիք չէի հարցնում: Ինքս տեսնում էի իմ ավարտած հարթաքանդակները: Մտածեցի՝ եթե օտարի աչքերով նայելով հավանեցի, ուրեմն քանդակ էլ կստացվի: Ու սկսեցի գիպսից կիսանդրի քանդակել: Տեսա, որ դա էլ հաջողվեց: Ամեն ինչ սպասվածից ավելի արագ եղավ: Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ օրերին դպրոցականների միջև անց էր կացվում 7-12 տարեկան ստեղծագործողների հանրապետական մրցույթ: Ես 2-րդ դասարանում էի: Քանի որ հիմնականում նկարում էի ու պլաստիլինով արձաններ պատրաստում, որոշեցի մրցույթին մասնակցել իմ տարիքի երեխայի համար անսովոր ստեղծագործությամբ՝ քանդակել կիսանդրի, մանավանդ, որ գիպսից քանդակելը նոր էի սովորել ու ինձ ինքնավստահ էի զգում: Մոտ երկու ամիս ժամանակ ունեի: Կոմունիստական գաղափարախոսության տարիներ էին, ուստի որոշեցի այդ մրցույթին ներկայանալ միանգամից երկու քանդակով՝ Լենինի և Ստալինի: Գիտեի, որ տուֆը փխրուն է, բազալտը՝ կարծր, դրանով ավելի դժվար է կիսանդրի քանդակել: Ուզում էի այդ երկու քարատեսակի վրա քանդակել սովորել: «Սրանից լավ առիթ չի լինի, պետք է տուֆն ու բազալտը միաժամանակ փորձել»: Նախ տուֆով Լենինի հարթաքանդակը ստեղծեցի: Հավանեցի: Իսկ դա նշանակում էր, որ պետք է հարթաքանդակը փոխեմ կիսանդրու: Բազալտն էլ փորձեցի: Քանդակեցի կյանքումս առաջին լուրջ աշխատանքները՝ Լենինի տուֆե, ապա Ստալինի բազալտե կիսանդրիները: 2-րդ դասարանում առաջին քանդակագործական ստեղծագործություններովս՝ 1962 թ. կայացած այդ մրցույթում հաղթեցի։ Նվիրեցին պատվոգիր և Հայաստանի տեսարժան վայրերի մասին գունավոր ատլաս:
Քանդակները մրցույթից հետո մնացին դպրոցում: Դա մեծ լիցք հաղորդեց Սերժին, ով շարունակեց ոգևորված ստեղծագործել: Բոլոր նյութերով նկարներ ուներ, բայց յուղաներկ դեռ չէր փորձել: Անպայման ուզում էր յուղաներկով նկարել: Նա համոզված էր, որ եթե կարողանա ջրաներկով ստանալ բնության ամենանուրբ երևույթները՝ ցող, շաղ, կաթիլ, լույսի շող, մթության մեջ՝ պատկեր, ապա յուղաներկով նկարելն անհամեմատ հեշտ կլինի: Անընդհատ ինքնակատարելագործվում էր:
Ապագան կանխորոշող պատահար
1963 թ. օգոստոսի 24-ին Սերժը 7-րդ դասարանում էր, երբ ամառային արձակուրդի օրերին՝ բակում խաղալիս, նրա հետ դժբախտ դեպք պատահեց: Կյանքին վտանգ սպառնաց՝ ձեռքի մկանային հյուսվածքները լրջորեն վնասվեցին: Շտապ տեղափոխեցին Երևան: Ծնողներն ամեն ինչ արեցին, որ Սերժը հաշմանդամ չդառնա: Նրան՝ բարեհաջող վիրահատվելուց հետո, վերականգնողական նպատակով մոտ մեկ տարի պահեցին Երևանի Արաբկիրի շրջանի մանկական 5-րդ հիվանդանոցում: Թեև այդ միջադեպը Սերժի ողջ հետագա կյանքի վրա իր բացասական կնիքը թողեց (այսօր էլ առողջական խնդիր ունի), բայց բժիշկներին հաջողվեց նրա ձեռքը դարձնել շարժունակ: Սերժը հիվանդանոցում էլ սկսեց ստեղծագործել.
– Վիրահատության ժամանակ բոլորն իմ հանդեպ հատուկ վերաբերմունք էին ցուցաբերում: Պետք էր «վարձահատույց» լինել նրանց: Այնտեղ էլ էի ստեղծագործում: Նկարում էի ու քանդակում: Դրանից հետո ավելի ջերմ վերաբերվեցին: Քանդակեցի «Մկների ժողովը»: Որպեսզի բուժանձնակազմն իմանա իմ արվեստագիտական նախասիրությունների ու ստեղծագործական մտահորիզոնի մասին, քանդակեցի «Սայաթ-Նովա»: Հիվանդանոցի պատերը ողողված էին իմ նկարներով. «Հավաքարար», «Բուժքույր», «Ինձ բուժող բժիշկը», ինչպես նաև բնանկարներ, նատյուրմորտներ:
Որպես «շնորհալի հիվանդ», շաբաթական մի քանի անգամ, բացառության կարգով, թույլատրում էին մի քանի ժամով բացակայել հիվանդանոցից: Գնում էի բարեկամներիս տուն, քայլում Երևանի փողոցներով, այգիներում՝ նստարանին նստած, էսքիզներ էի անում, հետո հիվանդանոցում դրանց հիման վրա ջրաներկով նկարներ նկարում: Նկարներս ու քանդակներս ցուցադրվեցին մանկական բաժնի հատուկ ցուցասրահում, իսկ Գորիս վերադառնալուց հետո դրանք մնացին այնտեղ: Հարազատ դպրոցի հետ կապ էի պահպանում: Մեկ տարի չսովորեցի, բայց տնօրենությունը, հաշվի առնելով իմ՝ հրաշքով ողջ մնալը, ինձ փոխադրեց հաջորդ դասարան: Երևանից վերադառնալուց առաջ մնում էր իրագործել վաղեմի երազանքս: Գիտեի, որ «Հազար ու մի մանրուք» խանութում վաճառում են յուղաներկի համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ կտավ, ներկեր, վրձիններ… Ագահորեն ամեն ինչ վերցրի, եկա Գորիս: Մի քանի օր ջրաներկով ու յուղաներկով բազմաթիվ փորձեր արեցի, որպեսզի կարողանամ յուղաներկով ճշգրտորեն ներկայացնել իրի թափանցիկությունը, փայլն ու ստվերը: Նոր ուսումնական տարվան ներկայացա մի քանի նոր նկարով: Ինձ առողջ տեսնելն ու արդեն յուղաներկով դպրոցի ցուցասրահները համալրելը բոլորի համար կրկնակի ուրախություն էր…
Դպրոցի բոլոր միջոցառումների հարդարման, ձևավորման, դեկորացիաների պատրաստման ու տեղադրման աշխատանքները նույնպես Սերժինն էին:
1967 թ. դպրոցն ավարտելուց հետո որոշեց դառնալ ավտոճանապարհաշինարար: Նույն տարում դպրոցի միջնակարգ և ութամյա կրթության վկայականների հիման վրա միաժամանակ քննություններ հանձնեց՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհաշինարարական բաժին և Երևանի նույնանուն տեխնիկում ընդունվելու համար: Ինստիտուտի մրցույթից դուրս մնաց, բայց գերազանց գնահատականներով ընդունվեց տեխնիկում: Երևան մեկնելուց առաջ իր ողջ տարիների ստեղծած քանդակներն ու 100-ից ավելի գծանկար, ջրաներկով ու յուղաներկով աշխատանքները խնամքով տեղավորեց տան կտուրում, դասավորեց մի մեծ արկղի մեջ, պինդ փակեց՝ հուսով, որ ուսումն ավարտելուց հետո այն նորից կբացի...
Հինգ տարի շարունակ Սերժը համատեղեց ուսումը, աշխղեկությունն ու ստեղծագործական աշխատանքը:
– Ապրում էի հանրակացարանում, նկարում և քանդակում էի: Հանրակացարանում և տեխնիկումում բոլորը գիտեին, որ նկարիչ-քանդակագործ եմ: Ուսումնաարտադրական պրակտիկայի ժամանակ, 70-ականների վերջին մեկ ամիս աշխղեկ աշխատեցի «Հրազդան» մարզադաշտի շինարարությունում, որտեղ միայն առաջին շարքի նստարաններն էին պատրաստ: Այնուհետև պրակտիկաս վեց ամիս Երևան-Սևան մայրուղու շինարարության վրա էր: Ճանապարհի կառուցումը նոր էր սկսվել: Մեզ հետ գերմանացի մասնագետներ էին աշխատում: Ազատ ժամանակս այցելում էի Երևանի մանկական այգի, ուր շախմատասերները խմբված՝ հետևում էին օրվա հայտնի շախմատ խաղացողներին: Ես արդեն գիտեի նրանց խաղերի օրերը: Մեծ թղթապանակ ունեի: Վերցնում էի մատիտս ու թուղթս, նրանց կողքին իբր հետևում էի շախմատի խաղին, բայց թաքուն նկարում էի շախմատիստներին: Ես էլ էի խաղում: Նրանք խաղալիս չգիտեին, որ էսքիզ եմ անում: Հետո հանրակացարանում յուղաներկով նրանց դիմանկարներն էի նկարում, տանում, նրանց ցույց էի տալիս: Հիանում էին, գովասանքի խոսքեր ասում և խաղալու հերթը հանձնում ինձ… Տեխնիկումում ստեղծեցի մոտ 50 բնանկար և նատյուրմորտ՝ գծանկար, յուղաներկ աշխատանք: Նկարների մի մասը նվիրեցի դասախոսներիս, ընկերներիս, մի մասը մնաց հանրակացարանի և տեխնիկումի միջանցքներում գեղեցիկ շրջանակներում փակցված...
Տեխնիկումն ավարտելուց հետո՝ մոտ մեկ տարի աշխատեց Հայաստանի պլանանախագծային պետական բյուրոյում: Սերժն այնտեղ միակ պլանավորողը, նախագծողը, կոնստրուկտորը, մակետ պատրաստողը, նկարիչն ու քանդակագործն էր, որ չուներ բարձրագույն կրթություն: 1972 թ. տեղափոխվեց Գորիս: Տեղ հասնելուն պես՝ հենց առաջին օրը, վազեց տան կտուր, որպեսզի տեսնի՝ հինգ տարի առաջ արկղում պահվող նկարները հո չե՞ն վնասվել… Վերհիշում է Սերժը.
– Մոտ 40 դիմանկար, 60 բնանկար էի թողել: Դա նույնքան էր, որքան ստեղծագործել եմ հետագա բոլոր տարիների ընթացքում: Աչքերիս չէի հավատում: Արկղը դատարկ, այս ու այն կողմ ընկած հատուկենտ պատառոտված թղթի կտորտանքներ, վառված նկարներիս մոխրացած հետքեր… Ապշել էի: Դա մեծ ցավ պատճառեց ինձ: Ինչպես հետո պարզվեց, «ավերածությունների» հեղինակները եղբորս չարաճճի երեխաներն ու նրանց ընկերներն էին:
Սերժը 37 տարի աշխատեց Գորիսի ճանշինտեղամասի աշխղեկ:
17 տարվա ստեղծագործական ընդմիջումից հետո՝ 1988-ին, կրկին սկսեց նկարել.
– Արձակուրդում էի: Մտածեցի՝ «տեսնես կարո՞ղ եմ նորից նկարել»: Հայելու օգնությամբ ինքնանկար-գծանկար նկարեցի: Ապա նկարեցի տիկնոջս: Տեսա, որ ստացվում է: Զգացի, որ կարող եմ շարունակել նկարել: 1988-ի ձմռանը տեխնիկումի մի ուսանողի մոտ առաջին անգամ պատահաբար տեսա փայտ վառող էլեկտրական գործիք: Հարցրի՝ կվաճառե՞ս: Ասաց՝ այո: Գնեցի: Որոշեցի փորձել ֆաներան վառելով նկարել: Գիշերուզօր աշխատում էի, որ նույն պարզությամբ թղթի վրա նկարած էսքիզներիս պատկերները ստանամ փայտի վրա: 1988-ից մինչև 1990 թվականները բազմաթիվ սիրողական հրագրային գեղանկարչության նմուշներ ստեղծեցի՝ եղնիկի գլուխ, Մասիս սար, Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գրքի տպավորությամբ՝ ծովահեններ… Մտքիս մեջ արդեն մեծ-մեծ գործեր էի պատկերացնում… Այդ ժամանակ մեծ թափով ընթանում էին Տաթևի վանքի վերանորոգման աշխատանքները: Այնտեղ աշխատող ընկերոջս օգնում էի տեխնիկայով, սարքավորումներով: 1990-97 թթ. Տաթևում աշխատելիս միշտ նկարչական ալբոմը ձեռքիս էր, տեղում էսքիզներ էի անում, հետո ֆաներայի վրա փայտահրագրում: Երբ զգացի, որ եկել է ժամանակը, որպեսզի մի մեծածավալ լուրջ կտավ ստեղծեմ, ձեռնամուխ եղա «Տաթև» նկարիս ստեղծմանը: Այն պլաստիկատի վրա է: Քանի որ այն առաջին գործս էր, չափսերով մեծ էր, պլաստիկատն իմ փայտահրագրման արվեստում նոր նյութ էր, պատասխանատվությամբ էի մոտենում աշխատանքիս: Այն տևեց երեք տարի՝ ընդմիջումներով: Նկարի վրա աշխատեցի 1 տարի 7 ամիս: Ավարտեցի 1993-ի դեկտեմբերին: Այդ ընթացքում՝ իմ արվեստի հետ կապված, ընդամենը մեկ մշակութային միջոցառման եմ մասնակցել: Տաթև գյուղի դպրոցի հիմնադրման 150-ամյակին դպրոցի դահլիճում մեծ միջոցառման էին նախապատրաստվում: Աշխարհի տարբեր վայրերից հրավիրվածներ կային: Հարյուրավոր մարդիկ էին մասնակցում այդ տոնախմբությանը: Հայաստանի նկարիչների միության անդամներն իրենց նկարներն էին փակցնում դահլիճում: Ես ներկայացա փայտը վառելու միջոցով արված միակ «Տաթև» ստեղծագործությամբ: Մասնակիցները զարմացած ինձ էին նայում: Պարզ հագուկապով, մի քանի ընկերներով զգուշությամբ ներս ենք բերում մեծ նկարը, որ փակցնենք: Շատերը կարծում էին՝ ես օգնական բանվոր եմ, նկարն էլ ինչ-որ նշանավոր նկարչի ստեղծագործություն է, ով ուր որ է, պիտի գա: Զարմացան՝ իմանալով, որ հեղինակը ես եմ:
Միջոցառմանը ներկա բոլոր մարդիկ բարձր կարծիք հայտնեցին նկարի մասին:
2-րդ աշխատանքս Սատանայի կամրջի նկարն է: Աշխատեցի ֆաներայի վրա, ավարտեցի 1994-ի գարնանը: Ապա, ինչպես ասում են, ձեռքերս վարժվեցին ու մինչև 1997 թվականը՝ ամեն տարի 1-2 նկար նկարեցի: «Որոտանի կիրճը», «Մայրամուտը Որոտանի կիրճում», «Կատարի»՝ ինձ համար հարազատ վայր, որովհետև այնտեղ և՛ ճանապարհ եմ կառուցել, և՛ այն պաշտպանել թշնամուց, և՛ պատերազմի թոհուբոհին այդ ռազմավարական ճանապարհը ձյունից մաքրել, և՛ սնունդ հասցրել մեր մարտիկներին: Առաջին անգամ, երբ Կատարիի մեր դիրքը տեսա, ինձ հրաշք թվաց: Այդ պահին իսկույն էսքիզ արեցի: Այդպիսի մի պահի ծնունդ է նաև հաջորդ նկարս՝ «Արևելքը շառագունեց Կատարիում»:
Թղթապանակը միշտ թևիս տակ էր, ներսում՝ գունավոր կավճամատիտներ, մատիտն ու ռետինը: Գեղեցիկ տեսարան նկատեցի, ամեն գործ թողնում, հիվանդագին տեղից թռչում, դիրք ընդունում, իսկույն էսքիզ էի անում: Բոլոր էսքիզներս մինչև հիմա պահպանվում են…
Ազատամարտ…
Սումգայիթի դեպքերի ժամանակ Սերժը դեռ Գորիս-Տաթև ճանապարհի աշխղեկն էր: Կարճ ժամանակում ամեն ինչ փոխվեց: 1989-ից մինչև 1992 թվականները միաժամանակ և՛ ազատամարտիկ էր, և՛ շինարար.
– Գորիսում զգացվում էր պատերազմի շունչը: Ադրբեջանցիները հարձակվում էին սահմանամերձ գյուղերի վրա, հովիվներ սպանում, հոտեր առևանգում… Մեր թաղամասում 1988-ի մայիսին ստեղծվեց «Քոլատակ» ջոկատը, որը մեծ վաստակ ունի Գորիսի սահմանների պաշտպանության գործում: Մեկ տարի անց՝ 1989-ի աշնանը, նախկին 11 հոգանոց ջոկատը համալրվեց թաղամասի բոլոր տղամարդկանցով՝ արդեն 240 կամավորական կար: Հրամանատարը փոքր եղբայրս էր՝ Սուրիկ Բաղդասարյանը: Ընդգրկվեցի ջոկատի կազմում: Երդվեցինք Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ...
Ծովափնյա հանգիստն ու ստեղծագործական անհանգստությունը…
Մինչև 1999 թ. աշխատում էի Տաթևի ճանապարհի վրա: 1997թ. արձակուրդին Գորիսի հայտնի հեռուստաօպերատոր Ռուդիկ Խոջաբաղյանի հետ մեկնեցի Բաթումի: Նպատակս՝ հանգստանալուց բացի, փայտահրագրման համար տեսանկարահանում կատարելն էր: Այն ժամանակ ֆոտոապարատ կամ բջջային հեռախոս չկար: Մտածեցի՝ ավելի հեշտ է տեսանկարահանել, «ստոպ-կադր» տալ, ապա այդ կադրն էսքիզ անել, փայտահրագրել: Ես որսում էի տեսարժան վայրը, Ռուդիկը նկարում էր: Նախապես տեղյակ էի, որ Վրաստանի հայաշատ շրջաններում շատ տեսարժան վայրեր կան: Փայտահրագրումով նկարելու համար 20 վայրում տեսանկարահանումներ կատարեցինք: Վերադառնալուց հետո այդ 20-ից կանգ առա առավել լավ չորս նկարի վրա…
Առաջին նկարս այսպես ծնվեց: Ախալցխայում մեր հայրենակիցները մեզ հյուր ընդունեցին: Նրանք պատմեցին տեղի նշանավոր հայկական եկեղեցու մասին, որը վրացիները ցանկացել էին խլել հայերից: Վազգեն առաջինի ջանքերով դա կասեցվել է և եկեղեցին կրկին հայկական է մնացել: Գնացինք եկեղեցի: Ռուդիկը տեսանկարահանեց: Եկա, այդ եկեղեցին նկարեցի:
Երկրորդ նկարը ծնվեց ճանապարհին, երբ հանդիպեցինք վարուցանք անողների: Կարծես հին նահապետական պատկեր տեսնեի՝ վրացի գյուղացիները ձեռքի աշխատանքով՝ գութանով, փայտե արորով վար էին անում:
Երրորդ նկարս՝ «Թբկա բերդը». Բաթումիից վերադառնալիս Ախալքալաքի մոտ մի հայ տղա մեզ ասաց, որ Ախալքալաքից ուղիղ գծով 14 կմ արևմուտք, և պատմական Թմոք գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք, Կուր գետի ձախ ափին վեր խոյացող լեռան գագաթին պահպանվում են Թմկա բերդի ավերակները:
Բերդը տեսա, հրաշք էր... Ժայռատիպ բլուր էր, պաշտպանական բերդը՝ գագաթին: Ներքևից նայելիս՝ մոտ 300 մ բարձրություն ուներ: Շրջակայքը սիրուն էր: Ներքևում գյուղամիջյան փոքրիկ ճանապարհ էր: Կային ուռենիներ, բարդիներ: Մենք չբարձրացանք բերդը, որովհետև խիտ ամպեր էին մոտենում, եղանակն անձրևային էր, պետք էր արագ գործել: Նկարեցի այդ պահը: Քամին հովհարաձև տարածել էր ամպերը: Ես դա արտացոլել եմ նկարում. թվում է՝ ուր որ է, հիմա անձրև պիտի գա…
Չորրորդ նկարս Ախալքալաքի հայկական եկեղեցին Է: Ուզում էի հայկական եկեղեցին նկարել, ասացին՝ Ախալքալաքի հայկական եկեղեցու տարածքում ռուսական բազա է: Հայկական եկեղեցին նկարելու համար պետք է ռուսական բանակի հրամանատարությունից թույլտվություն ունենանք: Թույլտվություն վերցրինք, նկարեցինք:
Այդ ժամանակ նկարում և փորագրում էի: Ինչ նկարել եմ, այդ նկարին համապատասխան, իմ ձեռքերով ընկույզի փայտի միջուկից յուրահատուկ շրջանակներ եմ պատրաստել ու ամեն մեկը՝ յուրովի փայտափորագրել: Օրինակ, «Տաթև» նկարիս շրջանակը փորագրեցի հայկական այբուբենի բոլոր տառերով, քանի որ Տաթևը հայտնի է իր միջնադարյան համալսարանով: Տառատեսակն ընտրեցի «Էջմիածնի գանձերը» գրքից: Ես հարուստ գրականություն ունեմ, որ գնել եմ Վերնիսաժից: Սփյուռքում հրատարակված «Ջուղայի խաչքարերը» բացառիկ գիրքը, «Հայ ճարտարապետություն՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը»՝ երեք հատոր, «Արցախի ճարտարապետություն՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը»…
1999-2007-ը զբաղված էի արվեստով. ութ տարի, ամեն օր նկարում և քանդակում էի: Այդ ժամանակ մոտ 15 գործ ունեի:
2007 թ. «Նարեկացի» արվեստի միությունից Երևանում իմ ստեղծագործական աշխատանքների անհատական ցուցահանդես բացելու հրավեր ստացա: Իմ նախաձեռնությամբ այն նախ կայացավ Գորիսում՝ 2007-ի օգոստոսին: 57 տարեկանում առաջին անգամ հայրենի ծննդավայրում բացվեց ցուցահանդեսս: Գորիսի պատկերասրահում ցուցադրվեց 20 նկար, 5 քանդակ: Ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ: ժողովրդի համար «Փայտահրագրային գեղանկարչություն»-ը նորություն էր:
Օգոստոսի վերջին տասնօրյակին ցուցահանդեսս Երևանում էր: Հանդիսավոր բացումը կատարեց Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն, Արցախյան ազատամարտի մասնակից, լուսահոգի Սարո Սարուխանյանը: Ներկա էին Հայաստանի նշանավոր նկարիչներն ու արվեստագետները, ներկայացուցիչներ Գեղարվեստի ակադեմիայից, Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնից, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջից, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից... Ներկայացված էր 25 աշխատանք՝ 20 նկար, 5 քանդակ: Հարյուրավոր այցելուներ իրենց տպավորությունները թողեցին հուշագրքում: Յոթ հեռուստաընկերություն ռեպորտաժներ պատրաստեց: Արվեստագետները հիացած էին: Նրանք չէին տեսել այսպիսի արվեստ:
Հայաստանում արվեստի այս ճյուղը տարածելու նպատակով հենց ցուցահանդեսի ընթացքում ամբիոն և դասարան բացելու, դասավանդելու առաջարկներ ստացա Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջից և «Վարպետաց դպրոց» կրթության կենտրոնից: Համաձայնեցի: Սակայն դեպքերն ու իրադարձություններն այնպես զարգացան, որ ընտանիքով Երևան տեղափոխվել չստացվեց:
Սերժը մի պահ լռում է, խոր հոգոց հանում, տան պատշգամբի բազմոցից աչքերն ուղղում հեռուն.
– Ինձ համար անգին է Գնել որդուս նկարն Ազոյի աղբյուրի մոտ: Այստեղ նա 12 տարեկան է: Նա մահացավ դժբախտ պատահարից՝ 2010 թվականին, Ռուսաստանում: Նկարում փայտահրագրել եմ տղայիս, ձեռքը պահած՝ հոսող ջրի վրա: Փայտի վրա ջրի ցայտերն այնպես վառ են երևում, ասես հավերժության գիրկն անցած որդիս ու աղբյուրից հոսող սառնորակ ջուրը երկխոսում են իրար հետ…
… 2023թ. օգոստոսի 10-ից 20-ը Երևանի նկարիչների միությունում պետք է բացվեր հերթական ցուցահանդեսս: Համապատասխան փաստաթղթերը ձևակերպելուց և պայմանագիրը կնքելուց հետո նկարներս Երևան տեղափոխելու նպատակով վերադարձա Գորիս: Կինս՝ Ծովիկը, ծանր հիվանդացավ: Այդ վիճակից հանելու համար հիվանդանոցում նրա կողքին էի: Ապաքինումը երկար տևեց: Ցուցահանդեսի կազմակերպիչներին նախապես տեղեկացնելուց հետո՝ այն չկայացավ: Երեք ամիս անց Գորիսի պատկերասրահում բացվեց նկարներիս ցուցահանդեսը: Այն պետք է տևեր 10 օր՝ դեկտեմբերի 10-ից մինչև 16-ը, բայց մնաց մինչև դեկտեմբերի վերջը: Պատճառը ոչ միայն արվեստասեր քաղաքացիների հետաքրքրասիրությունն էր իմ արվեստի նկատմամբ, այլև այն, որ ցուցահանդեսի ընթացքում… տեսողությունս կորցրեցի: Հենց պատկերասրահում մի պահ նկատեցի, որ ոչինչ չեմ տեսնում: Կարծեցի՝ կուրացա: Բժիշկները «կատարակտ» ախտորոշմամբ գործուղեցին Երևան: Աչքի վիրահատությունս հաջող անցավ: Մի քանի օրից վերադարձա Գորիս:
Ինձ հետաքրքրողը նաև «բիզնես-արվեստ» հասկացության հանդեպ արվեստագետի կարծիքն է.
– Փայտահրագրած գեղանկարներիցս մի քանիսը վաճառել էի, շատերի կարծիքով՝ բավականին ցածր գնով: Մի շարք բարձրարժեք գործեր գնել են հայեր և օտարերկրացիներ: Գնորդներն անհատական կոլեկցիոներներ են, գեղարվեստի հարգն իմացող մարդիկ կամ պարզապես յուրահատուկ նվերի համար այցելողներ: Փայտահրագրված գեղանկարներիցս ներկայումս կան ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում:
Ամեն նկար վաճառելուց հետո երկար ժամանակ ուշքի չեմ գալիս: Վաճառած նկարներիցս փորձեցի կրկնօրինակել «Տաթև»-ը: Զգում եմ, որ կրկնօրինակն այն չէ, առաջվանն անգերազանցելի է: Դա վաճառված նկարներիս կրկնօրինակման միակ դեպքն է: Ինձ համար բացառիկ արժեք հանդիսացող նկարներս պահում եմ երբևէ չվաճառելու որոշումով:
Սերժի մոտ եռանդն անսպառ է, նա ամեն օր փայտահրագրմամբ գեղանկարներ է ստեղծում: Նոր է ավարտել «Էջմիածնի Մայր Տաճարը», որի վրա աշխատել է չորս տարի, որից վեց ամսում շրջանակն է փայտափորագրել: Առաջիկա նպատակը Նկարիչների միությունում ցուցահանդես կազմակերպելն է...
Սերժի փայտահրագրման աշխատանքներն ամփոփոփելիս պարզվեց, որ այսօր նրա 50 ստեղծագործությունում հիմնականում վանքեր են ու եկեղեցիներ, բնություն տեսարժան վայրեր, աշխատավոր մարդիկ:
Վերջում Սերժն իր արվեստի գաղտնիքներն է փոխանցում։
– Դա տեխնիկայի գործ է: Փայտի վրա դժվար է այնքանով, որ եթե վառվող գործիքը ամուր սեղմես՝ այն կվառվի, հանգիստ պահես՝ ստվերի պատկեր չի ստեղծվի: Ինձ համար ամենակարևորը լույս-ստվերի խաղն է, դրանց միջոցով են իմ նկարները կենդանություն ստանում: Չէ՞ որ միայն մեկ գույն ունեմ՝ դա լավ մշակված բաց գույնի փայտանյութի վրա վառելու միջոցով առաջացած դեղնա-դարչնագույնն է՝ իմ կողմից հայտնաբերված հազար ու մի երանգավորումներով: Արդյունքում ստացվում է տպավորիչ գեղանկար: «Ժայռը ստվերի մեջ». թեև ողջ նկարը ստվերի մեջ է, քարանձավն էլ է պարզ երևում, մութ քարանձավի ներսն էլ նշմարվում է այնպես, ինչպես կտեսնես բնականում: Միայն թե այստեղ երկու գույնի խաղ է, բայց այնպես է, որ դու չես զգում միօրինակություն: Թվում է՝ կանգնած դիտում ես նկարում պատկերված նկարը հենց այն վայրից, որտեղից նկարել եմ: Դա բարդ պրոցես է: Պետք է աստիճանաբար երանգները մեղմել կամ խստացնել: Ստվերը մութ է, բայց թափանցիկ: Նայում ես ստվերին, ստվերի տակ գրված է որևէ տառ: Դա տեսնում ես, բայց ստվերը կարծես ծածկել է այն...
Արվեստաբաններից մեկն ասաց՝ «Հազվագյուտ ստեղծագործողների է հաջողվում 100 տոկոսով տիրապետել ստվերի թափանցիկությունը նկարելու վարպետությանը: Դու դա կարողացել ես…»:
Դա տաժանակիր աշխատանքի արդյունք է, զգալով եմ նկարում ...
Վաչե Մկրտչյան