Պողոս Տեր-Դավթյանի տեղակալը՝ կապիտան Սմբատ Թորոսյանը

09.08.2022 10:24
704

Կապիտան Սմբատ Թորոսյանը ծնվել է 1886թ. մայիսի 20-ին Ղափանի Ագարակ գյուղում, Փիրիջանի (Փիրի) ընտանիքում: Պատանի հասակում կորցնում է ծնողներին և տղային իր խնամքի տակ է վերցնում հորեղբոր որդին՝ Վարդան Թորոսյանը: Վարդանի աջակցությամբ Սմբատը Էջմիածնում ստանում է նախնական կրթություն և ուզում ուսումը շարունակել Գևորգյան ճեմարանում: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Վարդան Թորոսյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին ուղղված 1900թ. օգոստոսի 26-ի դիմումը, որտեղ Վարդանը խնդրում է որբին ընդունել ճեմարան:

Եվ Սմբատ Թորոսյանը ընդունվում է ճեմարան, ավարտում ճեմարանի դասարանական բաժինը և ցանկություն հայտնում ուսումը շարունակել լսարանական բաժնում:

Պատմաբան, Հայաստանի ազգային արխիվի երկարամյա աշխատակից, Թորոսյանի մասին հրապարակման հեղինակ կապանցի Ռոժենտ Գրիգորյանը գրում է. «Մինչև 1909թ. Սմբատ Թորոսյանը բնակվել է էջմիածնում, հավանաբար զբաղվելով ուսուցչությամբ: Որոշակի թվով փաստաթղթեր են հասել ծննդավայր Ագարակ և հարևան Առաջաձոր գյուղերի եկեղեցական ծխական դպրոցներում 1910-1915թթ. Թորոսյանի՝ որպես ուսուցիչ պաշտոնավարելու վերաբերյալ... Թորոսյանը սկզբում աշխատում էր Ագարակի դպրոցում»: Մոռանում են, որ մեկ տարի աշխատել է Վերին Հանդի դպրոցում: Ագարակում աշխատելու տարիներին նա Գորիսի «Գավառ» թերթում բարձրացնում է կրթական, դպրոցաշինության հարցեր, փորձում համագյուղացի, Բաքվում բնակվող մեծահարուստ Խուրշուդ Ամիրջանյանին համոզել գյուղում դպրոցական շենք կառուցել:

Սկսվեց Առաջին աշխարհամարտը, և 1915-ին Թորոսյանը զորակոչվեց բանակ: Թե ռազմաճակատի որ հատվածներում է կռվել Թորոսյանը, չի հաջողվել պարզել Ռ. Գրիգորյանին: Հայտնի է միայն, որ նա վերադարձել է շտաբս կապիտանի աստիճանով, իսկ դրան նա կարող էր հասնել միայն քաջագործության, անձնուրաց մարտական ծառայության համար:

Սմբատ Թորոսյանի մասին խոսելիս մոռացվում է, որ նա Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակիցն է: Այս մասին ոչ ոք չի գրում, չի հիշատակում: Միակը, որ այս մասին վկայում է, նրա ազգականը, նույնպես ճակատամարտի մասնակից Սարգիս Թորոսյանն է. «Պատերազմը վերջացաւ: Զինադադար: Դիլիջանում Արշակ Ղազարեանից իմացայ, որ, Թիֆլիզից ստացուած լուրի համաձայն, թուրքերը հաշտութիւն են առաջարկել եւ որ շուտով պիտի սկսուին բանակցութիւնները: Դիլիջանում հանդիպեցի իմ ազգական Կապիտան Թորոսեանին: Նրա գունդը երեք քառորդով կորուստ էր տուել եւ այլեւս գոյութիւն չունէր: Նա առաջարկեց ինձ իրեն հետ միասին անցնել Զանգեզուր (իմ հայրս Ղափանցի էր, Հագարակ գիւղից):

«Այնտեղ, ֊ ասում էր կապիտան Թորոսեանը, ֊ մի առ ժամանակ կը մնանք մեր գիւղում: Եթէ հաշտութիւնը վերջնական եղաւ, կը վերադառնաս Երեւան ծնողներիդ մօտ: Իսկ եթէ կռիւը շարունակուեց, էլ այստեղ անելիք չունինք: Պիտի բարձրանանք մեր լեռները եւ այնտեղ կռուենք»:

Ես չգիտէի՝ ի՞նչ որոշում տալ: Մեր մարտկոցը արդէն լուծուած էր: Նոր զօրամաս մտնել իբրեւ բուժակ աննպատակ էի գտնում, քանի որ կռիւը վերջացել էր: Միւս կողմից՝ իմ մնայուն ծառայութեան տեղը Երեւանի զինուորական հիւանդանոցն էր, որտեղից ես, իբր կամաւոր, ուսանողների հետ միասին մեկնել էի Կարսի ճակատը: Ես ենթակայ չէի առ հասարակ զինուորական ծառայութեան, աչքերիս կարճատեսութեան պատճառով եւ միշտ զինուոր եղած էի որպէս կամաւոր: Գտնում էի անիմաստ այլեւս մնալ Դիլիջանում: Խորհուրդ հարցրի բժ. Ղազարեանից, արդեօ՞ք անցնեմ Զանգեզուր: Նա խորհուրդ չտուեց՝ ասելով թէ աւելի լաւ էր գնալ Երեւան, ուր պիտի մեկնէր ե'ւ ինքը: Միւս օրը ես հիւանդացայ (մալարիա): Այս վիճակով Զանգեզուր չէի կարող մեկնել, եթէ անգամ ուզէի: Հրաժեշտ տուի կապիտան Թորոսեանին, որ իսկոյն մեկնեց դէպի Զանգեզուր, եւ որ հետագայում մեծ դեր կատարեց Ղափանի կռիւներում Քեազիմ փաշայի բանակի դէմ»:

Շահեն Թորոսյանն է գրում. «Սմբատը Փիրի պապի կրտսեր որդին էր: Մանկության տարիներին նա ծաղկից հիվանդացավ, այդ հիվանդությունը ծանր հետքեր թողեց նրա դեմքին և չեչոտ վիճակ ընդունեց: Մինչև 14 տարեկանը Սմբատը մնաց գյուղում: Աշխատում էր տնտեսության մեջ և սովորում: Հաշվի առնելով նրա ընդունակությունները, նրա հորեղբայր Օհանի որդի Վարդանն ընդառաջեց սովորելու: Այդ ժամանակ Վարդանն աշխատում էր Երևանում, նրան ճանաչում էին քաղաքի առաջադեմ մարդիկ: Նա ապագա ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի քենակալն էր, իսկ Աբեղյանը այդ տարիներին դասախոսում էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Աբեղյանի միջնորդությամբ Սմբատն ընդունվեց ճեմարան: 1909 թվին Սմբատը բարձր գնահատականներով ավարտեց ճեմարանի դասընթացը, որից հետո նրան գործուղեցին Իգդիրի շրջանի Դաշնբուռ գյուղ՝ ուսուցչական աշխատանքի: Երիտասարդ ուսուցչի ուշադրությունը գրավում է իր աշակերտուհիներից մեկը՝ Խոջա Մարգարի դուստր Եղսան: Թեև աղջիկն արտաքուստ այնքան էլ գրավիչ տեսք չուներ, բայց լավ ձայն ուներ ու երգում էր: Սմբատը հավանում էր Եղսային: Ուսումնական տարեվերջին՝ 1910 թվին Սմբատն ամուսնանում է Եղսոյի հետ և վերադառնում Ղափան: Երբ Եղսոն ոտք է դնում Թորոսյանների շեմին իր փարթամ մարմնով ու սև դեմքով, բոլորին զարմանք է պատճառում: Սմբատի հարազատները նախատում են նրան, որ «աչքերը փակել, աղջիկ է հավանեւ»: Բայց Եղսոն դարձավ բոլորի համար սիրելի հարս: Նա առանձնապես մտերմացավ մորս հետ, որին նա «քույրիկ» էր ասում: Մայրս էլ նրան սիրեց, օգնեց որպեսզի օտարություն չզգա: Այդպես էլ եղավ: Եղսոն մինչև իր մահը՝  1922 թիվը, մնաց մորս հարազատ մարդ: Ղափանում Սմբատը մեկ տարի ուսուցիչ աշխատեց Վերին Հանդում, մեկ տարի՝ Առաջաձոր գյուղում: Այստեղ աշխատելու ժամանակ ես նրա մոտ մնում և սովորում էի:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սմբատը զորակոչվում է ռազմաճակատ: Նա, ավարտելով Թբիլիսիի ռազմական դպրոցը, կապիտանի կոչումով գործուղվում է սկզբում՝ Արևմտյան, իսկ հետո Կովկասյան ռազմաճակատ: Զինվորական ծառայության տարիներին Սմբատի կինը՝ Եղսոն, երկու երեխաների՝ Կարենի և Արշավիրի հետ միասին մնում են գյուղում: Նրանց օգնում էին հայրս և մայրս: Սմբատը Ղափան է վերադառնում 1918 թվին, երբ այստեղ իշխում էին դաշնակցականները:

Սմբատը ծառայում է դաշնակցական բանակում, մասնակցել է ազգամիջյան կռիվներին: Նրան ուղարկում են Դարալագյազ, կարմիր բանակին դիմադրելու համար: Երբ կարմիր բանակը մտնում է Զանգեզուր, վախենալով բոլշևիկներից, 1921 թվին անցնում է Պարսկաստան: Պարսկաստանից վերադառնում է 1921 թվին, երբ արդեն Ղափանում սովետական իշխանություն էր: Նա հոժարակամ համաձայնվում է գյուղում ուսուցչի պաշտոն վարելու պահանջին: Մինչև 1926 թվականը նա աշխատում է Ագարակ գյուղում: Նա գյուղում գրագիտություն տարածելու համար երիտասարդների համար կազմակերպում է վերապատրաստման կուրսեր: 1925 թվի ամռանը նրանք բոլորը մասնակցում են Գորիսի ուսուցչական վերապատրաստման դասընթացներին և նույն թվի սեպտեմբերին աշխատանքի գործուղվում»:

Կապիտան Թորոսյանի մասին (ըստ Գ. Սմբատյանի «Երկաթե վարագույրից այս կողմ» գրքի). «Սմբատ Թորոսյանի ճակատագիրը հայրենիքի համար մարտնչած սպայի ճակատագիր էր: «Նա չխուսափեց բռնարարքներից. 1921 թ. հունիսին Թորոսյանն անցել էր Պարսկաստան ու երեք ամիս անց վերադարձել: Նա միանգամից չհանձնվեց իշխանություններին, թաքնվեց անտառներում, հետո ձերբակալվեց տանը՝ Պետքաղվարչության կողմից: Լուսավորության ժողկոմատի միջնորդությամբ երկու ամիս անց ազատվեց և ուսուցչական աշխատանքի նշանավեց Ագարակ գյուղի դպրոցում: Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցնում է ուսուցչական աշխատանքի, ծավալում մանկավարժական եռանդուն գործունեություն, մասնակցում խորհրդակցությունների՝ Կապանում և Գորիսում: 1930թ. փետրվարի 6-ին Սմբատ Թորոսյանը ձերբակալվում է և տեղափոխվում Երևանի բանտ: Նրան մեղադրանք է ներկայացվում ՀԽՍՀ քր. օրենսգրքի 67 և 68 հոդվածներով: Հիմնական մեղադրանքներն էին՝ ցարական բանակի նախկին սպա և դաշնակցական բանակի հրամանատար լինելը, աշակերտության շրջանում դաշնակցական կազմակերպչական աշխատանքների իրականացումը, խորհրդային իշխանության փլուզումն հետապնդող գործունեությունը:

Մեղադրյալ Թորոսյանը սկսած 1917թ. ռազմաճակատից կանոնավոր զորամասերի դուրս գալու հետ միասին որպես նիկոլաևյան սպա, շտաբս-կապիտան մտավ դաշնակցական բանակ և հանդիսացավ ռազմական հայտնի առաջնորդներից մեկը: 1918-ից մինչև վերջին պահը Թորոսյանը պայքարել է խորհրդային իշխանության հաստատման բոլոր փորձերի դեմ, պաշտպանել է դաշնակցական կառավարությունը: Նժդեհի սիրելին և հավատարիմը լինելով՝ Թորոսյանը նշանակվում է վաշտապետի պաշտոնում: Թորոսյանը Զանգեզուրի կիրճերում գնդակահարում է շատ կոմունիստների և մարտնչում է մինչև ավանտյուրայի անկման վերջին պահը..., չի կտրում կապերը նախկին սպաների և դաշնակցականների հետ և հաճախակի ուսուցչական խորհրդակցություններին մասնակցելու պատրվակով ներկայանում է Գորիս: 1927թ. Թորոսյանը ցանկություն է հայտնում աշխատել Էջմիածնում և տեղափոխվում է Էջմիածին (քանի որ մանկության տարիներից եղել է  Էջմիածնի վանքի սան): Թորոսյանը շատ զգուշավոր էր, հետաքրքրվում էր ընդհատակյա դաշնակցական կազմակերպություններով, աշակերտության մեջ ստեղծում էր դաշնակցական երիտասարդական խմբեր՝ ասելով. «Հարկավոր է իրականացնել ուժեղ և գաղտնի աշխատանք: Թորոսյանը՝ որպես մարտական ուժերի կազմակերպիչ, բռնել էր սպասողական դիրք՝ հարմար պահի ձեռքը զենք վերցնելու» (Ազգային անվտանգության արխիվ, մեղադրական եզրակացություն №458): Ուր աքսորվեց՝ հայտնի չէ: Աքսորավայրից վերադարձավ քայքայված առողջությամբ, մահկանացուն կնքեց 1935-ին: Հանգչում է ծննդավայրի գերեզմանատանը»:

 

Հատված Գրիշա Սմբատյանի «Սյունիք. պատմություն և հիշողություն» գրքից

Հ.Գ.

Եվ, այդ բոլորով հանդերձ, Սմբատ Թորոսյանի կենսագիրները, որքան էլ զարմանալի է, շրջանցել են նրա կյանքի ամենահերոսական էջերը, որ կապված են Պողոս Տեր-Դավթյանի հետ:

Սմբատը, թեև զինվորական կոչումով Պողոսից բարձր էր, բայց Պողոսի տեղակալն էր:

Պողոս Տեր-Դավթյանը մի քանի առիթով գնահատանքի խոսքեր է հնչեցրել իր տեղակալ Սմբատի հասցեին:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25