Պողոս Տեր-Դավթյանի մորեղբայր Գասպար Տեր-Մարգարյանը և նրա տիկին Շուշանիկը՝ Լոր գյուղից

01.08.2022 10:52
2435

Շրվենանց գյուղը Աճանանի հովտի գեղեցիկ բնակավայրերից է, հայտնի ուշ բրոնզեդարյա մշակույթով։ Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Կրետացին, երբ 1736թ. Մուղան էր մեկնում Նադիրին հանդիպելու, Երիցավանքից դուրս գալով «Եւ անտի Պարկուշատով եկինք ի գիւղն Գիւլմէշէ՝ որ է Մէլիք Շրվէնի գիւղն է»։ Ուրեմն Գյուլմեշա գյուղը (Ճակատենի մոտ) պատկանել է Շրվեն անունով մելիքին։ Գյուղը հիշատակվում է նաև Շրվանենց։ Պահպանվում են 10֊րդ դարի եկեղեցու ավերակներ, հինավուրց գերեզմաններ, դամբարանադաշտեր։ Թուրքերը գյուղը կոչում էին Դայմադաղլու։

Ա. Մելիք֊Աղամիրյան, «Շրվենանցի դպրոցի անցյալի էջերից» հուշագրությունը պահպանվում է ժառանգների, շրվենանցիների մոտ և Կապանի երկրագիտական թանգարանում։ Այս դպրոցի պատմությանն անդրադարձել են Սերգեյ Հակոբյանը, Ա. Դիլանյանը, Ա Ադամյանը, Արկադի Առաքելյանը, Հայկ Հակոբյանը և ուրիշներ։ Դպրոցի պատմությանն առնչվող՝ Հայաստանի ազգային արխիվից ձեռք բերված և Կապանի երկրագիտական թանգարանում պահպանվող եզակի վավերագրերը հրապարակվում են առաջին անգամ սույն գրքում։

Գասպար Հովհաննեսի Տեր-Մարգարյանցի կենսագրության որոշ էջեր խմբագրման կարիք ունեն։ Նա ծնվել է 1851 թ. Շրվենանց գյուղում, գյուղական քահանա Հովհաննեսի (1815-1882) և Նանագյուլի (1817-1892) ընտանիքում։ Ծնողներն ունեցել են 11 երեխա՝ 5 տղա և 6 աղջիկ։ Տղաներն էին՝ Հարությունը, Մկրտիչը, Գասպարը, Պետրոսը, Ադամը (Աթա)։ Աղջիկներից երկուսը մահացել են մանկահասակ տարիքում։ Աղջիկներն ամուսնացել են Նորաշենիկ, Խոտանան և Ղարաբաբա գյուղերում։ Խոտանանում ամուսնացածը Նազլուն էր, ով ծնեց Պողոս Տեր-Դավթյանին։ Գասպարը մանկուց հետաքրքրասեր էր, աշխույժ բնավորություն ուներ, աչքի էր ընկնում սովորելու  ձգտումով։ Նախնական կրթությունը ստացել է գյուղում՝ հոր՝ տեր Հովհաննեսի մոտ։ Այնուհետև սովորել է Շուշիում, հավանաբար Թեմականում։

Տեր-Մարգարյանցի որդեգիր, եղբորորդի Պետրոս Տեր-Մարգարյանի վկայությամբ՝ 10-ամյա Գասպարին մտահոգ ու բարի մարդիկ տանում են Բաքու։ Իրականում Գասպարը Բաքու է գնացել 17 տարեկանում։ Լինելով եռանդուն, նախաձեռնող և շնորհալի՝ նա կարճ ժամանակում հմտացավ աշխատանքում, հասավ հաջողությունների։ Աշխատեց և որոշակի գումար հավաքելով՝ ձեռք բերեց նավթաբեր մի հողակտոր, կազմակերպեց ընկերություն ու նավթ հայտնաբերելու համար իրականացրեց հորատման աշխատանքներ։ ճակատագիրը չհիասթափեցրեց։ Հողամասը նավթաբեր դուրս եկավ։ 25 տարեկան հասակում նա արդեն լուրջ գործունեություն է ծավալում։

Ինչպես նկատում ենք, այս պատմության մեջ ընդհանուրն ավելի շատ է, քան փաստերն ու անունները։ Տեր-Մարգարյանցի կյանքի վաղ շրջանի մասին պատմում են հարազատները։ Հետաքրքիր տեղեկություններ կան Ա. Մելիք-Աղամիրյանի մեքենագիր հուշագրության մեջ խցկված ձեռագիր մի էջում։ Անհայտ հեղինակի վկայությամբ՝ Գասպար Իվանիչը սովորել է Նորաշենիկում, շատ գեղեցիկ ձեռագիր է ունեցել։ Բաքու տեղափոխվելուց հետո այստեղ սովորել է խոհարարություն, աշխատել 1863 թ. լեհական ապստամբությունից հետո Բաքու աքսորված մի լեհի տանը։ Լեհը Բաքվում ապրեց 10 տարի, և այդ ընթացքում աքսորականի մայրը նամակ նամակի հետևից գրում էր ցարին՝ որդուն ներում շնորհելու խնդրանքով։ 1870-1880-ականներին լեհը նավթ փնտրելու նպատակով հողամաս ձեռք բերեց։ Շուտով նա ստանում է ներման մասին հրամանագիրը և պատրաստվում է վերադառնալ հայրենիք։ Հրաժեշտի առթիվ պարահանդես է կազմակերպում և այստեղ էլ իր հողատարածքը հորատող սարքերով հանդերձ նվիրում Գասպարին։ Լեհը սիրում և գնահատում է Գասպարին ազնվության, բարեկրթության և նվիրվածության համար։ Այս պատմության մեջ լեգենդն ավելին է։ Չի բացառվում, որ հողամասը նա գնել է լեհի հետ միասին։ Աշխատանքն առաջ տանելու համար նա դիմում է հայրենակիցների (ղափանցիների) օգնությանը։ Հորատումը հաջողություն է բերում՝ նավթը շատրվան է տալիս։ Երբ արդեն ունենում է որոշակի միջոցներ, նա իր տեղն է որոնում Բաքվի առևտրաարդյունաբերական շրջաններում։ Նա սկզբում հիմնադրում է «Բարեկամություն», ապա՝ «Նավթ» ընկերությունները։ 1889թ. հիմնադրում է «Արամազդ» ընկերությունը, որը 1901թ.–ից դառնում է փայատիրական, որի նախագահը երկար տարիներ մնում է Տեր-Մարգարյանցը։ «Արամազդ»–ի լուսավորական, մշակութային և բարեգործական ձեռնարկների մասին հայտնի էր հասարակությանը։ Ընկերության նախագահ ղափանցի Տեր-Մարգարյանցի և փայատեր մեղրեցի Աստվածատուր Վաչյանի շնորհիվ էր, որ դպրոցներ ու գրադարաններ էին բացվում հատկապես Ղափանում և Մեղրիում։

Տեր-Մարգարյանցը շարունակում էր ընդլայնել իր գործունեության սահմանները։ Նա հիմնադրում է «Կովկասյան լեռնաարդյունաբերական և առևտրական ընկերության» Ղափանի մասնաճյուղը, որը տնօրինում էր 1800 դեսյատին հողատարածք («Նորաշենիկ պղնձահանքերի միավորում»)։ Կատարում էր որոնողահետախուզական աշխատանք և արդյունահանում պղինձ։ Նա ընդլայնում է գործունեության շրջանակները, հանդես գալիս բարեգործական լուրջ նախաձեռնություններով։ 30 տարեկանում ամուսնանամ է Սիսիանի Լոր գյուղից Շուշանիկ Ավանեսյանի հետ։ Միմյանց անսահման սիրով կապված հրաշալի այս զույգը երեխա չի ունենում և որպես մխիթարություն որդեգրում է իրենց հարազատների զավակներին, օգնում սովյալներին, դպրոց բացում Լոր և Շրվենանց գյուղերում։

«Մեր կառուցած դպրոցները թող մեր զավակները լինեն»,– հայտարարել են ամուսինները։ Ամուսինները, սակայն, որդեգրել, խնամել, կրթության են տվել Ադամի երեքամյա որդուն՝ Պետրոսին։ Պետրոսը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև ստացել բարձրագույն կրթություն, խորհրդային ժամանակներում աշխատել որպես կոշիկի ֆաբրիկայի տնօրեն։ Կապանի երկրագիտական թանգարանին և Հայաստանի ազգային արխիվին հանձնել է Շրվենանցի դպրոցին վերաբերող վավերագրեր, լուսանկարներ, գեղանկար, անձնական իրեր։

Ընդհանրապես, երբ խոսք է բացվում Սիսիանի Լոր գյուղի դպրոցի կառուցման, բացման և գործունեության մասին, առաջին հերթին մեջտեղ են բերվում Գասպար Տեր-Մարգարյանի ու կնոջ՝ Շուշանիկի անունները։ Հաճախ թվում է, թե Լորի դպրոցի համար ծախսերը ծայրից ծայր կատարել է բարերարը։ Այնինչ՝ «Գավառ»–ը տալիս է դպրոցի հիմնադրման, կառուցման և այն էլ՝ կիսատ-պռատ կառուցման, ուսուցիչ ձեռք բերելու ձախողված փորձերի մասին լուրջ տեղեկություններ։ Հովհաննես քահանա Տեր-Գրիգորյանի թղթակցության համաձայն. «Լոր գյուղի բաքվաբնակ երիտասարդներից պ. պ. Ած. Հովհաննիսյանի, Ն. Տ. Գրիգորյանի, Մես. Ստեփանյանցի, Հ. Հարությունյանցի, Ղ. Անանյանցի, ուրիշների մեջ վաղուց միտք էր հղացել գյուղի մատաղ սերնդի կուլտուրական առաջադիմության գործը կանոնավորել, որի պատճառով վերոհիշյալ անձանց նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ձեռնարկվեց այդ գործը։ Չպետք է մոռանալ, և այն, որ այդ գործի մեջ նպաստողները եղել են Մեծ. Գասպար Տեր-Մարգարյան և նորա հարգելի տիկին Շուշանիկը (որոնք այժմ ևս օգնում են իրենց հարյուրներով), «Արամազդ» ընկերությունը և բաքվաբնակ գյուղի ամբողջ երիտասարդությունը իրենց աշխատանքի որոշ տոկոսը  զիջելով» (Գավառ, 1910, N 19)։

Շինարարությունն իրականացնելու համար ստեղծվեց հոգաբարձուների խորհուրդ, նույնիսկ շտապեցին ուսուցիչ հրավիրել։ Նախնական ոգևորությունը մարեց, շինարարությունը կիսատ մնաց։ Համոզեցին ուսուցչին աշխատել կիսակառույցում, աշխատեց, իսկ երբ սկսվեցին  աշնանային անձրևները, շենքում սկսվեցին կաթոցները, ուսումնական գործը լրիվ ձախողվեց։ Իսկ լորեցին անտարբեր ու անտարբեր, սովոր՝ դպրոցի համար ծախս չանել, ուսուցչին՝ չվճարել։ Իսկ երբ հոգաբարձուները ստիպված էին ազատ արձակել ուսուցչին, ժողովուրդը նոր միայն զգաց իր սխալը (Գավառ, 1910, N 26)։

Լոր գյուղի ծխական դպրոցին փոքրիկ անդրադարձ է կատարել Խուդոյանը, նշված գրքում, որտեղ ոչ մի խոսք չկա Տեր֊Մարգարյանցի բարեգործության մասին։ Նա գրում է, որ Էջմիածնի սինոդի մի գրությունից երևում է, որ Լոր գյուղի ծխական դպրոցը բացվել է 1892-ին, բայց նույն սինոդի կարգադրությամբ էլ 1893-ին փակվել է մինչև Ամենայն հայոց նորընտիր կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ժամանելը։ Ինչպես երևում է կաթողիկոսի ժամանելուց հետո էլ Լոր գյուղի դպրոցը չի  վերաբացվել, քանի որ չի հանդիպում հետագա շատ տարիների փաստաթղթերում։ Մի  տեղեկագրում նշված է, որ Լոր գյուղի դպրոցը բացվել է 1909-ին։ Սա հավանաբար Տեր-Մարգարյանցի  կողմից է վերաբացվել։ Տեղեկագրերից հայտնի է դառնամ, որ դպրոցը 1909-ին եղել է երկսեռ երկամյա ծխական դպրոց։ 1911-1912 ուս. տարում ունեցել է 47 աշակերտ, 1913-1914 ուս. տարում՝ 45 աշակերտ, այլ փաստաթղթում աշակերտների թիվը ցույց է տրված 61 հոգի։ 1916-ին գործել է՝ նպաստ ստանալով դպրոցական ընդհանուր ֆոնդից։ Գործել է նաև 1917–ին՝ 50 աշակերտով։ Լորի դպրոցն անկանոն է գործել։ Դպրոցի անցած ուղու մասին հոդված ունի Շչորս Դավթյանը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զգայի էր նրա օգնությունը վիրավորներին ու գաղթականներին։ Նրա տրամադրած վարկերով վիրավոր զինվորների համար հոսպիտալներ են կառուցվել Դիլիջանում, Սոչիում, Բաքվում, Կիսլավոդսկում, Պյատիգորսկում։ Թիֆլիսի քաղաքային դուման և քաղաքագլուխ Խատիսյանը հատուկ շնորհակալություն են հայտնել  նրան բարեգործության համար։

1998թ. «Տաթև» ամսագիրը իր երկրորդ համարում «Սյունիք» լրագրից (խմբագիր՝ Գագիկ Դավթյան) արտատպել է Ռոժենտ Գրիգորյանի «Գասպար Տեր-Մարգարյան» հոդվածը  (առանց նշելու թերթի համարը, հրատարակության տարին, ամիսը, ամսաթիվը), որտեղ հոդվածագիրը անդրադարձել է նաև հայ գերիների՝ քրդերի կողմից վաճառքի ցավալի երևույթին։ Հեղինակը մեջբերում է «Հորիզոն» թերթի 1916 թ. հուլիսի 31-ի համարից օրիորդ Մարա Մելիքյանի «Մի հայ, մի ոսկի» հոդվածից։ Մելիքյանը հայտնում է, որ քրդերը գերի հայերին վաճառում են հայերին՝ յուրաքանչյուր գերու գնահատելով թուրքական մեկ ոսկի, որը համարժեք է ռուսական 18 ռուբլու: Օրիորդը հորդորում է, խնդրում հայ ունևորներին հանգանակել գումար և այն ուղարկել «Հորիզոն» թերթի խմբագրություն՝ գերիներին գնելու նպատակով։ Ինքը՝ Մարան, արձագանքելով«Հորիզոն» –ի կոչին, հավաքել էր 8050 ռուբլի և հոդվածում ներկայացրել հանգանակողների ցուցակը։

Ռոժենտ Գրիգորյանը «Սյունիք» լրագրի հոդվածում գրում է. «25 մեծահարուստ հայերից հանգանակվում է 44000 ռուբլի, որոնց թվում հիշատակվում է նաև Կիսլովոդսկ բուժվելու եկած Գասպար Տեր֊Մարգարյանի անունը» («Տաթև» ամսագիր, 1998թ., N 2, էջ 53)։

 

Երբ թերթում ենք լրագրի համապատասխան համարը, այս մասին խոսք չկա Մարայի հոդվածում, իսկ պատմաբանն էլ «մոռացել» է ցույց տալ բարեգործների անունները և մանավանդ տեղեկության աղբյուրը։ Մնում է հուսալ, որ դա ճշմարտություն է, և տեղեկությունը քաղել է իրեն ծանոթ աղբյուրից։ Ինչևէ, Տեր-Մարգարյանցի «Մի հայ, մի ոսկի» կոչին արձագանքի մասին անցյալում խոսում էին հայրենի գյուղ Շրվենանցում և Ղափանում։

Առաջին աշխարհամարտի ընթացքում Տեր-Մարգարյանցը Աճանան գետի վրա սկսեց «Որոտան» հիդրոկայանի շինարարությունը, որն իրականացնում էր Սմբատ Մելիք-Ստեփանյանը։ Գործարարը ծրագրել էր ստացված էներգիան օգտագործել լեռնահանքային արդյունաբերության մեջ և տրամադրել Աճանանի գյուղերի բնակչությանը։ Սակայն կայանի շինարարությունը կիսատ մնաց երկրամասում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության և Տեր-Մարգարյանցին բաժին հասած դժվարությունների պատճառով։ Նա հարկադրված էր հեռանալ Անդրկովկասից և 1921-ին տարագրվել Ֆրանսիա։ 1935-ին ինքն է մահացել, 1949-ին՝ Շուշանիկը (ծնվել է 1865թ.)։ Նիցցայի գերեզմանատանը ամփոփված զույգի շիրմաքարն ամենահամեստներից է։ Նրանք հեռացան որպես իսկական բարերարներ՝ աշխարհում թողնելով մնայուն գործեր, բարի անուն, մարդկային առաքինություն, հայրենի եզերքին անսահման նվիրվածություն։

 

Գրիշա Սմբատյան  

«Սյունիք. պատմություն և հիշողություն» գրքից

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34