Փնտրում ենք Պողոս Տեր-Դավթյանի վերաբերյալ Քրիստափոր Սողոմոնյանի հուշագրության բնօրինակը

27.05.2022 14:14
1019

«Սյունյաց երկիրը» շարունակում է հոդվածաշար՝ նվիրված 1918-20թթ. Սյունիքյան գոյամարտի հերոս, մեր հայրենակից Պողոս Տեր-Դավթյանին:

Մենք խոստացել էինք ընթացքում ծագող հարցերին և բանավիճային թեմաներին չանդրադառնալ. այդ սկզբունքին  շարունակում ենք հավատարիմ մնալ:

Սակայն առաջ է եկել մի հարց, որի վերաբերյալ խնդրում ենք հերոսի հարազատների, նաև այդ թեմայով զբաղվող գիտնականների աջակցությունը. խոսքը Պողոս Տեր-Դավթյանի մասին Քրիստափոր Սողոմոնյանի նոթագրության բնօրինակը հայտնաբերելու  և հանրայնացնելու մասին է:

Բանն այն  է, որ մի քանի հոդվածագիրներ՝ իրենց խոսքն արժանահավատ դարձնելու համար անընդհատ վկայակոչում են Քրիստափոր Սողոմոնյանի «Անմահության ճամփաներով» հուշատետրը:

Ցավոք,  այդ հուշատետրի բնագիրը  չի գտնվում:

Եվ, կամա-ակամա, արժանահավատության տեսակետից խոցելի են դառնում այդ հուշատետրին կատարվող հղումները: Ասել է թե՝ հղում ենք կատարում մի սկզբնաղբյուրի, որի բնօրինակը չկա:

Հերոսի հարազատների վկայությամբ՝ տարբեր մարդիկ կրկնօրինակել-վերարտադրել են այդ հուշատետրը, իսկ թե որքանով են հավատարիմ մնացել բնագրին՝ դժվար է ասել:

Ոմանք էլ՝ հարազատներից, հատվածներ են վերարտադրել հուշատետրից: Նման մի քաղվածք գտնվել է Արմեն Սողոմոնյանի մոտ:

Եվ ուրեմն՝ խնդրում ենք հերոսի հարազատներին, տվյալ թեմայով զբաղվող գիտնականներին՝ եթե պահպանվում է այդ հուշատետրի բնագիրը, ապա տրամադրեք խմբագրությանը՝ հանրայնացնելու համար:

Պարզապես պետք է նկատի ունենալ՝ քանի դեռ չկա հուշատետրի բնագիրը, ապա միշտ խնդիրներ են առաջանալու (արժանահավատության առումով)՝ այդ նոթագրությանն հղումներ կատարելու դեպքում:

Նախապես շնորհակալություն ենք հայտնում աջակցության համար, իսկ հիմա՝ հատված Քրիստափոր Սողոմոնյանի հուշատետրից, որը խմբագրությանն է տրամադրել հարգելի Արմեն Սողոմոնյանը:

 

Անմահության ճամփաներով (հատված)

Վ. Խոտանան գյուղն անառիկ մի վայր է, որն ունի բնական ամուր դիրք, նրա աշխարհագրական դիրքը մեծ դեր է խաղացել երկու հիմնական ուղղությունում. նախ՝ Վ. Խոտանանի վրայով անցնող տարանցիկ ուղիները, և երկրորդ՝ ստրատեգիական կարևոր նշանակությունը:

Այդ է պատճառը, որ Վ. Խոտանանի ժողովուրդն  իր ընդերքից հայրենիքին տվել է մի շարք ականավոր զորապետներ և բարձր աստիճանի սպաներ. նրանցից կարելի է հիշել Զանգեզուրի ժողովրդական ինքնապաշտպանության հերոս Պողոս Տեր-Դավթյանին:

Նա ծնվել է 1880 թ. աշխատավոր գյուղացու ընտանիքում, մանկությունն անց է կացրել իր հայրենի Վ. Խոտանան գյուղում:

Պատանի Պողոսը վաղ տարիքից փոխադրվում է Բաքու  իր քեռի Գասպար Տեր-Մարգարյանի մոտ, որտեղ սովորում և ավարտում է ռուսական գիմնազիան:

1901 թ. զորակոչվում է ցարական բանակ, որտեղ սովորում և ավարտում է զինվորական ուսումնարանը:

1904 թ. մասնակցում է ռուս-ճապոնական պատերազմի Մուկդենի հայտնի ճակատամարտին և ստանում սպայի կոչում: Այնտեղ ցուցաբերած արիության և  քաջագործությունների համար պարգևատրվել է Գեորգիևյան շքանշանով և «Բարաբել» մակնիշի ատրճանակով, որի վրա մակագրված էր՝ «Քաջության համար» բառերը:

Ինքնակալության դեմ պաքարելու բուռն ցանկությունը Պողոսին բերեց սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության շարքերը:

1914 թ. մասնակցել է համաշխարհային առաջին պատերազմին, կռվել Կովկասյան ռազմաճակատում:

Պողոսի հրամանատարությամբ ռուսական ջոկատը Դիլմանի ռազմաճակատում մասնակցել է Խալիլ բեյի թուրքական կորպուսի ջախջախմանը: Եվ այդտեղ էլ ծանոթացել է ազգային հերոս Անդրանիկի հետ՝ արժանանալով նրա բարձր գնահատությանը:

1918 թ. ամռանը Բաքվի կոմունայի զինված ուժերը կռվում էին գերմանաթուրքական և անգլիական օկուպանտների դեմ, որոնք չորս կողմից գրոհում էին Բաքվի վրա: Բաքվի հայությունն աջակցում էր կոմունայի բանակին, որովհետև նրանք կռվում էին թուրքական բանակի դեմ ու պաշտպանում հայերին:

Հայերը պատմության դառը փորձից լավ գիտեին, թե ինչ է բերում թուրքական բարբարոսների ներխուժումը Բաքու:

Պողոս Տեր-Դավթյանի հրամանատարության տակ կռվում էին Բաքվի հնագույն բանվոր ծառայողներից մոտ 50 հոգի  խոտանանցիներ, որոնցից կարելի է հիշատակել Նիկոլալ Տեր-Կարապետյանին, Մաթևոս Պողոսյանին, Մաթևոս և Գրիգոր Ղազարյաններին, Գրիգոր Մովսիսյանին, Ավագ Ղազարյանին, Համբարձում Հայրապետյանին, Վահան Բաբայանին, Ստեփան Գասպարյանին և ուրիշների:

Ականատեսները պատմում էին, որ հայ զինվորներն իրոք իրենց հրամանատարի հետ միասին գերազանց էին գործում ծավալված գոտեմարտում: Հայտնի ֆիդայի, հայդուկ Սեբաստացի Մուրադի և Պողոսի ջոկատները հարևանությամբ կռվում էին ռազմաճակատի աջ թևում, որտեղ Մուրադն օգոստոս ամսին հերոսաբար զոհվեց. նրա դին փոխադրեցին Բաքու: Հողին հանձնելու արարողությունը ղեկավարել է Պողոս Տեր-Դավթյանը: Այդ մասին պատմում է ականատես համագյուղացի, գնդապետ Արտաշես Ղազարյանը:

Հակառակորդն ունենալով թվական բազմապատիկ գերակշռություն, անցնում է հարձակման: Կոմունայի ուժերը համալրման խիստ կարիք ունեին: Այդ ժամանակ  Իրանում էր գտնվում ցարական բանակի մի դիվիզիա՝ Բիշարախովի հրամանատարությամբ: Նա իր զորամասը հասցրեց Ալյաթ և մի գիշերվա ընթացքում գաղտագողի կարգով դիվիզիան փոխադրեց Պետրովսկի և ամբողջ տարածքը՝ ցամաքային և առափնյա, հանգուցային կետերը փակեց… Պողոսը համատեղ զինվորական ծառայությունից լավ էր ճանաչում հրամանատարին...

Բաքվի անկումից հետո Պողոսն իր 40 կտրիճներով գնաց Պետրովսկի` գոնե մի գնդակով հատուցելու Բիշարախովին՝ գործած դավաճանության համար, բայց չհաջողեց քաղաք մտնել:

Թուրքական զորամասերն անընդհատ գրոհում էին  և հասել էին Բալաջառի մատույցները: Պողոսը նկատեց, որ մոտակա շենքերից մեկում նվագի ձայն է գալիս, մտավ այդ բնակարան ու տեսավ գնդապետի ուսադիրներով վեց տղամարդ նվագի տակ կերուխում են անում: Պողոսը հրամայեց՝ ոտքի, քայլով մարշ. պոկեց նրանց ուսադիրները և ուղարկեց գործող բանակի առաջավոր գիծ՝ հենց իր ջոկատում:

Կոմունայի զորքերը պարտվեցին, Թուրքիան գրավեց Բաքուն, սկսվեց հայերի ջարդը, հետապնդում էին հայ հրամանատարներին…

1918 թ. աշնանը Պողոսին հաջողվում է տեղափոխվել Հայաստան, որտեղ նա ազգային խորհրդի կողմից նշանակվում է Սիսիանի զորքերի գլխավոր հրամանատար:

Սիսիանի շրջանը հանդիսանում էր հիմնական դարբաս. Նախիջևանի նկատմամբ ուներ ռազմավարական խոշոր նշանակության դիրք: Մատչելի էր արևմուտքից՝ տաճկական, արևելքից՝ մուսաֆաթական զորքերի համար՝ դեպի Զանգեզուր:

Այդ ժամանակաշրջանում Զանգեզուրում էր գտնվում Զորավար Անդրանիկը, ով զբաղված էր ինչպես գաղթականների, այնպես էլ տեղական բնակչության պաշտպանական հարցերով: Զորավար Անդրանիկի գլխավոր հոգսն այն էր, թե ում պետք է հանձնվի Սիսիանի շրջանի ինքնապաշտպանության ղեկավարությունը: Նրա հավանությանն արժանացավ Պողոս Տեր-Դավթյանը, ով իրեն հայտնի էր Դիլմանի ճակատամարտում ցուցաբերած քաջագործություններով:

Պողոսը Սիսիան գալուց ի պաշտոնե հրավիրեց սպայական կազմի լայն խորհրդակցություն, որտեղ քննարկեց ինքնապաշտպանական հարցերը և իր ելույթում առաջ քաշեց հետևյալ կարևոր խնդիրները՝ առաջնակարգ նշանակություն ունի ռազմական գործին գիտակ կադրերի առկայությունը, մարդիկ, ովքեր կարողանան ճիշտ գնահատել իրադրությունը, ուժերի փոխհարաբերությունը, թշնամու ու սեփական թույլ և ուժեղ կողմերը, հարձակման համար ելման դիրքերի և պաշտպանության համար բնագծերի ընտրությունը, ռազմական տեխնիկայի, զենքի ու զինամթերքի նպատակասլաց բաշխումը, ռեզերվների ստեղծումը, բարձր պետերի հրամանների ու կարգադրությունների ժամանակին կատարումը, կապի միջոցների ապահովումը, հանդերձի ու պարենի հայթայթումը, տրանսպորտի միջոցների մոբիլիզացումը, հետախուզության լավ կազմակերպումը և այլն: Առանց սրանց անիմաստ է պատկերացնել հաղթանակ, նամանավանդ այնպիսի փորձված ու մարտական բանակների նկատմամբ, ինչպիսին է Թուրքիան: Երբեմն թյուր կարծիք է հայտնվում թուրքական բանակի մարտունակության նկատմամբ, բայց չպետք է մոռանալ, որ Օսմանյան կայսրությունը դարեր շարունակ կանգուն մնացել է հենց միայն ռազմական ուժի, իր բանակի սվինների շնորհիվ:

1918 թ. աշնանը թուրքական ջոկատները թնդանոթներով մտան Նախիջևան, գրգռեցին տեղի մուսաֆաթականներին և ահագին բանակով Որոտանի լեռնանցքով շարժվեցին դեպի Սիսիան:

 Շաղաթ գյուղացի տեր Կարապետ քահանան իմաց է տալիս թշնամու գալու մասին: Շաղաթում միայն մի վաշտ հայկական զինվոր կար՝ Պողոս Տեր-Դավթյանի հրամանատարության տակ, ով իր զինվորներին կայծակնային արագությամբ երեք ուղղությամբ գրոհի է տանում թուրքական բազմահազարանոց բանակի վրա: Հայկական վաշտը մի թնդանոթ ուներ միայն, որը գործածում էր կապիտան Թոփչի Սիմոնը (Մելիք Հարությունյան), ով անվրեպ կրակով ոչնչացնում էր թուրքական թնդանոթային մարտկոցը: Ականատեսները պատմում են, թե թուրքական բանակից հազիվ թե փրկված լինեն մի քանի հարյուր մարդ…

1919 թ. սեպտեմբեր ամսում թուրքական Նուրի փաշայի զորքերը հարձակվեցին Զանգեզուրի հյուսիսային սահմանների վրա՝ Տեղ, Խոզնավար գյուղերի ուղղությամբ՝ Գորիս ներխուժելու նպատակով: Գորիսին օգնության հասան Սիսիանի հայրենասերները՝ Պողոս Տեր-Դավթյանի գլխավորությամբ: Այս ճակատամարտում Նուրի փաշան սաստիկ ջարդ է կրում և դիմում փախուստի: Այդ բախտորոշ կռվում հայերն ունեին 150 հեծելազորային և 500 հետևակային...

Թուրքական ահռելի բանակը 1919 թ. նոյեմբերի 5-ին Իշխան մեծ (Քաչալ դաղ) սարի ուղղությամբ հարձակվեցին Գորիսի ուղղությամբ: Հայ աշխարհազորայինները ջախջախեցին թշնամուն և վերցրին 750 գերի, 33 գնդացիր, 12 թնդանոթ, մեծ քանակությամբ ձիեր, ջորիներ և շատ ռազմամթերք: Այս պարտությունից հետո մուսուլմանական կառավարությունը որոշեց հայերից հաշտություն խնդրել…

Բիչանագի և Իշխան մեծ սարի ուղղությամբ թուրքական ագրեսիայի դեմ Զանգեզուրի ժողովրդի գործողությունն ըստ էության այն պայքարի շարունակությունն էր, որը հայկական զորամասերն ունեցան Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում: Ցավոք պետք է նշել, որ մեր հայ պատմագետներն այդ բախտորոշ ճակատամարտերի մասին չեն ասել իրենց խոսքը:

1920 թ. հունվարին հակառակորդը համալրում ստացավ և ռազմաճակատի գործողության գոտին փոխադրեց Քաշունի գետի հովիտը՝ ամրանալով Շուռնուխ, Շամսուզ և դրանց մերձակա  բարձրունքներում՝ Ղափանի շրջանը գրավելու նպատակով: Թշնամուն հաջողվեց գրավել Զեյվա (Դավիթ-Բեկ) գյուղը, համառ մարտեր էին մղվում այդ ռազմաճակատում: Տեղեկությունը հասավ Սիսիան և հայտնեցին Պողոսին, որ քո հայրենիքը՝ Ղափանը վտանգի տակ է. հրաման արձակեց, հանդերձավորվել, ով ցանկանում է՝ «իմ հետևից»: Եվ այսպես Սիսիանի աշխարհազորայինները մեկ մարդու պես հասան Քաշունի գետի ձախ ափում գտնվող «Կատարի» կոչվող բարձրունքը: Պողոսը բացեց դաշտային պայուսակը, հանեց տեղանքի քարտեզը և նշումներ կատարելուց, հետո հեռադիտակով զննեց հակառակորդի զբաղեցրած կարևոր դիրքերը: Հրամայեց հրետանին և գնդացիրները պատրաստեն կրակի...

Հրետանին նշանի տակ առավ «Ային-Դաղ» կոչվող բարձունքը, գնդացիրները կրակի տակ էին պահում Շամսուզի և Շուռնուխի բարձրունքներում գտնվող հակառակորդի ուժերը: Թշնամին չկարողացավ այդ հուժկու հարվածներին դիմանալ, հետ նահանջեց...

Սիսիանի հրետանին գրավեց հակառակորդի զբաղեցրած բարձրունքները. թշնամու զորքերը խառնվելով բնակչության հետ, բղավելով՝ փախեք հա փախեք՝ քյափուռը գալիս է: Ղոբաթլուի շրջանը դատարկվեց՝ մինչև Խուդափիրինի կամուրջը:

Հրամանատար Պողոսը, որի ռազմական արվեստն առանձնապես դրսևորեց Զանգեզուրում՝ տաճկական և մուսաֆաթական զորքերի դեմ 1918-1920 թթ. մղված ճակատամարտերում, որի համար երախտապարտ ժողովուրդը կոչում տվեց հերոսի, նրա պարտականությունը համընկավ քսաներորդ դարի մեր ժողովրդի երկարատև պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանի հետ: Հասարակական լայն խավերին հայտնի է «Քաջ Պողոս» անունով. այն բացառիկ զորավարներից է, ում անունը լեգենդ դարձավ դեռևս կենդանության օրոք:

Պողոսն ապրեց ընդամենը 40 տարի, բայց հասցրեց չափազանց շատ բան անել, որովհետև կյանքի յուրաքանչյուր օրը, ժամը նվիրեց հարազատ հայրենիքին: Նա չկարողացավ անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում էր շուրջը: Լինելով զգայուն, ուշիմ և չիմանալով, թե ինչ է անձնական կյանքը... Եթե նա զենք է վերցնում, կռվի է գնում միայն նրա համար, որ անարդարացի կերպով արյուն թափողներն արժանի պատիժ ստանան, նա ոչ քաղաքագետ էր և ոչ էլ դիվանագետ: Բայց հայրենասեր էր:

Պողոսն ուժերի ծաղկման շրջանում իր կյանքը դրեց զոհասեղանին:

Պողոս Տեր-Դավթյանը զոհվել է Սիսիանի շրջանում՝ թուրքական զորքերի դեմ տեղի ունեցած ահեղ մարտերից մեկում:

Բոլորի մեջ դեռ կենդանի է նրա թաղման արարողությունը, երբ զինվորները չթողեցին սիրված հրամանատարի դին հանձնվի դիակառքին. Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղից նրա աճյունը մինչև Ղափանի շրջանի իր հայրենի Վ. Խոտանան գյուղ զինվորները բերեցին իրենց ուսերի վրա: Այդ մեկ օրինակն ապացուցում է, թե ժողովրդի մեջ ինչպիսի սեր կար մեծ հերոսի հանդեպ: Խոնարհվեցին մարտական ընկերները: Դիակը գերեզման իջեցնելուց իր փառաբանված հեծելազոր հարուրյակը երեք անգամ հրացանային համազարկ տվեց...

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25