Ավագ դպրոցի տվածն ավելին չէ, քան միջնակարգինը

11.10.2014 16:34
4158

Նոր ուսումնական տարին Ագարակի միջնակարգ դպրոցը (տնօրեն` Էռնա Բարխուդարյան) դիմավորեց որոշակիորեն վերանորոգված դասասենյակներով, նորաոճ գրադարանով եւ, իհարկե, առօրյա խնդիրներով:

Համառոտ ակնարկ

Էռնա Բարխուդարյանը ծնվել է 1981թ. Մեղրիում: Ավարտել է Երեւանի մանկավարժական համալսարանի մանկավարժության եւ հոգեբանության բաժինը, այնուհետեւ` Գորիսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2004 թվականից աշխատում է Ագարակի միջնակարգ դպրոցում, եղել է մասնագիտացված կրթական աջակցությունների (ՄԿԱ) գծով փոխտնօրեն, 2012թ. հունիսից ընտրվել է «Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Ագարակում առաջին դպրոցը բացվել է 1954թ. (տնօրեն` Արշավիր Մելքոնյան): Դպրոցը սկզբում տեղավորված էր հրապարակի երկհարկանի շենքի (հետո` երաժշտական դպրոց) աջ մուտքի առաջին հարկում: Կրթօջախի առաջին ուսուցիչներն էին Երմոնյա Մարությանը, Օլյա Սահակյանը, Սոնյա Դավթյանը, Արամայիս Սարգսյանը: Առաջին այս դպրոցը հետագայում դարձավ ռուսական միջնակարգ, այնուհետեւ` Ագարակի N 2 միջնակարգ դպրոց: 1968-ին բացվեց Ագարակի մյուս` N1 հայկական դպրոցը, որն էլ Ագարակի ներկայիս միջնակարգ դպրոցն է: Այն կարճ ժամանակում կահավորվեց եւ դարձավ հանրապետության լավագույն դպրոցներից մեկը: Եղիշե Չարենցի ծննդյան տարեդարձի առթիվ դպրոցը կոչվեց բանաստեղծի անունով:

1997թ. քաղաքի N2 միջնակարգ դպրոցը լուծարվեց եւ միացավ Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցին: Կրթօջախը հզոր էր, ուներ 1000 աշակերտ: Մոտ 10 տարի դասերն ընթացան երկհերթ, որը, ինչ խոսք, խանգարում էր ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: 2003 թվականից այն դադարեց կրել Ե.Չարենցի անունը, ինչը, անշուշտ տարօրինակ է:

2013-14 ուստարում դպրոցում կար 618 աշակերտ, որից 272-ը` հարվածային, 83-ը` գերազանց առաջադիմությամբ: Դպրոցն ապահովել է 98 տոկոս առաջադիմություն եւ 48 տոկոս որակ: Այս տարի ընդունել են 60 առաջին դասարանցի, անցյալ տարի` 68: 2015-16 ուստարում կընդունեն 70 եւ ավելի աշակերտ, ու արդյունքում կձեւավորվի երեք դասարան` այս տարվա երկու դասարանի փոխարեն: Անցյալ տարի դպրոցն ունեցել է 66 շրջանավարտ, որից 36-ը դիմել է բուհ, 34-ը ընդունվել է, որից 6-ը` անվճար հիմունքով:

Անցյալ ուստարում աշակերտները մասնակցել են հանրապետական առարկայական օլիմպիադաների: Մարզային փուլում ունեցել են 9 մրցանակային տեղ` հայոց լեզու եւ գրականություն, օտար լեզու, ֆիզիկա եւ կենսաբանություն առարկաներից, իսկ հանրապետական փուլում` 2 մրցանակային տեղ օտար լեզվից. Սերինե Դավթյանն արժանացել է գովասանագրի, Մերի Մարգարյանը զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը:

Այս ուսումնական տարում ուսուցիչները հիմնականում ապահովված են դրույքաչափով (մեկ դրույքը` շաբաթական 22 ժամ), միջին ծանրաբեռնվածությունը` 16 ժամ:

Անցյալ ուսումնական տարվա առաջադիմության ամենաառաջնային ցուցիչը երկարատեւ լռությունից հետո Սերինե Դավթյանի` ոսկե մեդալի արժանանալն էր: Մերի Մարգարյանը ծրագիր շահեց եւ մեկ ամսով մեկնեց Գերմանիա:

Դպրոցի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները

Նոր ուսումնական տարին դպրոցը դիմավորեց հաճելի անակնկալներով` վերանորոգված գրադարանով, երկրորդ հարկի վերանորոգված դասասենյակներով, որ կատարվել է «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ արհմիության (նախագահ` Սամվել Միքայելյան), ինչպես նաեւ դասարանական ծնողական խորհուրդների աջակցությամբ: Դեռեւս պիտի վերանորոգվեն երկրորդ հարկի միջանցքները, դպրոցի շքամուտքը, առաջին հարկն ամբողջովին, որ ժամանակի հարց է: Ծնողական խորհուրդները որոշեցին աջակցել դասասենյակների կահավորմանը: Դպրոցին մեծ աջակցություն է ցուցաբերում Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Գրադարանը` ժամանակակից կահավորմամբ եւ վերանորոգված պատերով, իսկապես աչք է շոյում եւ հաճելի միջավայր ստեղծում ընթերցողի համար: Այն նորոգվել է մեկ տարվա ընթացքում «Լեռնահայաստան» հիմնադրամի, համայնքապետարանի միջոցներով: Բացի դպրոցական գրադարան լինելուց` նաեւ քաղաքային գրադարան է եւ ունի մոտ 11 հազար կտոր գիրք: «Վերանորոգված գրադարանը գրավում է աշակերտներին եւ նպաստում, որ ավելի հաճախակի այցելեն գրադարան եւ կարդան: Շուտով այստեղ համակարգիչներ կտեղադրվեն: 20 օրվա ընթացքում ունեցել ենք 107 ընթերցող, որ աննախադեպ երեւույթ է մեր դպրոցի համար», – նշեց գրադարանավարուհի Վերգինե Մուրադյանը:

Ամեն տարի աշակերտները մեկնում են հեռավոր էքսկուրսիաներ: Աշակերտների համար բոլոր նպաստավոր պայմանները կան` գիտելիքներ ձեռք բերելու, հմտությունները զարգացնելու համար: Բացի առարկայական դասերից` աշակերտները մասնակցում են նաեւ հանրապետական տարբեր ինտելեկտուալ խաղերի: Մեր այցի պահին 10-11-րդ դասարանի աշակերտները պատրաստվում էին «Հայ ասպետ» ինտելեկտուալ խաղի կիսաեզրափակիչ փուլին, իսկ 2015-16 ուստարում «Արմենիա» հեռուստատեսությամբ կազմակերպվելիք «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղին մասնակցելու հայտ են ներկայացրել: «Տարբեր ինտելեկտուալ խաղերի մասնակցելը նպաստում է աշակերտների աշխարհայացքի ձեւավորմանը, լրացուցիչ գիտելիքներով հարստացմանը: Կան գրքեր, որոնք աշակերտները երեւի թե իրենց կյանքի ընթացքում չկարդան, բայց խաղերին մասնակցելն այդ գործերին ծանոթանալու առիթ է դառնում», – նշեց դպրոցի տնօրենը: Ավելացնենք նաեւ, որ գերազանց խաղ ցուցադրելու համար «Հայ ասպետ» խաղ-մրցույթի մասնակիցները որպես խրախուսում 10 օրով մեկնել էին Դիլիջան:

Բարեբախտաբար, կադրային խնդիրներ չունեն, մասնագետները համապատասխանում են իրենց պաշտոնին, իսկ կենսաթոշակի անցնող ուսուցիչներին աստիճանաբար փոխարինում են երիտասարդ կադրերը: Հաստիքացուցակում փոփոխություններ են կատարվել հիմնականում սպասարկող անձնակազմում, մասնավորապես` վարչատնտեսական գծով փոխտնօրենն ազատվել է աշխատանքից` ներգրավվելով ուսումնաօժանդակ անձնակազմի մեջ որպես տնտեսվար, կրճատվեցին նաեւ այգեպանի եւ բանվորի հաստիքները:

Այն, որ խոսում էին ուսուցչի աշխատավարձը 9 տոկոսով բարձրացնելու մասին, մնաց օդում. մեր տարածաշրջանում ուսուցչի աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Տնօրենն ասաց, որ պատճառաբանել են, թե Ագարակի դպրոցը` որպես սահմանամերձ, արդեն իսկ 20 տոկոսով ավելի է վարձատրվում: Իսկ եթե հաշվի առնենք պահումները, ապա այստեղ աշխատավարձի բարձր լինելու մասին խոսք լինել չի կարող:

ԿԳՆ-ի կողմից երաշխավորված թեմատիկ եւ կիսամյակային գրավոր աշխատանքների տետրերից օգտվելը տնօրենը բացատրեց այն պարզ հանգամանքով, որ թեմատիկ գրավոր աշխատանքները ծրագրով շատ են նախատեսվել, իսկ ուսուցիչն ի վիճակի չէ այդքան կազմել եւ պատճենահանել: Դպրոցը չի կարող ապահովել պատճենահանման ծախսերը: Այդ տետրերից օգտվելու հիմնական պատճառը զուտ ֆինանսական է:

Իսկ հարցին, թե արդյոք այդ տետրերը միօրինակ չեն, եւ շատ հաճախ էլ աշակերտները նախապես ծանոթ են լինում տեքստին, տնօրենը պատասխանեց, որ, ճիշտ է, դրանից խուսափելը դժվար է, բայց ուսուցիչն ունի բազում հնարավորություններ` երեխաների գիտելիքները ստուգելու, լրացուցիչ աշխատանքներ կատարելու համար: Բացի դրանից` ծրագրով նախատեսվող միջոցառումներն ակամայից ուսուցչին մղում են ստեղծագործական աշխատանքի:

Վերջերս մամուլում այդքան չարչրկվող դրամահավաքության մասին հարցին տնօրենը միանգամից տվեց բացասական պատասխան. «Մեր դպրոցում անհարկի դրամահավաքություն չի լինում, եթե դասարանում գումար է հավաքվում` որեւէ աշխատանք կատարելու համար, ապա միայն ծնողների կամքով ու ցանկությամբ. մենք առանձին դասարանական ֆոնդեր չունենք»:

Ավագ դպրոցների հիմնումն այնքան էլ միանշանակ չընդունվեց հանրության կողմից եւ, ինչպես տարիներն են ցույց տալիս, այնքան էլ չի արդարացնում: Մասնավորապես շարունակվում է տիրապետող լինել կրկնուսույցի մոտ հաճախելը, լրացուցիչ գումարներ ծախսելը, ինչպես նաեւ շատ հաճախ ուսուցիչները դպրոցում ըստ պատշաճի չեն դասավանդում` պատճառաբանելով, որ պարապմունքի ընթացքում աշակերտները դա կսովորեն: «Պիտի նախ եւ առաջ ծնողների ու աշակերտների մեջ կոտրել այն կարծրատիպը, որ կրկնուսույցի մոտ հաճախելը պարտադիր է: Վերջապես դպրոցն էլ պիտի այնպիսի գիտելիքներ տա, որով հնարավոր կլինի բուհ ընդունվել: Մյուս կողմից էլ ավագ դպրոցը դեռ բազում խնդիրներ ունի լուծելու, որ, կարծում եմ, ժամանակի հարց է: Բացի դրանից` պիտի արհեստագործական ուսումնարանները շատանան, որպեսզի աշակերտն աննպատակ, ինչ-որ տեղ նաեւ ստիպված չգնա ավագ դպրոց` կոպիտ ասած, իր ժամանակը վատնելու համար: Այս ամենով հանդերձ` պիտի նշեմ, որ մենք ունեցել ենք աշակերտներ, ովքեր առանց լրացուցիչ պարապմունքի բուհ են ընդունվել, կարծում եմ, խնդիրը նաեւ հոգեբանական կողմից պիտի դիտարկել: Մեր արձանագրած հաջողությունները հիմք են տալիս ասելու, որ ավագ դպրոցի տված գիտելիքն առավել չէ միջնակարգ դպրոցում ստացած գիտելիքից»:

Վերջերս հանրապետությունում, հատկապես մայրաքաղաքում, նորաձեւ են համարվում մասնավոր դպրոցները, որտեղ հաճախելը դպրոցի տնօրենը համարեց պարզապես մոդային տուրք տալու հերթական առիթ, ինչպես նաեւ հասարակության մեջ շերտավորումն ավելի խորացնելու դրսեւորում:

Մանկավարժության եւ հոգեբանության մեջ վիճահարույց հարցերից են, թե որն է երեխայի ձեւավորման վրա թողնում ավելի մեծ ազդեցություն` ժառանգականությո՞ւնը, միջավա՞յրը, ընտանի՞քը, թե՞ դպրոցը: Այս առումով դպրոցը կանգնում է գլոբալ խնդրի առաջ: Երբեմն հասարակության արատավոր երեւույթներն ավելի ազդեցիկ են լինում, քան դպրոցի ու ընտանիքի դաստիարակությունը, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ շատ հաճախ իրականությունը բավականին վառ գույներով է ներկայացնում, ասենք օրինակ, «օրենքով գողի» կյանքը, որ ակամայից կարող է «ախորժաբեր» լինել երեխայի համար: ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Նաիրա Սարգսյանի խոսքով. «Հետեւողական աշխատանքներ են տարվում աշակերտների հետ դաստիարակության ուղղությամբ: Հատկապես ուշադրության կենտրոնում են այն աշակերտները, ովքեր երբեմն փորձում են դպրոցի աշխատանքների բնականոն ընթացքը խախտել: Դժվար դաստիարակվող երեխաներ չունենք, բոլոր աշակերտները մշտապես հսկողության ու վերահսկողության տակ են»:

Դպրոցները, ի տարբերություն միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների, որոնք ստանում են միայն չափորոշիչներ, պատրաստի պետական առարկայական ծրագրերով են առաջնորդվում: Երբեմն ուսուցիչների համար ծրագրերի հետ կապված խնդիրներ են առաջանում, որոնց լուծման համար դիտարկումներ եւ առաջարկներ են ներկայացնում, բայց թե դրանք որքանով են ընդունվում համապատասխան մարմիններում, տնօրենը դժվարանում է պատասխանել:

Ուսուցչի խնդիրները

Ե՛վ հասարակության հետ, ե՛ւ դպրոցում այսօր ուսուցիչն ունի բազում խնդիրներ: Նախ` բավականին ծանրաբեռնված են ուսումնական ծրագրերը: Ուսուցիչն աշխատում է շատ, վաստակում` քիչ: «Ուսուցչի աշխատանքը թե՛ բարոյապես, թե՛ նյութապես պիտի ամենաբարձր վարձատրվողը լինի», – նշում է տնօրենը: Առաջնային խնդիրը, որին բախվում է ուսուցիչը, աշակերտների թիվն է: Դասարանները հիմնականում 30 եւ ավելի աշակերտներից են կազմված, որ լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ուսուցչի համար ոչ միայն աղմուկի տեսակետից, այլեւ նյութը մատուցելու համար ժամանակը գրեթե չի հերիքում: Երկրորդ խնդիրն ավագ դասարանների հետ է կապված: Աշակերտները, ունենալով կոնկրետ ուղղվածություն, շատ առարկաներ չեն սովորում, եւ ուսուցիչը պիտի ստիպված դա հանդուրժի: Այս ուստարվա խնդիրներից էին նաեւ ավագ դասարաններում որոշ առարկաների ծրագրերը, որոնք ուղարկել են հումանիտար, իսկ դասագրքերը` ընդհանուր եւ բնագիտամաթեմատիկական հոսքի համար: Ուսուցիչները ստիպված խտացրել են նյութը, որը լրացուցիչ դժվարություն է ստեղծում թե՛ ուսուցչի, թե՛ աշակերտի համար:
Չենք բացառում այն հանգամանքը, որ ուսուցիչները շատ հաճախ հետ են մնում եւ ինքնակրթությամբ գրեթե չեն զբաղվում, բայց դրան էլ արդարացում կա. կրթական համակարգը շատ է ծանրաբեռնում ուսուցչին` տետրերի ստուգում, պլանի կազմում, զանազան միջոցառումների կազմակերպում, ինչպես նաեւ անցյալ ուստարուց դպրոց մուտք գործած dasaran.am: Ուսուցիչը, բացի դասամատյանում գնահատականներ նշանակելուց, տնային հանձնարարությունը նշելուց, նույն գործառույթը պիտի կատարի նաեւ կայքում: Այս ամենով հանդերձ` կարող ենք արձանագրել, որ ուսուցիչը երբեմն չի հասցնում թարմացնել իր գիտելիքները եւ ավելի կատարելագործվել` հաճախ ժամանակ չունենալու պատճառով:

Առաջիկա ծրագրերը

Այս տարի կառավարության որոշմամբ մարզի բոլոր դպրոցներն իրականացնում են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր: Ագարակի միջնակարգ դպրոցում սեպտեմբեր ամսվա դրությամբ դեռեւս չէր իրականացվում, քանի որ ճաշարանը պիտի հարմարեցվի աշակերտներին տաք սնունդ տալու պայմաններին: Նշենք, որ 1-4-րդ դասարաններում ունեն 240 աշակերտ, իսկ 15 րոպեանոց դասամիջոցում դժվար է տեղավորվել: Չոր սնունդ` հյութ եւ թխվածքաբլիթ, տալիս են, իսկ տաք սննդի հարցը լուծման փուլում է:

«Ուսուցիչներին եւ աշակերտներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ` մաղթում եմ նրանց հաջողություն, համբերություն ու ներողամտություն: Ցանկանում եմ, որ ուսուցիչը փոխըմբռնումով մոտենա իր աշխատանքին, իսկ աշակերտը հարգանքով ու ակնածանքով վերաբերվի ուսուցչին ու նրա կատարած վեհ աշխատանքին: Կարծում եմ` հայ ուսուցիչն իսկապես արժանի է բարձր գնահատականի», – զրույցը եզրափակեց Էռնա Բարխուդարյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31