Քանդակագործ, ով արարեց էպիկական կերպարներ

30.10.2024 11:41
313

Նրա ստեղծագործական վառ անհատականության շնորհիվ երևանյան անդորրը հսկում են վիշապաքաղ Վահագնը, լայնալիճ աղեղը ձեռքին հայոց Նախահայրը, հսկա ժայռաբեկորն ուսին Պոնտոսի ափ փախչող թշնամու նավերի ուղղությամբ նետող վիթխարի դյուցազունը` Տորք Անգեղը, որոնք մերօրյա ընկալումներում, նորովի դրսևորում ու այլ հնչողություն են ստացել վարպետի գործերում:

Մեր արձանագործության նվիրական այդ անունն է Կառլեն Նուրիջանյանը, ով գլխավորապես հայոց հնագույն դիցաբանական շրջանի ու պատմական անցյալի մեջ որոնելով թեմատիկ իր նախասիրությունները, նպատակաուղղվել է և կոթողային կերտվածքներով առասպելական սյուժեի արդիականացմանը՝ ժամանակի հայ արվեստում: Ավարտելով Երևանի Գեղարվեստի ուսումնարանն ու ապա Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը, արվեստագետն ավարտական իր աշխատանքի համար ընտրում է պատմահայր Մովսես Խորենացու խոհական կերպարը (1956): Քանդակագործի շնորհը նրանում ձևավորվել էր դեռևս մանկուց, երբ Նուրիջանյանն այդ տարիքում հացի միջուկից կենդանիներ է պատրաստել: Սակայն մանկական այդ փորձերը հետագայում պետք է վերածվեին մոնումենտալ-կոթողային զորեղ գործերի, որոնք, ասես, շունչ, մարմին ու կենդանություն էին առնում հայ առասպելներից: Հորինվածքային կուռ կառուցվածքի ու դինամիկ լուծումների, ինչպես և մոնումենտալ-ոճավոր ձևերի հագեցվածության տեսակետից, առավել հետաքրքրական է վարպետի դիցաբանական թեմայով արված առաջին` «Վահագն Վիշապաքաղ» մեծածավալ դրվագակերտ քանդակը (1968): Առասպելական ավանդությանը հավատարիմ մնալով և այն մեկնաբանելով յուրովի, վիշապի դեմ գոտեմարտող ու լարվածությամբ արտահայտված ռազմի, քաջության և հաղթանակի աստծուն կերպավորելիս, քանդակագործը նրանում պատկերել է խորհրդանշական բնույթ կրող դեկորատիվ, զարդային տարրեր՝ լուսնակաձև ու կայծակնակերպ նշաններ, ինչպես և այլ մանրամասներ, որոնց արտահայտչաձևերը մեծամասամբ հատկորոշ են հայ միջնադարյան արվեստում մշակված ու ավանդական դարձած քանդակային լուծումներին:

Կառլեն Նուրիջանյանի արվեստին բնորոշ խոշոր ծավալներով, դինամիկայով, քանդակակերտման ու ոճավորման ուրույն սկզբունքներով է կատարված և նրա այս թեմայով հեղինակած երկրորդ արձանը` Հայոց անվանադիր նախնին՝ «Հայկ Նահապետը» (1970), որը կերտելիս արվեստագետն հիմք է ընդունել Մովսես Խորենացու նկարագրությունը: Սակայն ի տարբերություն վերջինիս, ուր Բելը ներկայացված էր զրահապատ, երկսայր սրով ու նիզակով, դրան հակառակ քանդակագործը նախահորը պատկերել է մերկ ու մկանուտ կազմվածքով և այլաբանորեն մեկնաբանված վագրակերպ կապարճով՝ ընդգծելով և արտահայտելով նրա խիզախությունն ու առասպելական ուժը: Վահագնի և Հայկ Նահապետի արձանների դրվագման աշխատանքներն իրականացրել են ճանաչված վարպետներ Ներսես Չարխչյանն ու Գասպար Գասպարյանը, և օգտվելով բնորդների ծառայություններից, որոնք պարարվեստի անվանի մեր գործիչներ Ռաշիդ Կարապետյանն ու Մաքսիմ Մարտիրոսյանն էին, Նուրիջանյանն առասպելական հերոսներին կերպավորել է տիպիկ հայկական դիմագծերով: Սակայն դիցապատմական թեմայի նրա որոնումները չեն սահմանափակվել միայն այս կերտվածքներով, դեռ կերպարային այլ մեկնաբանումներով արտացոլվել «Նվարդ, Արա Գեղեցիկ և Շամիրամ» եռաֆիգուր, ապա «Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ» և կամ «Վարդան Մամիկոնյան» կոմպոզիցիաներում: Եվ այդ թեման էլ շարունակաբար «հետապնդեց» վարպետին ինչպես քանդակում՝ կերտվելով գիպսից ու պլաստիլինից այս երկերում, այնպես էլ գտնելով ևս տարաձև իր արտահայտումները հանձնվում թղթին՝ դառնում գեղանկար ու գրաֆիկա: Այն իր կնիքն է թողնում «Հայկ Նահապետ», «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Նվարդ» գունանկարներում, «Արտաշես և Սաթենիկ» մատիտանկարում և բազմապատկեր այդ գործերն էլ հստակ ու ամուր գծանկարներով իրենց հերթին ևս կոչված են հանդիսանալու կատարման նրա վիրտուոզության դրսևորումներ: Այսպես թղթին հանձնված մնաց մի նախագիծ, այն է՝ նուրիջանյանակերտ բոլոր այս դյուցազուններով Ծիծեռնակաբերդի բարձունքում, կամ ըստ մեկ այլ վարկածի՝ Նորքի առաջին զանգվածում ստեղծվելիք առասպելների այգին: Ասվածն էլ գալիս են փաստելու արվեստագետի կատարած գծապատկերները, ուր ըստ նրա մտահղացման այն պիտի սկզբնավորեր խորհրդանշական առյուծակերպ դրոց-հենարաններին «բազմած» Հայկ Նահապետը: Եվ այգու մուտքն ազդարարող հայոց նախահոր «զբաղեցրած» այդ «պատվանդաններն» էլ և գեղարվեստորեն, և թե գաղափարապես շաղկապվում են վագրի կերպարանք առած նրա նետերի այդ կապարճին, որն էլ տապալված Ասորեստանի խորհուրդն է կրում: Կերտվեցին թեպետ այս գլխաքանդակների գիպսե նախնական տարբերակները, սակայն կյանքի չկոչվեց այն ու չդարձան կոթողներ դրանում տեղ գտնող կերպարները նաև՝ իրականացած արձաններն էլ ինչպես հայտնի է՝ գտան տարբեր հանգրվաններ... Վարպետի գործերը յուրակերպ են և իրենց լայն ու ընդգրկուն թեմատիկ բազմազանությամբ, ակնառու են դեկորատիվ, կոթողային ուրույն մտածողությամբ, որոնք լավագույնս են դրսևորվել և Աբովյան քաղաքում դրված, ամեհի ցլին տապալելիս, նրա հետ մենամարտելիս պատկերող Տրդատ արքայի պղնձակերտ մեծադիր արձանում (1977), Թալինի Վերին Սասնաշեն գյուղում Զորավար Անդրանիկի դիմաքանդակում (1979) և կամ Ախուրյանում դրված Կոմիտասի արձանում (1969), վերսլաց իր պատվանդանով «Արծիվ» ոճավորված քանդակում (1969): Կառլեն Նուրիջանյանի անհատականությամբ հատկանշվող գրեթե ողջ քանդակային երկերում, մշտապես իր կարևորագույն տեղն է զբաղեցրել, նրա տարերքը դարձել Հայուհու կերպարը, որի վառ օրինակներն են իրենց վեհությամբ ու հմայքով տպավորիչ՝ Դիլիջանում դրված «Առատությունն» (1960) ու Աբովյանում «Հայուհի» հարթաքանդակային աղբյուր-հուշարձանը (1967), կամ զարդային շեշտված ոճավորմամբ կատարված և ասես այլաբանական կերպավորում գտած «Բարի Գալուստ» անվանմամբ Ծաղկաձորում «Արև Պարգևողը» գրավիչ արձանը (1968), որը լի է նրբին քնարականությամբ ու երիտասարդական պոռթկումով: Իսկ դյուցազնական նրա կերպարներում քարաբեկորներից «գոյացող» պատվանդաններն էլ ասես փոխակերպվում են ողորկ, ճարտարաշեն կոթողների՝ ինչպես Կոմիտասի քանդակի պարագայում, էլ ավելի վսեմ ու ազդեցիկ դարձնելով և Հայաստանի տարբեր գյուղերում դրված մեծ Հայրենականում զոհվածների հուշարձանները։ Ահա Զոլաքարում «Հավերժ փառքը» (1965), ահա և նրանք Գայ գյուղում (Ներքին Խաթունարխ) (1969) ու Արմավիրում (1970), ուր կանանց և զինվորի այդ կերպարներում ասես մարմնավորվել է մի սգերգ, հերոսներին նվիրված մի տխուր սիմֆոնիա: Ակներև է, որ թե՛ մոնումենտալ հնչեղության, թե՛ նյութի նուրբ զգացողության, նրա հետ հմուտ վարվեցողության կամ նույն ստեղծագործության մեջ քարի ու մետաղի համադրման վարպետության շնորհիվ եզակի ու առանձնահատուկ են դառնում Նուրիջանյանի կերտվածքները: Եվ քանդակագործին հատուկ այդ մոնումենտալիզմն էր, որով նա մղվեց դեպի ճարտարապետություն. այդպես իրականացան Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի նախկին ծածկած շուկայում «Աղջիկը կժերով» և «Աղջիկը մրգերով» բարձրադիր քանդակները (1961), որ իրենցում գինու արարման ու բերքի տոնի խորհուրդն են կրում, ինչպես և իր քանդակաճարտարապետական ինքնատիպ համադրմամբ բնորոշվող, այժմ տեղահանված դարձյալ «Հայուհի» աղբյուր-հուշարձանն Աբովյանում՝ ծխախոտի հայկական փորձակայանի ներսում (1966), որը լուծված էր հագուստի ծալազարդումների ու արտաքին հարդարանքի հմտորեն մշակմամբ, աչքի ընկնելով և ծավալների հարստությամբ: Նուրիջանյանի արվեստը հարուստ է նաև հաստոցային գործերով՝ կոմպոզիցիոն երկերով ու դիմաքանդակներով: Ահա իրենց նրբագեղությամբ «Խաղող հավաքողն» (1957) ու «Մայրություն» (1968) կոմպոզիցիաները, «Հայուհին» գեղանի իր կերպարով (1958), ահա և Կոմիտասն ու բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը, Աննա Ստեփանյանին ու Անահիտ Հարությունյանին պատկերող «Երկվորյակներ» անվանմամբ զուգաքանդակը (1967) կամ Լուսինե, Միքայել և Վահագն Նուրիջանյանների դիմարձանները, ինչպես և շատ այլ՝ «Արմենը», «Գագիկը», «Մերին» ու «Տանյան» պորտրետային կերտվածքները (1957), ապա «Լաուրան» (1958), «Աղջկա դիմաքանդակն» (1959) ու «Մարմնամարզիկուհին» (1964), այդ թվում և վարպետի իսկ ինքնադիմաքանդակը, որոնց արվեստագետն օժտել է հորինվածքային բազմաձև լուծումներով, ռոմանտիկ ու բանաստեղծական դրսևորումներով, որոնք ակնառու են և միաժամանակ անհատական բնութագրումների շեշտադրմամբ: Այս ամենից զատ, Կառլեն Նուրիջանյանը նույնիսկ բծախնդրորեն է հետևել արձանների տեղադրման աշխատանքներին` կարևորելով, որ Հայկի նետն ուղղված լիներ թշնամու կողմը, կամ դարձյալ Ներսես Չարխչյանի դրվագմամբ իրականացած՝ Տորք Անգեղի քարն ու անգամ Տրդատի ցուլը` դեպի արևմուտք: Ինչպես առասպելների այգին, անկատար է մնում նույնքան խիզախ մի մտահղացում ևս. այն Նոր Նորքի 2-րդ զանգվածում 1982-ին դրված Տորքի արձանի հարակից ձորակը արհեստական լճի վերածելն ու այնտեղ նավակների կայանելն էր ապա, որն էլ ամբողջացներ պիտի թշնամական նավերին դյուցազնի ժայռեր նետելու առասպելական այդ դրվագը։ Եվ ինչպես քանդակագործն ինքն էր պատմել նախատեսվածի առթիվ «Արձանի շուրջը կտարածվի զբոսայգի, իսկ շրջակա ձորը լցվելու է ջրով։ Երկրորդ և չորրորդ միկրոշրջանները միմյանց կկապվեն կամուրջներով, որոնք էլ մարդկանց կբերեն դեպի արձանը»։ Հայրենասիրական խոր գաղափարներով տոգորումը նրա համար դարձել էր խիստ անձնական ու սկզբունքային. դա երկիրն անկախ տեսնելու փափագն էր, որ չիրականացավ նրա կյանքի օրոք, կյանք, որն ընդհատվեց ողբերգականորեն:

Փետրվարյան չարաբաստիկ մի օր, դռնփակ արվեստանոցի ներսում գտնում են վարպետին` ամբողջովին հրկիզված, անճանաչելիորեն հրո ճարակ դարձած... 1982-ի նույն այդ փետրվարն էր, երբ կյանքի էր կոչում նա իր մեկ այլ՝ «Վարազդատ թագավորը՝ բռնցքամարտի և նիզակ նետելու օլիմպիական չեմպիոն» քանդակը, երբ մտահղացել էր կերտել նաև էպոսի մեր հերոսուհուն՝ Ծովինարին: Նա չհասցրեց անգամ նյութին փոխանցել իր ամենասիրելի գործերից մեկը` Շամիրամի արձանի համար արված պլաստիլինե տարբերակը, որն էլ դարձավ նրա «Կարապի երգը»՝ դարձավ վերջին ստեղծագործությունը:

Գեղանկարիչ Ռուբեն Ադալյանը, ով եղել է քանդակագործի մտերիմ ընկերներից մեկը, իր հուշերում գրում է. «Շտապում, շատ էր շտապում, կարծես թե սիրտը վկայում էր, որ չի հասցնելու իրագործել իր նպատակը` մոնումենտալ արձաններով ներկայացնել մեր ազգային էպոսը...»: Թեև վաղաժամ մահն ընդհատեց արվեստագետի ստեղծագործ անդադրում որոնող մտքերով ու եռանդուն արարող ոգով լի կյանքը, բայց և այնպես Կառլեն Նուրիջանյանի մեզ հայտնի աշխատանքները, որոնք հագեցած են պայքարի ուժով, այսօր էլ ևս առիթ են տալիս խորհելու նրա մասին, որպես մի քանդակագործի, ով ծնունդ տվեց էպիկական ու ոգեղեն կերպարների:

ԱՐՄԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

15. 08. 2016 թ.

Հ. Գ.

Կառլեն Արսենի Նուրիջանյանը Կապանի Վաչագան գյուղի Խոջա Նուրիջանի  թոռն է։ Հայրը՝ Արսեն Նուրիջանյանը, Երևանի Հանրապետության հրապարակի մի շարք մանրաքանդակների հեղինակ է։ Կառլեն Նուրիջանյանը 1950 թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1956-ին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14