Քաղաքը բոլորիս տունն է, եւ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը Ագարակի հանդեպ հոգատար վերաբերմունքի ձեւավորումն է

05.12.2014 18:00
2745

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ելույթը Ագարակի 65-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում

65 տարի առաջ աշխարհի` մեզ հասած այս անկյունում ձեւավորվեց Ագարակը` սկզբում որպես ավան, Հայաստանի անկախացումից հետո` արդեն որպես քաղաք:

Երբեմնի արդյունաբերական բանավանը տարիների ընթացքում վերածվեց ժամանակակից քաղաքի` իր բոլոր սոցիալական ենթակառուցվածքներով, եւ այսօր հավաքվել ենք նշելու մեր քաղաքի հերթական տարեդարձը:

Հոբելյանի կապակցությամբ իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր կառուցեցին մեր քաղաքն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, հարգանքս` այն անհատներին, ովքեր իրենց ջանքն ու եռանդը, ուժն ու միտքը ներդրեցին նոր բնակավայրն ու նոր ձեռնարկությունը սերունդներին հանձնելու համար` երկրաբաններ, շինարարներ, հանքագործներ եւ այլն:

Քանի որ յուրատեսակ հաշվետվությամբ մենք ամփոփել ենք քաղաքի պատմության 60 տարին, այժմ ցանկանում եմ հայացք ձգել վերջին հինգ տարվա ագարակյան կյանքին, մեր ձեռքբերումներին ու քաղաքի կյանքի համար էական իրողություններին, մատնանշել մեր հետագա անելիքները:

Ագարակ քաղաքն ի սկզբանե զուտ տնտեսական առաքելություն ուներ: Անկախ Հայաստանում արդեն այն այլ նշանակություն եւ դեր ունեցավ. շարունակելով մնալ մեր երկրի հանքարդյունաբերական կենտրոններից մեկը` Ագարակն այդժամ դարձավ նաեւ մեր հանրապետության հարավային սահմանադուռը, դարձավ հաղորդակցության ուղիների հանգուցակետ` այստեղ գործում է մաքսակետը, այստեղով միջազգային ճանապարհ է անցնում, նաեւ` Իրան-Հայաստան գազատարը, Ագարակում է տեղակայված ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկը, այստեղ է տեղակայված բարձրավոլտ էլեկտրական ցանցերի փոխանջատման կետը, որն Ագարակը յուրատեսակ էներգետիկ խաչմերուկ է դարձրել:

Ագարակը մասնակցեց նաեւ հայկական նոր պետականության կերտմանը` մասնավորապես մասնակցելով Արցախյան ազատագրական պատերազմին, եւ դրա տրամաբանական շարունակությունն է, որ այն այսօր էլ զինվորական քաղաք է, որտեղ զինվորական ստորաբաժանում է տեղակայված: Մենք ուղղակիորեն մասնակցում ենք հայոց բանակաշինությանը, զինվորն ապրում է ագարակցու կողքին, նա մեր քաղաքի կյանքի մի մասնիկն է, որին ագարակցին գնահատում է:

Բնականաբար, նոր իրավիճակում ու մեզ հասած նոր դերակատարության պարագայում քաղաքի առջեւ քաղաքաշինական, սոցիալ-տնտեսական, կենցաղային եւ տարբեր ենթակառուցվածքների զարգացման նոր պահանջներ ու խնդիրներ առաջացան, որոնց պետք է լուծում տային տարածքային եւ տեղական իշխանությունները:

Անհրաժեշտություն առաջացավ համայնքում հիմնել որոշ ծառայություններ` բանկային, փրկարար եւ այլն, տարանցիկ բնակավայր լինելով` զարկ տալ հյուրանոցային տնտեսությանը, ունենալ ժամանցի վայրեր, հանրապետության մուտք հանդիսանալով` բարեկարգել ճանապարհները եւ այլն:

Լինելով զարգացող քաղաք բնակչության մեջ երիտասարդ ընտանիքների գերակշռումով` Ագարակի համար կարեւոր է բնակարանային շինարարությանը զարկ տալը. ներկայումս քաղաքային իշխանությունները տարբերակներ են փնտրում հարցի լուծման համար, բայց ողջունելի է, որ քաղաքում թափ է առնում անհատական բնակելի տների շինարարությունը: Նշանակում է` ագարակցին իր ապագան ու իր զավակների վաղվա օրը տեսնում է ա՛յս քաղաքում: Բնակարանային հարցի լուծմանը կնպաստի քաղաքի հիվանդանոցի շենքը համայնքին տրամադրելը` տարածաշրջանում նոր հիվանդանոցի կառուցումից հետո, որը նախատեսվում է 2015-ին: Մեր քաղաքն այն քիչ բնակավայրերից է, որտեղ վերջին տարիներին բնակչության թվի կայուն աճ է ապահովվել. Ագարակն այսօր մոտ 5000 բնակիչ ունի:

Բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել Ագարակի խմելու ջրի մատակարարման ոլորտում, որը նախկինում միշտ էլ խնդիր է եղել. այսօր ունենք նորոգված եւ ժամանակակից մաքրման կայան, խմելու ջրի հիմնանորոգված ներքին ցանց, եւ այդ ամենի արդյունքում Ագարակն առաջիններից մեկն էր տարածաշրջանում, որ ունեցավ 24-ժամյա ջրամատակարարում:

Քաղաքի ներսում նաեւ ներհամայնքային ճանապարհներ են հիմնանորոգվել, փողոցներ ասֆալտապատվել:

Քաղաքը պետք է ունենա նաեւ իր մշակութային եւ սպորտային ուրույն դեմքը, իբրեւ նորաստեղծ համայնք` Ագարակն այդ ոլորտներում առանձնապես աչքի չի ընկել: Բայց վերջին տարիներին աստիճանաբար հաջողություններ ենք արձանագրում նաեւ այդ ոլորտներում, անում առաջին քայլերը, որ համայնքը համարվի նաեւ մշակութային ու սպորտային քաղաք. ձգտում ենք հասնել դրան, եւ հաջողության հիմքերն արդեն տեսանելի են: Այսօր ունենք վերանորոգված եւ նոր կահավորանքով ապահովված մշակույթի կենտրոն, խաղահրապարակներ: Օրակարգում է քաղաքում միջազգային չափանիշներով մարզադահլիճ, այնուհետեւ առանձին կարգավիճակով մարզադպրոց ունենալու հարցը: Իսկ ազատ ոճի մեր պատանի ըմբշամարտիկներն արդեն իսկ մասնակցում են միջազգային մրցաշարերի, վերադառնում հաղթանակներով:

Ինչ վերաբերում է կրթական ոլորտին, ունենք բնականոն եւ ակտիվորեն գործող արվեստի դպրոց, որի հիմնանորոգման աշխատանքները եւս ընթացքի մեջ են: Ունենք նաեւ լավ ավանդույթներով, մանուկների խնամքով ու դաստիարակությամբ աչալուրջ զբաղվող, վերանորոգված եւ ժամանակակից կահավորանքով մանկապարտեզ: Ագարակի միջնակարգ դպրոցում աշակերտների թվի աճին զուգահեռ օրակարգում է դպրոցական նոր մասնաշենքի կառուցումը, որի համար առաջին հատկացումը ՀՀ կառավարությունից կլինի 2015 թվականին:

Այսօր զանազան հոգեւոր արարողությունների, եկեղեցական տոների ժամանակ ագարակցին ստիպված է Մեղրի հասնել: Ուստի, քաղաքը պետք է ունենա նաեւ իր հոգեւոր տաճարը: Այս ուղղությամբ եւս առաջին քայլերն են արվել: Եկեղեցու շինարարության համար տարածք է հատկացվել, եւ քաղաքի մուտքի մոտ եկեղեցի կկառուցվի:

Մեր գրանցած հաջողությունների մեջ անուրանալի եւ գնահատելի է Սյունիքի մարզպետ, Ագարակի պատվավոր քաղաքացի Սուրեն Խաչատրյանի եւ նրա ղեկավարած կառույցի` Սյունիքի մարզպետարանի դերը: Տարածքային կառավարման մարմնի հետ համագործակցությամբ են պայմանավորված նաեւ մեր համայնքի վաղվա օրն ու հետագա զարգացումը: Բոլոր ագարակցիների անունից շնորհակալություն ենք հայտնում պարոն Խաչատրյանին` մեր քաղաքի հանդեպ նման վերաբերմունքի, բարձրացված հարցերին հնարավորության սահմաններում արագ լուծումներ տալու եւ քաղաքային իշխանության հետ կառուցողական հարաբերությունների համար:

Եվ, այդուհանդերձ, Ագարակը ստեղծվել ու այսօր էլ մնում է նախեւառաջ արդյունաբերական քաղաք: Մեր համայնքի կյանքում անչափ կարեւոր եւ որոշիչ է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի դերը, իսկ համայնքային իշխանության համար` համագործակցությունը քաղաքաստեղծ ձեռնարկության հետ: Մեր բոլոր լավատեսական ծրագրերի հիմքը կոմբինատի ներշնչած հույսն է` որպես քաղաքի հիմնական ու խոշոր գործատու եւ որպես տեղական ինքնակառավարման մարմինների վստահելի գործընկեր: Նրա շուրջն է կառուցվել Ագարակը, եւ այսօր էլ այն շարունակում է իր քաղաքաստեղծ առաքելությունը: Բավական է միայն ասել, որ համայնքային բյուջեի մուտքերի 20 տոկոսն անհատույց հատկացնում է հանքարդյունաբերական այդ ձեռնարկությունը: Եվ քանի որ կոմբինատը զարգացման ու ծավալների ընդլայնման ծրագրեր ունի, բնականաբար, մեր բնակչությունն էլ պիտի ավելանա, ու քաղաքն էլ պիտի պատրաստ լինի դրան` քաղաքաշինական եւ մյուս բոլոր առումներով:

Մեր քաղաքը դեռեւս դժվար է պատկերացնել առանց կոմբինատի կայուն ու արդյունավետ աշխատանքի, գործունեության բնականոն հունի: Նրանով եւ նրա շուրջ է Ագարակում պայմանավորված ներկայի եւ վաղվա յուրաքանչյուր անելիք: Նրա ակտիվ մասնակցությամբ մեր քաղաքում շատ խնդիրներ են լուծվում, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում «Գեոպրոմայնինգ» ընկերությունների միջազգային խմբին, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավարությանը, գլխավոր տնօրեն, Ագարակի պատվավոր քաղաքացի Սերգեյ Պոլովինկինին: Եվ քանի որ պարոն Պոլովինկինը պատրաստվում է թողնել Ագարակն ու տեղափոխվել այլ աշխատանքի, ցանկանում ենք բոլոր ագարակցիների անունից շնորհակալություն հայտնել նրան իր աշխատանքային այս տարիների արդյունավետ գործունեության, մեր քաղաքի բարեկամը լինելու, ագարակցի հանքագործի կողքին կանգնելու, ագարակցու հոգսերը կիսելու եւ համայնքին աջակցելու համար: Միաժամանակ ողջունում ենք «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության նոր տնօրենին, ով գալիք տարում պետք է ստանձնի այս ձեռնարկության ղեկավարումը, եւ մեր բարի կամքն ու պատրաստակամությունը հայտնում` շարունակելու սերտ համագործակցությունը` ի շահ Ագարակի եւ ագարակցու:

Այսօր առիթ է նաեւ խոսել մեր առջեւ ծառացած խնդիրների եւ հետագա անելիքների մասին:

Հանքարդյունաբերական քաղաքում, բնականաբար, առաջին հերթին տեղին է հիշել բնապահպանության մասին, ինչը եւս համայնքային իշխանության ուշադրության կենտրոնում է: Մեր տարածքում քիչ են կանաչ գոտիները, եւ նախատեսում ենք ավելացնել դրանք, ինչն առավել իրատեսական կդառնա հատկապես ինքնահոս ոռոգման համակարգի ներդրումից հետո, որի աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Ի դեպ, այդ համակարգի կառուցման հետ մեծ հույսեր ենք կապում նաեւ այն առումով, որ այն մեր տարածաշրջանում զարկ կտա այգեգործությանը:

Ինչ վերաբերում է բազում խոսակցությունների տեղիք տվող կոմբինատի վթարային թափուկատարին, նշեմ, որ «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը 2015-ին նախատեսում է վերանորոգել այն:

Լինելով Հայաստանի հարավային սահմանադուռ, մեզ դեռեւս լիովին չի հաջողվել լիարժեք օգտագործել Ագարակ-Իրան հարաբերությունների ներուժը: Նման խոշոր պետության հարեւան լինելը պետք է որ նպաստի մեր համայնքի զարգացմանը, եւ մեր հետագա գործունեության մեջ առաջին պլանում պետք է լինի հայ-իրանական հարաբերությունների խորացումը, առկա տնտեսական պոտենցիալի իրացումը: Մտադիր ենք առավել մերձեցնել ու գործնական հիմքերի վրա դնել իրանական Ջուլֆա քաղաքի հետ հարաբերությունները:

Եթե կյանքի կոչվի հայ-իրանական սահմանի վրա «Սյունիք» ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը, ապա այն զարգացման նոր հեռանկարներ կբացի մեր քաղաքի համար:

Պետք է նշել նաեւ, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Ագարակը նոր դեր ու նշանակություն կստանա` դառնալով արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրասիական տնտեսական միության սահման: Սա բացում է նոր ապրանքաշրջանառության, նոր հարաբերությունների հեռանկար: Դրան պատրաստ լինելու առաջին քայլերից մեկը տարածքում նոր մաքսային պահեստի կառուցումն է, որն ընթացի մեջ է:

Իր ներկա լուրջ դերակատարումներում եւ նախանշվող ապագայով Ագարակ քաղաքը, բնականաբար, պիտի գա եւ հասնի նշված առաքելություններն իրականացնողին վայել տեսքին` բարեկարգվելով եւ զարգացնելով համապատասխան ենթակառուցվածքները: Գուցե միանգամից դա տեսանելի չէ, բայց դրա համար ամեն օր քարի վրա քար է դրվում:

Մեր քաղաքի կյանքի բնականոն հունի ապահովման համար անչափ կարեւոր եմ համարում նաեւ համագործակցությունը թե՛ Սյունիքի մարզպետարանի, թե՛ մեր առօրյա կյանքին մասնակցող եւ թե՛ մեր տարածքում գործող կազմակերպությունների հետ` Մեղրու մաքսակետ, ՌԴ սահմանապահ ջոկատ, Ագարակի զորամաս, նորաստեղծ բանկային կառույց, Փրկարար ծառայություն, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ եւ այլ կառույցներ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իր տեսակով եզակի «Մեղրի-Ագարակ» հիմնադրամին` իր բոլոր նվիրատուներով, իսկ նվիրատուն Ագարակի բնակչության մեծ մասն է, այստեղ իր աշխատավարձից ներդրում է կատարում շարքային ագարակցին, եւ այս միջոցներով քաղաքում շատ հարցեր են լուծվում: Միաժամանակ կոչ եմ անում առավել լայն հնարավորությունների տեր ագարակցիներին` նաեւ դրսում բնակվող, անմասն չմնալ հայրենի քաղաքի զարգացմանը նպաստ բերելուց, այստեղ ներդրումներ կատարելուց, ինչին համայնքային իշխանությունը պատրաստ է աջակցել իր իրավասությունների շրջանակում:

Քաղաքը բոլորիս տունն է, եւ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը Ագարակի հանդեպ հոգատար վերաբերմունքի ձեւավորումն է:

Այս տարիների ամենամեծ ձեռքբերումը մեր քաղաքի համար ես համարում եմ, ի վերջո, ագարակցու հավաքական կերպարի ստեղծումն ու ընկալումը. Ագարակում ապրում է արդեն մի սերունդ, որի համար կա զուտ ագարակցի հասկացությունը:

Իմ համաքաղաքացիներին շնորհակալ եմ նաեւ այն բանի համար, որ ըմբռնումով են մոտենում համայնքային իշխանության քաղաքականությանը, տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնություններին, շնորհակալ եմ, որ մենք մի թիմ ենք, եւ մեր միասնականության շնորհիվ ենք հաջողություններ արձանագրում: Դա է ուժ եւ հավատ ներշնչում վաղվա օրվա հանդեպ: Մեր քաղաքի բնակիչները մեզ համար կարեւոր որոշումներում համախմբված են, եւ Ագարակի հաջողության գլխավոր գրավականն ագարակցիների միասնությունն է: Դրա վկայությունն էր նաեւ այն, որ 2012թ. Ագարակը ճանաչվեց հանրապետության լավագույն քաղաքային համայնք:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Ագարակի տարեդարձի կապացությամբ` մեր քաղաքին մաղթում եմ տնտեսական վերելք, խաղաղ սահման, առավել բարեկարգ ու նորոգ արտաքին տեսք, իսկ նրա բնակիչներին` առողջություն եւ բարեկեցություն:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25