Քաջարանի մանկական արվեստի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի

23.06.2015 12:15
2785

«Քաջարանի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ն այս տարի կնշի կազմավորման 50-ամյակը: Կեսդարյա պատմություն ունեցող դպրոցը, սակայն, ունի հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնցից առաջնայինը դպրոցի հիմնանորոգումն է:

Առաջին հայացքից թվում է, թե Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի նման հզոր  ձեռնարկություն ունեցող քաղաքում չպիտի լինեն կառույցներ, որոնք վերանորոգման խնդիր ունենան, գտնվեն ոչ բարվոք վիճակում: Շենքը, որ կառուցվել է 1954թ. որպես հանրակրթական դպրոց, 1990-ական թվականներին է տրամադրվել Քաջարանի մանկական արվեստի դպրոցին:

Ներկայումս դպրոցում սովորում է 210 սան, որից այս տարի կավարտի 13-ը: Տնօրեն Արմինե Թումանյանի հավաստմամբ՝ ընդունելությունը, ճիշտ է, դեռեւս լայն թափ չի ստացել, բայց հունիսի կեսի դրությամբ 10-ից ավելի դիմում են ստացել:

Դպրոցում գործում են դաշնամուրի, ջութակի, ազգային եւ փողային նվագարանների, կերպարվեստի եւ պարարվեստի բաժիններ:

«13 տարվա ընդմիջումից հետո 2014-15 ուստարում վերաբացվել են ազգային նվագարաններից շվիի եւ դհոլի, փողայինից՝ կլարնետի բաժինները, ինչպես նաեւ արդեն երկու տարի է՝ գործում է պարարվեստի բաժինը: Նախատեսում ենք դպրոցում ունենալ նաեւ թատերարվեստի խումբ, որը դեռեւս շենքային ոչ բավարար պայմանների դեպքում հնարավոր չէ», - նշեց տնօրենը:

Հունիսի 10-ին դպրոցի հաշվետու համերգ-ցուցահանդես էր, որի ընթացքում հնչեցին ազգային եւ դասական հեղինակների ստեղծագործություններ, հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել գեղեցիկ պարային համարներ, կերպարվեստի բաժնի սաների աշխատանքները:

Այս տարի Գյումրիում կայացած 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնում դպրոցը գրանցեց հաջողություն. վոկալիստ Սպարտակ Սիմոնյանն արժանացավ 3-րդ կարգի դափնեկրի կոչման, իսկ Հրաչյա Ստեփանյանը՝ դիպլոմի, դասատուն՝ Վարդիթեր Հարությունյանը, կատարած աշխատանքի համար շնորհակալագիր ստացավ:

«Մեր դասատուների 80 տոկոսն այս դպրոցի նախկին սան է: Կադրերի խնդիր չունենք այս պահին, կարելի է ասել, որ երիտասարդ կոլեկտիվ ենք: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ այս տարվա նախորդ ամսվանից համայնքային բյուջեի հաշվին ավելացել է դասատուների աշխատավարձը», - տեղեկացրեց Ա.Թումանյանը:

Նշենք, որ դպրոցն ունի 41 աշխատատեղ: Մեկ դրույք ունենալու համար դասատուն նվազագույնը 9 աշակերտ պիտի ունենա, հատկանշական է այն փաստը, որ դպրոցի դասատուների մեծ մասը մեկ դրույքից ավելի ժամեր ունի:

«Նախորդ տարիների համեմատ պակասել է աշակերտների թիվը, որ հավանաբար պայմանավորված է թե՛ դպրոցում երեխաների ծանրաբեռնվածությամբ, թե՛ արվեստի հանդեպ հետաքրքրության պակասով: Մեծ մասամբ աշակերտներին արվեստի դպրոց հաճախելու համար շահագրգռում ենք դասատուներս, լավ կլիներ, որ ծնողները նույնպես երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնեին արվեստի հանդեպ. չէ՞ որ փորձը ցույց է տալիս, որ այդպիսի երեխաներն իրենց շրջապատում առանձնանում են ե՛ւ իրենց գեղագիտական ճաշակով, ե՛ւ իրենց աշխարհընկալմամբ», - նշեց 24 տարվա աշխատանքային փորձ ունեցող վոկալի դասատու Անահիտ Համբարձումյանը:

Վերջինիս կարծիքով՝ երեխաներն ունեն բավարար ունակություններ, որոնք պիտի անհրաժեշտ ուղղությամբ զարգացնել: Այդ հարցում, իհարկե, մեծ է դասատուի դերակատարությունը, բայց ծնողը նույնպես պիտի աջակից լինի: Նոր ուստարվա նախաշեմին Ա.Համբարձումյանը, դիմելով դպրոցի ապագա սաներին, նշեց, որ, ճիշտ է, դպրոցի շենքային պայմանները ոգեւորիչ չեն, բայց ուսումնական աշխատանքները բարձր մակարդակով են ընթանում, որոնց պտուղները ժամանակ առ ժամանակ քաղում են:

Վերջերս դպրոցի սաները մասնակցել են նաեւ Սյունիքի մարզի արվեստի դպրոցների միջեւ անցկացված մրցույթին, որում քանոնահարուհի Լիլիթ Հովսեփյանն արժանացավ 4-րդ կարգի դիպլոմի, մյուս մասնակիցները՝ շնորհակալագրերի:

Դասատուների համոզմամբ՝ եթե դպրոցը բարեկարգվեր, արվեստի համապատասխան միջավայր ստեղծվեր, երեխաներն ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերեին. չէ՞ որ գեղագիտական ճաշակի զարգացման գործում պակաս կարեւոր չէ արտաքին միջավայրը: «Շենքը հիմնանորոգման կարիք ունի, բայց պատուհանների եւ ջեռուցման՝ հրատապ լուծում պահանջող հարցերի համար դիմել ենք կոմբինատին, դեռեւս դրական պատասխան չենք ստացել: Եթե գոնե այդ խնդիրները կարողանանք լուծել, գոհ կլինենք», - նշեց տնօրենը:

Արվեստի դպրոցին մշտապես աջակցում է Քաջարանի քաղաքապետարանը՝ հովանավորելով տարբեր մրցույթներին մասնակցությունը, պարբերաբար դպրոցը համալրելով անհրաժեշտ գույքով: «Անցյալ տարի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի աջակցությամբ ձեռք ենք բերել երեք ջութակ, մեկական շվի եւ դհոլ, քանոն, ինչպես նաեւ պարարվեստի բաժնի սաների համար համապատասխան հագուստ: Նշեմ, որ քաղաքապետարանն իր հնարավորության սահմաններում մշտապես աջակցում է մեզ», - տեղեկացրեց Ա.Թումանյանը:

Ցավալիորեն պիտի արձանագրենք, որ արվեստը մեզանում երկրորդական պլան է մղվել, թեպետ, տնօրենի հավաստմամբ, սառույցը կարծես սկսվում է կոտրվել: Մեր այցելության ընթացքում հանդիպած սաներից երկուսը ցանկություն հայտնեց հետագայում շարունակել ուսումն արվեստի բնագավառում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38