Քիչ առաջ վերադարձանք Տեղ գյուղից՝ հուսավառված Պայծառ տատի մարգարեությունից. «Սերտս վկայում ա, լոխ լավա ինելու…»

21.10.2020 13:13
14539

Պատերազմի այս փուլում, երբ Արցախ աշխարհի թիկունք Սյունիքը նաեւ ճակատամերձ տարածաշրջան է դարձել, մեզ մտահոգում է Սյունիքի՝ հատկապես արեւելյան սահմանագլխի գյուղերի վիճակը, մարդկանց տրամադրությունը:

Այդ նպատակով էլ այսօր առավոտյան Արցախի Քաշաթաղի շրջանը Սյունիքին կապող Տեղ գյուղում էինք…

Առաջին իսկ պահից պատկերը կարող էր զարմանալի թվալ. գյուղը, կարծեք, տեղյակ չէ, որ պատերազմ է, թեեւ այն այլեւս շատ մոտ է. մերձակայքից հնչող հրթիռների, ինքնաթիռների ձայներից երկինքը պարբերաբար դղրդում էր, ձորերն արձագանքում էին, բայց գյուղացու հեչ պետքն էլ չէր, բակում նստել ՝ սուրճ էին խմում, ճաշի պատրաստություն տեսնում

Մի քանի «մետրի» վրա, մինչդեռ, նրանց որդիները կամ ամուսինները կենաց- մահու կռիվ էին տալիս:

Մանկահասակ երեխեքը պուրակում ճոճվում էին ալպիական բզեզների պես, նուռն էլ պատերազմող ձորերից իր գույներն էր բերել:

Ի՞նչ է մնում ուրիշ. Տեղի մայրերի կռվող տղաները ողջ-առողջ տուն վերադառնան, ինչում մայրերը մազաչափ չէին կասկածում. զարմանալի կամք ու վստահություն էր ամենուր:

Բակում հանգիստ նստոտած կանանց մեջ հանդիպեցինք 82-ամյա Պայծառ տատին, ով Արցախյան առաջին պատերազմում որդի է զոհ տվել, այսօր էլ՝ սահմանում պատերազմող որդի ունի:

Պարզվեց՝ Պայծառ տատը ոչ միայն տեղցի կնոջ քաջությամբ է օժտված, այլեւ հրաշալի զրուցակից է, այդ տարիքում էլ մտքի պայծառությամբ, հերոսականությամբ հիացրեց եւ հուսադրեց մեզ:

-Տիկին Պայծառ, պատմեք մի քիչ Ձեր ընտանիքի մասին:

-Երկար պատմություն է, կարճ կասեմ՝ ես ինձ ուղն ու ծուծով տեղցի եմ զգում, վաղուց եմ հաստատվել այս գյուղում, ամուսնացել տեղցի Ազատ Էլյազյանի հետ, ունեցել հինգ զավակ՝ երեք որդի, երկու աղջիկ:

Բոլոր որդիներս էլ Արցախյան առաջին պատերազմին մասնակցել են, իսկ միջնեկ որդիս՝ Սամվելը, Թուրուսի բարձունքը գրավելիս ծանր վիրավորվեց: Հետագայում այդ վերքը դարձավ նրա վաղաժամ մահվան պատճառ: Նա Տեղ գյուղի կամավորական ջոկատի առաջին նվիրյալներից էր, նրա մասին կարող է պատմել իր հրամանատարը՝ Մելիքսեթ Պողոսյանը:

Ողջ մնացած երկու որդիս մասնակցել են նաեւ Քառօրյային: Կրտսերս՝ Գագիկը, կամավորական գրվելով՝ հիմա էլ մասնակցում է այս պատերազմին, ներկա պահին էլ գտնվում է ճակատում:

Օրեր առաջ վիրավորվել էր, չթողեց վերքը լավանա, վերադարձավ սահման:

Զուր կլիներ նրան հետ պահելը, մեկնելուց  էլ ասաց. «Բոլորս էլ պիտի գնանք, փրկենք մեր ժողովրդին: Մինչեւ չհաղթենք՝ հետ չեմ դառնալու, հո չե՞մ թողնելու թշնամին հասնի մինչեւ գյուղ…»:

Մայր եմ, սիրտս ցավաց, որ ձեռքի  վերքը չբուժված՝ նորից մեկնում է. բայց ի՞նչ կարող եմ անել. Տեղ գյուղը քաջեր է ծնել, նրանցից երեքն իմ որդիներն են:

Սիրտս դողում է…

Ուրիշ ինչ ասեմ ընտանիքիս մասին, որդիներովս հպարտանում եմ:

- Հավանաբար գիշեր-ցերեկ աղոթում եք, որ որդիդ, նաեւ մեր զինվորները հաղթանակած  ու շուտ վերադառնան:

-Միայն որդուս համար չեմ աղոթում, այլ՝ բոլորի համար եմ աղոթում, ովքեր այսօր պատերազմի դաշտում են, պաշտպանում են հայրենիքը: Ամեն մեկը մի տան ճրագ է, բոլորն էլ մեր տղաներն են, տարբերություն չեմ դնում: Աղոթում եմ Տիրոջը, որ մեր երիտասարդները ողջ-առողջ տուն վերադառնան, ուրախ, երջանիկ կյանք ունենան,պատերազմն էլ՝ իսպառ  ավարտվի, մեր ժողովուրդն էլ երբեք, որդիանց՝ որդի, պատերազմ չտեսնի: Սա է իմ աղոթքն ու օրհնանքը:

Իսկ զոհերի մասին չասեմ՝ ամեն զոհի հետ մեռնում եմ, ամեն որդեկորույս մոր հետ՝ լացում. վերքերս նորից թարմացել են:

-Ի՞նչ եք կարծում, ի վերջո մայրական սիրտ է, ե՞րբ կավարտվի պատերազմը, քանի որ նրա ավարտի համար էլ խնդրում եք Տիրոջը…

-Ի՞նչ ասեմ, բոլորիդ պես ես էլ ամեն օր անհամբեր հետեւում եմ լուրերին…

Եթե միայն Ադրբեջանը պատերազմեր մեզ հետ, վաղուց մեր զինվորները թշնամուն հաղթել էին:

Հենց ուզում ենք աչքներս մի քիչ բացել, մի երկու ժառանգ մեծացնել, նորից պատերազմ է սկսվում:

Ես մայր եմ, անիծել չգիտեմ, թուրքն էլ մայր է, նրան էլ եմ խղճում, նա էլ է որդի կորցնում, պատերազմը ոչ մեկիս էլ պետք չէ:

Ամեն օր ինձ հարցնում եմ. ի՞նչ է դառնալու այս հարցը, վերջը չի երեւում, ե՞րբ պիտի գիտակցեն հայի ցավը, վերջնական լուծում տան այս հարցին, իմանան՝ ով է արդարը, ով՝ անբարիշտը:

Արցախը մերն է եղել միշտ, մերն էլ մնալու է:

Հույսս էլի իմ, քո, նրա զավակներն են, ի՞նչ ասեմ: Երբ թշնամին տունդ է մտնում, ուզես-չուզես՝ պետք է նրան հետ շպրտես: Սա է ճշմարտությունը, սրա մեջ ենք:

-Թշնամին մեր ազատագրած հայոց հողերն է ուզում խլել…

-Դրանք տարածք չեն սոսկ, դա մեր հայրենիքն է, ու երբեք չենք զիջելու, այդքան շատ զոհեր տվեցինք նորից…

-Ինչպիսի՞ խորհուրդ, պատգամ ունեք մեր մայրերին, աղջիկներին, համագյուղացիներիդ, բոլորիս:

-Խորհուրդս այն է, որ բոլորս միասին պիտի պայքարենք մինչեւ վերջ՝ մեր ապրելու, մեր երկրի, մեր մի թիզ հողի համար:

Ոչինչ չպետք է զիջել, զիջեցինք՝ էլի են ուզելու, թուրքի բնավորությունն է այդպիսին:

Պարզ-պարզ՝ նա մեր ապրելը չի ուզում, պետք է աչքը հանենք՝ պայքարենք ու ապրենք մեր հողի վրա, մեր հայրենիքում՝ Արցախի հետ միասին, մի շունչ ու հոգի դարձած:

Աղջիկները թող շատ երեխեք ունենան, որդեկորույս մայրերն էլ թող շատ չսգան, այլ հպարտանան, որ հերոս զավակներ են պարգեւել հայ ժողովրդին: Ուրիշ ճար չունենք: Մինչեւ վերջ պիտի գնանք մեր պայքարի հետեւից, թուրքից չպիտի վախենանք, կրակն ընկնի թուրքը:

- Ցավոք, հիմա այնքան էլ զենքի, ավտոմատի կռիվ չէ, որ չվախենաս.  երկնքից է թափվում՝ ամենահզոր զենքերից, մի ողջ  քաղաք կամ գյուղ կարող է րոպեների մեջ ավերել:

  -Տղաս էլ  դա է ասում, օդային կռիվ է, այ մեր:  Ես էլ իմն եմ ասում. օդային կռիվ է, ուրեմն՝ մենք էլ պիտի օդային կռիվ տանք:

(Պայծառ տատը չի նահանջում, ստիպված ենք հուշել, որ դրա համար մեզ շատ-շատ փող է պետք…Նորից չի ընկրկում, ավելի է կողի ընկնում իսկական տեղցու պես:

Իսկ մենք շարունակում ենք փաստեր հակադրել… ):

-Մեզ շատ փող պետք չի, մեզ կտրիճ տղերք, մեզ միասնություն եւ համերաշխություն է պետք, իրար թեւ-թիկունք լինել է պետք:

Էդ փողի մասին, որ ասացիք, մի քիչ համաձայն եմ. բա որտե՞ղ են մեր հարուստները, թող տան, մեր հայրենիքը մի փողի չափ չկա՞:

-Պայծառ տատ, նորից մաղթեք…Մեծի մաղթանքի կարիքը շատ ունենք: Ի՞նչ է զգում մոր սիրտը, ի՞նչ կասեիք այս դժվար ժամին:

-Սերտս վկայում ա, լոխ լավա ինելու, Աստված մեզ հետ ա, մեզ հետ էլ  ինելու ա:

Մաղթանքս էլ նույնն է՝ մեր բոլոր տղաները ողջ եւ առողջ ու հաղթանակած վերադառնան:

Երբ երկնքում փիս-փիս ձեներ են լսվում, փոքր թոռս ասում է՝ տատ, գնանք առաջին հարկ: Ասում եմ՝ ոչ մի տեղ էլ չենք գնալու, սերտս հանգիստ ա, լավ ա ինելու: 

Ուզում եմ ասել՝ ես իմ տնից առաջին հարկն էլ չեմ իջնում, ինչ մնաց՝ գյուղից հեռանամ…

 

 Հ.Գ.

Պայծառ տատն իսկական քաղաքագետ է, խոսք չկա:

Նրա մայրական սիրտը զգում է, որ ամեն ինչ լավ է լինելու…

Գնանք Պայծառ տատի  զգացող սրտի ու հառաչանքի հետեւից…

 

Զրույցը՝ Սուսաննա Բաբաջանյանի եւ Սամվել Ալեքսանյանի

                                                                                                                     21 հոկտեմբերի 2020թ.

 

 

 

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25