Քաջարանի բնակչից խաբեությամբ վերցրել են անձնագրի տվյալները և վարկ ձևակերպել

17.01.2020 12:14
1337

    2019թ. դեկտեմբերի 15-ի կեսգիշերին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Նվեր Մկրտչյանը ինտերնետի միջոցով ծանուցում է ստացել բջջային հեռախոսին «արագ վարկ» ստանալու մասին: Առաջարկվել է օնլայն հարթակում գրանցվել և արագ ստանալ վարկ: Նվերն անմիջապես լրացրել է անուն ազգանունը և հեռախոսահամարը: Առավոտյան իրեն զանգահարել է մի աղջիկ և ասել, որ ստացել են վարկի հայտը: Ճշտելով, որ Նվերը ցանկանում է մոտ 3 մլն դրամի վարկ ստանալ, հեռախոսը փոխանցել է իբր վարկային մասնագետին: Նվերի պատմելով՝ վարկային մասնագետ ներկայացած անձը խոսել է Գյումրու բարբառով և  իրենից խնդրել է անձնագրի տվյալները: Այնուհետև Նվերին հեռախոսով ցուցումներ են տվել, թե ինչպես «Իդրամ» վճարային համակարգում էջ բացի: Մինչ այդ Նվերը չի օգտվել այդ համակարգից: Դրանից հետո ասել են, որ անձնագրի համապատասխան էջերը նկարի և ուղարկի իրենց, ինչը Նվերը ևս արել է:

    Կասկած չառաջացնելու համար վճարման համակարգերում և վարկ ստանալու համար գրանցել են Նվերի հեռախոսահամարը և գրանցումների ծածկագրերը եկել է հենց Նվերի հեռախոսահամարին: Այդ կոդերը ևս փոխանցվել է աշխատակիցներին:

    «Հետո ինձ ասացին հեռախոսդ անջատի ու միացրու, «Իդրամ»-ը ջնջի նորից հավելվածը քաշի ու մտի քո էջ: Առանց կասկածելու անում եմ այնպես, ինչպես, որ ինձ ասում էին հեռախոսով: Զանգեցի այդ աշխատակիցներին, ասացին, որ իմ վարկը հաստատվել է 5 մլն դրամի չափով: Ընկերս մոտս էր, նա էլ ասաց, թե 10 մլն էլ ինքն ա ուզում և դարձյալ խնդրեցին անձնագրի տվյալները, բայց անձնագիրը ընկերոջս մոտ չէր: Զրույցից հետո ընկերս ասաց, որ կասկածում է, որ խաբում են»,-պատմում է Նվերը և հավելում, որ զանգի ավարտից անմիջապես հետո փոխել են վճարման համակարգում իր անունով բացված էջի ծածկագիրը և այլևս չի կարողացել մուտք գործել:

    Հեռախոսային խոսակցությունից անմիջապես հետո Նվերը զանգահարել է «Իդրամ»-ի սպասարկման գրասենյակ: Այնտեղից պարզաբանել են, որ հաշվի վրա նստել է ոչ թե 5 մլն դրամ, այլ 840.000 դրամ «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունից, որը անմիջապես հանվել  է Նվերի անունով վճարման համակարգում բացված հաշվից: Նվերն ավելի ուշ մոտեցել է «Իդրամ»-ի գրասենյակ և փակել է իր անունով բացված էջը:

    «Անմիջապես զանգում եմ ոստիկանություն՝ 1-02: Ամբողջը տևել է մոտ 10 րոպե: Հայտնում եմ կատարվածի մասին: Հետո զանգում են ոստիկանությունից և գնում եմ Կապանի բաժին: Այնտեղ հաղորդում եմ տալիս և միևնույն ժամանակ կապը պահում եմ ինձ խաբած մարդկանց հետ, որ ոչ մի կասկած չառաջանա: Անցնում է մի քանի օր, գնում եմ ոստիկանության Կապանի բաժին, որ հետաքրքրվեմ, թե ինչու քայլեր չեն ձեռնարկում: Երբ իմանում են, որ գնում եմ Երևան ինձ խաբողների հետ հանդիպեմ, ոստիկանությունից ասում են, որ իրենց աշխատակիցներն իմ հետ կգան, որ օպերացիա իրականացնեն»,-նշում է Նվերը: Վերջինիս պատմելով՝ իրեն Երևանում  դիմավորում է կազմակերպությունից ներկայացած մի աղջիկ, որպեսզի այդ գիշեր տեղավորի հյուրանոցում, և հաջորդ օրը վարկը ստանա: 

    Նվերը հասցեն չի հիշում, սակայն դիմավորող աղջիկն իրեն տանում է գրասենյակային տարածք: Ոստիկաններն անմիջապես ներս են մտել և տնօրեն ներկայացած Աշոտին ու աշխատակցուհուն ձերբակալել են ու տեղափոխել Կապանի ոստիկանություն: 

    Նվերն այդ օրը մնացել է Երևանում: Հաջորդ օրը հասնելով Կապան տեղեկացել է, որ ձերբակալվածներին բաց են թողել:  «Հետաքննիչն ինձ ասում էր՝ հանգիստ եղի, Աշոտը խոսք ա տվել, որ քո փողերը տալու ա: Պարզվեց, որ Քաջարանից մի տղու էլ են նույն ձևով խաբել»,-պատմում է Նվերը հավելելով, որ դրանից հետո հեռախոսազրույց է ունեցել իրեն խաբած Աշոտի հետ: Վերջինս հավաստիացրել է, թե գումարը կնստեցնի Նվերի հաշվեհամարին, ինչը ևս իրականություն չի դարձել:

    2019թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանության Կապանի բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ Ս. Հարությունյանը որոշում է կայացրել քրեական գործը քննիչին հանձնելու մասին: Ըստ այդ որոշման՝ Երևան քաղաքի բնակիչներ Աշոտ Սահակյանի և Ասյա Լալազարյանի նկատմամբ դեկտեմբերի 19-ին ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց է ընտրվել: Գործը գտնվում է Սյունիքի մարզի քննչական վարչության Կապանի բաժնում՝ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի վարույթում: Նվեր Մկրտչյանը ճանաչվել է տուժող:

    Նշենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը 2019թ. հոկտեմբերի 9-ին մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան, որտեղ ամբաստանյալի աթոռին Աշոտ Սահակյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով առևտրային կազմակերպություն հանդիսացող «Մաքս Կրեդիտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 2018-2019թթ. ընթացքում իր տիրապետմանը հանձված գումարների և գույքի նկատմամբ ունեցած իր լիազորություններն օգտագործելով, դիտավորությամբ ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով գումարները և գույքը:

    Աշոտ Սահակյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հուլիսի 14-ի դատավճռով 600.000 դրամի տուգանվել է դարձյալ խարդախության համար: Ըստ դատավճռի՝ նա ուրիշի խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով վաճառող քաղաքացու հետ պայմանավորվածության է եկել գնել 2000 ԱՄՆ դոլարով`տարաժամկետ, ամսական 200 ԱՄՆ դոլար վճարելու պայմանով, այնուհետև հափշտակել է այն և պարտքի դիմաց տվել մեկ այլ քաղաքացու , ով էլ իր հերթին նույն ամսին 400 հազար դրամով վաճառել ուրիշի:

    Նվերն ասաց, որ մոտ 20 օր է պարբերաբար դիմում է իրեն վերաբերող գործը քննող քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանին, որպեսզի արագացնեն գործի քննությունը: Երեկ արդեն խաբեությամբ վերցված վարկի վճարման օրն էր և մոտ 63 հազար 700 դրամ Նվերը վճարել է, որպեսզի «սև ցուցակում» չհայտնվի, մինչև հարցը իրավական հարթության վրա լուծում ստանա:

    «Աշոտի կաբինետում տեսա թղթեր «Ռեալ կրեդիտ» ու էլի ուրիշ անուններով: Լիքը էջերով անուններ կար սեղանին դրված»,-պատմում է Նվերը: 

    Նվեր Մկրտչյանը կարծում է, որ Աշոտն ունի «լուրջ տանիք» և իրավապահ մարմիններն աչք են փակում նրա գործողությունների վրա: «Նա իր հավեսով ազատության մեջ է, իր գործն է շարունակում, իսկ ես երեկ ընկել էի դռնեդուռ, որ տանեի չվերցրածս վարկի տոկոսները տայի: Սա՞ է արդարությունը»,-ասում է Ն. Մկրտչյանը: Նա համոզված է, որ այդ խմբից այլ տուժողներ էլ կլինեն, քանի որ գրասենյակային տարածքում բազմաթիվ անուններ է տեսել թղթերի վրա գրված:

    Նշենք, որ օնլայն վարկ ստանալու և «Իդրամ» վճարային համակարգում գրանցվելու համար քաղաքացու այց գրասենյակ չի նախատեսվում: Բավական է միայն անձնագրային և այլ անձնական տվյալների լրացումը: Նշված ընկերությունները Նվեր Մկրտչյանին էլ են ասել, որ պատասխանատվություն չեն կարող կրել կատարվածի համար, քաղաքացին իր անձնական տվյալները չպետք է տրամադրի այլ անձանց:

     

    լուսանկարը՝ telecomtimes.ru–ի

    Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է պատմել

    16.03.2025 11:34

    Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն

    15.03.2025 23:11

    Կայացավ Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի չորրորդ արտահերթ նիստը

    15.03.2025 23:05

    Հանդիպում Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցում

    15.03.2025 16:31

    Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

    15.03.2025 12:36

    Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Բեգլարյան

    15.03.2025 10:47

    Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների հանձնվելու դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը․ Պուտինը պատասխանել է Թրամփի խնդրանքին

    14.03.2025 21:44

    Երեկվանից հրդեհ է Շամբից դեպի հյուսիս եւ արեւելք ընկած գիհենու անտառներում

    14.03.2025 20:28

    Փաշինյանը Պուտինին ասել է, որ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին

    14.03.2025 19:41

    Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ժամանակը. Մարկո Ռուբիո

    14.03.2025 19:37

    Դպրոցները մարզպետարանների ձեռքից «կվերցնեն»

    14.03.2025 18:39

    Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այց Հայաստան

    14.03.2025 17:05