Քննարկվում է Երեւանում մետրոյի նոր կայարան կառուցելու հարցը. կպահանջվի 75 միլիոն դոլար (տեսանյութ)

11.01.2019 22:35
1515

Ամենայն հավանականությամբ մեկ ամսից մշակված-պատրաստ կլինի կառավարության որոշման մի նախագիծ, որը կվերաբերի Երեւանի մետրոյի զարգացման նոր սխեմային ու նոր կայարանի կառացմանը:

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների եւ շինարարության հարցերի ենթահանձնաժողովում այսօր քննարկում էր հրավիրվել Մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա եւ ստորգետնյա այլ կառույցների շինարարության եւ վերակառուցման հարցերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մինչ այս՝ դեկտեմբերի 14-ին, ոլորտի մասնագետների ու պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է եղել նաեւ քաղաքապետարանում, ինչից հետո հանձնարարվել է գործող մետրոյի ամբողջ կառույցն իրականացրած «Արմթունել» ընկերության իրավահաջորդ «Արթուն» ընկերությանը ներկայացնել համապատասխան առաջարկ: Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը մետրոյի առնվազն մեկ նոր կայարան կառուցելու մասին էր:

«Քաղաքապետարանում քննարկվել է Երեւանի մետրոյի հեռանկարը: Ի սկզբանե քաղաքապետը խնդիր դրեց, թե եկեք առաջին հերթին պարզենք՝ իսկ պե՞տք է ընդհանրապես շարունակել մետրո կառուցելը, որովհետեւ ժամանակները փոխվում են եւ ի հայտ են գալիս տրանսպորտային այլ միջոցներ, ընդհուպ խոսվեց, որ մի տասը տարի հետո թռչող ավտոմեքենաներ են լինելու քաղաքներում: Մեկ ժամ քառասուն րոպե տեւած քննարկումից հետո եկան այն եզրակացության, որ պետք է մետրոյի գոնե մեկ նոր կայարան շահագործման հանձնել առաջիկայում: Եվ քաղաքապետը խոստացավ հետեւյալը. ես կառավարությունում կբարձրացնեմ այդ հարցը եւ հույս ունեմ (այդ բառը կիրառեց), որ ֆինանսավորման խնդիրը առաջիկայում կփորձենք լուծել»,- մեր զրույցում ասաց «Արթուն» ԲԲԸ ղեկավար Հմայակ Հարությունյանը:

Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում Հալաբյան-Աբելյան խաչմերուկի հատվածում մետրոյի նոր կայարանի շահագործման մասին է, որը դեռ խորհրդային տարիներից մեծամասամբ՝ 70 տոկոսով, կառուցված է: Մնացած 30 տոկոսը կյանքի կոչելու համար, ըստ Հարությունյանի, կպահանջվի 75 միլիոն դոլար: Եթե իհարկե վերջնականապես որոշվի, որ երկհարկանի կամուրջ չի կառուցվելու, այլ միայն մեկ հարկ, որը անհրաժեշտ է, որպեսզի մետրոյի գնացքներն անցնեն Հրազդանի կիրճն ու հասնեն նոր կայարան: «Քաղաքապետը դրեց նաեւ այն հարցը, թե պատկերացրեք Կիեւյան կամրջի հետ ինչ-որ բան է պատահում, իսկ ինչու այստեղ նաեւ ճանապարհային կամուրջ չկառուցվի, եւ միտք հղացավ, որ Արզնի կամուրջի նման այստեղ էլ երկհարկանի կամուրջ կառուցվի, մեկը սպասարկի մետրոյին, վրայից անցնի նաեւ քաղաքային ճանապարհ»,- մանրամասնեց Հմայակ Հարությունյանը:

Բայց կամրջի երկրորդ հարկը բնականաբար հավելյալ ֆինանսներ կպահանջի առանց այն էլ ծախսատար այս գործում: Երեւանի գլխավոր ճարտարապետը դեմ էր դրան եւ առաջարկեց լրացուցիչ թանկ նախաձեռնություններով չվախեցնել կառավարությանը: Երկրորդ հարկը ներկայումս շքեղություն համարեցին նաեւ քննարկման այլ մասնակիցներ:

«Ես կուզենայի, որ մեր խոսակցությունը եւ առանձնապես կառավարությունում խոսակցությունը, գնա երկու փուլային ուղղությամբ: Առաջին փուլը՝ խոսում ենք միայն մետրոյի մասին՝ ուղղակի կառուցելով կամրջային տարբերակով, որ հետագայում դա կարողանաք օգտագործել որպես ավտոճանապարհ: Բայց խնդրում եմ, բյուջետային հաշվարկի ժամանակ, ոնց որ բարբառով ասում են, միլիոնները մի կրակեք, էլի: Կվախենան: Կոնկրետ եկեք խոսենք՝ մետրոյի շինարարության համար ինչպիսի բյուջե է պետք»,- ասաց Արթուր Մեսչյանը:  

Նա նաեւ նկատեց, որ իրեն անհրաժեշտ է իրավական ու փաստաթղթային հիմք, որպեսզի կարողանա տվյալ տարածքը զբաղեցրած անհատներին ու կազմակերպություններին ներկայացնել որոշակի սահմանափակումներ կամ արգելքներ. «Ես պետք է ունենամ ստրատեգիական հնարավորություն՝ ասելու՝ ոչ: Իրավական առումով ինքը արդար է: Օրինական իր հողը ձեռք է բերել, նախագիծը հաստատել է, ամեն ինչ նորմալ է: Հիմա եկել է մի մորուքավոր Մեսչյան, ասում է՝ չես կառուցելու: Ինձ տվեք մի «զենք», որով ես կարողանամ պաշտպանվել»:

«Դա հանրային գերակա շահն է»,- արձագանքեց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:

Քննարկման ավարտին հայտարարվեց, որ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների եւ շինարարության հարցերի ենթահանձնաժողովի որոշումը կունենա հետեւյալ բովանդակությունը. մետրոյի նոր կայարանի կառուցումը գտնում են նպատակահարմար: Նաեւ որոշում են՝ հանձնարարել «Արթուն» ԲԲԸ-ին եւ խնդրել «Երեւաննախագիծ» ու «Հիդրոտրանս» ինստիտուտներին համատեղ փորձել մեկ ամսվա ընթացքում տալ նախագծային առաջարկ, որպեսզի քաղաքապետարանը ինքն էլ առաջարկություն ներկայացնի քաղաքաշինության կոմիտե: «Եվ մենք էլ մեր կողմից դիմենք կառավարությանը, որպեսզի կառավարությունն ընդունի որոշում Երեւանի մետրոյի նոր զարգացման սխեմայի հաստատման վերաբերյալ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

armtimes.com

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11