... Քամու համբույրից դողաց մի տերեւ

20.10.2014 12:10
2030

Քաղաքի տոնի առիթով Գորիս էին ժամանել հյուրեր հանրապետության մարզերից, մայրաքաղաքից, արտասահմանից: Նրանց թվում էին Գորիսի քույր քաղաքներ Վիենի (Ֆրանսիա) եւ Նեսվիժի (Բելառուս) պատվիրակությունները: Ֆրանսիացիների պատվիրակությունը ղեկավարում էր Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսին, իսկ բելոռուսներինը` շրջանային խորհրդի նախագահ Վալերի Լազյուկը: Ու ես էլ ցանկանում եմ նրանցից մի քանի հարցի պատասխան ստանալ:

…Հոկտեմբերի 10-ի նախօրեին քաղաքը նախապատրաստական եռուզեռի մեջ էր դեռ: Միայն եղանակը չխանգարի: Եղանակի տեսությունն անձրեւային եղանակ էր խոստացել: Առաջներում, հիշում եք, երբ հեռուստատեսությամբ եղանակի տեսություն էին հաղորդում, սրտնեղում էինք. տնաշենները գոնե պատուհանից դուրս նայեն, հետո գրածը կարդան: Ասում էին` հանրապետությունում սպասվում է արեւոտ եղանակ, իսկ պատուհանից այն կողմ անձրեւ էր շրմփում: Հիմա ճիշտ հակառակն է` միակ հավաստի բանը, որ կարող ես լսել հեռուստատեսությամբ, դա եղանակի տեսությունն է: Ասել են` սպասվում է անձրեւային եղանակ, ուրեմն` վերջ…

Այս մտորումների մեջ Ավանգարդ թաղամասի իմ բնակարանի պատշգամբից նայում եմ դեպի ցած` դեպի Գորիսի ձորը վարից ու վերից կամաց-կամաց լցվող ամպերին: Ահա ամպի տակ մնացին քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունների շենքերը, այն կլանեց քաղաքապետարանին հարող հրապարակը: Իսկ վերեւից իջնող ամպն ամբողջովին ծածկել է Ակներ գյուղը, իջել մինչեւ Վերիշենի կեսը: Տեսնես որտե՞ղ կհանդիպեն քաղաքի հյուսիսից եւ հարավից արշավող ամպերը:

Մեր տարածքի բնությունը յուրահատուկ է: Աշխարհի ոչ մի անկյունում այդպիսին չկա` լավ, թե վատ: Դա միակն է: Մեր բնությունը բանաստեղծ է, քանդակագործ է, գեղանկարիչ է: Իսկ ով կարողանում է այն կարդալ` ինքն էլ դառնում է այդպիսին: Համո Սահյանը գրում է. «Քամու համբույրից դողաց մի տերեւ», Գուսան Աշոտն ասում է` «Մեծ Նաղաշի ձեռքն է հասել, ծաղիկներդ գույն-գույն նախշել, Սյունյաց սարեր»: Ակսել Բակունցն էլ թե` «Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, մեկ` ծածկում կատարը»:

Այս մտորումների մեջ էլ հասունանում, ծնվում են երկու պատվիրակության ղեկավարներին տրվելիք հարցերս:

Մեր բնությունը գեղեցիկ է, մենք դա գիտենք, իսկ դուք ի՞նչը կառանձնացնեիք նրա մեջ: Երկրորդ հարցը. եթե հնարավոր լիներ ինչ-որ բան այստեղից ձեզ հետ վերցնել` տուն տանելու համար, ի՞նչ կվերցնեիք: Եվ երրորդ հարցը, որը նպատակ ունեմ ուղղել միայն Վիենի քաղաքապետին, հետեւյալն է` յուրաքանչյուր տարի քաղաքապետերի գլխավորությամբ պատվիրակություններ են փոխանակվում, ի՞նչ է դրանից ստանում Վիենի կամ Գորիսի շարքային բնակիչը:

Իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ հարցերը հասցրի տալ, բայց պատասխանների մի մասը ստացա Վիենի քաղաքապետ պարոն Տիերի Կովակսիի ելույթի ժամանակ, որը, ինքնին, ինձ համար շատ հաճելի էր: Նա ասաց, որ ամեն անգամ իրենց պատվիրակությունը Հայաստանից, մասնավորապես Գորիսից իր հետ Ֆրանսիա է տանում երկիրը, հող հայրենին սիրելու մեր բացառիկ հոգեկերտվածքը: Մնացած երկու հարցին պատասխանեց հետո, երբ արդեն Գորիս գյուղում էինք, կամ, ինչպես Ակսել Բակունցն է ասում, Շենում: Ի դեպ, հարցին պատասխանելուց առաջ նա մի փոքր խորհրդակցեց իր ղեկավարած պատվիրակության հետ: Իսկ պատասխանը հետեւյալն էր. իրենցից շատերն առաջին անգամ չէ, որ գալիս են Գորիս, բայց ամեն անգամ քաղաքը ներկայանում է նորովի, մոտենում ես Գորիսի մուտքին եւ միանգամից դառնում նրա համայնապատկերի գերին: Դա անմոռանալի է: Յուրաքանչյուր ոք իր աչքերով է լուսանկարում քաղաքն ու այդ պատկերը պահում իր հոգու մեջ: Իսկ թե ինչ է տալիս կամ տվել յուրաքանչյուր տարի Գորիս-Վիեն քույր քաղաքների միջեւ պատվիրակությունների փոխանակումը, ճիշտ կլիներ, եթե այդ մասին հարցն ուղղեի Գորիսի ներկայիս կամ նախկին քաղաքապետին: Հետեւում եմ այդ խորհրդին: Մոտ քսան տարի շարունակվող բարեկամությունը հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության նորօրյա արտահայտությունն է: Այդ տարիներին ֆրանսիացի բարեկամները շոշափելի հետք են թողել Գորիսում: Նրանց կողմից տրամադրված 80 հազար եվրոյով վերանորոգվեց քաղաքի գիշերային լուսավորության ցանցը, 120 հազար եվրո տրամադրվեց Գորիս գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցու վերանորոգման համար, որն իրականացվեց Վիենից ժամանած մասնագետների կողմից, վերանորոգվեց N5 մսուր մանկապարտեզի սանհանգույցը, Գորիսի բժշկական կենտրոնը նվեր ստացավ շտապօգնության ավտոմեքենա, բժշկական հազվագյուտ թանկարժեք սարքեր, սարքավորումներ, մահճակալներ, կահավորված ավտոմեքենա եւ մասնագիտական արտահագուստ ստացավ Գորիսի փրկարարական ծառայությունը: Սրանք շատ հակիրճ թվարկումն են այն աշխատանքների, որոնց վրա նյութական միջոցներ են ծախսվել: Ոչ պակաս կարեւոր են գործերը, որ հնարավոր չէ չափել որեւէ տարադրամով: Ֆրանսիական պատվիրակության անդամներից մեկն ասաց, որ ինքը Գորիսում համարձակորեն շրջում է առանց թարգմանչի, որովհետեւ համարյա բոլորը հասկանում են ֆրանսերեն, իսկ դպրոցական երեխաները նաեւ տանելի ձեւով խոսում են այդ լեզվով: Քաղաքապետարանում իմացանք նաեւ, որ քսան տարում Ֆրանսիայի առաջավոր համալսարաններում բարձրագույն կրթություն է ստացել գորիսեցի տասներկու երիտասարդ, իսկ երեք հոգի էլ ներկայումս սովորում է Ֆրանսիայում:

Շենից վերադառնալուց ուղեկցում եմ Բելառուսի պատվիրակության ղեկավար Վալերի Լազյուկին: Ասում են, որ օտար աչքը սրատես է լինում: Նկատել է, որ գորիսեցիներն իրոք աննկարագրելի սեր ունեն իրենց հող ու ջրի, իրենց քաղաքի նկատմամբ: Այդ իմաստով նա լրիվ բաժանում է ֆրանսիացի իր գործընկերոջ կարծիքը:

Այդ օտար աչքը նկատել էր նաեւ, որ Գորիսը կարող էր սանիտարահիգիենիկ առումով ավելի լավ տեսք ունենալ: Դժվար է նրա հետ չհամաձայնել: Հարցնում եմ` ի վերջո ի՞նչ է նա ցանկանում իր հետ վերցնել Գորիսից: Նա անպայման վերցնում է երկիրը, հող հայրենին սիրելու մեր բնատուր հավատամքը, եւ այն ոչ մի բանի հետ չի փոխի: Բայց հետո խնդրում է թույլատրել մի բան եւս «վերցնել»` տանելու… Նա ցանկանում է «տանել» Հին Գորիսի թաղամասերից մեկը կամ գոնե մի քանի քարանձավ` իրենց քարեղեն գմբեթներով: Եվ իմանում եմ, որ նրանց 790 տարեկան Նեսվիժ քաղաքը (14.5 հազար բնակչությամբ) Բելառուսում հայտնի է որպես զբոսաշրջության կենտրոն: Միայն անցյալ տարի այս փոքրիկ քաղաք է այցելել 800 հազար զբոսաշրջիկ, կամ քաղաքի մեկ բնակչի հաշվով` 60 հոգի (մտովի հաշվեք քաղաքապետարանի բյուջեի մուտքերը միայն զբոսաշրջությունից): Պատվիրակության ղեկավարի համոզմամբ` այդ դեպքում զբոսաշրջիկների թիվը կկրկնապատկվեր (ահա թե ումից պետք է սովորենք):

Ի դեպ, Բելառուսը հետխորհրդային շրջանի միակ երկիրն է, որտեղ պահպանվել են աշխատանքի կազմակերպման, ղեկավարման խորհրդային մեթոդներից շատերը: Այնտեղ գործում են սեփականության բոլոր ձեւերը` կոլեկտիվ, պետական, մասնավոր:

Քաղաքի գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունը շաքարի գործարանն է, որն աշխատանքով ապահովում է շրջանի թե՛ գյուղական եւ թե՛ քաղաքային բնակչությանը:

Այնուհետեւ ցանկացա հանդիպել նաեւ Գորիսի նորընտիր քաղաքապետ պարոն Վաչագան Ադունցին` շնորհավորել նրան հրաշալի միջոցառման համար, նաեւ մի երկու տողով անդրադառնալ քաղաքապետարանի գործունեությանը` կապված քույր քաղաքների հետ համագործակցության ծրագրերին: Չկարողացա հանդիպել, զբաղված էր: Միայն ճշտեցի, որ փոխադարձ այցելություն լինելու դեպքում առաջնությունը կտրվի Բելառուս կատարվելիք այցելությանը: Եթե իրոք այդպես է, ապա հարկավոր է առիթն օգտագործել եւ լրջորեն ուսումնասիրել զբոսաշրջության բնագավառում նրանց փորձը…

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10